Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Սիրո պակաս

on March 9, 2014

Մեր երկրում սեր չկա: Մենք չենք սիրում մեր կողքիններին: Մենք մեզ փակում ենք մեր պղպջակների մեջ՝ ինքներս մեզ ընդունելով որպես միակ ճիշտ քաղաքացի, քննադատելով մնացածներին: Մենք մեզ անվանում ենք «առաջադեմներ» ու փակվում փաբերում: Մենք մեզ անջատում ենք այլ փաբերում փակվող այլ «առաջադեմներից»՝ նրանց անվանելով ձևիստներ: Մենք մեզ առանձնացնում ենք «քյառթուներից»՝ համոզված լինելով, որ նրանք ոչինչ չեն հասկանում: Մենք մեզ քյառթուներից խելացի ու Հայաստանով մտահոգված ենք համարում: Մենք վերևից ենք նայում բոլոր նրանց, ովքեր մեզ նման չեն:

Մենք ատում ենք արտագաղթողներին, որովհետև նրանք թույլ էին ու չմնացին պայքարելու: Մենք ատում ենք ներգաղթողներին, որովհետև տաք ու փափուկ կյանքը թողած եկել են Հայաստանում մի բան փոխելու: Մենք ատում ենք մնացողներին, որովհետև նրանք այդպես էլ չեն հասկանում, որ ոչինչ չի փոխվելու:

Մենք ծաղրում ենք ռաբիզ լսողներին, որովհետև նրանք չեն հասկանում, թե իսկական երաժշտությունը որն է: Մենք արհամարհում ենք գիրք չկարդացողներին, որովհետև նրանց «ուղեղը չի հասնում»: Մենք վերևից ենք նայում սերիալ նայողներին, որովհետև նրանք «բանուգործ չունեն»:

Ավագ սերունդն ատում է երիտասարդներին՝ համարելով նրանց թոկից փախածներ ու այլասերվածներ: Երիտասարդներն ատում են ավագ սերնդին՝ «հին», «սովետոտ» անունները կպցնելով:

Գարեջուր խմողը գինի խմողին համարում է թիթիզ, գինի խմողը գարեջուր խմողին՝ պռադվինուտի ձևիստ: Իսկ խմողները միասին չխմողներին համարում են հաճույքներից գլուխ չհանող: Չխմողները խմողներին «անհույս կորած» պիտակն են կպցնում:

Կույսերն ատում են ակտիվ սեռական կյանքով ապրող կանանց՝ համարելով նրանց փչացած: Ակտիվ սեռական կյանքով ապրողներն ատում են կույսերին՝ համարելով նրանց քյառթու հետամնաց: Առաքելականներն ատում են բողոքականներին, թաքուն ատում են նաև կաթոլիկներին, աթեիստներին, բուդիստներին ու մնացած բոլոր կրոնների հետևորդներին կամ չհետևորդներին: Աթեիստները ծաղրում են հավատացյալներին: Ազգայնականներն ատում են այս բոլորին միասին, իսկ ազգայնականներին ատում են բոլորն առանձին-առանձին:

Փողոց դուրս եկողները քննադատում են «անտարբերներին», որովհետև նրանք մտահոգված չեն Հայաստանի ապագայով: «Անտարբերները» դժգոհում են «ակտիվիստներից», որովհետև համոզված են, որ ոչինչ փոխել հնարավոր չէ: Հեղափոխականներն էվոլյուցիայի կողմնակիցներին մոլորվածներ են համարում, էվոլյուցիայի կողմնակիցները հեղափոխականներին՝ մութ ուժերին ծախվածներ: Ընդդիմությունն ատում է իշխանությանը, իշխանությունը՝ ընդդիմությանը: Ընդդիմության ներսում ատում են իրար, նույնը՝ իշխանության ներսում:

Մենք չենք սիրում միմյանց, ու զարմանում ենք՝ ինչու երկիրն առաջ չի գնում: Մենք ագրեսիվ ենք նրանց նկատմամբ, ովքեր մեզ նման չեն, մենք պատրաստ չենք ընդունել բազմակարծություն, բազմակերպություն, բազմաբովանդակություն: Մենք մեզ համար գծել ենք մեր միակ ճիշտը և ուզում ենք բոլորին տեղավորել դրա մեջ: Ու դրանից ստեղծվել են բազմաթիվ պղպջակներ, որոնց մեջ փակված ապրում են մարդկանց փոքր խմբեր՝ ամեն կերպ հրաժարվելով այլ պղպջակների միանալուց:

Մարդիկ, հերիք է ատենք իրար, հերիք է իրար դեմքի թռնենք, հերիք է մեր ճիշտն առաջ բրդենք՝ կարծիքները միմյանց վզին փաթաթելով, միմյանց վիրավորելով ու պիտակներ կպցնելով: Եկեք նստենք, հանգիստ զրուցենք, չհամաձայնենք, բայց հարգենք միմյանց կարծիքները: Եկեք սովորենք միմյանցից ու սովորեցնենք իրար: Մի խոսքով, եկեք ուղղակի սիրենք իրար, ու կտեսնեք, որ դրանից մեր երկիրը շա՜տ կփոխվի:

Advertisements

4 responses to “Սիրո պակաս

  1. Համաձայն եմ, իրոք որ սիրո պակաս կա։ Ավելի ճիշտ սիրո մի հետևանքի, որը հանդուրժողականությունն է։

    • byurie says:

      Լիովին համաձայն եմ 🙂
      Մի հետաքրքիր բան ասեմ: Էս գրառումն անելուց հետո ինչ-որ դեժավյուոտ զգացողություն ունեցա, փորփրեցի, հայտնաբերեցի, որ հենց հանդուրժողականություն անունով ժամանակին նման մի բան էլի եմ գրել. http://byurie.livejournal.com/580753.html

  2. Narine says:

    Ուրիշ տեղ էսպես չի՞, ես գիտեի ամեն տեղ ա էդպես.. Ճ Ու ինչու՞ մենակ մեզ մոտ.. Հըմ.. Ծաղյրահեղականությունի՞ց:

    • byurie says:

      Էս կարգի անհանդուրժողականություն ես որևէ տեղ չեմ տեսել: Իհարկե, մյուս օրինակներս լավը չեն. Նիդեռլանդներ, որն աշխարհի ամենահանդուրժող պետությունն ա, Գերմանիա, որը մի անգամ շատ ուժեղ խերվել ա իրա անհանդուրժողականության ձեռը, Ֆինլանդիա, որտեղ ընդհանրապես էմոցիաներ չկան… բայց ամեն դեպքում, Հայաստանում շատ ուժեղ ա արտահայտված դիմացինին մեզ նման սարքելու կամ ատելու ցանկությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: