Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Մեկ ա բան չի փոխվելու»

on December 21, 2013

Էսօր ինձ թուքումուր տվեցին բլոգս ոչ այնքան հաճախ թարմացնելու համար: Խոստացա մի բան գրել: Դրա համար ինչ էլ ստացվի վերջում, միևնույն է, չեմ ջնջելու, ինչպես վերջերս շատ հաճախ եմ անում գրառումներիս հետ:

trutsikՔայլում էի Աբովյանով ու թռուցիկ բաժանում: Անցնում էին ցրտից իրար կպած սիրահար զույգեր, ինչ-որ տեղ շտապող լուրջ արտաքինով պարոններ, թատրոնից հենց նոր դուրս եկած ռուսախոս կանայք, պստիկների ձեռքերն իրենց գրպաններում տաքացնող մայրիկներ, տոնական գնումներ կատարած թիթիզ աղջիկներ… Մատներս էնքան էին սառել, որ դժվարությամբ էի մեկ թռուցիկ առանձնացնում մյուսներին ու մեկնում անցորդներին, երբեմն թվում էր` երկուսն եմ տվել:

Մարդիկ շտապում էին իրենց գործերին, ուզում էին հնարավորինս շատ հայտնվել մի տաքուկ անկյունում, պատրաստվում էին տոներին` առանց իմանալու, թե ինչ է կատարվում իրենց երկրում: Իսկ թռուցիկից հրաժարվելու դեպքում մի երկու բառ ասելու անհաջող փորձերիս պատասխանում էին. «Մեկ ա բան չի փոխվելու»:

Եթե ոչինչ չանենք, փոխվելու է, շատ բան է փոխվելու դեպի վատը: Ես դա չէի ասում անցորդներին, որովհետև, միևնույն է, նրանք շտապում էին մոտակա խանութը, որ Նոր տարվա նվերներ նայեն ու համ էլ ցրտից խուսափեն: Բայց մտածում էի, թե ինչու է բոլորի ուղեղում տպված այս կաղապարացած արտահայտությունը. «Մեկ ա բան չի փոխվելու»:

Բայց էսօր, երբ ձեռքերս այնքան էին սառել, որ արդեն ոչինչ չէի զգում, երբ մոտիս թռուցիկներն էլ վերջացել էին, ու ձեռնոցներս հագնելու անհաջող փորձեր էի անում, սկսեցի մտածել «մեկ ա բան չի փոխվելու» արտահայտության մասին: Պիտի էդպես ասեին նրանք, ովքեր ամեն անգամ փողոց են դուրս գալիս, առողջություն ու նյարդեր քայքայում, բայց արդյունք չեն տեսնում: Պիտի նրանք հուսահատվեին ու ասեին` վերջ, տանն եմ մնում: Բայց տարօրինակ կերպով «մեկ ա բան չի փոխվելու» փնթփնթում են էն մարդիկ, որոնք երբևէ որևէ կերպ իրենց բողոքը չեն արտահայտել:

Զզվում եմ էդ կրավորական «չփոխվել» բայից: «Մեկ ա բան չի փոխվելու» արտահայտությունն էնպես է հնչում, կարծես այնտեղ, ինչ-որ մի երևակայական գահին նստած ինչ-որ երևակայական անձ պիտի կոճակը սեղմի, ու ինչ-որ բան փոխվի, բայց համառորեն չի սեղմում: Ու խանութներ շտապողներից ոչ մեկը չի էլ պատկերացնում, որ հենց ինքն է մեղավոր, որ բան չի փոխվում, իրենցից յուրաքանչյուրն այդ երևակայական կոճակը չի սեղմում, «փոխվել» կրավորականը «փոխել» չի սարքում:

Ու զարմանում եմ: Ախր ես ինձ ինչ գիտեմ, երբ մի բան եմ ուզում, նույնիսկ, երբ գրեթե համոզված եմ, որ չի ստացվելու, ամեն դեպքում քայլեր ձեռնարկում եմ, որ հետո չփոշմանեմ չարածիս համար: Ես հո գիտեի, որ Հայաստանում մեղր չեն բաժանում, բայց ամեն դեպքում եկա, փորձեցի էստեղ ապրել, որ հետո հանկարծ օտար երկրում կյանքս կառուցելիս անընդհատ ինձ չմեղադրեի, թե ամեն ինչ չարեցի Հայաստան վերադառնալու համար: Եթե մի օր հանկարծ Հայաստանը պետականությունը կորցնի, ես գիտեմ, որ մեղավորներից մեկը ես կլինեմ, որ ամեն ինչ չարեցի, որ այդպես չլինի: Դրա համար երկուշաբթի օրը թողնելու եմ ամեն ինչ ու վազեմ Ազգային Ժողովի մոտ, որ վստահ լինեմ` ամեն ինչ արել եմ, որ Հայաստանն ինքնիշխանությունը չկորցնի:

Ու հետաքրքիր է` նրանք, ովքեր այդպես համառորեն պնդում են, որ «մեկ ա բան չի փոխվելու», ո՞նց են նայելու իրենց երեխաների աչքերի մեջ, երբ իրենց ոչինչ չանելու պատճառով ինչ-որ բան իսկապես փոխվի: Դեպի վատը: Ու դա հեռու չէ, դա կարող է տեղի ունենալ Ազգային ժողովում դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք քվեարկության արդյունքում:

Եվ դու դեռ համոզված ես, որ «մեկ ա բան չի՞ փոխվելու»: Ոչինչ, դեկտեմբերի 23-ին` ժամը 11:30 արի Ազգային ժողովի մոտ: Եթե նույնիսկ պայմանագրերը վավերացվեն, գոնե կիմանաս, որ դու ամեն ինչ արել ես, ինչ քեզնից գնում էր:

Իսկ ես, այնուամենայնիվ, պնդում եմ, որ փոխելու ենք, շատ բան ենք փոխելու:

Advertisements

5 responses to “«Մեկ ա բան չի փոխվելու»

  1. Կարինե says:

    մեկ ա բան չի փոխվելու…
    ուշացել ենք ….ՄԱՐԴԻԿ, որոնց ընտրել էինք, որ փոխեին մեր կյանքը դեպի ԼԱՎԸ…. որ ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ դարձնեին ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ,տվեցին մեր երկիրն այն Ռուսաստանին, որի լծի տակից, ինչպես իրենք էին ասում, նորերս էր ձերբազատվել Հայաստանը

  2. theologos says:

    Ուրախ եմ, որ Դուք էլ էիք եկել ցույցին՝ չնայած գրանցված արդյունքներին։ Մեր հասարակության հետ կապված՝ կարծում եմ նախ և առաջ մարդկանց ներսում պիտի «ինչ-որ բան փոխվի», իսկ դրան նպաստող լուրջ ազդակներ դեռ հորիզոնում չեն նշմարվում ըստ իս։

    • byurie says:

      Երեկվա ցույցի ժամանակ երկար մտածեցի ու հասկացա, որ մենք ենք մեղավոր, որ մարդկանց ներսում ոչինչ չի փոխվում: Մենք (ներողություն անհամեստությանս համար) հասարակության մտածող մասն ենք, իսկ «անտարբերները» սովորաբար չեն մտածում, ստանում են պատրաստի մտքեր: Ու մենք նրանց մտքեր տալու, հետներն աշխատելու, բացատրելու փոխարեն անընդհատ դժգոհում ենք «անտարբերներից»: Ամեն ինչ պիտի սկսվի նրանց սիրելուց, հետո անցնել ընկերանալուն, հետո արդեն օգնել մտածել:

      • theologos says:

        «Այսօրուայ մեր կեանքում ես ամենից մեծ մեղքը, մի տեսակ ութերորդ «մահացու մեղք»ն եմ համարում անտարբերութիւնը, անշարժութիւնը եւ… դատարկախօսութիւնը։ Վերջ տանք այս մեղքին եւ դառնանք «Ի լոյս աստուածգիտութեան», որ նշանակում է նաեւ ի լոյս ինքնաճանաչման, իքնայարգումի, ինքնարժանապատուութեան, որոնք մեզ բնական մղումով կ՚առաջնորդեն ի գործ եւ կ՚ուղղեն յառաջ»։
        Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոս

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: