Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կակաչներ

on April 30, 2014

Նմանակման մրցույթում տեղ չգրաված պատմվածք, որը, իմ համեստ կարծիքով, երրորդ տեղը գրաված պատմվածքիցս շատ ավելի լավն է: Նմանակել եմ Հեմինգուեյին:

Կակաչներ

Գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին: Դռները բացվեցին, ու բազմաթիվ ուղևորների հետ դուրս թռավ նաև աղջիկը, լայն ժպիտը դեմքին մոտեցավ տղային: Գրկախառնվեցին:
– Երկա՞ր սպասեցիր,- աղջկա ձայնը խլացրեց հեռացող գնացքը:
– Վերջին անգա՞մ ենք հանդիպում,- հարցրեց տղան՝ ուղիղ աղջկա աչքերի մեջ նայելով:
– Ինչու՞ վերջին: Դեռ վաղն էլ կա, մյուս օրն էլ: Ես հինգշաբթի եմ մեկնում… բայց դե շատ զբաղված եմ լինելու,- աղջիկը գլուխը կախեց:
– Որ ասում եմ վերջին,- ասաց,- սա քեզ,- աղջկան մի փունջ կարմիր կակաչ պարզեց:
Տղան ու աղջիկը ձեռք ձեռքի տված դուրս եկան կայարանից, որը բացվում էր մեծ փողոցի վրա:
– Ինչու՞ ինձ այստեղ կանչեցիր,- հարցրեց տղան:
– Հարմար է: Էստեղից եմ գնալու:
– Մոտակայքում ի՞նչ լավ տեղ կա:
– Սա քո քաղաքն է, դու կիմանաս:
– Ես այստեղ օտար եմ… Երևանում էլ եմ օտար:
Մի քանի մետր փողոցով քայլելուց հետո հասան կամրջին, որի տակով գետն էր հոսում՝ հանդարտ, անշտապ: Կանգնեցին ուղիղ մեջտեղում: Աղջիկը նայում էր ջրերին, տղան՝ աղջկան:
– Լսիր, քեզ մի վիդեո պիտի ուղարկեի այֆոնի մասին, մոռացել եմ:
– Ես այֆոն չունեմ,- ասաց աղջիկը,- իմ հեռախոսը տեսե՞լ ես:
– Տեսել եմ: Հին, հասարակ, չես էլ ուզում ավելի լավն ունենալ: Դրա համար ինձ դուր ես գալիս:
Աղջիկը կակաչներն ազատեց մոմլաթե փաթեթավորումից ու հատիկ-հատիկ ջուրը նետեց:
– Այդ ի՞նչ ես անում:
– Ես հասարակ եմ,- պատասխանեց,- միևնույն է, հետս չէի կարող տանել:
Աղջիկը գլուխը բարձրացրեց, մի քանի վայրկյան նայեց տղայի աչքերի մեջ ու լայն ժպտաց: Տղան մոտեցրեց գլուխն այնքան, որ քիթը դիպավ աղջկա քթին: Աղջիկը գլուխը կախեց: Տղան քիթը մտցրեց աղջկա՝ արևի տակ փայլող ոսկեգույն մազերի մեջ ու հոտոտեց:
– Քայլենք,- ասաց աղջիկը:
Անցան կամուրջն ու մտան լայն փողոց: Նրանց ձայները երբեմն խլանում էին ավտոմեքենաների աղմուկից: Աղջկա ոտքը սահեց: Տղան բռնեց, որ չընկնի:
– Ի՞նչ պատահեց, կնիկ:
– Քանի՞ անգամ եմ ասել, այդ բառը մի ասա, հայերենում ճիշտ չի հնչում:
– Լավ, կին… կին ջան:
– Էլի սխալ է: Ասա՝ աղջիկ ջան:
– Աղջիկ ջան:
– Կոպիտ է… չէ, մի ասա, ընդհանրապես մի ասա:
Անցան լայն փողոցով, թեքվեցին դեպի նրբանցք: Այնտեղով մեքենաներ չէին անցնում: Լռություն էր տիրում: Տղան կանգ առավ, քաշեց աղջկա ձեռքից, մոտեցրեց մարմինն իր մարմնին: Աղջիկը մեջքով հենվեց տղային:
– Տես՝ դիմացի պատին ինչ է գրված,- ասաց աղջիկը:
Տղան գրկեց աղջկա գոտկատեղը:
– Քո մայրենի լեզվով է:
– Ներվերս մի կեր,- ասաց տղան:
Տղան գլուխն իջեցրեց, քիթը մտցրեց աղջկա մազերի մեջ: Բարձրացրեց աջ ձեռքն ու սահեցրեց աղջկա մազերի միջով:
– Քեզ խուճուճ սազում է:
Աղջիկը դուրս սահեց տղայի ձեռքերի միջից, շրջվեց, նայեց աչքերի մեջ ու ժպտաց: Բռնեց ձեռքը:
– Գնանք, ուշանում եմ:
Շարունակեցին քայլել: Աղջիկը կանգ առավ: Ասֆալտի արանքում խատուտիկ էր աճել: Պոկեց: Մոտեցրեց շուրթերին ու փչեց: Խատուտիկի թերթիկները օդում պտույտներ գործեցին, խառնվեցին աղջկա մազերին:
– Գնանք,- ասաց:
Շուտով երկուսով մետրոյի վագոնում էին: Նստելու տեղ չկար: Կանգնեցին իրար կողք: Տղան գրկեց աղջկա գոտկատեղը: Աղջիկը նազանքով ձգվեց: Տղան նորից քիթը մտցրեց աղջկա մազերի մեջ: Աղջիկը գլուխը բարձրացրեց: Երկար նայեցին միմյանց աչքերի մեջ: Աղջիկը ժպտաց: Հետո նորից գլուխը կախեց:
– Ես մի ընկեր ունեմ, ընկերուհին ուզում էր փողոցում համբուրել, ընկերս չթողեց: Ասում էր, որ այն տղաները, որոնք ընկերուհի չունեն, կտեսնեն ու կտխրեն:
– Այդ թեմայով երգ կա,- ասաց աղջիկն առանց գլուխը բարձրացնելու,- կուղարկեմ: Մյուս կայարանում իջնում եմ:
Ռոբոտային ձայնն ազդարարեց. «Հաջորդ կայարանը Համերսմիթ»: Տղայի հեռախոսը զանգեց.
– Երկու րոպեից այդտեղ կլինեմ… հիմա Համերսմիթում եմ…
Գնացքը կանգ առավ:
– Մնաս բարով,- ասաց աղջիկը ու դանդաղ դուրս սահեց տղայի ձեռքերի միջից:
– Ես քեզ հետո կզանգեմ,- տղան հեռախոսը գրպանը դրեց: Ձգվեց դեպի հեռացող աղջիկը՝ փորձելով համբուրել: Շուրթերին չհասավ: Ձգվեց դեպի այտը: Աղջիկը մի ոտքը դուրս դրեց գնացքից: Տղայի շուրթերը դիպան նրա մազերի ծայրին: Աղջիկը դուրս եկավ գնացքից: Տղան ձեռքը տարավ շուրթերին ու մատների ծայրով բռնեց խատուտիկի թերթիկը:
– Ալո, Ջորջ, կներես, հարմար չէր: Համերսմիթում եմ, շուտով կհասնեմ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: