Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի քանի խոսք դեկտեմբերի 2-ի ցույցից

on December 4, 2013

Երկար էի մտածում` ինչ գրեմ, որովհետև գիտեի, որ անպայման մի բան գրելու եմ:  Երևի կարճ կապեմ, որովհետև ոնց որ թե ամեն ինչ արդեն ասվել է:

1. Ովքե՞ր էին ցույցի մասնակիցները
Նրանց գրեթե ամենուր անվանում են եվրոպամետներ, եվրոգոմիկներ կամ եվրոակտիվիստներ: Չէ, ժողովուրդ, ծիծաղելի է էդ մի քանի հարյուր հոգուն այդքան հեշտությամբ «եվրո» բառի մեջ միավորելը: Արմայելն էլ է դրան անդրադարձել. «Անցանկալի եմ համարում ՄՄ֊անդամությանը դեմ լինել = ԵՄ֊անդամությանը կողմ լինել մտայնությանը»: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ ախր էդ մարդկանց մեջ ամեն տեսակի խմբավորում կար. անարխիստներ, ԼԳԲՏ իրավունքների պաշտպաններ, ազգայնականներ, ՀԱԿ-ականներ, էկոակտիվիստներ և այլն: Ո՞նց կարելի է էս բոլոր մարդկանց հավաքել «եվրո» բառի տակ:

Բայց իրականում այս բազմազան զանգվածը մի հետաքրքիր ընդհանրություն ուներ. 40-ից բարձր մարդկանց մատների վրա կարելի էր հաշվել: Արդյոք այստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ Մաքսային միությանը դեմ են ոչ թե եվրոպամետները, այլ ընդհանրապես հայ երիտասարդները:

2. Ինչի՞ համար էր ցույցը
Դե հա, Մաքսային միության դեմ էր: Պուտինի գալու օրը շատ հարմար էր մեր բողոքն արտահայտելու համար, որովհետև ի վերջո հենց ինքն է Հայաստանին (իսկ ավելի ճիշտ` Սերժին) սպառնալով, թե շանտաժ անելով ստիպել միանալ Մաքսային միությանը: Նորիկն առաջարկում էր մեր կռիվը Սերժի, ոչ թե Պուտինի հետ անել: Բայց ախր այ Նորիկ ջան, եթե Պուտին չլիներ, մենք էս պրոբլեմի առաջ կկանգնեի՞նք

Բայց ոնց թե… Հայաստանը հազար ու մի պրոբլեմ ունի, դա թողած պիտի Մաքսային միության դե՞մ դուրս գանք: Այ, այ… էդ բոլոր պրոբլեմները մի տեղի՞ց չեն գալիս: Էդ մի տեղի անունը մեկը կդնի կեղծված ընտրություններ, մյուսը` ռեժիմ, երրորդը` Սերժ Սարգսյան, չորրորդը` Սահմանադրության թերություններ և այլն: Բայց ամեն դեպքում Հայաստանի մնացած հազար ու մի պրոբլեմների համար էլ ենք փողոց դուրս գալիս, չէ՞: Էդ ինչու՞ մի հարցի համար կարելի է բողոքի ցույց անել, մյուսի համար` չէ:

3. Ցույցի նպատակը հեղափոխությունն էր
Ձե՞ռ եք առնում: Ի՞նչ հեղափոխություն: Էդ որտե՞ղ է գրված, որ բողոքի ցույցը պետք է հեղափոխությամբ ավարտվի: Ես իմ կողմից եմ ասում` դուրս էի եկել իմ բողոքն արտահայտելու: Թող մյուսներն էլ իրենց կողմից դա ասեն: Ավելին` չէի էլ սպասում, որ էդքան մեծ թվով մարդիկ կմասնակցեն: Եթե էդքան շատ էինք, ուրեմն մի բան կա:

4. Բայց ինչ անկազմակերպ էիք
Հա ու ջան: Չգիտեմ` ում ոնց, բայց ինձ մի այլ կարգի դուր եկավ լիդերի բացակայությունն ու դրա հետևանքով առաջացած անկազմակերպ լինելը: Հենց  առաջնորդ չունենալն էր էդքան մարդ հավաքել, որովհետև եթե իմանում ես` էսինչյան էսինչն է կազմակերպիչը, լիքը մարդ, որ անձնական կամ ոչ այնքան պատճառներով չի սիրում էդ մեկին, չի գալիս ցույցի: Բացի դրանից, կոնկրետ կազմակերպիչ ունենալը ենթադրում է, որ կոնկրետ շահեր առաջ չէին բրդվում, մարդիկ եկել էին իրենց բողոքն արտահայտելու, ուրիշ ոչինչ:

5. Մեկ ա ձախողվեց ցույցը
Ինչու՞ եք էդքան համոզված: Ճիշտ ա` մեր նպատակն ի վերջո Բաղրամյան 26 հասնելն էր, ինչն էդպես էլ չհաջողվեց (գոնե կազմակերպված երթի տեսքով): Բայց մենք մեր բողոքն արտահայտեցինք, չէ՞: Իսկ ոստիկանության վարքն ուղղակի նպաստեց, որ ավելի մեծ աղմուկ բարձրանա, քան եթե հանգիստ հասնեինք Բաղրամյան, մի երկու բան վանկարկեինք, ցրվեինք տներով: Հա, իսկ էն նամակ-բան երկրորդական բաներ են:

6. Գոնե զգույշ լինեիր, բերման չենթարկվեիր
Մինչև հիմա զգույշ ենք էղել էլի, որ էս օրի ենք: Ու ընդհանրապես, ի՞նչ ա նշանակում զգույշ լինել: Ես խելոք քայլում էի Բաղրամյանով, որևէ հրահանգ չէի լսել, որ չի կարելի էնտեղ գտնվել: Ու կարծում եմ` չի էլ եղել, որովհետև երթևեկություն կար, մայթն էլ բաց էր, չնայած ոստիկանների հսկայական կոնցենտրացիային:

Ու հիմա մտածում եմ` իմանայի բերման են ենթարկելու, գոնե մի երկու բան կվանկարկեի Բաղրամյան 26-ի մոտ: Թե չէ էսպես ուղղակի քայլելու համար ահավոր անկապ ա, բայց դե զարմանալու տեղ չունեմ: Ի՞նչը անկապ չի որ մեր երկրում:

Բայց էս սաղ հեչ: Կարևորը` մի անգամ էլ համոզվեցի, որ Հայաստանում հրաշալի ջահելություն ա հավաքված: Նենց որ երկրորդ Սովետ չի լինելու, իսկ Մաքսային միությունը ժամանակավոր ա:

Advertisements

11 responses to “Մի քանի խոսք դեկտեմբերի 2-ի ցույցից

  1. ալբերօ says:

    «Բայց իրականում այս բազմազան զանգվածը մի հետաքրքիր ընդհանրություն ուներ. 40-ից բարձր մարդկանց մատների վրա կարելի էր հաշվել: Արդյոք այստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ Մաքսային միությանը դեմ են ոչ թե եվրոպամետները, այլ ընդհանրապես հայ երիտասարդները:» – Իմ դիտարկումների համաձայն՝ սովետում ապրած/աշխատած սերունդը մեծ մասամբ կողմ է ՄՄ-ին: Նրանց հիմնական արգումենտը՝ «դու չգիտես՝ ի՜նչ երկիր էր. սովետի ժամանակ լավ էինք ապրում»: Երբ ես պատասխանում եմ, թե ինչն էր իրենց խանգարում սովետից ժառանգած երկիրը (այսինքն՝ տնտեսությունը) նորմալ պահել-զարգացնել, գոնե չքանդել, պատասխանում են՝ «դրանք երկիր պահող չեն, ո՞ւմ ա պետք էդ անկախությունը, ավելի լավ ա նորմալ ապրենք, քան թե ըսենց ՚անկախ՚»: Երբ դրան ի պատասխան ասում եմ, որ «երկիր պահողը» իրենք պետք է լինեն, ոչ թե «դրանք», և հենց սովետի «դաստիարակությունն» է իրենց մեջ խոսում, պատասխանում են՝ «մենք ինչ կարանք անենք, սաղ իրանց ձեռն ա…»: Սովետը նրանց ներսում է, ոչ թե անցյալում: Ավելի շատ հույս ունեմ, քան թե համոզմունք, որ երկրորդ սովետ չի լինի ջահելների շնորհիվ 🙂

    • byurie says:

      Իհարկե, մեծ մասամբ համաձայն եմ ասածիդ հետ: Իրականում երիտասարդների մասնակցության վրա շեշտ դնելը հենց էս նույն ենթատեքստն ուներ: Ավելին՝ վերջերս այս մասին նույնիսկ քաղաքացիական նախաձեռնություններն ուսումնասիրող Արմինե Իշխանյանն ասաց իր զեկույցում, այն է՝ Սովետում չապրածները երկրի ղեկավարության վրա հույս չեն դնում, դրա համար էլ ակտիվ են:

      Բայց էստեղ ամեն դեպքում մի հարց մնում է չպարզաբանված: Ցույցի մասնակից ջահելներից շատերի ծնողներն 88-ի շարժման մասնակիցներ էին: Հարց է առաջանում. ու՞ր էին նրանք: Ես դրա պատասխանը չունեմ:

  2. norayr says:

    այո, ինձ շատ դուր է գալիս, որ ամեն տեսակի մարդ կար։ ձախերից աջ դիապազոնը ։Ճ

    >ախր այ Նորիկ ջան, եթե Պուտին չլիներ, մենք էս պրոբլեմի առաջ կկանգնեի՞նք

    կարճ պատասխան՝ նույն կերպ կարող ենք ասել, եթե ռոբոսերժը չլիներ, ապա այդ վիճակում չէինք լինի։

    երկար պատասխան, բայց ոչ շատ երկար․

    գիտես, սա իմ համար շատ երկար մտածված բան է, այդ պատճառով եմ այդքան համոզված։ նախ ասեմ, որ ես սխալվել էի, որ ցույց անելը պետք չէր։ պետք էր իրան դիմավորել այսպես, ու ցույց տալ աշխարհին, ոնց ենք իրան վերաբերվում։

    բայց արդյո՞ք կկանգնեինք այդ խնդրի առաջ եթե նա չլիներ՝ կարծում եմ այո, վաղ թե ուշ։ հիմա դա պուտինն է, բայց իր տեղը կարող էր լինել ցանկացած ռուս իմպերիալիստ կամ գբշնիկ։ ու ոչ միայն ռուս։ իսկ իրենց մոտ այն պետությունն է, երբ գբշնիկներն ու իմպերիալիստները մեծ շանսեր ունեն իշխանության գալու եւ իշխանությունը պահելու։

    բայց կան պետություններ, որ նա միայն մանր կեղտոտություններ է կարողանում անել, կամ այստեղ այնտեղ մեծ կեղտոտություններ, հա՞, բայց այդ պետությունները մեկ է անկախ են, ու մմ մտնելու միտք չունեն։

    ես կարծում եմ, որ այն որ մենք այս վիճակում ենք, մեր ստրկամիտ իշխանությունների պատճառով է առաջին հերթին։ ես կարող եմ այդ մասին երկար խոսել, ու քննադատել նույնիսկ ոչ միայն ռոբո֊սերժական, այսպես ասած մոնղոլ֊թաթարական տիրապետությունը, այլեւ հհշական կառավարությունը՝ չէ որ բազան հենց այն ժամանակ ստեղծվեց։ շեղվելով թեմայից ասեմ, որ ես կարծում եմ, որ ամոթ էլ է, որ մեր զինվորները չեն թուրքիայի սահմանին, եւ տշել էր պետք ռուսներին այստեղից դեռ իննսունականներին։

    մենք ունեցել ենք լուրջ խնդիրներ, պատերազմ ադրբեջանի հետ, երբ կարող էինք կորցնել եւ Հայկական ԽՍՀ տարածքից նույնպես, մեզ կարող էին այն ժամանակ ագրեսոր անվանել, բայց անթերի արտաքին քաղաքականության պատճառով այսպիսի բան չի եղել։ մեզնից շատ բան էր կախված, ու մենք մեր քայլերը լավ էինք հաշվարկել ու արել։

    ու այստեղ էլ, մեզնից շատ բան էր կախված, ինչ չենք արել։ ես հիշում եմ հրեակերի վիճաբանությունները, ու ինձ շատ դուր է գալիս, երբ հրեաներն էլ հակված են օտար ուժերը քիչ մեղադրելու, եւ մեղավորներ իրենք իրենց մեջ փնտրելու։ դրսի ուժերի մեջ միշտ էլ կգտնվեն մեզ լավ չտրամադրվածներ, բայց մեզնից շատ բան է կախված։ ինչ վերաբերում է պուտինին, ես չեմ կարծում որ ռուսաստանում ինչ֊որ բան կփոխվի մոտակա մի տաս տասնհինգ տարի, նույնիսկ եթե ինքը մեռնի վաղը։ որովհետեւ իշխանությունը ու փողը կենտրոնացած է իր ախպերության ձեռքում, գբ֊ական սրիկաների ձեռքում, ու իրենք մեզ ճնշելու են, ու իրենց ուզածը անկախ հայաստան չլինելն է։ հիմա մենք իրե՞նց մեղադրենք, թե՞ ինքներս մեզ, եթե մենք չենք կարողանում այդ վիճակում, այդ ճնշումն ունենալով, լավ խաղալ։

    կան բաներ, որ մենք փոխել կարող ենք, կան բաներ, որ մեր ուժերից դուրս է փոխելը։ հիմա պուտինին, ու ռուսաստանը փոխելն մեր ուժերից դուրս է։ չնայած, մենք մեծ ազդեցություն ենք ունեցել ութսունականների վերջին, բայց եւ միայն մենք չէինք, գլոբալ պրոցեսներ էլ կային, Ռեյգանի, Թեթչերի քաղաքականությունն էլ կար։ իսկ փոխել կարող ենք մեր իշխանությունները։ ու մեր իշխանությունները եթե այդպես իրենց չպահեին, ապա լրիվ այլ վիճակում կլինեինք։ եթե եւ թողնեինք ռուսական բազան, ապա լրիվ այլ պայմաններով, ու լրիվ այլ կերպ, լավություն անելով։ չնայած ասում եմ, ես դրան դեմ եմ առհասարակ։ ես համոզված եմ, որ պահ լինի, այդ ռուսական ռազմական ուժը հենց մեր դեմ է կիրառվելու։

    • norayr says:

      չէ, ցույցը չի ձախողվել։ եթե հետեւել ռուսական ոչ պաշտոնական մամուլի արձագանքներին, ու այդ մարդկանց մեկնաբանություններին, իրենք ահավոր ուրախ էին, ասում էին կեցցեն հայերը, որ մեր սրիկային այդպես են դիմավորել, էդ ոնց է հասցրել նա իրենց էլ, հիմա էս սրիկայի պատճառով մեզ էլ չեն սիրի իրենց մոտ, ու տենց բաներ։

    • byurie says:

      Ընդհանուր առմամբ, ասածներիդ հետ համաձայն եմ, բայց որոշ վերապահումներով: Համաձայն եմ, որ պատճառն առաջին հերթին մեր մեջ է, բայց միևնույն ժամանակ եթե Պուտինը շանտաժիստ չլիներ, դժվար թե էս իրավիճակում հայտնվեինք: Այսինքն, հարցը երկկողմանի է, հարցը թե՛ մեր իշխանություններն են, թե՛ մեզ իրենցով անելու Ռուսաստանի անհագ ցանկությունը: Եթե ունենայինք կարգին իշխանություններ ու Պուտին, ՄՄ-ի հարց չէր ծագի: Չէր ծագի նաև եթե ունենայինք ներկա իշխանություններ, իսկ Ռուսաստանում ավելի շուտ իր ներքին խնդիրներով մտահոգված նախագահ: Պարզ ասած՝ էս խնդիրը չէր լինի, եթե պետություններից մեկնումեկը ժողովրդավար լիներ: Դրա համար եմ ասում, չնայած ունենք ներքին խնդիր, որի լուծումն ավելի կարևոր ա, դեռ չի նշանակում, որ արտաքին խնդրին պիտի մատների արանքով նայենք:

      Իսկ ռուսական ռազմաբազաներն ամենազզվելի բանն են, որ կատարվել ա մեզ հետ անկախության տարիներին:

  3. norayr says:

    ինձ թվում է, իհարկե լավ է, որ ջահելները շատ էին, բայց մեծերը քիչ էին այն պատճառով, որ ցույցի մասին չէին էլ կարող իմանալ։ ես ինքս առանց ֆեյսբուք պատահաբար իմացա, դա մեր շփման ձեւն է, ավելի երիտասարդ զանգվածի։ կուսակցությունների ալիքներով կարող էին իմանալ, բայց կուսակցությունները իրենց հնարավորությունները չեն օգտագործել, չեն մասնակցել պաշտոնապես երթի կազմակերպմանը։

    • byurie says:

      Չէ, չինֆորմացվածությունը չի բացատրում: Խոսքս տատիկ-պապիկների մասին չէ, այլ միջին տարիքի, իսկ իրենք ֆեյսբուքներում մեր չափ ակտիվ են կամ մեր չափ տեղեկացված: Ի վերջո, ինչո՞վ ա բացատրվում, որ օրինակ Րաֆֆու հանրահավաքներին, չնայած էլի երիտասարդության շատությանը, մեծերն էլ էին շատ-շատ:

  4. չվհատվող says:

    աա, լավ է, Նորայրը բացատրեց այն, ինչ ես էի ուզում ասել, երբ էդքան պաշտպանում էի նրա գրառումը հակապուծինկան ակցիաների մասին։

    հիմա մյուս կետերի մասին։ օրինակ առաջնորդի պահով ես համաձայն չեմ քեզ հետ։ կազմակերպիչ ունենալը պետք չի դասական առաջնորդի հետ խառնել։ հա, կարող էր էլի առաջնորդ չլիներ, որ իր անձին սիրող֊չսիրողներին չվաներ, բայց ոստիկանության հետ շփվող կոնտակտային անձ պետք է, ով կարող է երթի անունից պայմանավորվել ոստիկանության հետ։ եթե էդպիսի մարդ լիներ, Ամիրյանից գուցե էլի վազեինք Նալբանդյան, բայց ճանապարհին էդքան շատ մարդ չկորցնեինք։ բացի դրանից, եթե լիներ էդպիսի մարդ, մեր երթի անունից ով ասես չէր սկսի ոստիկանության հետ բանացկել, ու ընդունել, որ մենք օրենք ենք խախտում, երբ մենք օրենք չէինք խախտում։ ու էնպես չի, որ այս երթը ինքնակազմակերպված բողոքի ակցիա էր, այն ուներ կազմակերպիչներ (ինչպես պարզվես հաջորդ օրը ազատության հրապարակում «մամուլի ասուլիս» տված երիտասարդների խմբից)։

    մյուս կետը, որի հետ համաձայն չեմ նախագահական գնալ֊չգնալուն է վերաբերում։ նախ, մենք եթե միանգամից էլ սկսեին գնալ նախագահական, մեզ թույլ չէին տալու, քանի որ ստրուկները ուզում են պուծինին ցույց տալ, թե ինչ լավ ստրուկներ են իրենք, ու ինչ լավ են ճնշել քաղաքացիներին, դրա համար, մեզ ամեն դեպքում, դեպի էն կողմ ոտք դնել թույլ չէր տրվելու։ քո էս ենթադրություն, թե բա որ թողնեին, գնայինք մի քիչ վանկարկեինք, հետ գայինք, կլիներ միայն էն պարագայում, եթե ՀՀ֊ն ունենար խելացի իշխանությունը, որը չի ուզում ամեն գնով հաճոյանալ Պուծինին։ իսկ Պուծինին հաճոյացող իշխանությունը փողոցներից հավաքելու էր հնարավորինս շատ թվով մարդ, որ Պուծինին ցույց տա, թե ինչքան լավն է ինքը։ Ճիշտ է, դա մեզ օգնեց, բայց դա լինելու էր ամեն դեպքում, եթե նույնիսկ մենք գնայինք Բ26 հենց սկզբից։ (նաեւ հիշենք, որ առավոտյան, մինչեւ ակցիան, արդեն սկսել էին մարդկանց փողոցներից հավաքել)։ իմ կարծիքով սա շատ կարեւոր ա։ բացի դրանից, եթե մեզ նույնիսկ հաջովեր բարձրանալ բ26 ինչի՞ պիտի մի ժամից ցրվեինք։ կսպասեինք, որ պուծինին «բարեւենք» ու էդ դեպքում, իմ կարծիքով տեղում կշատանայինք էլ։ ;Ճ

    երթը ընդհանուր առմամբ ինձ մեկ է, դուր է եկել, անկախ իմ նախնական տրամադրվածությունից։ միայն մի բան դուր չի եկել, որ բռնությունից պակասում ենք, ոչ թե ավելանում։ էս իմ համար պարադոքս ա մնում (թեկուզ Ամիրյանից Նալբանդյան վազելու ընթացքում ինչի պակասեցինք էդքան, չհասկացա), բայց դա կոնկրետ էս մի երթին չի վերաբերում ու երթի թերությունը չի գուցե։

    • byurie says:

      Մենակ վերջին մասին պատասխանեմ: Չեմ կարծում, թե բռնությունից պակասում ենք: Հակառակը, ավելանում ենք: Անգամ 2008-ին, երբ շատերը վերապահումով էին մոտենում լտպ-ի շարժմանը, հենց ուժ գործադրվեց ցուցարարների վրա, միանգամից տենց լիքը վերապահումով մարդիկ տներից դուրս թռան ու ներկա գտնվեցին մարտի 1-ի հայտնի դեպքերին:

      Նույնն էլ էս դեպքում: Քաղաքականապես և քաղաքացիապես լիքը ոչ ակտիվ մարդիկ բերման ենթարկվածների թիվը տեսնելուց հետո կատաղած ուզում են փողոց դուրս գալ: Իսկ Ամիրյանից Նալբանդյան պակասելու պատճառը ոչ թե բռնությունն էր, այլ էն, որ շատ մարդիկ չէին ձգի վազելուն: Բայց խոսքը մեր մեջ, էդ վազելու պահն ինձ ամենաշատը դուր եկավ: Վերջապես ինչ-որ օրիգինալ, ոչ ստանդարտ լուծում էր առաջարկվել:

      • norayr says:

        այ ես վախենում եմ, որ դա 2008֊ին կոտրվեց, ու այլեւս չենք ավելանա։ բայց հույս իհարկե ունեմ։

      • byurie says:

        2008-ին ոչ մի բան էլ չկոտրվեց: Հակառակը՝ 2008-ի համեմատ փողոց դուրս եկողները շատացել են, որովհետև էն ժամանակ կար մի հսկայական զանգված, որը չնայած սարսափելի դեմ էր Սերժին, Լևոնից էլ էր զզվում, դրա համար փողոց դուրս չեկավ: Իսկ հետագայում իրանք հայտնվեցին զանազան քաղաքացիական նախաձեռնություններում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: