Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կոնչիտայի, միասեռականության ու կից այլ երևույթների մասին

on May 15, 2014

Կոնչիտան չլիներ, այս թեմայով գրառումս անընդհատ հետաձգելու էի ու հետաձգեի, թե մինչև երբ, ինքս էլ չգիտեմ: Բայց քանի դեռ կրքերը թեժ են, Կոնչիտայի թեմայով բոլորը տարված են ու ավանդական պահպանողական փաստարկներն են բերում միասեռականության մասին, որոշեցի մի քանի հարց պարզաբանել: Մի երկու բան ավել իմանալը ոչ մեկին չի խանգարի, չէ՞: Բացի դրանից, ի վերջո կհասկանանք, թե ով է Կոնչիտան և ինչով է սպառնում մեր ազգային անվտանգությանը:

Առցանց քննարկումների ժամանակ մեկն ասաց. «մենակ մի բան գիտեմ. մարդիկ լինում են աղջիկ ու տղա»: Մոլորությունը սկսվում է հենց այդտեղից, որովհետև ցավոք, թե բարեբախտաբար մեր աշխարհում ամեն ինչ այնքան պարզ ու հասարակ չէ, որքան պարզ «աղջիկ-տղա» բաժանումը:

Սկսենք մարդու հենց ծննդյան պահից: Տղան ունի 44XY քրոմոսոմային հավաքակազմ, աղջիկը՝ 44XX, ինչով էլ պայմանավորված ունենում են համապատասխան անատոմիական և ֆիզիոլոգիական սեռական հատկանիշներ: Բայց մի րոպե… կարող է լինել նաև 44XXX, 44X0, 44XYY և այլն: Այս դեպքերում ունենում ենք զանազան խնդիրներ՝ սեռականության թերզարգացումից սկսած, գերսեռականությամբ վերջացրած: Բայց քանի որ մեր ազգասեր-պահպանողական զանգվածը երբեք այս դեպքերին չի անդրադառնում, եկեք թողնենք նրանց ու կենտրոնանանք 44XX և 44XY ծնված, նորմալ սեռական օրգաններ ունեցող աղջկա և տղայի վրա:

Այս երեխաները, մեծանալով կարող են դառնալ կին ու տղամարդ կամ… կամ կարող են հայելու մեջ նայել ու չհավատալ, որ այդ օրգանների տերն ու իրենց «ներսի մարդը» նույն անձն են: Այսինքն, նրանց հոգեբանական և կենսաբանական սեռերի միջև անհամապատասխանություն է լինում, 44XX-ն իրեն տղամարդ է համարում, 44XY-ը՝ կին: Այս երևույթը բնավ միասեռականություն չէ, ինչպես սիրում են մեր ազգային-պահպանողականները կոչել: Սա կոչվում է տրանսսեքսուալիզմ (իսկ ավելի ժամանակակից լեզվով՝ գենդերային ինքնության խանգարում):

Տրանսսեքսուալ կինը կամ տղամարդը կրում են հակառակ սեռին բնորոշ հագուստ, ցուցաբերում են հակառակ սեռին բնորոշ վարքագիծ, իսկ եթե բավականաչափ գումար ունեն, նաև սեռափոխության վիրահատության են գնում:

Հիմա կասեք՝ օ՜ ինչպիսի այլանդակ երևույթ, ինչպե՜ս կարելի է, երեխային սխալ են դաստիարակել, ամոթ ծնողներին, ամոթ հասարակությանը, վառել տրանսսեքսուալին, որպեսզի չապականի մեր անբիծ ազգային հատկանիշները, բա որ երեխաները տեսնեն, ինչ կսովորեն և այլն… Մի րոպե, հանգիստ, լսեք շարունակությունը, լա՞վ:

Տրանսսեքսուալիզմի պատճառները մինչև վերջ բացահայտված չեն, բայց գրեթե համոզված կարելի է խոսել կենսաբանական պատճառների մասին, որոնք կարող են այնքան «հին» լինել, որքան ներարգանդային զարգացումն է, այսինքն՝ հասարակությունը, ապականված բարքերը, քարոզ-մարոզները ոչ մի կապ չունեն. նա էդպիսին ձևավորվել է դեռ մոր արգանդում, իսկ երևույթներն ի հայտ են եկել ավելի ուշ:

Տրանսսեքսուալներից բացի գոյություն ունեն ֆետիշային տրանսվեստիզմ ունեցողներ: Նրանք խնդիր չունեն իրենց սեռական ինքնության հետ, սակայն սեռական հաճույք են ստանում հակառակ սեռի հագուստ կրելիս: Նորից, պատճառները լիովին բացահայտված չեն:

Այնուամենայնիվ, տրանսսեքսուալիզմն ու ֆետիշային տրանսվեստիզմն առայժմ գրանցված են հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ որպես խանգարում (չնայած տրանսսեքսուալները բողոքում են, բայց դա ուրիշ պատմություն է, թողեք բժիշկներս քննարկենք) ճիշտ այնպես, ինչպես գրանցված են շաքարային դիաբետը, գրիպը և այլ հիվանդություններ:

Այսքանը հասկանալուց հետո եկեք վերջապես պարզենք, թե ինչ է միասեռականությունը և ինչու են դրա մասին անընդհատ խոսում: Միասեռականությունն այն է, երբ մի սեռի անձը սեռական հետաքրքրություն է ցուցաբերում նույն սեռի նկատմամբ: Բնավ պարտադիր չէ, որ ինքն իրեն հակառակ սեռի ընկալի (այդ դեպքում գործ կունենանք տրանսսեքսուալիզմի հետ): Միասեռական կինն ինքն իրեն կին է համարում, տղամարդը՝ տղամարդ: Ավելին՝ հաճախ արտաքինից գլխի չեք էլ ընկնի, որ տվյալ անձը միասեռական է: Միասեռականությունը, ի տարբերություն տրանսսեքսուալիզմի և ֆետիշային տրանսվեստիզմի, հիվանդություն չէ, համարվում է նորմալ սեռական կողմնորոշումներից մեկը:

Գիտությունը բավական լավ ուսումնասիրել է երևույթը: Կուզեի էստեղ մի քանի միֆերի մասին գրել:

1. Միասեռականությունն ընտրություն է

Չկա էդպիսի բան: Սեռական կողմնորոշումն ընտրություն չէ, այսինքն՝ էնպես չէ, որ էսօր քեֆս տվեց հետերոսեքսուալ եմ, վաղն ուրիշ բան ուզեցի, դարձա միասեռական: Ո՛չ: Դա մարդու անհատականության մասն է, որը ձևավորվում է հայտնի չէ, թե ինչ պատճառներով: Ու եթե միասեռականությունն ըտնրություն է, պետք է որ հետերոսեքսուալիզմն էլ ընտրություն լինի: Հետևաբար, կարո՞ղ եք ասել, թե դուք երբ եք ընտրել հետերոսեքսուալ լինել:

2. Միասեռականությունը վարակիչ է

Ահա, մնում էր՝ միասեռականության վիրուսի անունը տայիք: Եթե մարդը միասեռական չէ, ուզում ես ծեծիր, չի դառնա: Եթե միասեռական է, ուզում ես ծեծիր, հետերոսեքսուալ չի դառնա: Հիմա շատ են խոսում քարոզների մասին, թե իբր միասեռականները բոլորին քարոզում են իրենց նման դառնալ: Ինչ խոսք, մեկ-մեկ դեմքիս ժպիտ է առաջանում, երբ տեսնում եմ gay pride-եր: Բայց մտածել, թե դա վարակ է տարածում կամ տեսնողները նրանց նման կդառնան, ուղղակի ծիծաղելի է: Ամենաշատը, ինչ կարող է լինել, ինչ-որ մեկը հետաքրքրության համար կարող է փորձել միասեռական կապ ունենալ: Դուրը չգա, էլ չի անի:

3. Միասեռականությունը սպառնում է ընտանիքին

Ընտանիքին ավելի շատ սպառնում է, երբ միասեռական, օրինակ, տղամարդն ամուսնանում է կնոջ հետ. խնդիրներ զույգի սեռական կյանքում, վեճեր, դավաճանություններ: Դա՞ եք ուզում:

4. Եվրոպայում բոլորը միասեռական են

Եվրոպայում միասեռականները մոտավորապես այնքան են, ինչքան Հայաստանում: Չէ, երևի մի քիչ ավելի շատ, որովհետև Հայաստանից ու նման այլ անհանդուրժող երկրներից միասեռականներն արտագաղթում են Եվրոպա, որտեղ ոչ ոք քիթները չի խոթում նրանց անկողնու մեջ ու ընդունում են մարդուն որպես մարդ, ոչ թե խորանում, թե ում հետ է քնում: Խոստանում եմ, ապագայում անպայման առանձին կանդրադառնամ «կործանվող Եվրոպային»:

Բանավեճերի ժամանակ ազգային-պահպանողականները սիրում են նաև որպես փաստարկ մեջ գցել պեդոֆիլիան (հատկապես երբ նրանց բոլոր փաստարկները հակադարձվում են): Պեդոֆիլիան կարծես հաղթաթուղթն է, մի բան, որի համար «մի քիչ բարոյականությունը պահպանած» «առաջադեմը» զենքերը վայր կդնի: Բայց պիտի ասեմ, որ պեդոֆիլիան ոչ մի կերպ ոչ մի ընդհանրություն չունի միասեռականության հետ: Միասեռական սեռական կապը տեղի է ունենում երկու չափահաս անձանց փոխադարձ համաձայնությամբ: Իսկ պեդոֆիլիա՞ն: Չափահաս անձը սեռական նպատակներով մոտենում է իրենից հինգ և ավելի տարով փոքր անչափահասին (հիմնականում՝ մինչև դեռահասային տարիքի), բռնություն գործադրում կամ համոզում սեռական կապի մեջ մտնել: Իսկ անչափահասը դեռ իրավասու չէր իր համար որոշումներ ընդունելու:

Այսպիսով, պեդոֆիլիան համեմատելի է ոչ թե միասեռականության, այլ բռնաբարության հետ: Այն ձեր ատելի, կործանվող Եվրոպայում պեդոֆիլիան քրեական հանցագործություն է, ինչպես բռնաբարությունը: Իսկ բռնաբարությունը, լինի դա հակառակ, թե նույն սեռի նկատմամբ, նույնպես դատապարտելի է:

Լավ, այսքանից հետո եկեք վերադառնանք մեր հին ու բարի Կոնչիտային: Հիմա ո՞վ է նա: Տրանսսեքսուա՞լ, ֆետիշային տրանսվեստի՞տ, միասեռակա՞ն: Որ ասեմ՝ այնքան էլ էական չէ, հո չե՞ք նեղանա: Ավելի ճիշտ, մենք նրա մասին շատ բան չգիտենք, միայն գիտենք, որ դրագ է: Մեկ էլ ասում է, որ գործից դուրս ինքը տղամարդ է, բայց կարծես հանդիպում է տղամարդու հետ, իսկ փոքր ժամանակ սիրել է կանացի հագուստ կրել: Ամեն դեպքում, թե ում հետ է քնում և ինչ ինքնակողմնորոշում ունի, դա արդեն նրա անձնական կյանքն է, ոչ մեկիս գործը չէ:

Այնուամենայնիվ, Եվրատեսիլի բեմ բարձրանալով Կոնչիտան պաշտպանում էր այս բոլոր մարդկանց շահերը, իր երգով հանդուրժողականություն էր քարոզում: Իսկ հանդուրժողականությունը, հավատացեք, հեչ վատ բան չէ: Եթե այդ նույն փչացած Եվրոպան անհանդուրժող լիներ, այսօր մեր բազմաթիվ հայրենակիցների կրակի վրա այրել էր:

Advertisements

8 responses to “Կոնչիտայի, միասեռականության ու կից այլ երևույթների մասին

  1. sssilver says:

    You must share this more proactively.

  2. Հրանտ says:

    Բյուր, մերսի շատ 🙂

    Բայց մի հարց․ քո կարծիքով Եվրատեսիլից հետո էս բոլոր մարդկանց նկատմամբ հանդուրժողականությունը մեծացա՞վ, թե՞ փոքրացավ:

    ԻՄՀՈ, էս քո պոստը մի 4750 անգամ ավելի դրական էֆեկտ ունի հանդուրժողականության մեծացման ուղղությամբ, քան Կոնչիտայի «պրովոկացիան»: Ու դրա համար ես չեմ կարծում, թե ինքը հանդուրժողականություն էր քարոզում 🙂

    • byurie says:

      Կարծում եմ, որ իրա հաղթանակն արդեն ցույց տվեց, որ Եվրոպայում կա հանդուրժողականություն: Հաղթանակի արդյունքում էլ խոսակցությունները թեժացան, լիքը անհանդուրժող մարդիկ օգտակար ինֆորմացիա ստանալու հնարավորություն նորից ունեցան: Ասենք, նույն էս պոստը հենց էդ խոսակցությունների արդյունքում գրվեց, թե չէ անընդհատ հետաձգելու էի:

      • Հրանտ says:

        «ստանալու հնարավորություն ունեցան» – ճիշտ ես, բայց հազիվ մի տոկոսը օգտվեց էդ հնարավորությունից: Փոխարենը էքսպոնենցիալ աճեցին իրար վառելու կոչերը ու բոլորովին ավելորդ մարգինալացում գնաց (գոնե իմ շրջապատում) ․․․ չգիտեմ ․․․

      • byurie says:

        Ինձ թվում ա՝ իրար վառելու կոչերը վնաս չեն: Հակառակը, եթե մարդիկ տենց մտքեր ունեն, ավելի լավ ա արտահայտվեն, որ իմանանք էդպես մտածողներ կան ու փորձենք կրթել իրենց: Թե չէ վառելու մտքերն առանց Կոնչիտայի էլ կան:

  3. Լուսինե Գևորգյան says:

    իսկ գիտեք որքան տաղանդավոր մարդիկ մնում են իրենց ստեղծագործությամբ դարակների վրա, սա ուրեմն ինչ որ ուժի պետք էր, ես ավելի ու ավելի եմ սկսում հավատալ գաղտնի համաշխարհային կառավարության միֆին, հիմա մոլորակի բնակչության հմար նրանք նոր ստատուսներ ունեն պահված, և սա էլ գաղտնիք է թե կոնկրետ ի՞նչ

    • byurie says:

      Հա, ճիշտ եք, մութ ուժերը որոշել են վերացնել հայ ժողովրդին ու իրենց աշխատանքը սկսել են հենց Կոնչիտայով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: