Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Դասախոսական պլագիարիզմ (գրագողություն)

on April 21, 2014

Երկու շաբաթ առաջ անդրադարձա գրագողությանն ընդհանրապես հայկական կրթական համակարգում: Արդյունքում քննարկում ծավալվեց ոչ միայն վիրտուալում, այլև իրական կյանքում: Կարծես բոլորս էլ համաձայն էինք, որ ուսանողը գրագողություն կանի, քանի դեռ դասախոսն աչք է փակում դրա վրա: Բայց ընկերներիցս մեկը շատ լավ նկատեց, որ դասախոսներն իրենք էլ պակաս գրագող չեն: Խոստացա, որ այդ հարցին առանձին կանդրադառնամ:

Երբ ես դեռ ուսանող էի, հայալեզու դասագրքերի լուրջ պակաս կար (գուցե մինչև հիմա էլ կա, չգիտեմ): Եղածներն էլ մի բան չէին: Գուցե իրենց ժամանակին՝ 60-70-ականներին լավն են եղել, բայց 2000-ականների համար արդեն մի քիչ հին էին: Դրա համար մենք ահագին ուրախացանք, երբ հյուսվածաբանության թարմ, նոր տպագրված դասագրքեր հայտնվեցին: Հետո պիտի հասկանայինք, որ սիրուն կազմի տակ պարտադիր չէ, որ սիրուն տեքստ լինի:

Ահագին տանջվեցինք այդ դասագրքի ձեռքին, որովհետև խիստ անհասկանալի էր գրված, հայերեն չէր հնչում: Դա տևեց այնքան, մինչև մի խելոք ուղղակի առաջարկեց ռուսերեն կարդալ: Եվ հենց այդտե հայտնաբերեցինք, որ հայերենը ռուսերենից թարգմանված է, բայց չգիտես ինչու դասագրքի վրա ոչ թե թարգմանչի, այլ մեր դասախոսների անուններն են գրված: Ինձ համար խիստ զարմանալի էր դա, որովհետև երկու հեղինակներն էլ հզոր մասնագետներ էին ու հաստատ կարիք չունեին դասագիրք թարգմանելու, վրան իրենց անունը կպցնելու, կարող էին հանգիստ իրենցը գրել:

Երկրորդ կուրսում մենք դեռ միամիտ էինք: Հետո պիտի պարզեինք, որ գրեթե բոլոր հայալեզու դասագրքերը ռուսերենից թարգմանված են, վրան հայ հեղինակի անունը փակցված:

Մեկ այլ դեպք էլ հիշում եմ, երբ արդեն կլինիկական օրդինատուրայում էի: Պիտի ասեմ, որ 90-ականների սկզբին լույս տեսած հոգեբուժության մի հրաշալի հայերեն դասագիրք կա: 2010 թվականին դրա միակ թերությունն այն էր, որ արդեն շատ էր հնացել (չնայած ամբիոնի վարիչը համառորեն դրանից բացի ուրիշ գրականության ցանկ չէր տրամադրում, բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է): Եվ իսկապես, շուտով հայտնվեց նոր դասագիրքը, որը մի անգամ ոգևորությամբ բացեցի, որ թերթեմ, ու էլի նույն հիասթափությունը. վերցվել է հին դասագիրքը, այնտեղից որոշ հատվածներ բառացիորեն, որոշ հատվածներ էլ գոնե վերաձևակերպումներով արտագրվել, բայց գրքի առանձին բաժիններ տարբեր հեղինակներ ունեն, մարդիկ, որոնք հին գրքի տպագրությանը ոչ մի մասնակցություն չեն ունեցել:  Ես չգիտեմ՝ ինչ խղճով է հին գրքի հեղինակը նման բան թույլ տվել:

Վերջերս պարզեցի, որ միայն բժշկականում չէ, որ նման բաներ են տեղի ունենում: Գրեթե բոլոր բուհերի գրեթե բոլոր հայերեն դասագրքերը նույն վիճակում են. ռուսերենից արտագրված, վրան՝ հայ հեղինակի անուն: Մեկ էլ լսել եմ, որ մի դեպքում «հեղինակն» այնքան ազնիվ է գտնվել, որ վերջում նշել է աղբյուրը. վիքիպեդիա:

Արդյունքում՝ այս բոլոր մարդիկ իրենց սիվիներում և այլ կարևոր տեղերում նշում են, որ իրենք գրքի կամ գրքի բաժնի հեղինակ են: Եվ դա բոլորի համար ընդունելի է, ոչ ոք չի ասում՝ գիտե՞ս ինչքան կա, դու դրա հեղինակը չես, դու գրագողություն ես կատարել: Եվ այս բոլոր մարդիկ մեր բուհերի դասախոսներն են, շատերը՝ պրոֆեսորներ ու դոցենտներ, մեր կրթական ու գիտական ոլորտում «եղանակ ստեղծող» մարդիկ:

Հիմա հասկացա՞ք, թե ուսանողների շրջանում ինչու է գրագողությունն այդքան տարածված երևույթ և ինչու են դասախոսներն աչք փակում դրա վրա:

Հ.Գ. Այս գրառումս կարդալուց հետո ինձ մի ուսանողուհի գրեց: Նա պատմում էր, որ մի դասախոս ունեն, որը դասերի ժամանակ անընդհատ գրագողության դեմ է խոսում: Հետո մի առարկա դասավանդելիս կուրսին ռեֆերատներ է հանձնարարել, որոնք գրել են ուսանողները: Կարճ ժամանակ անց այդ ռեֆերատներով գիրք է տպագրվել՝ վրան դասախոսի անունը, ուսանողների մասին ոչ մի խոսք: 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: