Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Ջինսերի սերունդը» (Դաթո Թուրաշվիլի)

on February 15, 2014

Չգիտեմ՝ ինչու է բոլոր լեզուներով գիրքը կոչվում «Ջինսերի սերունդը», իսկ անգլերեն՝ «Թռիչք ԽՍՀՄ-ից»: Ամեն դեպքում, ինձ առաջին վերնագիրն ավելի է դուր գալիս, դրա համար սենց դա եմ տեղադրում այստեղ:

Իմանալով, որ գիրքը բազմաթիվ լեզուներով թարգմանվել է, անկեղծ ասած, բավական մեծ սպասելիքներ ունեի: Երևի դրանց չարդարացման պատճառն է, որ այս գրառման մեջ բավական խիստ եմ լինելու, ու եթե գրքին նայեի պարզապես որպես վրացական ժամանակակից գրականության, գուցե ավելի մեղմ դատեի:

Հենց սկսեցի կարդալ, առաջին էջերից արդեն մի էսպիսի հարց ծագեց. գի՞րքն է վատը, թե՞ թարգմանությունը: Պետք էր կեսերին հասնել համոզվելու համար, որ երկուսն էլ: Գուցե լավ թարգմանությունը փրկեր այն, ինչ կար օրիգինալում կամ վատ թարգմանությունը չազդեր հանճարեղ գրքի որակի վրա:

Ինչևէ, պիտի ասեմ, որ թեմայի ընտրությունը շատ լավն էր. 80-ականներին Սովետից զզված մի խումբ ջահելներ որոշում են ինքնաթիռ գրավել, ստիպել օդաչուին իջնել Թուրքիայում և փախչել Ամերիկա: Երևի ավագ սերունդը կհիշի, որ նման բան իսկապես տեղի է ունեցել: Իսկ «Ջինսերի սերունդի» վավերագրական տոնը ու վերջում տեղադրված լուսանկարները հաստատում են, որ հեղինակն իրական դեպքերի շուրջ է ծավալում պատմությունը:

Ու հենց այստեղ գալիս է վիպակի ամենամեծ թերությունը. սա գեղարվեստակա՞ն գործ է, թե՞ ստեղծագործական վավերագրություն: Կարծես հեղինակն ինքն էլ այդ երկուսի արանքում անընդհատ լող է տալիս՝ ստեղծելով խիստ անբնական մի պատկեր: Մի կողմից, բոլոր հերոսներն իրական են, անունները պահպանված են, իրադարձությունները փաստերի հիման վրա են: Մյուս կողմից, գեղարվեստականությանը տուրք է տալիս այնպիսի տեղերում, որ ծիծաղդ գալիս է: Օրինակ, Գեգան ինչպիսին կհիշեր Թինային մահապատժից առաջ կամ ինչ է մտածել այս կամ այն անձը մահվանից առաջ:

Բայց ամենաարհեստական մասը մինչև ինքնաթիռի գրավումն էր: Հեղինակը փորձել էր կոնտեքստ ստեղծել, նախապես ծանոթացնել կերպարներին: Բայց այդ առաջին մասերում երկխոսությունները խիստ արհեստական են, իսկ Թինայի ու Գեգայի սերը՝ շատ ծաղկավոր ու անիրական: Իրականության հետքեր տեսնում ես, օրինակ, այնպիսի պահերին, երբ Թինան գլուխը դնում է Գեգայի ուսին, ոստիկանը մոտենում, ասում է, որ հասարակական վայրում անբարոյական պահվածք չցուցաբերեն:

Հետո, հեղինակը շատ է բացատրություններից կառչում: Իհարկե, պարզ է, որ գրքի անգլերեն թարգմանությունը վրացիների համար նախատեսված չէ: Դրա համար տեղ-տեղ կանգ է առնում ու բացատրում, թե ինչը ոնց էր Սովետում: Իսկ դա գրական տեխնիկայի թուլություն է: Ճիշտ է՝ համաձայն եմ, որ շատ ավելի դժվար է առանց բացատրելու, միայն ցույց տալով ընթերցողին հասցնել մի միջավայր, որին ինքը բոլորովին ծանոթ չի եղել: Բայց մյուս կողմից էլ գրքի գեղարվեստականությունն ընկնում է, երբ փակագծերի մեջ նման բացատրություն ես տեսնում:

Ու քանի որ այստեղ իրական փաստեր էին շոշափվում, մի բացթողում էլ Թինայի հետագայի մասին ոչինչ չասելն էր: Կենդանի մնացած հերոսներից նորից թեթևակի հանդիպում ենք Էկային ու Նաթելային, բայց Թինայի մասին ոչ մի խոսք. արդյոք ամբողջ տասնչորս տարին էլ նստե՞ց, դու՞րս եկավ: Հետո ի՞նչ եղավ նրա հետ: Ի վերջո, այնպիսի տարիքի է, որ հիմա էլ պիտի որ կենդանի լինի: Բայց մյուս կողմից էլ երևում է, որ հեղինակը հենց Թինայի հետ է զրուցել գիրքը գրելիս. այնտեղ կան մանրամասներ, որոնք միայն Թինան կարող էր հայտնած լինել:

Ինչևէ, որպես ամփոփում նորից կուզեի շեշտել, որ ընտրված թեման շատ լավն էր, ու հեղինակը հավանաբար մեծ գործ է արել արխիվներ փորելով ու կենդանի մնացած հերոսների հետ զրուցելով: Ինչ խոսք, կային բավական ազդեցիկ տեսարաններ (օրինակ, գրքի սկզբում որ Նաթելան որդու՝ Գեգայի գերեզմանն էր փնտրում): Բայց ընդհանուր առմամբ բավական թույլ էր հատկապես այն պատճառով, որ հեղինակը չէր կողմնորոշվել գեղարվեստականության ու վավերագրականության միջև:

Advertisements

8 responses to “«Ջինսերի սերունդը» (Դաթո Թուրաշվիլի)

  1. norayr says:

    ինչ գրել ես, փորձում եմ մեկնաբանել, ու ժամանակ չի լինում։

    Սկսեմ նրանից, որ այո, նա պատմաբան չէ, նա գրել է իրական դեպքերի մոտիվներով, ու բնական է, որ իրենից կարող էր ինչ֊որ բան ավելացնել, ու բնական է, որ պետք է մտածեր ինչ հույզեր պիտի ունենային իրենք, քանի որ իրենց կյանքը չի ապրել, բայց նույն սերնդից լինելով, ահագին պատկերացրել է։

    >Հետո, հեղինակը շատ է բացատրություններից կառչում: Իհարկե, պարզ է, որ գրքի անգլերեն թարգմանությունը վրացիների համար նախատեսված չէ: Դրա համար տեղ-տեղ կանգ է առնում ու բացատրում, թե ինչը ոնց էր Սովետում: Իսկ դա գրական տեխնիկայի թուլություն է:

    Ես գիտեմ, որ հրատարակիչների պահանջն էր դա, երբ գիրքը թարգմանվեց գերմաներեն, օրինակ, իրենից պահանջեցին նա մի ամբողջ գլուխ ավելացնի, քանի որ ասացին որ գերմաներեն կարդացողը չի հասկանա։

    Անիրական եւ իրական հատվածների մասին։ Ես այդ հարցերը հենց հեղինակին եմ տվել, ու շատ զարմացել եմ, որ, օրինակ, աղունիկի մահը հարսանիքին, որը, իմ կարծիքով անկապ պոպսա ավելացում էր, նա ասաց, որ իրականում այդպես էլ եղել է։ Նա չի մտածել։ Իսկ օրինակ, երբ Գիգան թռնում է սյան վրա դրոշ պոկելու, ու ոստիկաններն են գալիս, դա իրականություն է, բայց ոչ թե Գիգայի, այլ հեղինակի հետ է պատահել։ Իսկ ի՞նչ տարբերություն — ասում է նա, եթե իմ հետ պատահել է, իր հետ էլ կարող էր պատահել։

    Հեղինակը նաեւ ծանոթ էր Իրակլիի հետ, ով եկել էր ու ռուս քննիչների հարցերին վրացերեն էր պատասխանում, չնայած լավ ռուսերեն գիտեր։ Դա շատ հետաքրքիր հատված է իմ համար։

    Նաեւ, նա փորձել էր մեզ ծանոթացնել Թիֆլիսի ութսունականների կյանքի հետ, օրինակ՝ Չաշկա անունով մի հրեայի, ում այն ժամանակ բոլորը գիտեին ու առանց ում Թիֆլիսը պատկերացնելն անհնար էր։ Ես հասցրի <a href="http://nhttp://norayr.arnet.am/weblog/2013/06/10/%D5%B9%D5%A1%D5%B7%D5%AF%D5%A1/"<այս ֆոտոն անել, իսկ հիմա, մի քանի օր առաջ եմ ստուգել, գրվածքը էլ չի մնացել։

    Ես շատ կուզեի, որ մեզ մոտ լիներ մի այդպիսի գիրք, որ մերոնք սովետը չհիշեին որպես «ապահով» դարաշրջան երբ «գիտեիր որ ապագա կա» ու այլ ոչ ռացիոնալ արտահայտություններով։

    • byurie says:

      >Սկսեմ նրանից, որ այո, նա պատմաբան չէ, նա գրել է իրական դեպքերի մոտիվներով, ու բնական է, որ իրենից կարող էր ինչ֊որ բան ավելացնել, ու բնական է, որ պետք է մտածեր ինչ հույզեր պիտի ունենային իրենք, քանի որ իրենց կյանքը չի ապրել, բայց նույն սերնդից լինելով, ահագին պատկերացրել է։

      Բնական ա, հեղինակը պատմաբան չի, գրող ա: Էդքանը ես էլ եմ շատ լավ հասկանում: Բայց իմ դժգոհությունը հենց էդ ա, որ ինքը վավերագրականության ու գեղարվեստականության արանքում խաղեր ա տալիս, ինքն էլ չի կողմնորոշվում՝ ինքը վավերագի՞ր ա, թե՞ գրող:

      >Ես գիտեմ, որ հրատարակիչների պահանջն էր դա, երբ գիրքը թարգմանվեց գերմաներեն, օրինակ, իրենից պահանջեցին նա մի ամբողջ գլուխ ավելացնի, քանի որ ասացին որ գերմաներեն կարդացողը չի հասկանա։

      Հա, հիշում եմ, որ տենց բան ասեց: Բայց դա արդեն գրքի թուլության մասին ա խոսում, երբ հարցը պետք ա բացատրություններով լուծել:

      >Անիրական եւ իրական հատվածների մասին։ Ես այդ հարցերը հենց հեղինակին եմ տվել, ու շատ զարմացել եմ, որ, օրինակ, աղունիկի մահը հարսանիքին, որը, իմ կարծիքով անկապ պոպսա ավելացում էր, նա ասաց, որ իրականում այդպես էլ եղել է։ Նա չի մտածել։ Իսկ օրինակ, երբ Գիգան թռնում է սյան վրա դրոշ պոկելու, ու ոստիկաններն են գալիս, դա իրականություն է, բայց ոչ թե Գիգայի, այլ հեղինակի հետ է պատահել։ Իսկ ի՞նչ տարբերություն — ասում է նա, եթե իմ հետ պատահել է, իր հետ էլ կարող էր պատահել։

      Չէ, աղունիկի մահ, դրոշ պոկել և այլն դրանք ոչինչ, նորմալ են: Համենայնդեպս, իմ աչքին աննորմալ չերևացին: Աննորմալը հերոսների մտքերն էին, հիմնականում՝ մահվանից առաջ, որոնք ինքը ոչ մի կերպ չէր կարող իմանալ, ավելորդ գեղարվեստականության համար էր ավելացրել: Արդյունքում՝ բավական անբնական պատկերներ էին ստացվել:

      >Հեղինակը նաեւ ծանոթ էր Իրակլիի հետ, ով եկել էր ու ռուս քննիչների հարցերին վրացերեն էր պատասխանում, չնայած լավ ռուսերեն գիտեր։ Դա շատ հետաքրքիր հատված է իմ համար։

      Հատվածը թող լինի հետաքրքիր, լավ: Բայց հեղինակը եթե մենակ Իրակլիի հետ է ծանոթ, ուրեմն իր գործը լավ չի արել: Անկախ նրանից ինքը գեղարվեստական, թե վավերագրական նյութ էր գրում, լավ չի ծանոթացել դեպքերին: Նայի, ես հաստատ գիտեմ, որ, օրինակ, Թինան հիմա կենդանի ա, ու իրանից կարելի էր լիքը արժեքավոր ինֆորմացիա ստանալ: Բայց ոնց հասկանում եմ, չի արել: Ոնց հասկանում եմ, օրինակ, Նաթելայի հետ ոնց որ թե հանդիպել ա:

      >Նաեւ, նա փորձել էր մեզ ծանոթացնել Թիֆլիսի ութսունականների կյանքի հետ, օրինակ՝ Չաշկա անունով մի հրեայի, ում այն ժամանակ բոլորը գիտեին ու առանց ում Թիֆլիսը պատկերացնելն անհնար էր։ Ես հասցրի <a href="http://nhttp://norayr.arnet.am/weblog/2013/06/10/%D5%B9%D5%A1%D5%B7%D5%AF%D5%A1/"Ես շատ կուզեի, որ մեզ մոտ լիներ մի այդպիսի գիրք, որ մերոնք սովետը չհիշեին որպես «ապահով» դարաշրջան երբ «գիտեիր որ ապագա կա» ու այլ ոչ ռացիոնալ արտահայտություններով։

      Ես էլ կուզեի: Բայց ամեն դեպքում դա հնարավոր ա ավելի որակյալ կերպով անել: Որպես գրական ստեղծագործություն սա շուտ թույլ գործ ա: Համեմատության համար վերցրու Իզաբել Ալենդեի «Հոգիների տունը», որտեղ 70-ականների Չիլին ա նկարագրվում կամ Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», որտեղ նույն թվականների Աֆղանստանն ա: Որակի սարեր-ձորեր տարբերություններ են:

  2. norayr says:

    >բայց Թինայի մասին ոչ մի խոսք. արդյոք ամբողջ տասնչորս տարին էլ նստե՞ց, դու՞րս եկավ

    Թինային ամնիստիա արեց Գամսախուրդիան։ Դաթոն այլ երիտասարդների հետ միասին գնացել էր իրան դիմավորելու բանտից դուրս գալու ժամանակ։ Ասում էր, չնայած վեց տարի նստել էր, շատ սիրուն էր, ոնց որ լույս լիներ, ոնց որ հրեշտակ լիներ։ ։Ճ Թինան հիմա ամուսնացած է, ու ապրում է Կիպրոսում։

    • byurie says:

      Թինայի՝ Կիպրոսում ապրելը ես էլ պարզեցի ընդամենը անուն-ազգանունը գուգլելով ու ֆեյսբուքի պրոֆիլը գտնելով: Բայց նորից եմ ասում՝ Թինան ինֆորմացիայի անգնահատելի աղբյուր է, նման թեմայով գրելիս նրա հետ չզրուցելը խոսում է գործի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մասին:

  3. norayr says:

    Էկայի հետագա կյանքի մասին, ինչքան հիշում եմ, ասվում էր, որ ցույց տալ լիներ սովետական բյուրոկրատիան։ իսկ թինայի մասին ի՞նչ ասեր։ ոչ մի ռոմանտիկ բան այլեւս։ դուրս եկավ, ապրեց մի քանի տարի, ամուսնացավ ու գնաց։

    • byurie says:

      Թինան ախր էս պատմության կենտրոնական հերոսներից ա: Ինքը լիքը արժեքավոր ինֆորմացիա կարար տար, հաստատ շատ ավելի կարևոր, քան քաղաքային լեգենդներն են կամ այն, ինչ գտել ա ԿԳԲ-ի արխիվներում: Ոնց հասկանում եմ, հեղինակը չի էլ փորձել գտնել նրան:

  4. norayr says:

    ինձ համար նաեւ շատ հետաքրքիր էր, որ Շեւարնաձեն չկարողացավ արգելել այս գրքի բեմադրությունը։ Այն ուզում էին անել Մարջանիշվիլիի թատրոնում, այնտեղ արգելեց, իսկ հետո պիեսը բեմադրվեց ազատ թատրոնում։ Այն գտնվում է Ռուսթավելիի բակերից մեկում, պետք է իմանալ, որ գտնել, ազատության հրապարակի մետրոյի հարեւանությամբ։ Ու չնայած փոսթերը չէր երեւում փողոցից, այն երեւում էր Շեւարնաձեի կանցելյարիայից, ամեն օր Շեւարնաձեն տեսնում էր իր արգելած պիեսի փոստերը ու ահավոր գժվում էր դրանից։ ։Ճ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: