Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Հոգիների տունը» (Իզաբել Ալենդե)

on January 14, 2014

AllendeՀազվադեպ է լինում, որ մի գրքի անուն մտքիս մեջ պահեմ, մի քանի տարի անց հիշեմ ու կարդամ: Ալենդեի «Հոգիների տունը» հենց էդ դեպքերից էր: Տատիկս մի քանի տարի առաջ կարդացել էր, ասել էր՝ լավն է: Գրանցել էի կարդացվելիք գրքերիս մեջ, բայց հա թռնում էի, մինչև գուդրիդսի մեր հայկական խումբը չորոշեց հունվարին հենց այս գիրքը կարդալ:

Մոգական ռեալիզմ, հա: Մարկեսին ահագին նման: Մտածում ես՝ թխած է: Երևի Ալենդեն ինքն էլ չի ժխտի Մարկեսի ազդեցությունը: Բայց մի րոպե, մոգականությունը հենց լատինաամերիկյան մշակույթի մի մասը չէ՞: Կարծեմ Մարկեսն ինքն էլ երկար-բարակ արտահայտվել է այդ մասին, որ ոչ մի մոգականություն էլ չկա, դա իրենց կյանքն է:

Տեղ-տեղ վեպը լատինաամերիկյան սերիալ է հիշեցնում. Բլանկան հղի է Պուեդրո Գարսիա երրորդից, որի հետ ամուսնացած չէ ու որն իր սոցիալական դասից չէ: Խայտառակությունից փրկելու համար ամուսնացնում են ֆրանսիացի կոմսի հետ, իսկ դուստրը՝ Ալբան, երկար ժամանակ չի իմանում, որ իր հայրը Պուեդրո Գարսիան է: Սկզբում մտածում ես՝ թու˜, սերիալ, իսկ հետո հասկանում, որ դա նույնպես լատինաամերիկյան մշակույթի մաս է:

«Հոգիների տան» պատկերները շատ սիրուն են. կանաչ մազերով ջրահարսանման Ռոսան, նրա էքստեցենտրիկ պստիկ քույրիկ Կլարան, որին եկեղեցին դիվահար է համարում, Նիվեայի կտրված գլուխը, որն ականատես է լինում Կլարայի ծննդաբերությանը, Ֆերուլայի լուռ մուտքը Տրուեբաների տուն:

Կլարան վեպի հոգին է, իմ սիրելի կերպարը: Ինքը գրավել էր ինձ եռոտանի սեղանը շարժելով, դաշնամուրը փակ Շոպեն նվագելով, կյանքի իրադարձությունները մատյաններում գրանցելով (ինչպես հետո կիմանանք, դա շատ կարևոր էր), նեղված ժամանակ լռելով, իր երկու բացակայող ատամներով, սպիտակ շորերով, ուրվականների հետ հաղորդակցվելով, իսկ մահվանից հետո ուրվականի պես հայտնվելով:

Գիրքը ֆեմինիստական երանգ ունի. հեղինակը հետևում է ոչ թե տղամարդ, այլ կին հերոսների ժառանգների կյանքին, անունները խորհրդանշական են հենց կին հերոսների դեպքում (Նիվեա, Կլարա, Բլանկա, Ալբա): Բարձրացվում է նաև կնոջ պարտականությունների, գործունեության հարցը: Կլարան էդպես էլ տնային գործերից հեռու է մնում, Բլանկան ինքն է իր ապրուստը վաստակում, իսկ Ալբան խորանում է քաղաքականության մեջ:

Քաղաքական հարցեր շոշափելով՝ Ալենդեն կարծես ցույց է տալիս, որ ոչ մի իշխանություն էլ լավը չէ. պահպանողականների իշխանության օրոք, թեև ժողովրդավարություն էր, բայց կային խիստ արտահայտված դասակարգային տարբերություններ, սոցիալիստների օրոք բոլորը սկսեցին լավ ապրել, բայց խանութներում ոչինչ չկար գնելու համար, իսկ երբ հեղաշրջումից հետո բռնապետական կարգեր են հաստատվում, սկսվում է ամենասարսափելի շրջանը, երբ կոպտորեն խախտվում են նաև մարդու իրավունքները: Ալենդեն քննադատում է բոլորին, բայց վստահ է, որ ամենավատը բռնապետությունն է:

Մի հետաքրքիր դրվագ կա. երբ սոցիալիստներն իշխանության են գալիս, պահպանողականները հավաքվում են ու մտածում, թե ոնց իշխանությունը հետ վերցնեն: Գիտե՞ք ինչ առաջարկ է հնչում: Գնել բոլոր լրատվամիջոցները և ազդել հասարակական կարծիքի վրա: Ծանոթ բան է, չէ՞:

Գիրքն ավարտվում է փիլիսոփայական մտքերով. Ալբան չնայած մենակ է մնացել, բայց լավատես է ու բնավ չարացած չէ իրեն չարչարողի նկատմամբ, որովհետև բացատրություն ունի դրա համար: Ալբան տատիկի բոլոր մատյաններն իրար կողք է դնում ու եզրակացնում, որ դեպքերը պետք է նայել ոչ թե հերթականությամբ, այլ բոլորը միասին, որպեսզի պատճառահետևանքային կապերը տեսանելի լինեն: Ու իսկապես, իրադարձությունները բոլորովին այլ ընթացք կստանային, եթե թունավորված կոնյակը ոչ թե Ռոսան խմեր, այլ նրա հայրը:

Advertisements

One response to “«Հոգիների տունը» (Իզաբել Ալենդե)

  1. […] Էդպիսին էր մոգական ռեալիզմի քողի տակ Չիլին վերլուծող «Հոգիների տունը», էդպիսին էր անգամ հայկականությունը տակնուվրա […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: