Զոռով եմ գրում:
Երեկ երազում էի մի քանի ժամով ազատ լինելու ու ինքս ինձ հետ մնալու մասին: Էսօր էդ հնարավորությունը հանկարծ ստեղծվեց: Բայց ես փախա ինձնից ու սկսեցի դարակներս դասավորել: Դարակ դասավորելու համախտանիշ: Տեսնես քանի՞ անգամ կքանդեմ-կդասավորեմ դարակներս, տեսնես դեռ ինչքա՞ն կապրեմ այս սենյակում:
Դարակումս մի հետաքրքիր բլոկնոտ կար: Տեսնես ինչու՞ մինչև հիմա չէի նկատել: Լավ եմ հիշում՝ 2008-ին Սևիլյայից էի առել, ցլամարտի թեմաներով էր: Մի տարի դատարկ էր մնացել, իսկ 2009-ին ավարտելիս համակուրսեցիներս մեջը լավ-լավ բաներ էին գրել: Ղզիկ բան մտածեցի. հաջորդ անգամ Հայաստանից գնալիս կտամ ընկերներիս, թող մեջը լավ-լավ բաներ գրեն, տանեմ հետս, մեկումեջ բացեմ, կարդամ ու կարոտեմ:
Թերթեցի բլոկնոտս: Ավելի լիքն էր, քան սպասում էի: Մեկ էլ տեսնեմ՝ վերջին գրառումները 2011-ին: Սկզբում տեղը չբերեցի, թե ովքեր են. բոլորը Լիլիթ էին ստորագրել: Հետո կամաց-կամաց հասկացա. բլոգեր ընկերներս էին գրել նախորդ անգամ մեկնելուցս առաջ, բայց բլոկնոտն էդպես էլ հետս չէի տարել: Մոռացե՞լ էի, թե՞ տեղ չկար: Ընկերներիցս մեկը ստորագրել էր. «ապագա նախագահ»: Նենց հավես ժպտացի, նենց ուզեցի, որ հաջորդ նախագահն իրոք ինքը լինի:
Դարակները դասավորելուց ու ևս երկու տոպրակ աղբ թափելուց հետո էլ փախչելու տեղ չունեի: Մտածեցի՝ ներկելիքներս հանեմ, մի քիչ ներկեմ-մերկեմ, ներվերս հանգստացնեմ: Կամիլեին նամակ գրեցի: Մտածեցի՝ նստեմ, վերջապես ակումբի մրցույթի պատմվածքներս ավարտեմ: Մտածեցի՝ մեկը զանգեր, ասեր՝ Բյուր, դուրս արի: Չէ, փախչելու տեղ չունես: Նստիր ու մնա ինքդ քեզ հետ:
Բլոգումս գրելու լիքը նյութ կա: Ուզում եմ գրել պլագիարիզմի մասին: Ուզում եմ գրել, թե ինչ է սպասվում ինձ մի ամսից և ինչու: Ուզում եմ գրել իմ թույլ տեղի մասին, որ սրանից հետո սիրելի մարդիկ զգույշ լինեն ու իրենց կարծիքներով ինձ չխոցեն: Ու գուցե գրելուց հետո էլ էդպիսի կարծիք չունենան:
Ուզում եմ նաև քաղաքացիական շարժումների ու դրանց հաջողություն-անհաջողությունների մասին գրել: Ուզում եմ գրել բժիշկների մասին: Ուզում եմ 30 պատմությունները վերջացնել: Ու էսպես շատ բան եմ ուզում, բայց արդյունքում միայն կծկվում եմ մի անկյունում ու լռում, խոսում այնպիսի բաների մասին, որոնք ինձ չեն հուզում: Իսկ այս գրառումն անում եմ, որովհետև ուղղակի ուզում եմ գրել:
Պաչիկ քեզ։ 🙂
Բա էն օրը էդ բլոկնոտդ բերեիր, մի երկու բան էլ ես գրեի մեջը։ 😀
Քեզ էլ պաչիկ 🙂
Ասում եմ՝ էդ բլոկնոտի գոյության մասին ընդհանրապես մոռացել էի, էսօր եմ գտել: