Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Օդապարուկ թռցնողը» (Խալեդ Հոսեյնի)

on February 5, 2014

Գալիս է պահ, որ հոգնում ես ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող գեղարվեստական գրքերից, որովհետև դրանք բոլորն իրար նման են, արևմտյան, քաղաքակիրթ: Ուզում ես գրականության միջոցով նոր երկրներ, նոր մշակույթներ հայտնաբերել, ուզում ես պատմությունն ավելի լավ հասկանալ: Էդպիսին էր մոգական ռեալիզմի քողի տակ Չիլին վերլուծող «Հոգիների տունը», էդպիսին էր անգամ հայկականությունը տակնուվրա անող «Կայծերը» իր բոլոր թերություններով հանդերձ: Էդպիսին էր նաև Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», որն ընթերցողին տանում է մի պետություն, որի մասին միայն վատ բաներ ենք լսում վերջին տարիներին. Աֆղանստան

Նուրբ ու հուզիչ պատմության հետ մեկտեղ դու իմանում ես, որ մի ժամանակ Աֆղանստանում լավ էր, որ կար ժամանակ, երբ փողոցներում մարդկանց չէին սպանում: Ծանոթանում ես մշակութային նրբություններին, որոնք տեղ-տեղ բավական մոտ են մեզ (գուցե Պարսկաստանի հետ շփման արդյունքում): Ծանոթ բառեր են հանդիպում. նամուս, ջան, մարդ: Ծանոթ պտուղներ են հանդիպում. նուռ, թութ:

Պատմությունը պատմող Ամիրն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում իր մանկության Քաբուլը, իր մանկության ընկեր Հասանին, որին այդպես էլ ընկեր չանվանեց տեղի վարքուբարքի պատճառով: Ցավով է հիշում, թե ինչպես է մի ժամանակ շատ վատ վարվել նրա հետ: Ու ամբողջ կյանքում ապրում է մեղքի զգացումով:

Հեղինակը վերլուծում է նաև Ամիրի ու հոր հարաբերությունները: Հայրը հետաքրքիր կերպար է՝ Աֆղանստանում ուժեղ ու խելոք, շրջապատում հարգված, որն ընկնելով ԱՄՆ աշխատում է բենզալցակայանում. հպարտությունը թույլ չի տալիս նպաստ ստանալ: Հայրը մանկուց փորձում է որդուն տղամարդ սարքել, իսկ տղան երբեք չի կարողանում ինքն իր հարցերը լուծել: Տղան կարդալ է սիրում:

Բայց արի ու տես, որ ինչ-որ տեղ հայրն էլ է սխալ թույլ տվել ու ապրել դրանով ամբողջ կյանքի ընթացքում: Հենց այն նույն հայրը, որն իդեալական ու օրինակելի էր թվում որդուն, ունեցել է նմանատիպ մեղքի զգացում ու լռել, մինչև կյանքի վերջ լռել:

Գրքի թույլ կողմերից են Ամերիկան ու Պակիստանը, չնայած առաջինն էլի ինչ-որ կերպ փրկվում է աֆղանական համայնքը ներկայացնելով: Բայց խանգարում է նաև ամերիկյանությունը: Հեղինակը չի խորանում քաղաքական թեմաներում, միայն փաստեր է արձանագրում. միապետին գցեցին, կոմունիստները եկան, թալիբները եկան: Իսկ ինչպե՞ս և ինչու՞ տեղի ունեցավ, հեղինակը լռում է:

Թույլ են նաև կանանց կերպարները: Նրանք գրեթե բացակա են: Թվում է՝ հեղինակը լավ չի ճանաչում կանանց, նրանց չի ամբողջացնում, թողնում կիսատ: Իսկ վերջին մեկ երրորդի դեպքերն ընդհանրապես ավելորդ են թվում, ոչ մի կերպ չեն տեղավորվում ընդհանուր պատմության մեջ, ուղղակի ավելորդ խճճում են ամեն ինչ:

Գիրքը հեփի էնդով չի վերջանում: Ոչ էլ ողբերգական ավարտ է ունենում: Հեղինակը վերջին էջերին հասնելուց առաջ մի փիլիսոփայական միտք է հայտնում, թե՝ կյանքը հեփի էնդ չի, որովհետև ավարտ չի, շարունակվում է: Ու գիրքը վերջանում է շարունակությամբ:

Օդապարուկները պատմության մեջ առանցքային դեր են խաղում. գիրքը սկսվում է դրանցով և ավարտվում դրանցով: Անգամ այն մի կարևոր դեպքը, որը փոխում է Ամիրի ամբողջ կյանքը, կապված է օդապարուկների հետ: Հետաքրքիր է՝ մինչև հիմա ես դրանք խիստ արևմտյան խաղալիք եմ համարել: Բայց պարզվում է՝ Աֆղանստանում դեռ 70-ականներին օդապարուկային ավանդույթներ են եղել:

Հոսեյնին իր պատմությամբ մի փիլիսոփայական միտք է փոխանցում. մեր արարքները երբեք անհետևանք չեն մնում: Մի գործողությունից բխում է երկրորդը, երրորդը, չորրորդը: Ու եթե չլիներ առաջինը, չէր լինի և հարյուրերորդը: Ու նաև շեշտում է, որ գալիս է դրանց համար պատասխան տալու ժամանակը: Հետաքրքիր է, որ այդ պատասխանը տալիս ենք ոչ թե որպես պատիժ, այլ որպես ազատում մեղքի զգացումից:

Advertisements

2 responses to “«Օդապարուկ թռցնողը» (Խալեդ Հոսեյնի)

  1. Այս գրքի էկրանավորումն եմ տեսել, լավն էր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: