Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պրոկրաստինացիա. երբ այսօրվա գործը վաղվան ես թողնում

on March 25, 2014

Ծանո՞թ երևույթ է, երբ մի տոննա գործ կամ դաս ունես անելու, բայց ֆեյսբուքից դուրս չես գալիս, յություբի մի վիդեոն մյուսի հետևից ես նայում, հանկարծ որոշում ես, որ սենյակդ հավաքելու կարիք ունի, հոգնածություն ես զգում, պառկում քնելու: Մի խոսքով, անում ես ամեն ինչ, միայն թե գործդ կամ դասդ չսկսես: Ու էդպես ժամանակն անցնում է, գալիս է սարսափելի վերջնաժամկետը կամ քննության օրը, ու դու մի գիշերում մի կերպ հասցնում ես ինչ-որ բան անել ու հանձնել:

Այն, ինչին մեր պապերը ժամանակին ասել են՝ այսօրվա գործը վաղվան թողնել, ժամանակակից գիտությանը հայտնի է որպես պրոկրաստինացիա (կամ ձգձգամոլություն, ինչպես առաջարկեց իմ ընկերներից մեկը): Շատերը դա համարում են «բնիկ հայկական», «հայի խասյաթ», «հայավարի» ուշացնել և այլն: Պիտի այս անգամ էլ հիասթափեցնեմ. ցավոք սրտի, պրոկրաստինացիան նույնպես միայն հայկական հատկանիշ չէ, ու այն ախտահարում է աշխարհի բոլոր ժողովրդներին:

Այնուամենայնիվ, սեփական դիտարկումներից ելնելով կարող եմ ասել, որ հայկական միջավայրում ապրող պրոկրաստինատորն ինչ-որ չափով տարբերվում է արևմուտքի իր բախտակցից: Թեև ոչ միշտ, բայց նկատել եմ, որ Հայաստանում մարդիկ (ես էլ այդ թվում) ավելի քիչ են փորձում կռվել պրոկրաստինացիայի դեմ, քան այլ պետություններում բնակվողները: Պատճառների մասին շատ բան չեմ կարող ասել, քանի որ ի տարբերութուն, օրինակ, ԱՄՆ-ի, Հայաստանում գիտությունը հազիվ քարշ է գալիս, ուր մնաց պրոկրաստինացիայի նման «անկարևոր» թեմա հետազոտի: Ամեն դեպքում, նորից սեփական դիտարկումներից ելնելով կարող եմ ասել, որ պատճառը ցածր ստանդարտներն են. մենք հազվադեպ ենք պատժվում մեր լավագույնը չանելու համար կամ մեր աշխատանքը գնահատողը չի կարողանում մի քանի ամսում կատարած մանրակրկիտ գործը մի գիշերվա արագ-արագ արվածից: Ավելին՝ շատերը հպարտությամբ արձանագրում են, թե ինչպես մի գիշեր պարապելով բարձր գնահատական կպցրեցին, իսկ իրենց կուրսի Ռուզիկը երկու շաբաթ կրծելով նույն գնահատականը ստացավ:

Ինչևէ, հուսանք, որ մի օր Հայաստանում գիտությունն այնքան կզարգանա ու կկարևորվի, որ պրոկրաստինացիայի հայկական առանձնահատկությունները կուսումնասիրվեն, իսկ մինչ այդ կուզեի սեփական փորձովս կիսվել ու պրոկրաստինատորներին հրավիրել քննարկման: Նախ, ասեմ, որ ինձ ահագին օգնել է հետևյալ գիրքը. Burka, J. B., & Yuen, L. M. (2008). Procrastination: Why you do it, what to do about it now. Da Capo Press. Այն, ինչ գրելու եմ այստեղ, ոչ միայն սեփական փորձիցս է, այլև գրքից ստացած գիտելիքներից, թեև պիտի խոստովանեմ, որ այնտեղ առաջարկվող տեխնիկայի մի մասը կյանքիս այս կամ այն փուլում կիրառել եմ՝ անկախ գիրքը կարդալուց:

Պատճառները
Թեև, ինչպես նշեցի, տեխնիկան կիրառել էի դեռ մինչև գիրքը կարդալը, բայց նկատելի արդյունքների հասա իմ սեփական պրոկրաստինացիայի պատճառները հասկանալուց հետո: Դրանք բազմաթիվ են, տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել: Բայց այն պատճառը կամ դրանց խումբը, որ քննարկելու եմ այստեղ, ամենից հաճախն եմ նկատել ինձ ու այլ պրոկրաստինատորների մոտ:

Պրոկրաստինացիայի դեմ լրջագույն կռիվ սկսեցի անցյալ գարնան վերջին ու ամռանը, երբ Խրոնինգենում մագիստրոսական թեզ էի գրում: Համակուրսեցիներիս հետ հանդիպելիս ու զրուցելիս պարզում էի, որ ես միակ պրոկրաստինատորը չեմ, ու հաճախ փորձում էինք միասին հաղթահարել այդ զզվելի սովորությունը: Պատճառների մասին խոսելիս մենք բոլորս կանգնեցինք իր մեջ շատ բան ներառող, բայց ամեն ինչ բացատրող, կարճ ու կոնկրետ պատասխանի վրա. վախ անհաջողությունից:

Մենք բոլորս թեզի հետ կապված ցանկացած հարց փորձում էինք հետ մղել, չմտածել դրա մասին, իսկ երբ նստում էինք լեփթոփների մոտ, որ աշխատենք, անընդհատ ուրիշ բանով էինք զբաղվում, որովհետև վախենում էինք վերջնական արդյունքից, վախենում էինք ցածր գնահատականից ու քննադատությունից: Մի քիչ պարադոքսալ է թվում. եթե վախենում ես, պիտի որ օր ու գիշեր աշխատես, որ լավագույն արդյունքի հասնես: Այո, եթե դու մալադապտիվ պերֆեկցիոնիստ չես:

Պերֆեկցիոնիզմը մոտիվացնող լավ ուժ է, ստիպում է, որ անընդհատ աշխատես լավագույն արդյունք ցուցաբերելու համար: Բայց կա պերֆեկցիոնիստների մալադապտիվ տեսակը, որը վախենում է անհաջողությունից, որն անընդհատ հետաձգում է աշխատանքը՝ թողնելով վերջին վայրկյանին, որպեսզի հանկարծ լավագույն արդյունք չցուցաբերի, որ կարողանա ինքն իրեն արդարացնել՝ ժամանակը չհերիքեց, ես ավելի լավ կարող էի:

Մալադապտիվ պերֆեկցիոնիստն ունի ֆիքսված մտածելակերպ (fixed mindset), այսինքն՝ նա վստահ է, որ գիտելիքներն ու ունակությունները ձեռքբերովի չեն, ինչ կա, կա, ինչ չկա, հնարավոր չէ ունենալ: Մալադապտիվ պերֆեկցիոնիստը չի հավատում, որ կարող է արդյունքը լավացնել շատ աշխատելով: Ի հակադրություն դրա, աճելու մտածելակերպ (growth mindset) ունեցողը վստահ է, որ արդյունքի համար ջանքեր են անհրաժեշտ, որ որևէ հմտություն ձեռք բերելու համար պետք է շատ աշխատել:

Ես դադարեցրի լեզուներ սովորելս, երբ հայտնաբերեցի, որ երբեք ոչ մի լեզու հայերենի նման չեմ իմանալու, որովհետև մալադապտիվ պերֆեկցիոնիստ էի, ունեի ֆիքսված մտածելակերպ, չէի հասկանում, որ լեզուն մի քիչ իմանալն ավելի լավ է, քան ընդհանրապես չիմանալը, առաջնորդվում էի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Բայց հետո նորից սկսեցի լեզուներ ուսումնասիրել, երբ ինքս ինձ համոզեցի, որ պետք է աճել:

Ու նաև թեզս կարողացա գրել, երբ որոշեցի՝ թքած գնահատականի վրա, կարևորը վերջացնեմ:

Հաղթահարելու միջոցներ

Կարծում եմ՝ ինտերնետում շատ միջոցներ կգտնեք, բայց ամենակարևորը, իմ կարծիքով, պատճառը հասկանալն է: Վերևում բազմաթիվ պատճառներից միայն մեկը նշեցի, որը նկատել եմ պրոկրաստինատոր գրեթե բոլոր ընկերներիս մոտ: Եթե վստահ եք, որ ձեզ այլ բան է մղում ամեն ինչ հետաձգելուն, կարդացեք գիրքը, անպայման կգտեք հարցի պատասխանը:

Իսկ հիմա իմ փորձից (որոնցից ոչ բոլորն են գրքում նկարագրված) մի քանի կետով կկիսվեմ:

1. Ռեժիմի կարգավորում

Պրոկրաստինատորը հաճախ կորցնում է ժամանակի զգացողությունը, չի նկատում, թե ինչպես են օրերն անցնում: Սա հատկապես դժվար է ազատ գրաֆիկ ունեցողների համար: Դրա համար շատ կարևոր է օրվա կոնկրետ ռեժիմ ունենալը:

Թեզս գրելիս ես ու կուրսեցիս ամեն առավոտ ժամը տասին հանդիպում էինք սուրճ խմելու ու զրուցելու, դրանից հետո նոր գնում գրադարան աշխատելու: Դա օգնում էր, որ նախորդ օրը շուտ գնամ քնելու, իսկ առավոտյան շուտ արթնանամ: Բացի դրանից, երեկոյան ժամերին գրանցվել էի յոգայի դասերի: Դա էլ ինչ-որ ռեժիմ էր. ես գիտեի, որ գրադարանում չեմ կարող մինչև կեսգիշեր մնալ, հետևաբար փորձում էի այնտեղ գտնվելուս յոթ-ութ ժամն արդյունավետ օգտագործել:

2. Տեղի կարգավորում

Շատ կարևոր է աշխատանքի տեղի ընտրությունը: Աշխատավայրը, հանգստի տեղն ու մահճակալը չպետք է նույնը լինեն: Շատ պրոկրաստինատորներ սիրում են առավոտյան արթնանալուց հետո անկողնում մնալ՝ փորձելով կոմպով աշխատել: Չի ստացվի: Պետք է ընտրել կոնկրետ տեղ աշխատելու համար:

Իմ սեփական օրինակից ասեմ, որ տունն ինձ համար պրոկրաստինացիայի լավագույն վայրն է: Դրա համար պարապելիս լինեմ, թե որևէ գործ ունենամ անելու, անպայման գնում եմ գրադարան. դա պատասխանատվության զգացումը մեծացնում է:

3. Կայքերի արգելափակում

Ֆեյսբուքը բոլորիս գլխին պատուհաս է դարձել: Բայց թեզս գրելու ընթացքում ես ֆեյսբուքում չկայի, ու դա բնավ չէր նշանակում, որ այդ պահին ոչ կարևոր կայքեր չէի մտնում: Այս դեպքում օգնության եկավ stayfocusd-ը: Եթե քրոմից եք օգտվում, քաշեք այս զրթիկն ու արգելափակեք ձեզնից ժամանակ խլող կայքերը: Ես այնտեղ հավաքել էի նույնիսկ հայկական լրատվականները, որոնք, պարզվեց, փոխարինելու են գալիս ֆեյսբուքին: Ավելին՝ կայքերի արգելափակումն օգնեց նաև, որ քունս կարգավորեմ. ուղիղ կեսգիշերին բոլոր կայքերն անջատվում էին, ու ես այլ տարբերակ չունեի:

4. Պլանավորում

Պլանավորումը պրոկրաստինատորների սիրած զբաղմունքն է, բայց դրանից հետո գործողությունների դժվարությամբ են անցնում: Դրա համար անհրաժեշտ է ոչ թե աբստրակտ ինչ-որ երևույթներ գրել, այլ նպատակը բաժանել փոքր, հեշտ հաղթահարելի գործողությունների:

Վերջերս պետք է իմ գրչակից ընկերուհուն՝ Պատրիցիային նամակ ուղարկեի ու անընդհատ հետաձգում էի: Անելիքներիս ցուցակի մեջ անընդհատ մնում էր. «Նամակ Պատրիցիային»: Երբ հերթական շաբաթն անցավ, ու Պատրիցիայի նամակը չուղարկվեց, ես այն բաժանեցի ենթակետերի. 1. գրել նամակը, 2. դնել ծրարի մեջ, 3. դնել պայուսակս, 4. տանել փոստ: Այդ շաբաթվա մեջ նամակը գրվեց և ուղարկվեց:

5. «Ընկերովի պայքար»

Հաստատ դուք էլ ունեք պրոկրաստինատոր ընկերներ: Կարող եք միասին պայքար մղել վատ սովորության դեմ: Ընդամենը պետք է ժամ պայմանավորվել, հանդիպել ու միասին աշխատել: Ձեր ընկերը կարող է աշխատել նույն կամ բոլորովին այլ պրոյեկտի վրա:

Հիմա ես իմ գործի մեծ մասն ամերիկյանում եմ անում: Ահագին դժվար է ինքս ինձ տնից դուրս շպրտելն ու ամերիկյանի գրադարան ուղարկելը: Դրա համար միշտ դիմում եմ այնտեղ հաճախող ընկերներիցս մեկնումեկին, պայմանավորվում, հանդիպում ենք, իրար կողք լուռ աշխատում: Պարտավորեցնող է:

6. Պարգևատրում

Պրոկրաստինատորը հաճախ մեղքի զգացում է ունենում, երբ փորձում է իրեն հաճելի որևէ բան անել. կիսատ գործն այնտեղ սպասում է, իսկ դու փաբում գարեջուր ես խմում: Դրա համար շատ կարևոր է գործողությունների հերթականությունը փոխելը. անել գործի որոշակի մաս, հետո ինքդ քեզ պարգևատրել:

Արդեն քանի շաբաթ է՝ հետաձգում եմ կոնֆերանսի աբստրակտ գրելն ու ղեկավարիս ուղարկելը: Երեկ ինքս ինձ վրա վերջնաժամկետ էի դրել, հետն էլ որոշել, որ եթե գրեմ, կգնամ կինո նայելու: Չգրեցի ու չգնացի: Վերջնաժամկետը տեղափոխեցի այսօր. գրեմ ու գնամ փաբ քուիզի: Գրեցի ու գնացի: Նման պարգևատրումներն ահագին մեծ հաճույք են, ստիմուլ են, որ հաջորդ անգամ էլ նույն սկզբունքով աշխատեմ:

Պրոկրաստինացիայի մասին անվերջ կարելի է խոսել: Հետագա գրառումներումս գուցե նորից անդրադառնամ այս թեմային: Միայն մի շատ կարևոր բան պետք է հաշվի առնել. պրոկրաստինացիան երբեք հարյուր տոկոսով չի վերանում, բայց ինքներս մեզ վրա աշխատելով կարող ենք դառնալ շատ ավելի արդյունավետ, քան նախկինում էինք:

Advertisements

20 responses to “Պրոկրաստինացիա. երբ այսօրվա գործը վաղվան ես թողնում

  1. uluana says:

    Ինչ լավ ես գրել, Բյուր։ 🙂 Պրակտիկ ու օգտակար։ Չնայած երևույթի հետ կապված որոշ բաներ կարդացել եմ, բայց ես որ սիրում եմ, երբ ինչ–որ տեղերից պարբերաբար «թարմացումներ» եմ ստանում իմացածս բաների մասին։ Համ էլ դու նենց կոնկրետ ու ամփոփ ես գրել՝ առանց ջուր ծեծելու ու դեսուդեն ընկնելու։

  2. octubrebaby says:

    Հմ, ինձ մոտ առաջ պրոկրաստինացիան դասերին էր վերաբերվում իսկ հիմա դասերի փոխարեն որևէ պաշտոնական վայր, ասենք համալսարան, նախարարություն կամ նման այլ կազմակերպություն գնալ/գրել/զանգելուն է վերաբերվում: Չեմ ուզում ու հետաձգում եմ , հետո անընդհատ մտածում, որ կուշացնեմ,պլանավորում ոնց անել ու էլի պրոկրաստինացիայի գիրկը ընկնում…վախ անհաջողությունից, հա երևի դա է պատճառը:

  3. Interest says:

    Բյուրե ջան, պրոկրաստինացիայիս շնորտիվ կարդացի նյութդ։ Էստեղ են ասել՝ չիք չարիք առանց բարիք։ Իսկապես, օգտակար գրառում է։ Դրա համար (որպես պարգևատրում ինձ) տանում եմ սա մեր դպրոցի կայք։ Դեմ չես, չէ՞։

  4. Նունե Մովսիսյան says:

    Բյուրե ջան, ուրախ եմ ծանոթության համար, հաճելի էր:

  5. Նունե Մովսիսյան says:

    Բյուրե ջան, ֆեյսբուքում կա՞ս:

  6. Նունե Մովսիսյան says:

    Այ Բյուրե ջան, ինչքան չինացի ու ճապոնացի կար, ֆեյսբուքը բերեց, քեզ չբերեց, ջան: Լավ, բան չկա, երբ որ ժամանակ ու հավես, էլ չեմ ասում՝ ցանկություն ունենաս, դու գտիր ինձ (Նունե Մովսիսյան) ու ընկերության հրավեր ուղարկիր: Սիրով կընդունեմ ու հաճախակի կշփվենք:

    • byurie says:

      Հա, ես կիսակեղծանունով եմ: Ներողություն եմ խնդրում, ուղղակի ֆեյսբուքը միայն շատ մտերիմ մարդկանց հետ շփվելու համար եմ գործածում:

  7. gayaneatoyan says:

    ayo, patcharner@ shat en u mekn el hents ayn e, vor vax ka, bayts ka nayev tez grelu @ntatsqum dznadzaranlu pah@, vor arden ches el uzum sharunakes, hognum es, kartsum em moderate procrastination estex petq a 🙂 bayts shat lav eq grel Byurakn jan, kecceq! hianum em Dzer gratsnerov

    • byurie says:

      Հա, հանգիստը շատ կարևոր բան է: Օրինակ հիմա հանգստից հետո վերադարձել եմ աշխատանքի, մեծ եռանդով եմ գործս անում:

      Ի դեպ, Դուք Նյուքասըլում եք ապրում, չէ՞: Ես վաղը գալիս եմ Նյուքասըլ կոնֆերանսի, մինչև կիրակի այդ կողմերում եմ լինելու: Գուցե հանդիպե՞նք:

      • gayaneatoyan says:

        Byurakn jaaaan, es inch lav ban asatsiq, hamalsaran eq galis? I harke, hametseq, handipenq anpayman!!! 07720909209 im hamarn e, mkiatseq, yete vibre ka, kapi mej klinenq, Skype-l karox em asel, g_atoyan@yahoo.com emails. gteq indz, yes el em hamalsaranum, anpayman petq e handipel 🙂 kspasem!!!!

      • byurie says:

        Մյուս համալսարանում եմ՝ Northumbria: Էսօր ու վաղը մի քիչ խառն եմ, հինգշաբթի առավոտ պրեզենտացիաս է: Դրանից հետո կկապվեմ:

  8. gayaneatoyan says:

    Byurakn jan, yerb harmar e, zangeq, greq indz, hajoxutyun em maxtum,yes el nerka pahin dissertatsian tpelov em zbaxvats urbat kam yerkushabti handznelu em :), vor zangeq zhamanak kgtnem anpayman, khandipenq, karox eq mer tun gal nayev 🙂 yete harmar lini Dzez, kspasem

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: