Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի քանի պարզաբանում գնալ-մնալու թեմայի հետ կապված

on February 22, 2014

Անկախում վերջերս հրապարակված հոդվածը բազմաթիվ բուռն քննարկումների պատճառ դարձավ: Դրա համար կուզեի մի երկու խոսքով պարզաբանել որոշ մտքեր, որոնք այնքան էլ ճիշտ չեն հասկացվել:

1. Ինձ ասում են՝ չգիտեի՞ր, որ 67 000 դրամ աշխատավարձ ես ստանալու: Այո, ես գիտեի ու անգամ մտքիս մեջ սցենարներ էի մշակում, թե՝ ցերեկները հոգեբույժ կաշխատեմ, երեկոյան՝ փող, ասել է թե՝ թարգմանություն կանեմ կամ երեխաների հետ անգլերեն կպարապեմ կամ որևէ այլ ոչ մասնագիտական գործ (արդեն փորձն ունեմ, կլինիկական օրդինատուրայում էլ էի այդպես վարվում): Բացի դրանից, տարբերակ կար մարզերում ավելի բարձր աշխատավարձով աշխատանք ճարելու, սակայն ինչ-որ հրաշքով մարզերում չկարողացա գործ գտնել, չնայած պահանջարկը կա: Էստեղ խնդիրը լճացումն է, գիտակցումը, որ դու կտրվում ես աշխարհում կատարվածից, գիտելիքներդ մնում են նույն մակարդակին, միայն փորձդ է աճում: Իսկ դա ահավոր է, ուղղակի սարսափելի:

2. Ինձ ասում են՝ իսկ դու չես կարող ինքդ քեզ վրա աշխատել: Իհարկե կարող եմ, բայց խիստ սահմանափակ կերպով, որովհետև արտասահմանյան ամսագրերն ինձ այլևս հասանելի չեն. պիտի դեսից-դենից, սրանից-նրանից խնդրեմ: Գրքերի մասին չեմ էլ ասում. պիտի աշխատավարձիս եռապատիկի չափով գումար ծախսեմ ամեն մեկը պատվիրելու վրա: Ու ի վերջո, ասենք այդ բոլորը կարդացի, տեղյակ եղա աշխարհի անցուդարձից: Միևնույն է, կիրառելու տեղ չկա, որովհետև համակարգային լուրջ խնդիր կա, համակարգի ներսում խիստ սահմանափակ նորամուծություններ կարելի է անել: Իսկ ես օր օրի զգում եմ, թե ինչպես են ձեռք բերածս գիտելիքները սպառվում, ինձ այլևս չեն հերիքում: Ինչ խոսք, ունեմ ավագ կոլեգաներ, որոնց փորձը ոսկու արժեք ունի, ու շատ բան նրանցից կարող եմ սովորել, ինչը ոչ մի գրքում չկա գրված, բայց դա հերիք չէ: Ինձ որ չի հերիքում:

3. Ինձ ասում են՝ ո՞նց թե Հայաստանը միջակությունների երկիր է: Չէ, ես որևէ մեկի վիրավորելու մտադրություն չունեի: Գիտեմ, որ Հայաստանում հրաշալի մասանգետներ կան, որոնք տարբեր տեղերում գլուխները կախ գործ են անում: Ու գիտեմ նաև, որ նրանք գնահատվում են: Ինձ էլ իմ բոլոր աշխատավայրերում գնահատել են, գոհ են եղել կատարածս աշխատանքից: Բայց չնայած գոհ են եղել, դրանից վարձատրությունս չի փոխվել, որովհետև վարձատրությունս որոշողը պետությունն է, իսկ պետությունն ինքը թացը չորից չի տարբերում: Պետությունն ինքը գոռում է, որ Հայաստանին հոգեբույժներ են պետք, բայց ոչինչ չի անում, որ որևէ մեկն ուզենա հոգեբույժ դառնալ կամ դառնալուց հետո մնա երկրում: Պետությունն ինքը բարձր ստանդարտներ չի սահմանում աշխատանքի ընդունելիս: Չկա մրցույթ, չկան բարձր պահանջներ: Ու դրա հետևանքով չկա նաև բարձր վարձատրություն:

4. Ինձ ասում են՝ չէի՞ր կարող էնպիսի մասնագիտություն ընտրել, որի պահանջարկը կա Հայաստանում: Երբ ես եկա Հայաստան, պատրաստ էի ճղել կլինիկական լեզվաբանի դիպլոմս, ընդհանրապես մոռանալ, թե ինչ եմ սովորել երկու տարի Եվրոպայում և միայն հոգեբուժությամբ զբաղվել: Իսկ հոգեբուժությունը Հայաստանում պահանջված մասնագիտություն է: Սակայն, ցավոք սրտի, պահանջված ու լավ վարձատրվող աշխատանքները խիստ տարբեր բաներ են:

5. Ինձ ասում են՝ մնա, ինքդ փոխիր: Ախր հասկացեք, նյարդերս էլ չեն հերիքում: Փոխելու համար արածս յուրաքանչյուր քայլից հետո ահավոր սթրեսի մեջ եմ ընկնում, մի ամբողջ օր կորում է: Ախր ինչու՞ ես պիտի իմ առողջությունն էդքան քայքայեմ: Ու նաև ասեմ՝ ոչ մի կերպ չեմ մեղադրում մնացողներին: Հակառակը, նրանց ուժեղ եմ համարում: Ես էդքան ուժեղ չեմ, ես թույլ եմ, որովհետև ուղղակի չեմ դիմանում ամեն տեսակի դիմադրության: Սպառվում եմ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես:

6. Ինձ ասում են՝ գնալը հեշտ է: Համաձայն եմ, որ մնալը շատ դժվար է: Նորից եմ ասում՝ ապրեն մնացողները: Բայց հավատացեք, գնալը հեչ էլ հեշտ չէ: Ես ուզում եմ Հայաստանում ապրել, ես սիրում եմ Հայաստանը: Գիտե՞ք ինչ սարսափելի է, երբ ամիսներով սպասում ես ամռանը, ու ամառն էդպես էլ չի գալիս, երբ մոռանում ես քո սեփական ձայնի հնչողությունը, երբ ամիսներ շարունակ որևէ մեկի ֆիզիկապես չես դիպչում, երբ հիվանդանում ես, ու կողքդ ոչ ոք չկա, որ խնամի քեզ, երբ Հայաստանում կատարվածը մենակ համակարգչի էկրանին ես տեսնում:

Ես հաճախ եմ գալու Հայաստան, հնարավորինս հաճախ: Դրսից էլ փորձելու եմ օգուտ տալ: Ու չեմ բացառում, որ մի օր նորից հետ կգամ Հայաստան ու նորից կգամ նույնչափ ռոմանտիկ մտքերով, ինչ առաջին անգամ, մոռացած լինելով, թե ինչեր ապրեցի Հայաստանում գտնվելուս կես տարվա ընթացքում:

Ի վերջո, ես չեմ թքում Հայաստանի վրա: Շարունակելու եմ համագործակցել մանկավարժական համալսարանի հետ ու կհամագործակցեմ նաև մնացած բոլոր ցանկացողների հետ:

Իսկ այս թեմային դեռ էլի կանդրադառնամ:

Advertisements

13 responses to “Մի քանի պարզաբանում գնալ-մնալու թեմայի հետ կապված

  1. gayaneatoyan says:

    Մի նեղվեք, հիմա Հայստանում վիճակն այնպիսին է, որ շատերս ենք ստիված եղել դուրս գալ, մի լսեք թե ով ինչ է ասում, ավելի ճշիտ լսեք, բայց արեք այն ինչ Ձեզ ամենահարմարն է: ես ևս հիմա մոռացել եմ թե ինչ բան է խոսելը, ոչ ոք չկա կողքիս, բայց չեմ վհատվում, վայելում եմ այն խաղաղությունը, որ տալիս է օտար երկիրը ի տարբերություն Հայաստանի լարված մթնոլորտի… Հայաստանում մարդիկ չարացած են, եթե նկատեցիք այդ քննարկումների տողատակում իրար կպնելու ու որևէ մեկին սևացնելու ձգտում կար.. կապ չունի դա Դուք կլինեիք կամ որևէ մեկը… զարմանք ապրեցի, որ իրենց ակադեմիկներ կոչող մարդկանց մջ ևս նկատեցի այդ չարությունը, դա իրենք չեն էլ նկատում, իրենքՀայաստանի չար ու լարված մթնոլորտից են այդպես դառել ու չեն նկատում… հաջողություններ եմ մաղթում Ձեզ, այդ գաղջ մթնոլորտն ամեն մարդ չի կարող տանել…

    • byurie says:

      Անչափ շնորհակալ եմ քաջալերանքի համար: Իրոք, համաձայն եմ, որ Հայաստանում մթնոլորտը շատ լարված է: Ես ընդհանրապես ինքս ինձ միշտ նյարդային մարդ եմ համարել, բայց զարմանալիորեն հանգիստ էի դարձել Եվրոպայում ապրելուս տարիների ընթացքում: Ինչ վերադարձել եմ, նույն պատմությունը…

      Ինչ վերաբերում է տողատակերի կծմծելուն, ես էլ դա նկատեցի: Ու անկեղծորեն զարմացել եմ: Ախր ես էդ մարդկանց ի՞նչ վատություն եմ արել, որ անցնում են անձնական վիրավորանքների:

      • gayaneatoyan says:

        պետք է գնաք ուրեմն Բյուրակն ջան, գնացեք, դա ճիշտն է, հետո, երբ առավել կկայանաք, կկարողանաք օգնել որևէ բանով Հայաստանին, հետ գալ միշտ էլ կկարողանաք, հիմա գնացեք ու արեք այն, ինչ հարմար եք գտնում, Ձեր նմանների ազնվության վրա են հաստատվում հիմա այդ ճղճիմ հասարակության մեջ… օր օրի եմ համոզվում թե ինչ փթած ու լճացած հոգբանություն ունեն, անկախ իրենց կրթությունից… եթե ունենան ազատամտություն, մենք դրանից շատ կշահենք, բայց մեծ մասի մոտ գերակշռում է ստրկամտությունը ցավոք սրտի

      • byurie says:

        Համամիտ եմ:

  2. gayaneatoyan says:

    հա մի բան եմ ուզում խնդրեմ Ձեզ, կօգնեք ինձ զարգացնելու իմ բլոգը wordpress-ում? ոչ մի կերպ գլուխ չեմ հանում, շատ շնորհակալ կլինեմ 🙂

    • byurie says:

      Իհարկե: Ինչո՞վ կարող եմ օգնել:

      Ճիշտն ասած, քիչ առաջ մտա Ձեր բլոգն ու տեսա, որ Լեյլա Ստեփանյանի դասախոսությունն եք տեղադրել, որի աշխատանքի գիտականությունն ինձ համար խիստ կասկածելի է:

      • gayaneatoyan says:

        ինչ լավ ե, որ տեսել եք, իսկ ինչու է կասկածելի? ես շատ տեղեկություններ չունեմ իր մասին կամ իր գործունեության, բայց զեկույցը հավանեցի, ինքը խոսում է, որ պոլինեզական լեզուների հիմքում հայերենն է ընկած, կարծում եք հավաստի չեն իր կատարած ուսումնասիրությունները?

      • byurie says:

        Ճիշտն ասած, նրա օգտագործած գիտական մեթոդները խիստ կասկածելի են թվում: Ըստ էության, կարելի է վերցնել ցանկացած X և Y լեզու, նման ընդհանրություններ գտնել ու ասել, որ իրար հետ կապված են: Ես ներկա եմ գտնվել այս տիկնոջ դասախոսությանը: Մի երկու լեզվաբանական հարց տվեցի, որոնց պատասխանեց խիստ ագրեսիայով, ավելի շատ ցրողական: Այս ամենը հաշվի առնելով հակված եմ մտածելու, որ ամեն դեպքում նրա աշխատանքը գիտության հետ այնքան էլ կապ չունի:

  3. theologos says:

    Կարդում էի Ձեր գրած 6 կետերը, ու երևի 90%ով համամիտ էի՝ չնայած մեր ոլորտները կարող ա մի քիչ տարբեր են:
    Բայց այ որոշում կայացնելը ինձ թվում է շատ անհատական է, երևի երիտասարդների կեսից ավելին մտածում է այդ ուղղությամբ: Ու չեմ կարծում թե թույլ եք, ուղղակի ընկալումների մեջ է տարբերությունը, լճանալու կամ առաջ գնալու: Էնպես որ չգիտենք վաղը ինչ կլինի, ու միգուցե մի քանի տարի արտասահմանում մասնագիտանալուց հետո կգաք ու Ձեր փորձը կփոխանցեք նոր Հայաստանին…

    • byurie says:

      Լիովին համամիտ եմ, որ որոշումը խիստ անհատական է: Այն, որ էս բոլոր խնդիրները կան Հայաստանում, ոչ ոք չի կարող ժխտել: Դրա համար չեմ հասկանում հարձակումների պատճառը: Բայց յուրաքանչյուրի անձնական գործն է խնդրի լուծում փնտրելը: Մեկին ավելի հարմար է ամեն ինչ թողնել, գնալ Հայաստանից, նորմալ մասնագետ դառնալ: Մյուսն էլ մնում ու անընդհատ կռիվ է տալիս համակարգի դեմ (ինչն իհարկե չեմ կարծում, որ անարդյունք է): Բոլոր դեպքերում, դա մարդու անձնական որոշումն է, ու կողքից ասելը, թե որն է ճիշտ, դեռ մի բան էլ «զզվելիագույն» ու «հիմար» պիտակներ կպցնելը, կարծում եմ, անքաղաքավարություն է (չգիտեմ՝ ֆեյսբուքյան բանավեճերին հետևում էիք, թե ոչ):

  4. theologos says:

    Չէ, ցավոք ժամանակ չունեմ, դիսերտացիաս թոյլ չի տալիս, ուղղակի Ձեր այս գրառումը աչքովս ընկավ: Ամեն դեպքում Ձեզ ուժ, եռանդ, հաջողություններ: 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: