Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Գրանցում Գենտոֆտեի քաղաքապետարանում

on April 15, 2014

Տանտերս՝ Ալին, այսօր ինձ ուղեկցեց Գենտոֆտեի քաղաքապետարան, որտեղ պիտի գրանցվեի. ասում են՝ դանիական բյուրոկրատիան գրանցումից է սկսվում:

Քաղաքապետարանի աշխատողը թե՝ կացության իրավունքն է պետք, պիտի գնաս միգրացիոն ծառայություններ: Ես շշմել եմ. ոնց ախր, կացության իրավունք չեն տալիս, մինչև չես գրանցվում, այն էլ պիտի գրանցածդ փոստային հասցեին գա: Քաղաքապետարանի աշխատակցուհին միգրացիոն ծառայության հասցեն գրեց և ուղարկեց այնտեղ: Հարցրի, թե մինչև քանիսն են աշխատում: Աշխատակցուհին քմծիծաղեց, թե՝ կացության իրավունքը մի օրում չեն տալիս, մի քանի ամիս է տևում:

Ի՞նչ մի քանի ամիս: Ես հինգ օրվա մեջ պիտի գրանցվեի:

Դրսում արդեն ահագին ջղային էի: Մեկ Ալիի վրա էի շառ անում. թե ինչի՞ հետս եկավ, ես ինքս էլ հարցը կլուծեի: Մեկ ինքս ինձ էի մեղադրում. ախր տեքստի մեջ հստակ ասում է՝ անձնագիր ու կացության իրավունք: Ինչի՞ց որոշեցիր, որ վիզադ հենց կացության իրավունքն է: Թե՞ հավ-ձու պատմություններն էին:

Ալին էլ թե՝ ճիշտ ա ասում, պիտի գնաս միգրացիոն ծառայություններ: Ասում եմ՝ բայց ախր քարտս առանց գրացման չեն տա: Ալին՝ քարտ չեն տալու, իրավունք են տալու նամակի տեսքով: Էստեղ դեռ ուղեղումս ծընգ չէր եղել, որ այն, ինչին Գերմանիայում ու Հոլանդիայում կացության իրավունք էին ասում, այստեղ կոչվում է կացության քարտ, իսկ դանիական կացության իրավունքը նամակ է:

Միգրացիոն ծառայություններ չէի հասցնի գնալ. կեսօրին Կոպենհագենի համալսարանում պիտի կոլեկտիվիս հետ ճաշեի: Գուցե դրանից հետո: Բայց գնալ անպայման պետք էր, որովհետև գրանցումը պարտադիր է ժամանման առաջին հինգ օրերի ընթացքում, իսկ այսօր արդեն չորրորդն էր, վաղն էլ նախատոնական օր, ինչ իմանաս, ինչ կլինի:

Ավտոբուս նստեցի (հուսամ՝ վերջին անգամ. առավոտյան տեղափոխվելիս հեծանիվս հոսթելի մոտ էի թողել, որ կեսօրին նորից վերցնեմ): Հասա համալսարան, ահագին լավ ժամանակ անցկացրեցինք: Կոլեկտիվս մի այլ կարգի դուրս գալիս է: Ինքս էլ եմ ինձ վրա զարմանում, բայց անհամբերությամբ սպասում եմ աշխատանքիս պաշտոնական սկզբին:

Մինչև դես-դեն, ժամը երկուսը դարձավ: Իսկ Դանիայում, ինչպես եվրոպական այլ երկրներում, միգրացիոն ծառայությունների նման կառույցները շատ ախմախ աշխատանքային ժամեր ունեն: Զանգել էլ չկարողացա, որ պարզեմ՝ որ ժամից են աշխատում: Էդպես, քարտեզի վրա գտա տեղը և քշեցի դեպի այդ փողոց:

Փողոցն էլ մի փողոց ասա: Անընդհատ պտտվում եմ ջրանցքի շուրջ, չեմ գտնում: Հետն էլ շինարարություն: Վերև-ներքև եմ անում: Էդ տեսնել էր պետք, թե քանի շրջան պտտվեցի, մինչև փողոցը գտա: Դրանից հետո էլ խաչմերուկի սխալ մասից մտա: Ճիշտ մասն անցնելու համար էլ էլի մի քանի պտույտ գործեցի:

Մի խոսքով, մի կերպ հասա: Փակ էր: Գրած էր աշխատանքային ժամերը մինչև կեսօր: Ըհը, վաղը առավոտը նոր կգամ: Հենվեցի հեծանիվիս, որ հանգստանամ: Լինեն՝ կոլեգաս, ինձ ծաղիկ էր նվիրել: Հեծանիվիս զամբյուղի մեջ էի դրել: Ուղղեցի, որ ճամփին չճմրթվի: Ու մի տեսակ հանձնվելու պատրաստ չէի:

Մտածեցի՝ իսկ ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ միգրացիոն ծառայությունները չեն տալու այդ թուղթը: Ի վերջո, ես հիշում եմ, որ երբ վիզայի դիմումս ուղարկեցի, միգրացիոն ծառայություններն ինչ-որ ուրիշ կառույց ուղարկեցին թղթերս:

Հիշեցի, որ փաստաթղթերի հսկայական թղթապանակումս մի նամակ կար դեսպանատնից ստացված: Գուցե այնտեղ համապատասխան կառույցի հասցեն լինի: Բացեցի: Ի՞նչ տեսնեմ, որ լավ լինի: Նամակն ինքը կոչվում է կացության իրավունք, տեքստի մեջ ասվում է՝ քաղաքապետարան գնալիս անձնագրի հետ ներկայացնել: Այ քեզ հիմարություն: Լավ, ուրեմն վաղն առավոտյան շուտ ուղիղ քաղաքապետարան, իսկ հիմա՝ տուն:

Քշում եմ տուն: Ուղիղ ճանապարհ է, անվերջ պետք է ուղիղ գնալ: Մեկ էլ զգում եմ՝ ներվային եմ, ատում եմ բոլորին, գժված եմ: Չէ, ես էսպես մինչև վաղը չեմ ձգի: Երեք անց տասնհինգ: Քաղաքապետարանը մինչև չորսը բաց է:

Ու քշում եմ դեպի քաղաքապետարան: Էստեղ չեմ հասկանում՝ ոնց, որովհետև Գենտոֆտեի քարտեզ չունեմ, առավոտն էլ Ալին տնից՝ լրիվ ուրիշ կողմից էր ուղեկցել: Քշում եմ քաղաքապետարան: Գի՞ժ ես դու,- հարցնում եմ ինքս ինձ,- կորելու ես: Կորեմ-կորեմ, հետ կդառնամ նույն ճանապարհով, արդյունքում՝ մի չորս-հինգ կմ ավել քշած կլինեմ: Ոչինչ:

Բայց ես հասնում եմ քաղաքապետարան: Հիմա որ մտածում եմ դրա մասին, ուղեղիս մեջ չի տեղավորվում: Ախր ո՞նց, որտեղի՞ց, ինչպե՞ս գտա քաղաքապետարանը՝ գալով լրիվ ուրիշ կողմից, առանց քարտեզի, առանց մոտավոր պատկերացման: Հասա 15:45 ու ինձ ներս գցեցի:

– Այդքան արա՞գ,- զարմացավ աշխատակցուհին:

Բացատրեցի, որ առավոտն էլ ունեի այդ թուղթը, բայց չգիտեի, որ դա է: Այս անգամ արդեն նա շատ բարեհամբույր էր: Չգիտեմ՝ Ալիի բացակայությունի՞ց էր, թե՞ նրանից, որ իր երկրում օրինական ապրելու իրավունք ունեի: Գրանցումս ստացվեց:

Հետո արդեն տուն տանող ճանապարհը շատ ավելի մեծ դժվարությամբ գտա՝ մոտավորապես հիշելով, թե Ալիի հետ ինչերի մոտով էինք անցել: Ուժասպառ ինձ տուն գցեցի: Նյարդերս հանգիստ են, կյանքը հիասքանչ է: Ու մինչև հիմա զարմացած եմ՝ ինչպես գտա քաղաքապետարանը հենց էդպես, օդի միջից:

 

Advertisements

2 responses to “Գրանցում Գենտոֆտեի քաղաքապետարանում

  1. theologos says:

    Օտար քաղաքի արագ տեմպը գրավիչ է, ու դժվարը երևի առաջին շաբաթն ա, հետո հունի մեջ ես մտնում, ու արդեն քաղաքապետարանն ա քեզ գտնում: 🙂

    • byurie says:

      Կարծում եմ՝ էլ դժվար քաղաքապետարանն ինձ պետք լինի: Հա, էս առաջին օրերի բյուրոկրատիան սարսափ ա: Հենց սրանց հախից գամ, կյանքս իրա հունով կընթանա: Բայց էստեղ ոնց որ մի շաբաթից էլ երկար ա տևելու էդ ամենը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: