Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մեկնելուց առաջ

on April 6, 2014

Բանկի աշխատողին խնդրեցի ասել, թե որքան է հաշվիս մնացորդը:

– Վեց հարյուր քանիս,- պատասխանեց:

Կես ամիս էր անցել, ինչ սկսել էի դասավանդել, բայց չգիտեի՝ դասերիս դիմաց ինչքան էի ստանում: Ինձ միայն հայտնել էին, որ «սիմվոլիկ» է, որ ժամավճարով աշխատողները շատ չեն ստանում: Ես արդեն մտքիս մեջ հաշվարկել էի բոլոր հնարավոր տարբերակները ու պատրաստ էի սիմվոլիկին, բայց վեց հարյու՞ր: Երկու դասախոսություն արդեն կարդացել էի: Դա նշանակում էր՝ ամեն լսարան մտնելուս համար երեք հարյուր դրամ էի ստանում: Այն, որ դասախոսությունից մեկ-երկու օր առաջ գրադարանում ժամեր էի անցկացնում նյութը պատրաստելու համար, այն, որ դասերից բացի նաև լիքը թղթաբանությամբ էի զբաղվում՝ սկսած միջանկյալների տոմսերից, վերջացրած առարկայական նկարագրով, հաշիվ չէին: Հաշիվ էր միայն լսարան մտնելս: Այսինքն, ես վարձատրվում էի լսարանում անցկացրած ութսուն րոպեների դիմաց: Տեսականորեն կարող էի նախապես չպատրաստվել, մտնել ուսանողների մոտ ու օդից տարբեր բաներ դուրս տալ, քննություններն առանց տոմսերի ու հարցաշարերի անցկացնել, էլեկտրոնային միջոցներով չպատասխանել հարցերին: Կարող էի, բայց չարեցի:

Այդ ժամանակներում ես դեռ աշխատանք չունեի: Մանկավարժականի դասախոսություններն իմ միակ եկամուտի աղբյուրն էին: Եվրոպայում սովորելու կրթաթոշակի մնացորդները մորս պատվերով բանկում որպես ավանդ էի դրել ու ապրում էի ամեն որ մորիցս փող ուզելով՝ պայմանով, որ դա մի օր վերադարձնելու եմ: Իսկ աշխատանքի փնտրտուքս ապարդյուն էր անցնում: Հերթով բոլոր դռները փակվում էին իմ երեսին զանազան պատճառաբանություններով. մեկը տեղ չուներ, մյուսը կաշառք էր ակնարկում, երրորդին պետք չէի:

Հետագայում իմացա, որ ոչ թե երեք, այլ ութ հարյուր դրամ են իմ դասախոսությունները, որ առաջին աշխատավարձից հետո ուղղակի քարտի տարեկան վարձի պահում էր արվել, դրա համար ավելի քիչ էր ցույց տվել, բայց դա ոչինչ չփոխեց. ես որոշել էի գնալ դեռ այն օրվանից, երբ դուրս եկա բանկից ու պատահաբար տեսա հին ընկերներիցս մեկին՝ հազիվ զսպելով արցունքներս, ձևանալով, թե տրամադրությունս բարձր է: Հենց այդ օրն էր, որ մտածեցի՝ գուցե այսուհետ այդքան ջանք չթափեմ դասախոսություն պատրաստելու վրա: Հետո միտքս փոխեցի. սկսել եմ, պիտի ավարտեմ: Ուսանողներն ու ինձ աշխատանքն առաջարկողն էլ մեղավոր չեն, որ բուհն այդպես է վարձատրում ինձ:

Տուն մտնելուն պես փորփրեցի ֆեյսբուքի հին հաղորդագրություններից մեկը, որը մի հույն կոլեգա էր ուղարկել, որի հետ Բեռլինի ամառային դպրոցում էի ծանոթացել: Կոպենհագենի համալսարանում PhD ծրագրի հայտարարություն էր, որը ժամանակին անտեսել էի՝ մտածելով, որ ես գնում եմ Հայաստանում մնալու, արտերկրի ծրագրերն ինչի՞ս են: Փորփրեցի նամակներս ու գտա հղումը: Հենց այդ օրվանից սկսվեց արտագաղթի մի նոր գործընթաց:

Մտերիմ ընկերուհիս ասում էր, որ իմ աչքերի մեջ տեսավ, որ գնալու եմ դեռ այն պահին, երբ դուրս եկա Դիլիջանի հիվանդանոցից գլխավոր բժշկի տարօրինակ պատասխանը հետս: Երևի ինքն ինձ ավելի լավ գիտի, որովհետև էդ պահին ես դեռ պատրաստ էի կռիվ տալ, աղմուկ հանել, գլխավոր բժշկին պատժել ու աշխատանք գտնել: Բայց ես վերադարձա Երևան՝ ճանապարհից շոգած ու քրտնած, գլուխս մտցրեցի սառը ջրի տակ, իսկ հետո հոգնած պառկեցի քնելու: Հայաստանն ինձ ուժասպառ էր անում:

Շարունակվում էին աշխատանքի փնտրտուքներս, բայց տեմպերս մի քիչ դանդաղեցրել էի: Ամեն ինչ ապարդյուն էր անցնում, հույսս մարում էր: Մայրս տեսնում էր հուսահատությունս ու ասում էր՝ մի դուռ կբացվի: Ընկերներս ասում էին՝ տաշած քարը գետնին չի մնա, իսկ ես շարունակ ինքս ինձ հարց էի տալիս՝ տաշած քա՞ր եմ արդյոք: Էնպես չէր, որ ինքնագնահատականս ցածր էր, բայց մտածում էի՝ մերժումների պատճառն այն էր, որ ինձ չգիտեին:

Ինձ չգիտեին նաև հազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող դանիացիները, որոնք քսան րոպեանոց հարցազրույցից հետո հրավիրեցին իրենց մոտ PhD-ի՝ առաջարկելով այնպիսի աշխատավարձ, որի մասին Հայաստանում չես էլ կարող երազել: Ինձ չգիտեին, բայց չմերժեցին՝ մեծ ռիսկերի ու դժվարությունների գնալով. շատ ավելի հեշտ էր վիզայի խնդիր չունեցող եվրոպացու ընդունելը, քան հեռավոր Հայաստանում բնակվող մեկի, որի երկրի գտնվելու վայրն էլ չգիտեն, լեզուն էլ, սովորույթներն էլ: Դանիացիներն ինձ ավելի շատ չգիտեին, քան Հայաստանում ինձ գործի չընդունողները:

Երկու ամիս տևած գործազրկությունից հետո ի վերջո աշխատանք ճարեցի, ու տրամադրությունս սկսեց կամաց-կամաց բարձրանալ: Լինում էին պահեր, երբ ինքս ինձ հարց էի տալիս՝ գուցե սխա՞լ եմ արել, որ ծրագրին դիմել եմ: Լինում էին պահեր, երբ երազում էի, որ մերժեն: Լինում էին պահեր, երբ սիրտս չէր դիմանում հիվանդանոցի թշվառությանը ու մտածում էի, անընդհատ մտածում, թե ինչպես կարելի է դուրս բերել էդ վիճակից:

Բայց դեկտեմբերյան մի օր ինձ առցանց հարցազրույցի կանչեցին: Այդ օրը գործից շուտ տուն եկա, կոկիկ շորեր հագա, մազերս ձիգ կապեցի և զուսպ շպար արեցի: Հարցազրույցից տասնհինգ րոպե առաջ նստեցի համակարգչի դիմաց ու սկսեցի անթարթ նայել, թե ոնց են րոպեները հոսում: Ուղիղ նշանակված ժամին զանգեցին: Լարվածությունը միայն առաջին րոպեներին էր: Հետո արդեն զրույցն ավելի ջերմ դարձավ, ու ես հասկացա. այս թիմում աշխատելու եմ: Խոստացան, որ մինչև Ծննդյան տոները պատասխան կստանամ:

Դեկտեմբերյան մի օր, երբ բազմաթիվ հայ ջահելներով հավաքված էինք ազգային ժողովի մոտ ու բողոքում էինք գազային պայմանագրերից, երբ կարծես մեր բողոքն ապարդյուն անցավ կամ ապարդյուն չանցավ, բայց Լևոն Զուրաբյանի հայտնվելը շատերի զայրույթը շարժեց, ու թողեցին-գնացին, մի քանի հոգու հետ ես էլ Բաղրամյանով դեպի ներքև շարժվեցի: Սոված էինք, ուտելու տեղ էինք փնտրում: Չնայած ցրտին, ձեռքս մերկացրի ու հանեցի հեռախոսս, ստուգեցի նամակներս: Կոպենհագենից պատասխանել էին. «Ուրախությամբ հայտնում ենք, որ…»: Գնու՜մ եմ:

Մի քանի ամիս տևեց, մինչև բոլոր հարցերը լուծվեցին, ու ես եկա, հասա այս կետին. մեկնելուս հինգ օր է մնացել: Ընթացքում ոմանք փորձում էին համոզել, որ չգնամ, ոմանք՝ մեղադրում ու հայհոյում, պիտակներ կպցնում: Ոմանք լուծումներ էին փնտրում: Ոմանք էլ հասկանում էին: Ընկերներիս մի մեծ խումբ պատրաստ էր գրազ գալ, որ մի քանի ամիս անց նորից Հայաստան եմ գալու:

Իսկ ես հիմա նստած նայում եմ այն հսկայական կապույտ ճամպրուկին, որով սեպտեմբերին հետ եկա Հայաստան՝ հետս լիքը հույսեր ու ծրագրեր բերելով: Հիմա նորից պիտի դասավորեմ հենց այդ նույն ճամպրուկը, որը մի տարի առաջ քարշ եմ տվել Կոպենհագենի փողոցներով՝ որպես յուրօրինակ մի տարանցիկ քաղաք Յոենսուից Խրոնինգեն երկարատև ճամփորդությունից հետո: Այն ժամանակ հեչ մտքովս չէր անցնում, որ վերադառնալու եմ նորից այնտեղ ապրելու համար:

Հայաստան վերադառնալուց յոթ ամիս ու մեկնելուց հինգ օր առաջ ինքս ինձ հարց եմ տալիս. ինչու՞ այսպես ստացվեց: Ու թեև բազմաթիվ պատասխաններ ունեմ, ուզում եմ դրանք ինձ պահել ու թեթև սրտով մեկնել դեպի անհայտը, որտեղ նորից դժվար է լինելու:

Advertisements

6 responses to “Մեկնելուց առաջ

  1. Christina says:

    Բյուրի ջան, հաջող:-) Կգաս ու կգնաս: Ոնց ես շրջես սա, հա՛մ գալու ես, համ էլ գնա՛ս, գնաս ու գաս:-)

  2. Ողջույն , Բյուրակն: Քո մասին շատ եմ լսել: Էդպես է ստացվել, որ ընդհանուր ընկերներ ու ծանոթներ շատ ունենք: Ցավում եմ, որ ստիպված ես նորից արտագաղթել, բայց հույս ունեմ, որ նոր ձեռքբերումներով կվերադառնաս մի օր Հայաստան մշտական ԳՆԱՀԱՏՎԱԾ բնակության: Քեզ հաջողություններ եմ մաղթում: Ուրախ եմ բլոգյան ծանոթության համար, ապրես , որ գտար ինձ ))))

    • byurie says:

      Բարև Շողակաթ,

      ես էլ քո մասին եմ շատ լսել, համ էլ քեզ շատ տեսել եմ դրսերում :)))

      Ես էլ եմ ուրախ, հուսամ լավ բլոգային հարևանություն կանենք:

  3. Ես էլ եմ քեզ տեսել դրսերում…հեծանիվով ))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: