Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ուկրայնական տպավորություններ

on February 13, 2014

Ուկրաինան տասնութերորդ պետությունն էր, որտեղ պիտի լինեի: Տասից հետո հաշիվը կորցրել էի, բայց Ուկրաինա այցելելու փաստն այնքան էր ինձ ոգևորել, որ մի անգամ անքնության հերթական նոպայի ժամանակ հաշվեցի բոլոր այն պետությունները, որտեղ երբևէ եղել եմ (ինքնաթիռի տրանզիտները չհաշված): Բայց Կիևը չգիտեի որերորդ քաղաքն էր, որտեղ լինելու էի: Չկարողացա հաշվել:

Առաջին պահերը

Եթե Ուկրաինայի մասին կարծիք կազմելու լինեի երկիր ոտք դնելու առաջին րոպեների վրա հիմնվելով, հաստատ որևէ դրական բան չէի ասի, որովհետև ինձ թվաց՝ նորից Ռուսաստանում եմ հայտնվել, ու չքնած գիշերվանից հետո մի պահ ցանկացա հետ վազել, նստել ինքնաթիռն ու խնդրել, որ ինձ Երևան վերադարձնի:

Վաղուց արդեն սովորել եմ, որ իմ անձնագրի ստուգումն ավելի երկար է տևում, քան ուրիշներինը: Սկզբում կարծում էի, թե պատճառը դրա կապույտ գույնն է, ինչն առանձնանում է Եվրոմիության ու շատ այլ երկրների քաղաքացիների մուգ կարմիրից: Բայց երբ նկատեցի, որ նույն կասկածամտությամբ են անձնագրիս էջերը թերթում նաև Հայաստան մտնելիս կամ դուրս գալիս, հասկացա, որ պարզապես իմ զարմանալի վիզաներն են անհանգստացնում:

Կիևում անձնագրի ստուգումն անցնելիս ինձ հարցրին, թե որն է այցելության նպատակս: Ասացի, որ եկել եմ դանիական վիզա ստանալու:

– Հայաստանի՞ց: Դանիակա՞ն,- սլավոնական արտաքինով սահմանապահի դեմքին զարմանքն ու կասկածանքը միախառնվել էին: Իզուր փորձեցի բացատրել, որ Հայաստանում Դանիայի դեսպանատուն չկա, որ ՀՀ քաղաքացիներին Ուկրաինան է սպասարկոմ, որ ես էլ շատ երջանիկ կլինեի, եթե ստիպված չլինեի Կիև հասնել և այլն: Նա արդեն վերցրել էր իմ ու մորս անձնագրերը, հանձնել համազգեստավոր ջահելների, իսկ մեզ պատվիրել, որ սպասենք:

– Առաջին անգամ են,- ասել էր համազգեստավորներին:

Ինձ լիքը հարցեր տվեցին: Անգամ հին անձնագիրս պահանջեցին: Թե Հայաստանը լիներ, կգոռգոռայի, կասեի՝ ձեզ ինչ, ձեր ինչ գործն է, թե որտեղ եմ եղել: Բայց օտար երկրներում խելոքանում ու սուսուփուս ենթարկվում եմ՝ շատ լավ հասկանալով, որ նրանց տիրապետության տակ եմ:

Հետո տեսան հոլանդական վիզաս ու չհավատացին, որ էնտեղ ապրել եմ, որովհետև հոլանդական մուտքի կնիք անձնագրիս մեջ չկար: Նրանք այնքան անգրագետ էին, որ չգիտեին՝ Շենգեն պետություններում սահման անցնելիս անձնագրերը չեն ստուգվում: Հետո արդեն հոգնեցին՝ իրենք էլ խճճվելով իրենց հարցերի ու իմ ճամփորդական կենսագրության ձեռքին, անձնագիրս պատճենահանեցին, մուտքի կնիքը դրեցին ու թույլ տվեցին դուրս գալ:

Իսկ օդանավակայանի ելքի մոտ արդեն յազվա տաքսու վարորդներն էին, որոնք ինձ հիշեցնում էին Մոսկվան: Տասը տարեկանում եմ վերջին անգամ այնտեղ եղել: Մայրս տեղի տվեց վարորդներից մեկի յազվությանը, ու մենք տաքսի վերցրինք մյուս օդանավակայան հասնելու համար: Ամբողջ ճանապարհին վախից դողացել եմ: Կիևում արդեն մեծ էի: Կարողացա ոչ միայն չվախենալ, այլև ընդհանրապես չնայել նրանց երեսին:

Շուտով դեպի քաղաք գնացող ավտոբուսի մեջ էինք: Կիևի ծայրամասերը սարսափելի էին. տգեղ հսկայական շենքեր, որոնք մեր տասնվեցերորդ թաղամասն էին հիշեցնում: Սովետի մնացորդ:

Քաղաքը

Կիևը տիպիկ արևելաեվրոպական քաղաք իր հին ու գեղեցիկ, բայց մաշված ու անխնամ շենքերով: Երբեմն-երբեմն կտեսնես կարգի  բերված շենքեր, որոնցից մեկում, ի դեպ, Հայաստանի դեսպանատունն էր գտնվում: Տեղ-տեղ էլ դրանք այնքան հնացած են, որ քիչ է մնում՝ փլատակի վերածվեն:

Քաղաքի կենտրոնում Սովետի կնիքն այնքան ուժեղ չէ, որքան ծայրամասերում: Ռուսերեն ցուցանակները շատ ավելի քիչ են, քան Երևանում: Բայց Երևանի պես քաղաքի կենտրոնում հին շենքերի կողքին կտեսնես վեր խոյացող հսկայական տգեղ «էլիտար» շինություններ: Չէ, մի փոքր տարբերություն կա. Երևանում հիմնականում հին շենքերի փոխարեն է, ոչ թե դրանց կողքին:

Իսկ ամենասիրունը Սոֆյայի և Միխայիլի տաճարներն են: Արևի տակ գմբեթները փայլում են, ամպերի տակ՝ գորշությունը նվազեցնում: Միխայիլի տաճարի դիմաց վրաններ կան. մայդանցիները ցրված են քաղաքով մեկ:

Մայդանի մասին առանձին այստեղ:

Ուտելիքն ու սուրճը

Կիևում ամեն ինչ անտանելի համեղ է: Երևի ոչ մի տեղ այդքան համով ու միաժամանակ էժան ուտելիք չեմ կերել: Ես, որ բորշից զզվում եմ, Կիևում մի քանի անգամ մեծ հաճույքով կերա, մատներս էլ լպստեցի:

Իսկ սուրճն իսկական հայտնագործություն էր: Երևում է՝ ուկրաինացիները հարգանք ունենք սուրճի նկատմամբ: Այնտեղ հավասարաչափ լավն էր թե՛ թիթիզոտ սրճարանի թանկոտ սուրճը, թե՛ փողոցում վաճառվող էժանը, որ ոտքի վրա պիտի խմեիր: Երևանում էդպիսի փողոցային սուրճը զզվելի համ ունի: Իսկ Կիևում նույնիսկ դա նորմալ ապարատով էր պատրաստվում, հաճույք էիր ստանում խմածդ սուրճից: Դրա համար իսկական կապուչինոն ու ամերիկանոն ինձնից անպակաս էին:

Մարդիկ

Ուկրաինացիների հետ շատ չշփվեցինք: Երևի մենակ սպասարկման ոլորտում: Վերաբերմունքը ծայրահեղությունից ծայրահեղություն էր. կա՛մ անասելի կոպիտ էին, կա՛մ խիստ ջերմ ու ընկերական: Բայց ընդհանուր առմամբ ինչ-որ պայծառություն կար ուկրաինացիների մեջ, մի բան, որ շատ է պակասում մեզ:

Խանութները

Սուպերմարկետը միանշանակ ավելի շատ Եվրոպային էր մոտենում, քան Հայաստանին (կներեք, մյուս հետսովետական երկրներից տեղյակ չեմ): Թեև սայլակները դեռ մանրադրամով չէին, ու էլի գրեթե պարտադիր պայման էր ուսապարկը դրսի պահարաանում թողնելը, այնուամենայնիվ, չկար տոպրակի մեջ լցնող աշխատողը, որի գոյությունն ինձ ամեն անգամ զարմացնում է Երևանի սուպերմարկետներում: Իսկ տոպրակներն էդպես չէին շռայլում, ինչպես Երևանում, այլ վաճառում էին հաճախորդներին:

Մթերայինից բացի այլ խանութներում առանձնապես չեղանք: Մենակ մի առևտրի կենտրոն աչքի տակով ուսումնասիրեցինք: Հագուստը ճաշակով էր, պետք չէր մի տոննա զիբիլ փորել, որ արանքից մի նորմալ բան գտնես: Գները չնայեցինք:

Սրճարանները

Կիևում սրճարանները կարծես առանձին մշակույթ լինեն: Սրճարան ասում եմ ամենաբառացի իմաստով. սուրճ խմելու տեղ: Դրանք ամեն քայլափոխին էին: Միշտ անվճար վայ-ֆայ ունեին: Սեղանների մոտ մարդիկ սովորաբար մենակ են նստած, թերթ են կարդում կամ կոմպով աշխատում: Ու կարևորը՝ սրճարաններում ծխել չի կարելի: Ոչ մի հասարակական վայրում չի կարելի:

Ընդհանուր առմամբ, լավն էր Կիևը: Մի կողմից, դա ոնց որ այն քաղաքը լիներ, որին Երևանը կարող էր հասնել: Մյուս կողմից, Կիևն ինքը դեռ զարգանալու շատ տեղ ուներ: Ու կարևորը՝ օդը շատ մաքուր էր (չնայած Երևանից հետո ուր էլ գնում ես, օդը մաքուր է թվում):

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: