Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պլագիարիզմը (գրագողություն) կրթական համակարգում

on April 8, 2014

Արևմուտքում գրագողությունն ամենասարսափելի ուսանողական հանցագործություններից մեկն է: Եթե մեկին բռնացնեն գրագողություն կատարելիս, անպայման համալսարանից կհեռացնեն: Ինչ խոսք, հայերենում էլ գրագողություն բառն ահավոր է հնչում: Ում էլ ասես՝ դու դրանով ես զբաղվում, կվիրավորվի, կփորձի հերքել, կարդարանա: Բայց ներկայիս կրթական համակարգում, երբ դասախոսներն աչք են փակում կամ ուղղակի չգիտեն՝ որտեղ է սկսվում գրագողությունը, անգամ լավագույն ուսանողներն են զբաղվում դրանով: Այնուամենայնիվ, կփորձեմ մի երկու բառով բացատրել, թե ինչ է այն՝ հուսալով, որ շատերն այս գրառումս կարդալուց հետո կփորձեն խուսափել դրանից՝ անկախ նրանից կպատժվեն, թե ոչ:

Երբ դասավանդում էի մանկավարժականում, շատ հաճախ նկատում էի, որ ուսանողներս իրենց պրեզենտացիաները պատրաստելիս բառացիորեն օգտագործում են իմ սեփական դասախոսությունների կամ միմյանց պրեզենտացիաների սլայդները: Հաճախ ստիպված էի լինում ուղղակի բացատրել, որ չի կարելի նախադասությունները բառացիորեն քոփի-փեյսթ անել, որ եթե նույնիսկ աղբյուրը նշվում է, պետք է դրանք վերաձևակերպել: Բնականաբար, ուսանողները հանցագործներ չէին: Ուղղակի նրանք մինչև այդ պահը չգիտեին, թե ինչ ասել է գրագողություն: Բայց այո, գրագողություն է ուրիշի արտահայտած ու հրապարակված միտքն արտատպելը, անգամ եթե հղում է տրվում: Արտատպված միտքը պետք է պարտադիր չակերտների մեջ գրել:

Գրագողություն է նաև վերաձևակերպված միտքը, որը գրվել է առանց հղման: Եթե դու ինչ-որ միտք, գաղափար, հետազոտության արդյունք, կարծիք կամ որևէ այլ բան ես գրում քո նյութի մեջ ու վստահ չես, որ դա քո սեփականն է, ավելի լավ է՝ հղում գտնես ու կողքը դնես: Եվրոպայում ուսանելիս անգամ աֆազիայի ախտանիշները նկարագրելիս ստիպված եմ եղել հղումներ տալ: Իսկ երբ որևէ պնդում անելիս (օրինակ՝ Հայաստանի բնակչության մեծ մասը երկլեզու է) հղում չես ունենում, աշխատանքիդ արժեքն ահագին ընկնում է:

Արևմուտքում գրագողությունը բացահայտելու համար հատուկ ծրագրեր կան: Հերիք է՝ որևէ աշխատանք անցկացնես ծրագրով, միանգամից կբացահայտվի, թե քանի տոկոսն է այլ տեղից արտատպած: Հայաստանում այդ հարցը շատ ավելի բարդ է: Կարելի է նույնիսկ որևէ էլեկտրոնային տեքստ ուղղակի հայերեն թարգմանել և ներկայացնել, և այլևս ոչ մի ծրագիր չի բռնացնի: Մյուս կողմից, դասախոսները հաճախ աչք են փակում դրա վրա: Ավելին՝ ես նույնիսկ կասեի, որ մեր կրթական համակարգն ինչ-որ տեղ խրախուսում է գրագողությունը:

Հիշում եմ՝ երբ երկրորդ կուրս էի, մեր համալսարանում հնարավոր էր քննություններից ազատվել տարեկան միջին գնահատականով: Այդ կիսամյակ իմ բոլոր առարկաների միջինը գերազանց էր, բացի ռուսերենից: Երկու տարբերակ ունեի. կա՛մ ներկայանալ քննության ու բարձրացնել, կա՛մ ռեֆերատ պատրաստել: Երկրորդը պիտի որ ավելի դժվար լիներ, բայց մեր կրթական համակարգում դա ուղղակի հարցի հեշտ լուծում էր. ինչ-որ կայքից քաշեցի ինչ-որ մեկի գրած ռեֆերատը «Վարպետը և Մարգարիտայի» մասին: Նույնիսկ չկարդացի բովանդակությունը: Տպեցի, անունս վրան ավելացրի, տարա ամբիոն և ինձ անհրաժեշտ գնահատականով ազատվեցի: Կարծեմ դասախոսս էլ չի կարդացել: Փաստորեն, ընդամենը մի քանի թուղթ տպելով գնահատականս բարձրացավ:

Ու դա միակ դեպքը չէր: Նման բաներ տեղի էին ունենում նաև այլ առարկաներից, միայն այն բացառությամբ, որ ռեֆերատը պետք էր ներկայացնել, այսինքն՝ գոնե չգրածդ տեքստն անգիր էիր անում: Իսկ ամենասարսափելին այն էր, որ շատերն այնքան էին ալարում, որ նույնիսկ չէին էլ թարգմանում ռեֆերատները, ու ասենք հյուսվածաբանությունից կամ կենսաքիմիայից ռուսերեն աշխատանքներ էին ներկայացնում: Ու հիշում եմ նաև, որ շատ հաճախ դասախոսները գնահատական դնելիս հաշվում էին, թե քանի աղբյուրից են օգտվել: Շատ ուսանողներ դա լավ գիտեին, դրա համար վերջում երեք էջ անկապ հղում էին ավելացնում իրենց արտատպած տեքստերին: Իսկ որոշ ազնիվ մարդիկ, որոնք իսկապես չորս-հինգ աղբյուրից էին օգտված լինում ու ջանք էին թափում, հայերեն էին գրում, միշտ ավելի ցածր էին ստանում:

Այս ամենից հետո միշտ հարց է ծագել. արդյոք թեկնածուականնե՞րն էլ են այսպես պաշտպանվում, թե՞, այնուամենայնիվ, ավելի լուրջ մոտեցում կա, գրագողությունը հայտնաբերվում ու պատժվում է: Երկար եմ մտածել այս հարցի շուրջ ու, տեսնելով, թե ովքեր են պաշտպանում, հանգել եմ այն եզրակացության, որ այնուամենայնիվ ամենազոր գրագողությունն այս դեպքերում էլ է օգնության հասնում:

Իսկ դուք տեսե՞լ եք հայտարարություններ այն մասին, որ վաճառվում են ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ: Փաստորեն, թույլ են տալիս, որ որոշակի գումարի դիմաց ինքներդ նեղություն չկրեք, ուրիշը ձեր գրագողությունը կանի, կտա: Վերջերս նման ծառայություններ առաջարկող մեկի հետ վիճեցի: Ասում էր՝ իրենց մասնագետները գումարի դիմաց գրում են նոր, չհրապարակված տեքստեր ու վաճառում: Մի տեսակ հավատս չի գալիս: Համենայնդեպս, ես ինքս որպես մասնագետ իմ մասնագիտական տեքստի հեղինակի անունը երբեք չէի վաճառի:

Շատ ուսանողներ նորմալ են համարում նման ծառայություններից օգտվելը: Ասում են՝ դասախոսը լավը չի, ինձ գիտելիք չի տվել, ես էլ ռեֆերատը, կուրսայինը, դիպլոմայինը առնում եմ: Էլի չեմ հասկանում, որովհետև դասախոսի վատը լինելու մասին պետք է բարձրաձայնել, ոչ թե նրան խաբել, նա էլ ձևացնի, թե չի նկատում: Ինչ-որ խեղված հոգեբանություն է, սխալ մտածելակերպ կրթության ու գիտության մասին:

Ու շատ վատ է, որ պատժամիջոցներ չկան կամ դրանք սահմանափակվում են գնահատականը միայն մեկ միավորով իջեցնելով: Պլագիատը պիտի խիստ պատժվի՝ ընդհուպ մինչև համալսարանից հեռացում: Պլագիատ-սերվիսները պետք է փակվեն պետական մակարդակով: Չգիտեմ՝ գիտակցում եք հարցի լրջությունը, թե չէ, բայց, իմ կարծիքով, պլագիարիզմը գլխավոր պատճառներից մեկն է, որ մեր կրթական համակարգն էսպիսի սարսափելի վիճակում է: Իհարկե, դա գալիս է դասախոսների և համակարգի անհետևողականությունից. եթե առաջին կուրսում մի ուսանող խիստ պատիժ կրի, մագիստրատուրայում դա այլևս չի կրկնվի: Բայց մյուս կողմից, հույս ունեմ՝ ուսանողներն իրենք վերջապես կհասկանան, թե ինչ է պլագիատն ու ամեն կերպ կխուսափեն դրանից: Ի վերջո, առաջին հերթին իրենք իրենց են վնասում դրանով:

Վերջում տեղադրում եմ մի ուղեցույց, որը թարգմանել եմ այս կայքից՝ հատուկ այն ուսանողների համար, որոնք ուզում են խուսափել գրագողությունից, սակայն չգիտեն՝ որտեղ է ավարտվում գրականության հետ աշխատանքն ու սկսվում գրագողությունը:

Որևէ ինտերնետային կայքից արտագրելը (օրինակ՝ վիքիպեդիա)
Թերթից կամ ամսագրից հոդված արտագրելը
Գրքից արտագրելը
Մեկ ուրիշից արտագրելը
Ցանկացած քոփի-փեյսթ առանց հղման
Ուրիշի մտքերի վերաձևակերպում առանց հղման
Ուղիղ մեջբերման դեպքում չակերտներ չդնելը
Սխալ հղումներ տալը
Էսսե (ռեֆերատ) գնելը և որպես քո սեփականը ներկայացնելը
Մի առարկայից գրած էսսեն (ռեֆերատը) մեկ այլ առարկայի դասին ներկայացնելը
Advertisements

9 responses to “Պլագիարիզմը (գրագողություն) կրթական համակարգում

  1. uluana says:

    Լավ ես գրել։ Կարևոր թեմա ա, որի մասին, չգիտես ինչի, չի խոսվում։ Նենց տպավորություն ա, որ Հայաստանում գրագողությունը մենակ գրական ստեղծագործությունների դեպքում ա մարդկանց անհանգստացնում ու հանցագործություն համարվում, իսկ կրթության ոլորտում ավելի քան նորմալ ու ընդունելի երևույթ ա։ Խնդիրն էն ա, որ շատերն իսկի չգիտեն էլ որն ա գրագողությունը, որ գոնե փորձեն խուսափել։ Շատ մարդկանց թվում ա՝ ռեֆերատը հենց տենց են գրում։

    Ես ինքս Բրյուսովում սովորելիս տենց էլ գիտեի։ Ու չեմ կարծում, թե ճիշտն իմացողները շատ էին։ Ախր դրա մասին ընդհանրապես չէր խոսվում, չէր բացատրվում՝ որն ա գրագողությունը, ինչ չի կարելի անել։ Ու էն տպավորությունն էր, որ, փաստորեն, ամեն ինչ էլ կարելի ա։ Ռեֆերատ գրելն ամենահեշտ ձևն էր գնահատական ստանալու կամ բարձրացնելու, որովհետև նշանակում էր ոչ այլ ինչ, քան արտագրություն, կոնսպեկտած արտագրություն, կամ լավագույն դեպքում՝ նաև թարգմանություն։ Ու հաշվի առնելով դասախոսների վերաբերմունքը, հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ, որ իրենց համար էլ էր երևի էդ նշանակում, այսինքն՝ հենց դասախոսներն իրենք էլ այլ բան չէին ակնկալում ռեֆերատ հանձնարարելիս։ Ոնց որ ձևական բան, էլի, որ ուղղակի մի բան արած լինես՝ ոչինչ արած չլինելուց մի պուճուր ավել։

    Էստեղ քոլեջում սոցիոլոգիայի դասին մի անգամ տարբեր երկրների կրթական համակարգների մասին քննարկում ծավալվեց, ես ընդհանուր տարբերություններն ասեցի՝ նշելով, որ էն ամենաստանդարտ բաները մեզ մոտ լրիվ ուրիշ ձևով են արվում, օրինակ՝ ԲՈՒՀ ընդունվելը, մասնագիտություն ընտրելը, ընթացքում առարկաներն անցնելը և այլն։ Դասախոսս էլ ասեց՝ լսել եմ՝ ձեզ մոտ գրագողությունն ա ահավոր շատ, հա՞։ Նենց վատ զգացի… Չգիտեի՝ ինչ ասել։ Մինչև էդ դրա մասին նույնիսկ չէի մտածել, որովհետև էն շրջանում, երբ էդ երևույթին անձամբ առնչվել էի, ինձ համար էդ սովորական բան էր, իսկի չգիտեի, որ այլ կերպ էլ ա լինում։

    Մի խոսքով՝ տխուր ա վիճակը, ու պետք ա այ սենց գրառումների ու հոդվածների միջոցով գոնե մարդկանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնել, որովհետև համոզված եմ՝ գրագողությամբ զբաղվողների մի զգալի հատված դա անում ա առանց գիտակցելու, առանց իմանալու, որ դա ճիշտ չի, նորմալ չի։ Տեղեկացվածությունը գոնե ինչ–որ չափով երևույթը կպակասեցնի հաստատ։

    • byurie says:

      Հա, Ան, համաձայն եմ, որ պետք ա շատ խոսել էս թեմայով, որ շատ մարդիկ տեղեկանան: Բայց մենակ անտեղյակությունը չի, մտածելակերպն էլ ա: Նայի, ակումբում էն ռեֆերատների վաճառքի թեմայում որ շուխուռ դրեցի, տեսա՞ր ոմանք ինչ ռեակցիա տվեցին: Ու շատերն են տենց մտածում:

      Բացի տեղեկացնելուց, դասախոսների վերաբերմունքն էլ պետք ա ուրիշ լինի: Եթե չարչարված, իսկականից գրված ռեֆերատն ու գրագողացվածը պիտի նույն գնահատականը ստանան, ուսանողը կմտածի՝ էլ ինչու՞ չարչարվի որ: Կան լիքը դասախոսներ, որոնք տեսնում են գրագողությունը (գոնե ամենաակնհայտները), բայց աչք են փակում:

      Ուսանողներիս էլ որ ասում էի՝ ձեր արածը գրագողություն ա, մի նեղվում էին, թե՝ ես գրագողություն չեմ անում, իմ օրիգինալն ա (ոնց որ ես քոռ եմ, չեմ տեսնում, որ իմ կամ մեկ այլ ուսանողի պրեզենտացիան քոփի-փեյսթ են արել): Չգիտեմ, հույս ունեմ՝ էս գրառումից հետո գոնե լավ ուսանողներս էս հարցին ուրիշ կերպ կմոտենան՝ անկախ նրանից, թե դասախոսն ինչ ա խրախուսում, ինչ չէ:

      • uluana says:

        Հա, դե ես հո չասեցի՝ մենակ անտեղյակությունն ա։ Մեծ մասամբ անտեղյակությունը չի, այլ մտածելակերպը, ուղղակի ասածս էն ա, որ գոնե անտեղյակության հարցը լուծվի, էլի մի քիչ կփոխվի։ Բայց, ինչ խոսք, մտածելակերպի խնդիրը շատ ավելի խորքային ա ու բարդ։

  2. griffinliza says:

    Էհհ, Բյուր ջան,ես որ ասում էի ես խնդրի մասին,ծիծաղում էին վրես: Ինչ լավ ա, որ մենակ չեմ:

    • byurie says:

      Հա, Լիզ ջան, պետք ա հա խոսել էս թեմայով:

      Լսի, էդ քննության արտագրոցիին էլ եմ հեսա անդրադառնալու: Դա պլագիատի կողքին ա քայլում:

  3. theologos says:

    Ցավոտ ու կարևոր խնդիր է, ու ոչ միայն կրթության որակի վրա է ազդում, այլ և նաև գիտության (դրանց միջև եղած ուղղակի կապի պատճառով)։
    Չմոռանանք, որ այդ դասախոսների մեծ մասը նաև ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ են, այսիքն՝ իրեն էլ պիտի գիտական «պրոդուկտ» տան։ Բայց կարդացեք հոդվածները. գոնե հումանիտար ոլորտում կարծում եմ առանց խոշորացույցի էսօր դժվար է արժեքավոր, ՆՈՐՈՒՅԹ գտնելը, էլ չեմ ասում ուղղակի ԲԱՌԱՑԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին օտար լեզուներից թեկնածուների, ինչո՞ւ չէ՝ երբեմն նաև դոկտորների կողմից։

  4. […] շաբաթ առաջ անդրադարձա գրագողությանն ընդհանրապես հայկական կրթական […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: