Հեմինգուեյի «Եդեմի պարտեզը»

Ամեն անգամ, երբ հայտնում եմ, որ Հեմինգուեյն իմ սիրած գրողն է, ինձ թարս են նայում, մտքում կամ բարձարաձայն ասում, որ մեծանամ, ճաշակս կփոխվի:

Վերջին յոթ տարում չի փոխվել: Հեմինգուեյի ամեն գործից հետո սկսում եմ է՛լ ավելի սիրել նրան: Ու թվում է՝ ամենահայտնի վեպերից հետո («Ֆիեստա», «Ում մահն են գուժում զանգերը», «Հրաժեշտ զենքին», «Ծերունին և ծովը») էլ ոչ մի բան չի ձգի կամ մնացածները պակաս լավը կլինեն, բայց անընդհատ հայտնաբերում եմ, որ բնավ այդպես չէ: Սկզբում պատմվածքներն էին սպանիչ, իսկ հիմա՝ «Եդեմի պարտեզը», որն առանց տատանվելու կանվանեմ Հեմինգուեյից իմ ամենասիրած գործը:

Ասում են՝ անավարտ է, տպագրվել է նրա մահվանից հետո: Բայց այնտեղ, որտեղ վերջանում է գիրքը, բավական տրամաբանական է թվում. ես ուզում եմ հավատալ այդ վերջաբանին: Մինչև դրան հասնելը տեսնենք, թե ինչի մասին է գիրքը և ինչու ինձ այդքան դուր եկավ:

«Եդեմի պարտեզում» Հեմինգուեյի՝ երկխոսության վարպետությունը հասնում է իր գագաթնակետին: Սովորականի պես հեղինակը լիքը չասված, չնկարագրված, չարտահայտված հույզեր է դնում կերպարներից յուրաքանչյուրի ասածի տակ: Քեզ մնում է որպես ընթերցող բռնել այդ ամենը, հասկանալ, թե ինչ է ուզում Հեմինգուեյն ասել: Եվ եթե կարդաս գիրքն ու ասես էշություն էր, կդառնաս հենց այդ նույն գրքի կերպարներից մեկը՝ Քեթրինը:

Քեթրինը «Եդեմի պարտեզի» ամենաուժեղ կերպարն էր: Նոր է ամուսնացել Դեյվիդի հետ, որը գրող է, միասին մեղրամիս են անցկացնում Միջերկրականի ափին: Քեթրինի մեջ տղամարդկային ինչ-որ բաներ կան: Մազերը կտրում է, սկսում իրեն տղայի նման պահել: Դեյվիդն էլ կանացիություն ունի. ենթարկվում է Քեթրինին, մեջը մի քիչ էլ քնքշություն կա: Փոխվում են գենդերային դերերը:

Հետո հայտնվում է Մարիտան, որը սիրահարված է Քեթրինին ու Դեյվիդին, Քեթրինը սիրահարվում է Մարիտային, Դեյվիդն էլ սիրում է երկու կանանց: Մի խոսքով, ստեղծվում է սիրային եռյակ: Հետագայում այն այնպես է զարգանում, որ Քեթրինը դուրս է մնում, նոր զույգ է կազմավորվում: Մարիտան, ի տարբերություն Քեթրինի, կին է, ոչ թե տղա: Այդ մասին ասվում է մի դրվագում:

Այդ նույն Քեթրինը, որը Մարիտային մտցրեց խաղի մեջ, սկսում է խանդել: Ու խանդի հողի վրա ինչ ասես չի անում: Հենց էստեղ նա այնքա՜ն կանացի է դառնում, այնքա՜ն խոցելի: Քեթրինի գժությունները հասնում են նրան, որ Դեյվիդի ձեռագրերի մեծ մասն այրում է: Ինչպիսի՜ սարսափ գրողի համար:

Իհարկե, Դեյվիդը կընտրի Մարիտային, որը գնահատում է իր գրածը, հասկանում դրանք, ի տարբերություն Քեթրինի, որը Դեյվիդի գրածների մեծ մասն անարժեք է համարում: Ավելին՝ անգամ խանդում է, որ Դեյվիդը ժամանակ է տրամադրում գրելուն:

«Եդեմի պարտեզում» գրելու ընթացքի մասին շատ է խոսվում: Տեղ-տեղ անգամ Դեյվիդի գրածներն են պատմվում, նկարագրվում, թե ինչպես է յուրաքանչյուր տող ստեղծվում:

Գրքի երկխոսությունները նաև շատ համարձակ են: Կերպարներն էնպիսի բաներ են ասում, որ գիտես՝ իրական կյանքում դա դժվար տեղի ունենա: Այդ համարձակությունը խիստ գրավիչ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն գրվել է քսաներորդ դարի առաջին կեսին:

Ստեղծագործության միակ թերությունը երևի Մարիտայի կերպարն էր: Մի տեսակ շատ անդեմ էր սարքել նրան, շատ չեզոք ու լավը: Դրա համար էլ չէր ուտվում: Չնայած նրան, որ Դեյվիդին շատ լավ էի հասկանում, մինչև վերջ ես Քեթրինի կողմից մնացի:

Կարդացեք անպայման, բայց չմոռանաք ուշադրություն դարձնել տողատակերին: «Եդեմի պարտեզում» Հեմինգուեյն ընթերցողին մեծ ազատություն է տվել, ու շատ բաներ կան, որոնք չեն ասվում, բայց պետք է հասկանալ:

Ի դեպ, ոնց որ կինոն էլ կա: Պետք է նայել:

Թարմացում: Կինոն չնայեք, ախմախություն էր:

2 thoughts on “Հեմինգուեյի «Եդեմի պարտեզը»

  1. “Վիկի, Կրիստինա , Բարսելոնա” -ն հիշեցրեցին սկզբի պահերը

    1. Չեմ տեսել :))) Բայց գիրքը լրիվ ուրիշ ձև ա սկսվում, էդ անկապ կադրեր են կինոյի մեջ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s