Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Անծանոթ դարձած բժշկականը

on February 27, 2014

Բժշկականում ինձ երբեք այնքան օտար չէի զգացել, ինչքան այսօր: Իսկ վերջին անգամ այնտեղ եղել էի հինգ ամիս առաջ: Շատ ժամանակ չի անցել, եթե հաշվի առնենք, թե ինչ հաճախականությամբ եմ այնտեղ հայտնվում կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո: Բայց այսօր ամեն ինչ չափից դուրս օտար էր:

Բակով անցնելիս առաջին անգամ նկատեցի տարբեր անկյուններում կուտակված քյառթու տղաներին, որոնց ներկայությունը համառորեն արհամարհում էի ուսանողական տարիներիս ընթացքում ու հանգիստ ջուր խմում այն պուլպուլակից, որին աղջիկներից շատերը մոտ չէին գալիս՝ պատճառաբանելով դրա շուրջ հավաքված տղաներին:

Շենքում ոչ մի ծանոթ դեմք չկար, բացի ճաշարանի աշխատողներից, որոնք խնամքով դասավորում էին բացօթյա հատվածի աթոռները: Իսկ երբ մի բոլորովին անծանոթ աղջիկ ասաց՝ բարև Ձեզ, ես լրիվ մոլորվեցի: Մանկավարժականում ինձ միշտ ուսանողի տեղ են դրել: Իսկ բժշկականում արդեն «դուքով» են դիմում:

Ինչի՞ համար էի եկել բժշկական ընդհանրապես: Հիշեցի: Գործիս տեղի կադրերի բաժնից ինձ խորհուրդ տվեցին կլինիկական օրդինատուրաս գրանցել տալ աշխատանքային գրքույկում: Պե՞տք էր ինձ դա: Միևնույն է, երբ հասնեմ թոշակի տարիքի, աշխատանքային գրքույկի մշակույթը վաղուց արդեն վերացած կլինի՝ անկախ նրանից պարտադիրը կլինի, թե ոչ: Միևնույն է, ես չեմ ուզում իմ թոշակի տարիքը ՀՀ-ին վստահել: Ինձ ուղղակի առիթ էր պետք նորից իմ alma mater-ում հայտնվելու համար, որն այնքա՜ն սիրում էի մի ժամանակ, որտեղ իմ կյանքի ութ տարիներն են անցել, ութ շատ կարևոր տարիներ:

Բայց բժշկական ոտք չէի դրել հոկտեմբերյան այն օրվանից հետո, երբ ևս մեկ հույս կոտրվեց, ընկավ գետնին, փշուր-փշուր եղավ: Հիշում եմ՝ ոգևորված մանկավարժականում դասավանդելու հաճույքից ուզեցի իմ բուհում էլ դասախոս աշխատել՝ հուսալով, որ իմ բուհը չի մերժի իր լավ ուսանողներից մեկին: Հիշում եմ՝ անընդհատ սպամ էի անում սիվիովս, բայց ոչ մի արձագանք չկար: Ի վերջո, իմ ոտքով եկա: Ռեկտորի դուռը փակ պահեցին իմ առաջ, իսկ կադրերի բաժնում հանդիսավոր կերպով հայտարարեցին, որ թափուր աշխատատեղ չունեն, որ կրճատումներ են գնում:

Դա այն բազմաթիվ սթրեսային օրերից մեկն էր, երբ հերթական անհաջողությունից հետո պիտի վերադառնայի տուն, պառկեի  բազմոցին ու այդ օրն այլևս ոչինչ չկարողանայի անել, մամաս գար, ինձ հանգստացներ՝ ոչինչ, մի դուռ կբացվի, իսկ հաջորդ օրը նորից պիտի ոտքի կանգնեի ու նոր տարբերակներ որոնեի:

Երևի հենց այդ օրվանից բժշկականն օտարացավ ինձ համար, բայց դա հասկացա միայն այսօր, երբ ոտք դրեցի համալսարան՝ կլինիկական օրդինատուրայի երկու տարիներս աշխատանքային ստաժ հաշվելու համար:

Հետդիպլոմային ուսուցման բաժնում անծանոթ մի կին էր նստած: Չգիտեմ՝ Իրինա Լվովնան դեռ աշխատու՞մ է այնտեղ: Ինչքա՜ն էինք գժվացնում նրան մեր բազմաթիվ հարցերով ու բողոքներով: Չգիտեմ, ներսի սենյակը չնայեցի: Մոտեցա առաջին պատահած տիկնոջը ու հարցրի, թե ում պետք է դիմել այդ հարցով:

Ուղարկեց արխիվ: Գլխավոր մասնաշենք: Տեղը լավ գիտեմ: Չէ, չգիտեմ, որովհետև այդ ուղղությամբ քայլելիս դժվարանում էի մտաբերել՝ երկրո՞րդ, թե՞ երրորդ հարկում էր այն: Հիմա էլ չեմ հիշում՝ ի վերջո որ հարկում էր: Բայց ինչպես միշտ է այդ կառույցի հետ, պարզվեց՝ էլի լիքը բյուրոկրատիա: Հավես ունե՞մ էդքան գլուխ ցավեցնելու: Ի վերջո, աշխատանքային գրքույկս ընդամենը պատրվակ էր ևս մեկ անգամ իմ երբեմնի սիրելի բուհն այցելելու համար, իմ բուհը, որն այդքան անծանոթ էր դարձել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: