Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Տպավորություններ Նուբարաշենի հոգեբուժարանից

on March 5, 2014

NubarashenԴուք հաճախ զարմացած հարցնում եք՝ որտեղի՞ց այսքան անտարբերություն հայ ժողովրդի մեջ, զայրանում եք, պիտակներ կպցնում փողոց դուրս չեկողներին: Ուզու՞մ եք ստանալ ձեր հարցի պատասխանը: Ուրեմն մի օր եկեք Նուբարաշենի հոգեբուժարան, որ Հայաստանի այն մյուս, չերևացող կողմը տեսնեք, որ հասկանաք` մարդիկ դեռ շատ ուրիշ խնդիրներ ունեն լուծելու ազատության նման վեհ գաղափարների հետևից գնալուց առաջ:

Նուբարաշենի հոգեբուժարանում ընդամենը չորս ամիս աշխատեցի, բայց ինչեր ասես չտեսա այդ ընթացքում: Ինձ թվում էր՝ երկու զուգահեռ աշխարհներում եմ ապրում: Մեկը սովորական Երևանն էր՝ իմ ընկերներով, ազգականներով, փաբերով ու բողոքի ցույցերով, իսկ մյուսը Նուբարաշենի հոգեբուժարանն էր, որտեղ բուն էր դրել թշվառությունը: Ու այս երկու աշխարհները կապող օղակը Ստյոպի ռաֆն էր, որ ամեն առավոտ կանգնում էր մեր տան դիմաց, ինձ վերցնում ու մյուս բժիշկների հետ տեղափոխում աշխատանքի:

Նուբարաշենն ինքը սիրուն տեղ է. բլրի վրա, պարզ օրերին մի կողմում Արարատն է երևում, մյուս կողմից էլ գեղեցիկ տեսարան է բացվում Երևանի վրա: Օդն էլ համեմատաբար մաքուր է: Բայց երբ հայացքդ կտրում ես հեռու տեսարաններից ու նայում շուրջդ, ափսոսդ գալիս է: Ափսոսում ես, թե ինչ կարող էր լինել այդ հոգեբուժարանը ու ինչ չդարձավ: Շուրջը կարող էր ամբողջովին կանաչ լինել, շենքը կարող էին վերանորոգել: Կրծոտած լինոլեումի տակից երևացող բետոնի փոխարեն կարող էր կոկիկ հատակ լինել, հիվանդասենյակները կարող էին գունավոր պատեր ունենալ:

Nubarashen2

Երազում ես, պատկերացնում, թե ինչ կարող էր լինել Նուբարաշենի հոգեբուժարանը, բայց չեղավ: Ու գլուխդ պայթում է տխուր իրականությունից. բոլորը թքած ունեն հոգեբուժական հաստատության վրա: Թքած ունի պետությունը, որն ամեն տարի միայն այնքան գումար է տրամադրում, որ հազիվ բավականացնում է հոգեբուժարանի գոյատևման ծախսերը հոգալու համար: Թքած ունեն նաև ակտիվիստները, որոնք Երևանի կենտրոններում վեհ գաղափարների համար պայքարում են, մինչդեռ իմ կարծիքով, Նուբարաշենի հոգեբուժարանը փրկելը շատ ավելի վեհ գաղափար է, քան Ուկրաինայի դեսպանատան դիմաց ցույց անելը:

Շատ բան կտեսնես Նուբարաշենում: Կտեսնես, թե ինչպես են դեղերը վերջանում, ու բժիշկները դեսուդեն ընկած փորձում են գցել-բռնել, թե որ հիվանդին է ավելի շատ պետք հալոպերիդոլի վերջին ներարկումը: Կտեսնես հիվանդների հարազատների, որոնք ամիսներով չեն հայտնվում, որովհետև 200 դրամ չունեն, որ տրանսպորտի փող տան, գան: Կտեսնես նաև հիվանդների, որոնց բժիշկն է ճանապարհածախս տալիս տուն հասնելու համար: Կտեսնես փողոցից բերված կիսամերկ մարդկանց, որոնք իրենց հասցեն չեն հիշում: Կտեսնես մարդկանց, որոնք հասցե չունեն:

Կտեսնես նաև բժիշկների՝ իրենց գործին նվիրված, իրենց գործը պաշտող, ինչ-որ տեղ նաև անձնազոհ բժիշկների: Կզարմանաս: Կհիանաս: Հիվանդների նկատմամբ էդպիսի հոգատարություն ես Հայաստանի ոչ մի բուժհիմնարկում չեմ տեսել: Միշտ կարծել եմ՝ պատճառը ցածր աշխատավարձն է: Բայց Նուբարաշենում բժիշկներն ավելի շատ չեն ստանում: Ու դա չի խանգարում նրանց հոգատար լինել:

Կափսոսաս, երբ տեսնես, թե ոնց է համաշխարհային հոգեբուժությունը Նուբարաշենի կողքով անցել: Այնտեղ աշխատում են հրաշալի մասնագետներ, որոնք մեր օրերում էլ հզոր կլինեին, եթե միայն աշխարհի հոգեբուժությունը դռնից ներս մտներ: Կտեսնես կլինիցիստի, որը հիվանդի վրա մեկ հայացք գցելով արդեն հասկանում է՝ ինչով է շնչում: Կափսոսաս, որ ավելի լայն զանգվածների նա չի սովորեցնում: Կհպարտանաս, որ չորս ամիս հենց նրա ենթակայության տակ ես աշխատել:

Ու ինչքա՜ն կոլորիտ կա Նուբարաշենի հոգեբուժարանում: Մենք, ապրելով մայրաքաղաքում, փակվելով մեր պղպջակներում դառնում ենք ինչ-որ համասեռ, անհետաքրքիր գորշ զանգված, նմանվում ենք միմյանց: Իսկ Նուբարաշենում կլսես հայերենի ամենատարբեր բարբառներ, կտոնես ամենակոլորիտային հայկական Նոր տարին, կլսես զանազան կատակներ ու կծիծաղես: Այնտեղ իսկական Հայաստանն է՝ իր թշվառությամբ և բազմազանությամբ:

Եվ ես գիտեմ. ուր էլ գնամ, աշխարհի որ ծայրն էլ հասնեմ, որտեղ էլ աշխատեմ, երբեք ոչ մի տեղ էսպիսի հրաշալի կոլեկտիվ չեմ ունենալու: Կարոտելու եմ բոլորին: Հետո մի օր հարստանալու եմ, փորձեմ կոտրել էնտեղի թշվառությունը: Չէ՛, ես էս պետության վրա հույս չեմ դնում: Ոչ էլ ակտիվիստների:

Advertisements

2 responses to “Տպավորություններ Նուբարաշենի հոգեբուժարանից

  1. theologos says:

    Մեր թաղամասում մի քանի հոգի կան, որ ակնհայտորեն հոգեկան հավասարակշռության հետ խնդիրներ ունեն, բայց երբեմն էնպիսի բաներ են ասում… կյանքի, քաղաքականության մասին. էդ ժամանակ ինքս ինձ հարց եմ տալիս՝ միգուցե ամենահամարձակները իրենք են, որ ոչինչ մասին չեն լռում…

    • byurie says:

      Նուբարաշենի կլինիկայի ղեկավարը միշտ ասում է, որ եթե 70-80-ականներին որևէ մեկն ասեր՝ Սովետը փլվելու է, հաստատ կասեին՝ շիզոֆրենիա է պարաֆրեն փուլում:

      Ինչ խոսք, մեկ-մեկ հիվանդները հետաքրքիր բաներ ասում են, որոնք երբեմն կարող են ճիշտ լինել: Բայց հիմնականում անհեթեթ մտքեր են ունենում: Երբեմն լացելու աստիճանի անհեթեթ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: