Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

25. Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեմ շփվում

on December 28, 2013

Դպրոցականների սիրած արգելված զբաղմունքներից էր մատյանները քչփորելը: Բավական էր, որ դասատուն մի րոպեով դուրս գար, որ ամբողջ դասարանը թափվեր մատյանի վրա, թերթեր, գնահատականներն ու «բացականերն» ուսումնասիրեր: Թե ինչու աշակերտներին չէր թույլատրվում մատյանին մոտենալ, բազմաթիվ պատճառներ կային: Եղել էին դեպքեր, որ մատյան էր կորել կամ գնահատականներ էին նկարվել: Պատահել էր, որ մեղավորներին չէին կարողացել գտնել, ամբողջ դասարանին էին պատժել: Բայց մատյանն աշակերտներից հեռու պահելու պատճառներից մեկն էլ հավանաբար այն էր, որ այնտեղ գաղտնիքներ կային, որոնց մասին ոչ ոք չպիտի իմանար:

Տասներորդ դասարանի երկրորդ կիսամյակն էր: Այն հազվագյուտ պահերից էր, որ ուսուցիչը դուրս էր եկել դասարանից, իսկ մենք թափվել էինք մատյանի վրա: Չեմ հիշում` ով էր, բայց նկատեց, որ մեր դասարանում հայտնվել է մի նոր աշակերտուհի, որին չնայած երբևէ չէինք տեսել, բայց «բացականեր» չէր ստանում, դեռ մի բան էլ տեղը տեղին գերազանցիկ էր. «5»-ից բացի ուրիշ գնահատական չուներ: Պատկերացրեք, թե որքան վիրավորական պիտի լիներ դասարանի գերազանցիկների համար, որոնք բուհի ընդունելության քննություններին պատրաստվելու հետ մեկտեղ դպրոցի դասերի տակ ճկռում էին, բայց մեկումեջ «4»-եր էլ էին ստանում: Իսկ շատ այլ աշակերտներ, չնայած ջանքերին, էդպես էլ «5»-ի երես չէին տեսնում: Էլ չեմ ասում պարտաճանաչորեն ֆիքսվող «բացակաների» մասին, որոնք անպայման հայտնվում էին մատյանում, եթե համարձակվում էի որոշ առարկաների առաջին ժամին չգալ` նախընտրելով մինչև գիշերվա հինգը ֆիզիկայի խնդիրներ լուծելուց հետո մի քիչ քնել:

Բնականաբար, խորհրդավոր աղջկա լուրը մեծ աղմուկ բարձրացրեց: Մեր օղորմածիկ դասղեկին հարցրինք` ինչ հաշիվ է: Ի պատասխան փնթփնթաց, որևէ կոնկրետ պատասխան չտվեց, բայց մի քանի օր անց մեր դասարանում հայտնվեց մի նոր աղջիկ, որի գլխին թափվեցինք ու սկսեցինք բազմաթիվ հարցեր տալ:

Էն գլխից էլ կռիս էի, լավ եմ հիշում` հարցրի, թե արդյոք այսուհետ դասի գալու է: «Ամեն օր չէ,- պատասխանեց,- բայց կգամ»: Շատ էլ որ փոքր էինք, անչափահաս, հո հիմար էլ չէինք: Բոլորս էլ լավ հասկացանք` ինչն ինչոց է, բայց երևի ուսուցիչները մեզ լրիվ էշի տեղ էին դրել, որովհետև այդ օրվանից սկսվեց թատրոնը:

Մի նոր ռուսերենի ուսուցչուհի ունեինք, որը համ էլ մեր ուսմասվարն էր: Նա անմիջապես որոշել էր, որ ես ռուսերեն վատ գիտեմ: Ասենք, ես էլ էի դրանով համոզված, քանի որ մեր տանը միայն հայերեն էինք խոսում, իսկ Հայաստանում ռուսերեն լավ իմանալու չափանիշը լեզվակիր լինելն է, դրանից ցածր ոչինչ չի ընդունվում: Էդ ուսուցչուհին սկզբում ինձ «3»-ներ էր շարում, հետո մի քիչ մեղմացավ, իր խոսքերով` ստանդարտներն իջեցրեց ու սկսեց «4»-եր ու «5»-եր դնել: Բայց հենց էդ նույն մարդն էր, ով մեր դասարանի նորեկին դաս հարցրեց: Էդ օրն ինչ-որ բանաստեղծություն պիտի անգիր անեինք: Էդ աղջիկը կանգնեց, ոչ էնքան վարժ, ուսուցչի օգնությամբ ու հազար ու մի սխալներով արտասանեց անգիրը: Հաշվի առնելով ուսուցչի խստությունը` պիտի որ «3» դներ, ու շատերս ներքուստ ուրախացել էինք, որ նրա մաքուր «5»-երի կողքին մի հատ էլ «3» է հայտնվելու:

Բայց հենց այդ նույն ուսուցչուհին, որ դրանից կարճ ժամանակ առաջ ամեն կերպ ուզում էր ինձ մեդալից հետ պահել` պնդելով, որ իմ ռուսերենն էդքան չի ձգի, որ մեդալը տաղանդավորների համար է, որ ստուգողներ կգան դպրոց և այլն, կանգնեց  ու հիացական բացականչություններ արձակեց, մի քանի րոպե գովեց աղջկան, թե որքան լավ արտասանեց ու որքան լավ ռուսերեն գիտի: Հետն էլ հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ: Աղջիկը պատասխանեց` բժիշկ: Փաստորեն, դեռ ընդունելության քննությունների ժամանակ էլ ինձ մրցակից էր լինելու:

Ամեն դեպքում, բոլոր ուսուցիչները չէին, որ էդպես ակնհայտորեն գնահատականներ էին շարում աղջկան: Մի աստղագիտության դասատու ունեինք` Հովհաննիսյանը: Սկզբում նրան առանձնապես չէի սիրում, որովհետև մեր դասարանին վերցրեց ամբողջ դպրոցի սիրելի Սվազյանի փոխարեն: Բայց կարծեմ էդ դեպքից հետո էր, որ հեսա պիտի գրեմ, որ էնքան սիրեցի նրան, որ Վերջին զանգին բոլոր ուսուցիչներին թողած հենց նրան ծաղիկներ տվեցի:

Հովհաննիսյանը հարուստ ամուսին ուներ, հավեսի համար էր դաս տալիս: Դրա համար էդքան կախված չէր աշխատավարձից: Չգիտեմ` եթե կախված լիներ` էդքան դուխ կունենա՞ր, թե՞ չէ, բայց ամեն դեպքում ի տարբերություն ռուսաց լեզվի ուսուցչուհու բացահայտ քծնանքի ու մնացածների լուռ հնազանդությանը, ինքը երևույթի դեմ դուրս եկավ: Մի օր կանգնեցրեց էդ աղջկան, ամբողջ դասարանի առաջ թուքումուր տվեց: Ինքը միակն էր, որ առաջին կիսամյակը «5» չէր փակել: Ասում էր` մինչև չգաս պատասխանելու, չեմ դնելու:

Հետո եկան ավարտական քննությունները: Երկու առարկա կենտրոնացված կարգով ուրիշ դպրոցում հանձնեցի, բայց գալիս էի տեսնեմ` մեր դասարանցիները ոնց են: Կարծեմ մերոնցից ոչ մեկին «20» չէին դնում, անգամ այդ աղջկան: Դա մի քիչ անարդար էր, որովհետև քաղաքի բոլոր դպրոցներում ավարտականներին շատ չէին նեղում, «20-երը» շարում էին, իսկ մեզ մոտ կային էրեխեք, որոնք հաստատ շատ ավելի խելացի էին, քան բազմաթիվ «20» ստացողներ:

Եկավ ատեստատ ստանալու օրը: Ես հո լավ էի հիշում այդ աղջկա գնահատականները ու համ էլ տեղը տեղին խորամանկ էի: Դրա համար խնդրեցի, որ տա ատեստատը: Նայեցի, տեսա, որ անգամ այն առարկաները, որոնք «18», թե «19» են հայտարարել, իր մոտ «20» են: Բայց մենակ նրա ատեստատն էր էդպիսին, մյուսներն իրենց իրական գնահատականներով էին:

Չեմ կարծում` բլոգիս ընթերցողների մեջ միամիտներ կան, բայց ամեն դեպքում հստակեցնեմ, որ այդ աղջիկը, փաստորեն, ատեստատ էր առնում ու դասի չէր գալիս, որ ժամանակը տրամադրի ընդունելության քննություններին պատրաստվելուն: Երևի կհետաքրքրվեք, թե որքան օգուտ տվեցին նրան այդ բացակայությունները: Ինձ էլ էր հետաքրքիր: Դրա համար ընդունելության քննությունների ցուցակում հատուկ նայեցի նրա գնահատականները: Ինքը երկու քննությունից միասին հավաքել էր ավելի քիչ, քան ես մենակ մի քննությունից: Ընդունվեց ԱՏ-ով, բայց դե աղջիկներին ԱՏ-ն ի՞նչ:

Հետո վեց տարի սովորել եմ նրա հետ մի կուրսում: Մտերիմ չեմ եղել, բայց կուրսում հայտնի էր նրանց ընկերական քառյակը, որը զանազան կասկածելի ճանապարհներով էր գնահատական ստանում: Մի խոսքով, մի կերպ վեց տարին սովորեց ու ավարտեց: Ասում են` էդպես էլ կլինիկական օրդինատուրա չգնաց (իսկ վեց տարին ավարտելուց հետո գոնե ինտերնատուրա չգնալն առնվազն անմտություն է, նշանակում է` չես կարող բժիշկ աշխատել), բայց հաջող ամուսնացավ: Արդեն չորս տարի է, ինչ նրանից տեղեկություն չունեմ: Հույս ունեմ` երջանիկ է:

Հ.Գ. Էս պատմությունն էսօր քնած ժամանակ միտս եկավ:

 

Advertisements

3 responses to “25. Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեմ շփվում

  1. իսկ ինձ թվում է՝ մի օր նրան հանդիպելու ես)

  2. […] Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեք շփվում Մի օր… Թաքնված անկյուն… srtik byurie […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: