Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ինչպես ժամանցը կազմակերպել Երևանում

on May 31, 2014

Վերջերս ընկերներիցս մեկը Ֆեյսբուքում ստատուս էր գրել՝ դժգոհելով, որ Երևանում ժամանց չկա: Համաձայն չեմ:

Երևանում անցկացրածս վերջին կես տարվա ընթացքում, ինչքան էլ զանազան քըխ երևույթների բախվեի, ինչքան էլ ներվայնանայի զանազան դրվածքներից ու զզվելի վիճակներից, միևնույն է, պիտի խոստովանեմ, որ երբեք չէի ձանձրանում: Նույնիսկ կասեի՝ ավելի շատ անելիք կար, քան ժամանակ: Հատկապես համեմատելով եվրոպական կյանքիս հետ, պիտի ասեմ, որ Երևանում ժամանցս ավելի հարուստ էր:

Ստատուսի տակ քննարկման ժամանակ նույնիսկ մեկը զարմացավ, որ ես, Եվրոպայում ապրած լինելով, պնդում եմ, որ Երևանում ժամանց կա: Պիտի ասեմ, որ հենց այդ փորձի շնորհիվ է, որ հասկացել եմ, որ հաճելի ժամանցը բնավ կախված չէ քաղաքում փաբերի քանակից կամ դրանց բազմազանությունից: Ապրել եմ ինչպես մայրաքաղաքներում, այնպես էլ կորած-մոլորած պստիկ քաղաքներում: Ինչ խոսք, մայրաքաղաքներն ավելի շատ բան ունեին առաջարկելու, բայց օրինակ Խրոնինգենում փաբերից բացի ոչինչ չկար, իսկ Յոենսուի եղած-չեղածը մի քանի փաբ էր, որոնցում մի երեք-չորս անգամ եմ եղել: Բայց հաջողացրել եմ չձանձրանալ:

Ինչպե՞ս:

Պիկնիկ բուսաբանականում

Պիկնիկ բուսաբանականում

Էստեղ շատ կարևոր է հասկանալը, թե ժամանց ասելով ինչ սպասելիքներ ունենք: Ես պատկերացնում եմ աշխատանքից դուրս ազատ ժամանցի կազմակերպում այնպես, որ չձանձրանաս: Ինչ խոսք, եթե ուզում ես սիրածդ խմբի համերգին գնալ կամ մեծ էկրանին օրիգինալ լեզվով կինո նայել, Երևանն առաջարկելու բան չունի: Բայց եթե ուզում ես հաճելի ժամանակ անցկացնել, ապա դա հնարավոր է աշխարհի ցանկացած կետում: Երևանն էլ բացառություն չէ:

Ու կարևոր է ժամանցը կազմակերպելիս չսպասել, որ քաղաքն ինքն ինչ-որ բան առաջարկի, այլ ինքնուրույն պրպտել կամ անգամ նախաձեռնել: Ստորև կներկայացնեմ էժան ժամանցի մի քանի տարբերակ:

Փաբ/Սրճարան
Սկսենք «ավանդականից»: Կարելի է բավական քիչ գումարով Երևանի փաբերում ու սրճարաններում յոլա գնալ. ընկերների հետ սուրճ կամ գարեջուր խմել ու զավզակել: Փաբեր կան, որոնցում պարբերաբար հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում (համերգներ, փաբ-քուիզեր, ֆիլմի կամ ֆուտբոլի դիտումներ և այլն):

Պիկնիկ
Ամռանն ընդհանրապես դժգոհելու տեղ չունենք: Ճիշտ է՝ Երևանում կանաչ տարածություններն արագորեն վերանում են, բայց դեռ կան բավականաչափ այգիներ, որտեղ կարելի է հավաքվել ընկերներով, զանազան խաղեր խաղալ, խանութից առած որևէ բան ուտել կամ խմել… Այ հիմա հիշում եմ, թե ոնց էին ընկերուհիներս բուսաբանականում ծնունդս կազմակերպել. աշնանային տերևների մեջ նստած էկլերներով տորթի մոմերն էի փչում, հետո թերմոսից թեյ խմեցինք ու էկլերը կերանք: Կամ՝ Հայաստանից մեկնելուցս անմիջապես առաջ Մաշտոցի պուրակում նստել էի ընկերներիս հետ, հավես էր:

Ֆիլմի դիտում
Գրողը տանի, նորմալ կինոթատրոն չկա, եղածներն էլ որոշ կինոների ցուցադրում արգելում են: Բա որտե՞ղ կարելի է նորմալ կինո նայել: Բայց հո բոլորս էլ կոմպեր ունենք, չէ՞: Փաբերն էլ են դիտումներ առաջարկում (օրինակ, «Նիմֆոմանուհին» 80’s փաբում եմ դիտել): Կարելի է, ասենք, էլի նույն խանութից ուտելիք գնել, հավաքվել մեկի տանն ու ուզածդ լեզվով ուզածդ ենթագրերով ուզածդ կինոն նայել: Ու ի դեպ, հենց Յոենսուում մենք շաբաթը մեկ մեկի տանը հավաքվում, կինո էինք դիտում:

Համերգներ

Լավ, հասկացանք, որ Radiohead-ն էդպես էլ Հայաստան չի գալու, իսկ Deep Purple-ի գալն ավելի շուտ բացառություն էր. նման բաներ մի քանի տարին մեկ հազիվ են լինում: Բայց հո չի նշանակում, որ Երևանում համերգներ ընդհանրապես չեն լինում: Ես մի քանի անգամ Windrose-ի համերգին եմ ներկա գտնվել տարբեր փաբերում: Եթե ֆոլկի սիրահար եք, անպայման խորհուրդ եմ տալիս: Ահավոր ափսոսացել եմ, որ Լիլիթ Բլեյանի համերգին չհասա: Մի անգամ էլ Old Band-ին եմ կենդանի լսել… Դե Տիգրան Համասյան էլ եմ գնացել, բայց իմ ճաշակով չէր: Ու էս բոլոր համերգների տոմսերը կա՛մ բավական էժան են, կա՛մ ընդհանրապես մուտքն ազատ է (միայն փաբ պետք է գնալ):

Ճամփորդություններ
Հայաստանում ամեն տեղ եղե՞լ եք: Ճամփի ծախսը թա՞նկ եք համարում: Կարող եք ավտոստոպով գնալ և գիշերել ծանոթ մեկի տանը կամ վրանում: Մոտիկ տեղերը կարող եք հեծանիվով հասնել, Հայաստանում պարբերաբար հեծանվարշավներ են լինում: Երևանում ապրելու ընթացքում գնացել եմ Դիլիջան, Վանաձոր ու Գյումրի, ընդ որում՝ մի քանի անգամ: Օշական էլ հեծանիվով եմ հասել: Բայց մարդ գիտեմ, անգամ Թբիլիսի է հասնում ավտոստոպով:

Թանգարաններ
Եղե՞լ եք Երևանի բոլոր թանգարաններում: Խոստովանեմ, ես չեմ եղել: Շատ կուզեի Քոչարի թանգարան գնալ, էդպես էլ չեմ հարմարացնում: Բայց Երևանում գտնվելուս ընթացքում հասցրի Գաֆեսճյան գնալ. Հունդերտվասերի ցուցահանդես ունեին: Լավ էր:

Հետաքրքիր իրադարձություններ քաղաքում
Եթե ուշադիր հետևեք, Երևանում ինչ հետաքրքիր իրադարձության ասես չեք հանդիպի. էլ պղպջակների օրը, էլ երաժշտության տոնը, էլ Եվրոպայի օրը: Ճիշտ է՝ այս տարի ես այդ բոլորը բաց եմ թողել, բայց նոր կոմպս էի փորփրում, ու լիքը նկարներ գտա այդ իրադարձություններից:

Այստեղ կարող է լինել քո տարբերակը
Եթե նույնիսկ համարենք, որ Երևանն առաջարկելու բան չունի, ապա շատ հանգիստ կարելի է երևակայությանը զոռ տալով ինքնուրույն որևէ բան կազմակերպել: Օրինակ, ես ու Մանուն իրար հետ իռլանդերեն էինք սովորում: Ճիշտ է՝ երկուսս այնքան զբաղված էինք, որ ընդամենը մի դաս ունեցանք, հետո էլ ես գնացի, բայց եթե մնայի, հաստատ մենք շաբաթը մեկ կհանդիպեինք իռլանդերեն սովորելու: Մի անգամ էլ ընկերներով հավաքվել էինք… ներկելու գիրք ներկելու: Կամ՝ կարելի է հավաքվել ընդհանուր հետաքրքրություն ունեցողներով: Օրինակ, Կոպենհագենում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը մեր ֆակուլտետի PhD ուսանողներով հավաքվում, գարեջուր ենք խմում: Առաջին հայացքից անիմաստ է թվում, բայց իրականում նաև թեթևացնում է. ամեն մեկս մեր դարդերից ենք խոսում, հաճախ հասկանում ենք, որ մենք միակը չենք, որ կոնկրետ խնդիր ունենք: Օրինակ, Երևանում կլինիկական օրդինատորները կարող են նման օր ունենալ կամ նկարիչները կամ արտասահմանում ուսում ստանալ ցանկացող երիտասարդները…

Չգիտեմ, շատերին թվում է՝ Եվրոպայում ժամանցի ավելի լայն հնարավորություններ կան: Ինչ խոսք, գուցե դա ճիշտ է, բայց դրա հետ մեկտեղ այստեղ ժամանցը շատ թանկ է: Ավելին՝ այստեղ տեղափոխվելուցս հետո միայն մեկ անգամ եմ քաղաքի առաջարկած ժամանցին ներկա գտնվել, այն էլ՝ Թորի Էյմոսի համերգն էր: Վերցնենք հենց թեկուզ այս մի շաբաթը. երեք անգամ եմ ժամանցային որևէ բան արել (սա համարվում է աշխույժ). հայ ընկերուհուս հետ, որը մի քանի օրով այստեղ էր, թափառել եմ քաղաքում, էքսպատ ընկերներիս հետ պիկնիկի եմ գնացել ու PhD-ների ամենամսյա հանդիպմանը գնացել: Ու իմ այս շաբաթվանից շատ գոհ եմ: Հիմա կասե՞ք, թե սրանցից որը հնարավոր չէ Երևանում անել:

Advertisements

2 responses to “Ինչպես ժամանցը կազմակերպել Երևանում

  1. uluana says:

    Լրիվ համաձայն եմ։ Ժամանցը երբեք էլ խնդիր չի, եթե կան համապատասխան հետաքրքրություններ ու համապատասխան մարդիկ։ Ինձ որ հարցնես, մենակ հետաքրքրություններն էլ են հերիք։ :))) Իսկ Հայաստանում եթե ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ընկերներ էլ ունես, ընդհանրապես խնդիր չպիտի լինի։

    • byurie says:

      Հա, մարզերում կարա մի քիչ խնդիր լինի ռեսուրսների սահմանափակության, համապատասխան մարդկանց բացակայության ու այլ պատճառներով: Բայց Երևանում հեչ բողոքել չի կարելի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: