Թորի Էյմոսի համերգը Կոպենհագենում

Տոմս ճարելու դժվար գործը

Թորիի համերգին Կոպենհագենում գնալը շատ նման էր Այնտհովենի համերգին գնալուն. նորից կյանքի շրջադարձային պահ՝ Հայաստանից նոր-նոր հեռացած, նորից մինչև աշխատավարձ/կրթաթոշակս ստանալը վերջին կոպեկներ ու նորից վերջացած տոմսեր… Նիդեռլանդներում, իհարկե, հարցն ուրիշ կերպ լուծեցի. պարզապես Ամստերդամի փոխարեն Այնտհովենի տոմս գնեցի (այսպիսով, ծախսս մեծացնելով): Իսկ Կոպենհագենի փոխարեն ուրիշ տոմս չէի կարող գնել. նախ, կացության քարտս չկա, հետևաբար Դանիայից դուրս գալ չեմ կարող, և հետո այստեղ ավելի մեծ հեռավորությունների հետ գործ ունենք:

Եվ ես սկսեցի «լեվի» տոմս փնտրելը: Թորիի խմբերում, last.fm-ում ու որտեղ հնարավոր է, գրում էի, որ ինձ տոմս է պետք: Ստուգում էի «լեվի» տոմս ծախող կայքերը, ոչ մեկը չուներ Թորիի Կոպենհագենի տոմս, բացի մեկից, այն էլ գները եռակի էին, իսկ կայքը՝ կասկածելի: Բայց ես ինձ չէի ների, եթե տոմս չճարեի…

Ի վերջո, Թորիի համերգից մոտ մի շաբաթ առաջ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքում նկատեցի, որ մեկնաբանություններն աշխուժացել են. հայտնվել են տոմս գնողներ և վաճառողներ: Մի քանի անհաջող փորձից հետո մի կերպ մեկին բռնացրեցի, պայմանավորվեցի, որ հանդիպենք, տոմսը գնեմ: Վաճառողն էլ ինչ-որ անհասկանալի մեկն էր ռուսական անունով ու դանիական ազգանունով: Անգլերեն էլ չգիտեր, ռուսերեն էինք շփվում:

Երբ եկավ պայմանավորված վայրը, որ տոմսը գնեմ, սիրտս վատացավ. ինձ տվեց կոմպից տպած մի տոմս: Կասկածանք հայտնեցի, որ դա իսկական չէ: Նա «անգրագետիս» բացատրեց, որ այստեղ տարածված երևույթ է էլեկտրոնային տոմսեր տպելը: Բայց այդ նույն «անգրագետս» շատ լավ գիտեր, որ նույն .pdf ֆայլից կարելի է մի քանի օրինակ տպել ու վաճառել տարբեր միամիտների: Կշահի նա, ով առաջինը կմտնի համերգասրահ: Մյուսներին սկաները կբռնացնի:

Ասաց, որ ինքն էլ է լինելու էնտեղ՝ ուղիղ իմ դիմացի շարքում, հավատացրեց, որ տոմսն իսկական է: Ես էլ որոշեցի ռիսկի գնալ ու վճարեցի իմ ճոխ մեկ շաբաթվա բյուջեի չափ գումար:

 

Թորին ու նրա երկրպագուները

Համերգը ժամը 9-ին էր սկսվելու, բայց ժամը 2-ից այնտեղ էի: Ու ես միակը չէի. արդեն մոտ տասը-տասնհինգ հոգի խոտերի վրա նստած խոսում-ծիծաղում էին: Իմա՞ստը: Թորին միշտ համերգներից առաջ երկրպագուներին հանդիպում, զրուցում, պատվերներ է ընդունում: Մի խոսքով, եթե ուզում ես Թորիին անձամբ տեսնել, պիտի համերգից շատ առաջ հայտնվես համերգասրահում:

Սկզբում առանձին էի նստած, բայց երբ մենակությունից ձանձրացա ու հաստատ համոզվեցի, որ Թորիի համար են եկել, մոտեցա խմբին: Մեծ մասը շվեդներ էին, բայց մեջներն այլ ազգի ներկայացուցիչներ էլ կային: Հիմա տեղին է Թորիի երկրպագուների խմբի մասին պատմելը:

Այս տեսակը հազիվ մոտ հարյուր հոգի կլինի. նրանք ամբողջ տարի փող են հավաքում, ու երբ Թորին սկսում է շրջագայել, նրանք էլ են Թորիի հետ շրջագայում՝ գնալով գրեթե բոլոր համերգներին: Նրանց մեջ լինում են նաև այնպիսիք, որ օվկիանոսներ են կտրում: Այս խումբն էլ նրանցից էր. արդեն մի քանի համերգի եղել էին ու դեռ մի քանիսին էլ գնալու էին: Իսկ ես կյանքումս երկրորդ անգամ էի եկել:

Շվեդ աղջիկներից մեկն ասաց, որ դրանից մոտ մեկ ժամ առաջ խմբից մի քանի հոգի բոլորովին պատահաբար Թորիին տեսել են, ու նա ասել է, որ meet & greet չի լինելու: Ո՞նց: Ուրեմն ես գամ մեն-միակ այս համերգին ու Թորիին չհանդիպե՞մ: Չէ, ձև չի, պիտի տեսնեմ:

Ժամը 5-ի կողմերը մի մեքենա եկավ համերգասրահի մոտ, որի մեջ Տաշին՝ Թորիի դստերը տեսա: Հետո մեքենան կանգնեց, մի քանի հոգի դուրս եկան: Նրանց մեջ էր նաև Թորին: Կանգնեց, բարևեց, թույլ տվեց, որ հերթով բոլորը մոտենան: Թորին՝ այն հզոր գայլուհին, որ բեմի վրա երկրաշարժեր է առաջացնում, փոքրամարմին, փխրուն մի տիկին էր:

Թորիին ասելու բան չունեի: Ուղղակի մոտեցա և հարցրի, թե արդյոք կարելի է գրկել իրեն: Թույլ տվեց: Երևի տարօրինակ զգացողություն է. գրկում ես մեկին, ում դու չես ճանաչում, բայց ով քեզ շատ վաղուցվանից լավ գիտի:

DSCF5716

Թորին մտավ համերգասրահ, իսկ մենք դեռ երկու ժամ էլ պիտի սպասեինք… հիմա բացատրեմ՝ ինչին:

Համերգների առաջին կարգի տոմսերը շատ յուրահատուկ բան են: Ի՞նչ է սովորաբար դրանց հետ տեղի ունենում: Եթե դրանք վաճառքի են հանվում, որևէ կազմակերպություն կամ անձ արագ բոլորը գնում է, հետո եռակի-քառակի կամ նույնիսկ ավելի թանկ ծախում: Եվ ովքե՞ր են գնում այդ տոմսերը: Իհարկե, նրանք, ովքեր ավելի շատ փող ունեն, ու նրանք ոչ միշտ են լուրջ երկրպագու լինում: Եթե վաճառքի չեն հանվում, տալիս են ծանոթ-բարեկամի կամ բարձրաշխարհիկ հյուրերի:

Իսկ ու՞մ է Թորին ուզում առաջին շարքում տեսնել: Այո-այո, ոչ ավել-ոչ պակաս, բայց հենց իր երկրպագուներին: Դրա համար համերգից անմիջապես առաջ հայտնվում է Մինդին՝ Թորիի տուր մենեջերը, մի քանի բախտավորների տոմսեր փոխանակում առաջին կարգի տոմսերի հետ: Քանի որ իմ տոմսը շատ վատն էր՝ բալկոնում, ես բոլոր պատճառներն ունեի փոխանակելու:

Առաջին կարգի տոմս ինձ բաժին չհասավ, բայց բալկոնի տոմսս փոխանակվեց պարտերի յոթերորդ կարգի հետ, ինչը հե՜չ վատ չէր: Ճիշտ է՝ էդպես էլ չիմացա ռուս-դանիացի տոմսավաճառը խաբե՞լ էր ինձ, թե՞ չէ: Ու հաստատ զարմացել է, երբ տեսել է, որ իր հետևի տեղն ազատ է:

Համերգը

Թորիի ամեն համերգը մյուսից տարբերվում է: Դրա համար են նրա երկրպագուներն ավելի շատ հակված մի շրջագայության ժամանակ հնարավորինս մեծ թվով համերգների գնալու: Նախ, երգացանկն է միշտ փոփոխությունների ենթարկվում: Իսկ կրկնվող երգերի կատարումները միշտ մեկը մյուսից տարբեր են լինում: Մի խոսքով, Թորին չի ձանձրացնում:

Երբ վերջապես բեմ բարձրացավ, բոլորը ոտքի կանգնեցին ու ծափերով ողջունեցին: Ու սկսեց Թորին՝ այս անգամ մեն-մենակ իր ստեղնաշարային գործիքների հետ: Սկսեց Parasol-ով (երևի միակ բանը, որ շրջագայության բոլոր համերգների ժամանակ միշտ նույնն է, բացումն անող երգն է): Իմ սիրած երգերից է, չնայած ամենահայտնիներից չէ:

DSCF5734

Մի երկու երգ անց ողջունեց, նայեց շուրջն ու ասաց, որ երբեք էսպիսի բան չի արել, այսինքն՝ չի նվագել մի դահլիճում, որտեղ կլոր, բոլոր կողմերից հանդիսատես լինի: Այստեղ իմպրովիզ արեց՝ երգելով eyes behind me և այլն, որը սահուն կերպով դարձավ նրա ամենահայտնի երգերից մեկը՝ Crucify-ը:

Երևի շատ բախտավոր էի, որովհետև կատարեց մեկ այլ սիրելի երգ՝ Silent All These Years-ը, որը, պիտի ասեմ, շատ հաճախ է կենդանի կատարում, բայց Կոպենհագենում ոնց որ մի քիչ էլ տեղին լիներ, որովհետև էսպիսի տող ունի. what if I’m a mermaid…

DSCF5743

Ընթացքում հիշեց իր ակումբային անցյալը և Ջոնի Միթչելի Case of You-ն կատարեց: Դա էլ Թորիի սիրածս վերակատարումներից է: Բայց էդքանով չսահմանափակվեց, հաջորդը երգեց այն մարդու երգը, որին նվիրված էր Case of You-ն՝ Լեոնարդ Կոհենի Suzanne-ը, որը, ի դեպ, համերգի նախորդ օրը դրել էի ֆեյսբուքիս պատին՝ ամենևին մտքովս չանցկացնելով, որ հաջորդ օրը բեմից կլսեմ: Երգի ընթացքում Թորին բառերը խառնեց ու սկսեց ինչ-որ բաներ հորինել, մինչև կարողացավ տեքստն ավելի մոտեցնել, որ տեսնի:

Անծանոթ երգերից՝ Take to the Sky, որը, ինչպես հետո իմացա, դեռ Little Earthquakes ալբոմի (90-ականների սկիզբ) ժամանակներից է, բի-սայդ է ու երբեք ալբոմներում չի թողարկվել, բայց համերգների ժամանակ երկրպագուները խնդրում են, որ կատարի:

Թորին նվագում էր կատաղած, դաշնամուրին ձուլված՝ գալարվելով, ձգվելով, կծկվելով, մեկումեջ գոռալով: Մերթ թվում էր՝ դաշնամուրն իր մարմնի մի մասն է ու շարժում է էնպես, ոնց ուզում է: Մերթ դաշնամուրը սիրեկան էր դառնում ու Թորիի հետ ինտիմ զրույցի բռնվում:

Դաշնամուրից անցնում էր սինթեզատորին, սինթեզատորից՝ դաշնամուրին: Երբեմն երկուսը նվագում էր միաժամանակ, ցնցվում էր, ոտքերը երկարացնում, աչքերը փակում, հետո ժպտում շատ տաք ու քնքուշ ժպիտով:

DSCF5720

Precious Things-ով ավարտեց հիմնական մասը: Երկրպագուները խմբվեցին բեմի դիմաց: Վերադարձավ encore-ների: Դրանք սովորականից շատ էին՝ հինգ հատ, երևում է՝ Թորին չէր ուզում բեմը լքել: Դրանց մեջ էր նաև Pretty Good Year-ը, որի բառերը փոխեց՝ երգելով. Well let me tell you something about America/Pretty good shit: Հետաքրքիր էր, որ հանդիսատեսը ռեակցիա չտվեց այս փոփոխությանը:

Ընդհանրապես, Թորին իմ սիրած կատարողներից միակն է, որի համերգին տժժալ ու հետը երգել չի լինում. պիտի նստես, շունչդ պահած, երբեմն հուզվելով, երբեմն ուրախանալով, երբեմն աչքերիդ չհավատալով լսես նրան: Sing along-ները, որ շատ երաժիշտների համերգների ժամանակ եմ տեսել, Թորիի դեպքում գրեթե բացակայում է:

Ամենա-ամենավերջինը Tear In Your Hand-ն էր: Դրանից հետո Թորին վազեց դեպի կուլիսներ, դահլիճի լույսերը վառվեցին:

Երևի ես էլ սկսեմ փող հավաքել ու մյուս շրջագայությանը միանամ խելառների խմբին, թեկուզ մի երկու-երեք համերգի գնալով:

One thought on “Թորի Էյմոսի համերգը Կոպենհագենում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s