Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Առաջին երեք ամիսը

on December 8, 2013

bikeՑանկացած փոփոխության առաջին երեք ամիսը փորձաշրջան է: Եթե հաղթահարեցիր, կմնաս, իսկ եթե կիսատ ես թողնելու, հենց էդ երեք ամիսն են վճռորոշ: Բժշկական ուսումը կիսատ թողնող ուսանողները մեծ մասամբ առաջին կիսամյակում են հիվանդանում, դեպրեսիաների մեջ ընկնում կամ պարզապես ինքնակամ թողնում բժշկությունը: Նույն կերպ էլ չորս տարի առաջ կլինիկական օրդինատուրայի առաջին երեք ամիսների ընթացքում էր, որ որոշեցի գնալ Հայաստանից: Երեք ամիս անց հարմարվեցի, բայց որոշումն արդեն կայացրել էի: Էդպես էր անգամ Եվրոպայում. առաջին երեք ամիսներն անտանելի դանդաղ անցան՝ ուղեկցվելով նոր կյանքին հարմարավելով ու նոր ընկերներ ձեռք բերելով, իսկ մնացած քսանմեկը կառուցվեցին հենց այդ երեքի հիման վրա:

Հիմա արդեն ավարտվել է Հայաստան վերադառնալուս փորձաշրջանը, ու զգում եմ, որ ամեն ինչ կամաց-կամաց կայունանում է, տխուր կերպով կայունանում, ճահճանում, ինձ էլ իր մեջ առնում: Ես արդեն համոզվել եմ, որ մնալու եմ այստեղ, մնալու եմ ու անընդհատ փոշմանեմ, որ չգնացի, բայց նաև մնալու եմ գիտակցելով, որ իմ ճիշտ տեղում եմ:

Իսկ առաջին երեք ամիսները ոնց որ փոթորիկ լինեին: Ես եկա փնտրելով մարտ-ապրիլին տեսածս Հայաստանը, փորձելով ներկայիս կյանքը կապել այն ժամանակվա զգացողություններիս հետ, բայց հայտնաբերեցի, որ ամեն ինչ շատ ուրիշ է, երբ գալիս ես առանց հետդարձի տոմս ունենալու գրպանումդ:

Ընկերներդ հանկարծ անհետանում են, ամեն մեկը մի տեղ կորում է, իսկ մյուսների հետ ինքդ չես ուզում կապերդ վերականգնել: Աշխատանքի բոլոր տեսակի խոստումները հօդս են ցնդում, ու մնում ես մենակ՝ զարմացած նայելով տասը տարվա բարձրագույն կրթությանդ, բայց նաև արդեն պատրաստ լինելով մատուցողուհի աշխատել: Եվ դեռ լավ է, որ գոնե երկու ամիս անց ստանում ես աշխատանքի առաջարկ, թեկուզ դա այնքան էլ քո նախընտրած աշխարհագրական դիրքում չէ:

Առաջին երեք ամիսների փոթորիկների ընթացքում տրամադրությունդ թռիչքներ է կատարում: Այդպիսի պահերից մեկի ժամանակ որոշում ես հնարավորինս շուտ գնալ, դիմում ես ամենաշուտ սկսվող PhD ծրագրին, բայց մեկումեջ հույսեր ես փայփայում, որ քեզ չեն ընդունի՝ շատ լավ գիտակցելով, որ բոլոր պարամետրերով համապատասխանում ես իրենց պահանջներին:

Քեզ հանգիստ չեն տալիս վերադարձողի երազները: Ինչպես Կունդերայի նկարագրած արտագաղթողի երազները, կան նաև վերադարձողի երազներ, որոնք անընդհատ պատմում են քո կորցրած դրախտի մասին, քեզ տանում թողածդ սիրուն քաղաքներն ու հանկարծ հետ բերում, շպրտում հայկական դաժան իրականություն, որտեղից փախչելու տեղ չունես:

Քեզ տանջում է նոտալգիան, որն ուժեղանում է ամեն անգամ Ֆեյսբուք մտնելիս ու հեռվում թողած վայրերի լուսանկարներ տեսնելիս: Փորձում ես այստեղի կյանքդ այնտեղինին հնարավորինս նման սարքել՝ հեծանիվով շրջելով քաղաքում, յոգայի հաճախելով, գրքեր կարդալով, համերգներ գնալով, օտարեկրացիների հետ շփվելով: Բայց այդ ամենը դառնում է այնտեղի կյանքի պարոդիա, երբ հեծանիվով հասնում ես տուն ու շալակում այն, որ տուն հասցնես, ոչ թե կապում դրսում, երբ նայում ես ձեր տան դիմացի անճոռնի շենքին, որը կործանում է սիրուն քաղաքի մասին պատկերացումներդ, երբ սիրելի երգչուհիդ նոր շրջագայություն է հայտարարում, ու դու գիտես, որ միայն երազում կարող ես համերգին ներկա գտնվել:

Մենակ ես, ավելի մենակ, քան երբ Եվրոպայում էիր: Մարդկային շփումները քեզ ոչինչ չեն տալիս, որովհետև զգում ես, որ հեռու ես, անծանոթ, օտար, այլևս այդ միջավայրի մասնիկը չես, քեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է: Ներվայնանում ես գալ-մնալու հետ կապված ամեն տեսակի հիմար ռեպլիկից, որովհետև ոչ ոք պատկերացում չունի, թե ինչ է կատարվում քո ներսում: Իհարկե, բացի այն մարդկանցից, որոնք մի ժամանակ ընտրել են վերադառնալ:

Հեռախոսդ անվերջ լռում է: Հիշում ես, թե ինչպես էիր ներվայնանում, երբ Հայաստանից գնալուց առաջ հեռախոսիդ ձայնն ուղղակի չէր կտրվում. քեզ կզանգեին անգամ ամենապրիմիտիվ հարցի համար,՝ ո՞ր երթուղայինն է հասնում Էրեբունի հիվանդանոց: Կամ էլ ինչ-որ տարօրինակ հարց կտային հիպերտոնիկ հիվանդության զարգացման մեխանիզմից, ու դու ստիպված կպատասխանեիր, որ սրտաբանությունը վաղուց արդեն մոռացել ես:

Իսկ հիմա հեռախոսդ օրերով լռում է, եթե չհաշվենք մորդ զանգերը, որն ամեն վայրկյան պիտի ստուգի, թե որտեղ ես, ում հետ ես ու ինչով ես զբաղված: Մտածում ես՝ երևի էն ժամանակ ավելի լավ էր, որ մարդկանց ամեն ստից հարցի պատասխանի աղբյուր էիր: Հիմա մարդիկ գուգլի տեղը գիտեն:

Ու ի վերջո սկսում ես նոր կյանք կառուցել: Զրոյից: Նոր մարդկանց հետ ես ծանոթանում, նոր հարաբերություններ հաստատում ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում էիր անում: Այլևս չես գնում հին տեղերը, որ հին ծանոթների չտեսնես: Հներից միայն մի քանիսի հետ ես շփումը շարունակում: Նոր սովորություններ ես ձեռք բերում, կյանքի նոր ռիթմ հաստատում: Իսկ երրորդ ամսվա ավարտին մոտ հանկարծ գտնում ես ապրիլին տեսածդ Հայաստանին կապող օղակը, կառչում դրանից ու երազում, որ հունվարին արտագաղթելդ հանկարծ չստացվի:

Եվ սկսում ես ճահճանալ, դառնում հասարակության մի մասնիկը, մասնակցում ցույցերի, հայտնվում ոստիկանությունում, մասնակցում ցույցերի, վեճերի բռնվում ընկերներիդ հետ, հարամարվում աշխատանքիդ, համաձայնում մի Սովետ վերադառնալ, երազում, անընդհատ երազում, ու երազանքներդ միայն Հայաստանի հետ են կապված: Դու գիտես, որ այլևս երբեք անկախ չես լինելու, երբեք քո կյանքի տերը չես լինելու:

Հետո գալիս է ձյունը: Ականջակալներդ վերցնում ես ու գլխաբաց վազում ձյան տակ, ինչպես տասնյոթ տարեկանում էիր անում: Հիշում ես Յոենսուն, հիշում ես էնտեղի անարատ ձյունը, որ կայծկլտում էր մթության մեջ, հիշում, թե որքան կարևոր էր այն մութ ու դեպրեսիվ նոյեմբերից հետո: Հիշում ես նաև փշատերևներն ու փայտե տնակները, որոնցից ջերմության հոտ էր գալիս: Հիշում ես ու շարունակում վազել: Իսկ Զազը երգում է ականջներիդ մեջ. «Ես էլ մի օր լուսին կգնամ»:

Advertisements

6 responses to “Առաջին երեք ամիսը

  1. Արամ says:

    Նյութը նոր կարդացի, հետաքրքիր էր: Իսկ երեք ամսվա ֆակտրը`
    գիտական ա?? օրինակ ինչ-որ սովուրույթ հաղթահարելու փորձաշրջանը կարող ենք ասել, որ առաջին երեք ամիսը ամենաէականն ա ? :))

    • byurie says:

      Եսի՞մ: Գիտական տվյալներ չեմ ուսումնասիրել երեք ամսվա մասին, բայց ասենք կան տվյալներ, օրինակ, մշակութային շոկի մասին, որ ոչ թե անմիջապես ա սկսվում, այլ մեղրամսային փուլից հետո, որը կարա մեկից մի քանի ամիս տևի, կամ հայրենիքում ռեադապտացիայի մասին, երբ անմիջապես վերադառնալուց հետո հետադարձ մշակութային շոկ ա սկսվում, որն անցնում ա մի քանի ամսից մի տարի հետո: Ամեն դեպքում, ինձ թվում ա՝ ցանկացած հարցում գիտության մեջ ոչ թե ֆիքսված երեք ամիս ա, այլ առաջին մի քանի ամիս:

  2. Արամ says:

    Ջոնաթան Ֆրանզենի Ազատությունն եմ կարդում: Մի քիչ կարդացի, մտածեցի չեմ շարունակի, լիքը փող էի տվել գրքին, հետո քո ռեվյուն գտա, կարդացի ու տենց հիմա էլի շարունակում եմ…)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: