Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Րաֆֆու «Կայծերը». զուգահեռներ մեր իրականության հետ

on January 9, 2014

Ինչու՞ որոշեցի վերընթերցել այս գիրքը, որը տասներեք տարեկանում մեղմ ասած դուրս չէր եկել, կարդացել էի զոռով՝ որպես դպրոցական պարտադիր ընթերցանության մաս ու մենակ որպես հայրենասիրության քարոզ էի հիշում: Իսկ հայրենասիրությունն ինձ համար մի թեմա էր, որի մասին խոսել ընդհանրապես չէի սիրում, էլ չեմ խոսում ներվեր սղոցող շարադրությունների մասին:

Չգիտեմ՝ մեր կրթական համակարգի՞ն, թե՞ տարիքիս մեղադրեմ, որ այն ժամանակ չտեսա այն, ինչ Րաֆֆին դրել էր վեպի մեջ, որ չկարողացա ասել այն, ինչ հիմա եմ ասելու: Ամեն դեպքում, գուցե լավ է, որ այս տարիքում եմ վերընթերցում ու կարծիքս հայտնում, որովհետև եթե այն ժամանակ այս ամենը հայտնվեր ստուգողականի տետրիս մեջ (իսկ «Կայծերի» մասին կարծեմ շարադրություն չենք գրել), հաստատ եթե ծնող չկանչվեր, ապա գոնե «2-ը» պատրաստ էր:

Ով դպրոցում գրականություն է անցել կամ գոնե կարդացել է «Կայծերը», երևի աղոտ կհիշի, որ վեպի կենտրոնական թեման հայ ժողովրդի ստրկամտությունն է ու մի քանի ջահելների պայքարը դրա դեմ (նման է, չէ՞ մեր օրերին): Մեկ էլ անպայման կմտաբերեն Տեր Թոդիկին ու նրա դաժան կրթական մեթոդները: Բայց դրանից ավելին դժվար ինչ-որ մեկն ասի, որովհետև մեր դասագրքերը, մեր կրթական համակարգն արգելել էին ինքնուրույն դատողություններ անել, հասկանալ, թե ուր է տանում Րաֆֆին, ինչով է բացատրում ստրկամտությունը:

Հա´, տեղ-տեղ Րաֆֆին շատ է համը հանում իր պրիմիտիվությամբ, այն, ինչ արդեն ցույց է տվել, մի քանի տող այն կողմ նորից բացատրում է, մի բանը հազար անգամ ասում է: Այդ առումով վեպը գուցե ավելի շատ շահեր, եթե ամեն ինչ սեղմվեր մի հատորանոց 300 էջի մեջ, ոչ թե էդքան ծավալվեր: Բայց ամեն դեպքում նույնիսկ այս ոչ այնքան գերազանց գեղարվեստական որակի ու ստրկության դեմ բացահայտ քարոզի մեջ Րաֆֆին կարևոր հարցեր է բարձրացնում, որոնց մասին բացատրություններ չի տալիս, թողնում է, որ ընթերցողն ինքը նկատի: Ու այս ամենը դպրոցական դասագրքերում չի քննարկվում:

Րաֆֆին նուրբ կերպով անդրադառնում է հայ կնոջ ամոթխածությանը, բարոյականության անհասկանալի նորմերին, հակադրում է Մարգրիտի երեսի քողն ու խաշնարած հայ ընտանիքների աղջիկների անկաշկանդ պահվածքը: Սիրահարի գերեզմանի մոտով անցնելիս էլ Մարոն քար է նետում՝ որպես խայտառակության նշան, իսկ Ֆարհատը փորձում է համոզել, որ միմյանց սիրելու մեջ վատ բան չկա, որ չարժե դրա համար քարկոծել: 

Վեպում բարձրացվում է նաև կրթության հարցը: Նկարագրվում է տերթոդիկյան մոդելը՝ դաժան պատիժներով, տեքստերն առանց հասկանալու անգիր սերտելով, հարուստների երեխաների նկատմամբ ավելի լավ վերաբերմունքով ու հենց դպրոցից սկսած երեխաներին ստրկամիտ մեծացնելով. «Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրանց ծեծել… Մի՞թե ինքը, դպրոցը, չէր պատրաստում մեզ ծեծվելու համար… մի՞թե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը»:

Որքան էլ տարօրինակ թվա, կարծում եմ՝ տերթոդիկյան կրթական մոդելը մեր օրերում էլ է ակտուալ: Լավ, գուցե պատիժներն այդքան դաժան չեն, և ուսուցիչները սահմանափակվում են մի հատ ապտակով կամ թքելով (ամեն դեպքում, ես տասը տարի առաջ եմ դպրոցն ավարտել, գուցե մի բան փոխվե՞լ է): Բայց մնացած ամեն ինչը նույնն է. աշակերտից և ուսանողից պահանջում են անգիր՝ առանց թույլ տալու, որ ստացած (հիմնականում անպետք) ինֆորմացիան վերլուծի: Հարուստների երեխաները միշտ ավելի պուպուշ են ու անմեղ, իսկ ստրկամտությունը սկսվում է հայրենասիրական ամպագոռգոռ շարադրություններով, եկեղեցական քարոզներով ու համոզելով, որ «մեծերն» անսխալական են:

Տերթոդիկյան կրթությունը մի լեզվով է, որ երեխաները չեն հասկանում: Այդ պատճառով Ֆարհատը խիստ զարմանում է Կարոյի նամակը կարդալիս, որովհետև տեքստը պարզ ու հասկանալի է. «Առաջին անգամ պատահում էր տեսնել, որ մարդը գրում է այնպես, որպես խոսում են: Բայց ինչու՞ իմ վարժապետը չէր գրում այնպես, որպես մարդիկ խոսում են: Նրա գրածն ինձ համար մնում էր միշտ հանելուկ, չէր կարելի հասկանալ, կարելի էր միայն գուշակել, թե ինչ է ուզում ասել»:

Բարեբախտաբար, մեր գրական լեզուն այդքան անհասկանալի չէ, ու հնարավոր է այն որպես գրավոր խոսք գործածել: Բայց այս մեջբերումը չի՞ հիշեցնում արդյոք մեր օրերի մաքրամոլական միտումները հատկապես ինտերնետում հաղորդակցվելիս, երբ ոմանք ֆշշացնում են «ա» օժանդակ բայով տեքստ տեսնելիս:

Րաֆֆին շատ ուժեղ քննադատում է նաև եկեղեցուն. «Եկեղեցականը միշտ ընդդեմ է ազգայնության գաղափարին. նա ճանաչում է ազգը միայն կրոնքի անունով. նրա «հոտի» մեջ «խուժդուժ, սկյութացի և հույն» – բոլորը մեկ են: Եկեղեցականը միշտ ընդդեմ է աշխարհային բարեկեցության. նա չէ կարող համբերեր, որ մարդը ճանաչեր իր հայրենիքը, այսինքն երկրի այս կամ այն կտորի վրա հիմներ իր կյանքի և ապրուստի գոյությունը»:

Գրքում եկեղեցին է, որ երեխաներին դպրոցից սկսած ստրուկ է դաստիարակում, իսկ մեծահասակներին հորդորում է հնազանդ լինել, չկռվել, չպայքարել թշնամու դեմ: Բայց այդքանով հանդերձ եկեղեցականները լավ են ապրում, որովհետև կլպում են ժողովրդին: Իհարկե, իրենց ձեռնտու է ստրուկներ ունենալը, որովհետև հեշտ են կառավարվում: Արդյոք քսանմեկերորդ դարու՞մ էլ եկեղեցին նույնը չի ուզում:

Րաֆֆին բավական իմաստուն էր, որ դեռ այն ժամանակներից բացառեր երրորդ ուժը, իսկ մենք մինչև հիմա էլ կառչում ենք ռուսաստաններից ու եվրոպաներից, մինչև հիմա էլ սպասում ենք անգլիական նավերին: «Օտարների օգնությունից մեզ շահ չկա,- գրում է Րաֆֆին,- Դժբա˜խտ է այն ազգը և մի˜շտ դժբախտ կմնա, որ օտարի օգնության կարոտ լինի: Ոչ ոք իր հոր հոգու համար մեզ չի օգնիլ. նա պետք է տասը բան առնե մեզանից, որ մի բան տա»:

Ի վերջո, կենտրոնական գաղափարը ստրկամտության դեմ է, տանում է դեպի ազատություն, լուծումներ փնտրում ստրկամտությունից ազատվելու համար: Մեր ժամանակների պես, «Կայծերում» էլ բոլորը հարմարված ապրում էին, ու միայն մի քանի ակտիվիստներ՝ «մի քանի կարոներ» բարձրացնում էին իրենց ձայնը:

Նույն այդ Կարոյի ձայնով Րաֆֆին նկատում է, որ «ստրկությունը դարձել է ժողովրդի բնավորություն» և «ի՞նչ օգուտ, երբ մի քանի եռանդոտ անձինք զարթել էին, և աշխատում էին դարման տանել նրա խղճություններին,- երբ այդ մի քանի անձանց բոլոր ջանքերը կորչելու, ոչնչացնելու էր ընդհանուր անտարբերության մեջ»:

Ստրկամտությունը վերլուծելով հանդերձ՝ Րաֆֆին փորձում է սահմանել ազատությունը, պարզել, թե որտեղ է այն, գուցե ինչ-որ տեղ էլ լուծում առաջարկել. «Ազատությունը գտնվում է ժողովրդական կենցաղավարության երկու ծայրերի մեջ, մեկում, երբ նա դեռ իր նահապետական պարզության մեջ է ապրում, մյուսում, երբ նա հասել է քաղաքակրթության լույսին: Այս երկու ծայրերի միջոցում տիրում է ստրկությունը»:

Ուրեմն մենք հիմա երկու ծայրերի միջև ենք: Իսկ ինչպե՞ս կարելի է հասնել քաղաքակրթության լույսին: Կարծում եմ՝ որակյալ կրթությամբ, միայն դրանով:

Իսկ թե ինչ է առաջարկում Րաֆֆին, կիմանամ երկրորդ հատորը կարդալիս, չնայած եթե չեմ սխալվում, ինքն էլ է շեշտը կրթության վրա դնելու:

Advertisements

2 responses to “Րաֆֆու «Կայծերը». զուգահեռներ մեր իրականության հետ

  1. […] հսկայածավալ վեպին նվիրված նախորդ գրառմանս մեջ չէի պարզաբանել, թե ինչու հանկարծ որոշեցի […]

  2. […] էդպիսին էր անգամ հայկականությունը տակնուվրա անող «Կայծերը» իր բոլոր թերություններով հանդերձ: Էդպիսին էր նաև […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: