Օդանավակայանից հոսթել
Կոպենհագենի օդանավակայանի ելքի մոտից այլևս ստիպված չէի հսկայական ճամպրուկս հետս քարշ տալ, որովհետև ղեկավարս մեքենայով եկել էր դիմավորելու:
Ճամփին խոսեցինք դեսից-դենից: Ղեկավարս ահագին լավ մարդ է. ամեն կերպ, ամեն հարցում իր օգնությունն առաջարկեց: Հետն էլ պատմեց մի քիչ մեր ամբիոնից, ասաց, որ էնտեղ մի արևելահայերենի մասնագետ կա, ու անպայման հետը կծանոթանցի:
Հոսթելը

Կյանքում այսքան լավ հոսթելում դեռ չեմ մնացել: Հարցը մաքրությունն ու հարմարավետությունը չեն, այլ կառուցվածք, պատուհանից բացվող տեսարանն ու ամեն ինչն իրար հետ: Տեղակայված է կենտրոնից ոչ շատ հեռու մի թաղամասում, սակայն տարածքում բնակելի շենքեր չկան. ամբողջը դաշտեր են: Հոսթելն ինքը տնակներից է բաղկացած, որոնք փոքրիկ անցումներով հաղորդակցվում են իրար հետ: Աշխատակազմը սիրալիր է: Խոհանոց կա, որտեղ կարող ես ճաշեր եփել:
Սենյակները լուսավոր են, պատուհանից հոսթելի տնակներն են երևում ու կանաչ խոտը: Օդը մաքուր է. մի բան, որի պակասը Երևանում այնքա՜ն շատ էի զգում: Այստեղ այնքան լավ է, որ կուզեի մի ամիս մնալ, բայց հաշվի առնելով դանիական բյուրոկրատիան՝ ինձ շտապ սենյակ է պետք:
Քաղաքը հեծանիվով
Առաջին օրը հոսթելից հեծանիվ վարձեցի, որ գնամ փող փոխելու: Հենց առաջին վայրկյանից շփոթվեցի. մոռացել էի, որ այստեղ հեծանիվի ճանապարհ կա, իսկ ես յաբախտի քշում էի: Անսովոր էր նաև նորից քաղաքային հեծանիվի անցնելը: Իսկ քամին, այն ծովային քամին, որն այդքան կարոտել էի, անպակաս էր: Սովորաբար դրանից ներվայնանում եմ, իջնում հեծանիվից, մինչև մի քիչ մեղմանա, բայց կռված լինելով Երևանի դիքերի հետ՝ ինձ համար այլևս խնդիր չէր քամու դիմադրությունը:
Քանի որ հոսթելիս թաղամասին ծանոթ չէի, իսկ քարտեզիս վրա էլ այդ հատվածում գովազդային նկար էր, շատ արագ կորա: Իսկ այդ քամու մեջ ընդհանրապես անիմաստ էր քարտեզ բացելը. ծվեն-ծվեն էր լինում: Բայց ճանապարհը նորից գտնելը դժվար չէր, որովհետև հանկարծ իմ առաջ բացվեց մի ծանոթ եկեղեցի, որը պետք է որ Քրիստիանիայի մոտակայքում լիներ: Ուրեմն ես արդեն գիտեմ, թե որտեղ եմ:
Անցա կամրջով, մտա Անդերսենի բուլվար: Այստեղ ես էլի եմ եղել: Ահա Գլյուպտոտեկ թանգարանը: Ծանոթ վայրեր են: Ի՜նչ զարմանալի զգացողություն է, երբ վերադառնում ես մի քաղաք ապրելու, որտեղ նախկինում միայն որպես տուրիստ ես եղել: Մի քիչ էլ եմ առաջանում, ու աջ թևիս վրա Անդերսենի արձանն է:

Քաղաքը նաև Եվրատեսիլին է պատրաստվում: Չգիտեմ՝ կկարողանա՞մ գնալ, թե՞ ոչ: Համենայնդեպս, դա ինձ այնքան էլ չի հուզում:
Թեև ես շուտով անտուն էի մնալու, ինձ դա բնավ չէր հուզում: Հաճելի է Կոպենհագենում լինելը: Հույս ունեմ՝ մնացած երեք տարիներին էլ նույն հաճույքով կապրեմ այստեղ, ինչպես առաջին օրերին: Իսկ հիմա արդեն գտել եմ սենյակ: Վաղը կտեղափոխվեմ այնտեղ: Կոպենհագենի արվարձանում է: Նշանակում է՝ ամեն օր 26 կմ հեծանիվ քշել: Հույս ունեմ՝ կդիմանամ: Հույս ունեմ՝ անձրևները չեն սպանի ինձ: