Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

19. Պատմություն իմ դեռահասությունից

on June 6, 2014

Srtik-ը լավ նկատողություն արեց. արդեն մի տարի է անցել 30 պատմություն նախագծի մեկնարկից, բայց արի ու տես, որ շատերը կիսատ են թողել ու չեն էլ շարունակում: Էդպես, խոստացա, որ էսօրը մի բան կգրեմ ու գրում եմ:

Դեռահաս ժամանակ շատ տիպն եմ եղել: Տիպ ասելով նկատի ունեմ ահագին տարբերվում էի էն ժամանակների միջին վիճակագրական հայ թինեյջերներից: Նրանք Լեոնարդո ԴիԿապրիոներով ու Նատալյա Օրեյրոներով էին տարված, իսկ ես՝ ոչ ավել-ոչ պակաս, կատաղած Ալանիս Մորիսեթով, որը լուրջ-լուրջ ձյաձյաների մասին երգեր էր երգում, բայց մեկ ա ինձ տանում էր: Ու մենակ ինքը չէր. վերցրեք 90-ականների կեսից մինչև 2000-ականների սկզբի ռոքը, ու կհասակաք, թե ինչ երաժշտություն էի լսում:

fountain

Իմ հոլանդացի ընկեր Պոլի սարքածն է, բայց շատ համապատասխան է իմ դեռահասությանը:

Էն ժամանակ էլ հո ինտերնետ-բան չկար: Թարմ երաժշտության միակ աղբյուրը ռադիոն էր, ընդ որում՝ ոչ բոլոր ալիքներն էին իմ ճաշակով երաժշտություն միացնում: Հայ FM-ն ու Բուրգն էին (վերջինս հազար հատ անուն փոխեց տարիների ընթացքում), որոնց վրա ֆիքսված էի, ընդ որում՝ մեկից փոխում էի մյուսը, երբ ինչ-ինչ պատճառներով մեկից նեղանում էի: Բայց հետո ահագին կադրային տեղաշարժեր էլ էին լինում. մի ռադիոյի դիջեյները հայտնվում էին մյուսում ու հակառակը:

Ռադիո լսում էի շատ ակտիվ կերպով, այսինքն՝ մասնակցում էի ծրագրերին: Զանգում էի, երգեր էի պատվիրում, մրցանակներ շահում: Դա հաճախ ներվայնացնող էր դիջեյների համար. դե պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե մի սանձարձակ թինեյջեր անընդհատ զանգեր ու անկանխատեսելի բաներ ասեր: Ընդ որում, ես միակ թինեյջերը չէի: Ինձ հետ էր նաև ընկերուհիս՝ Անահիտը: Մեր ձայներն էլ շատերը չէին տարբերում, դրանից ավելի էին ներվայնանում, ոմանք կարծում էին՝ նույն մարդն ենք: Մենք էլ եթերում ստանդարտ տեքստեր ասողներից չէինք: Խիստ վտանգավոր բան էր մեզ եթեր թողնելը, որովհետև ոչ ոք չէր կարող ասել, թե մտքներիս ինչ կփչի:

Բայց դե կային դիջեյներ, որոնց հարգում էինք ու վատ-վատ բաներ չէինք ասում, կային այնպիսիք, որոնց անխնա կերպով ծաղրում էինք (նրանք հիմնականում ռադիո Արձագանքի ժողովուրդն էին. երբ մյուս ռադիոներով հետաքրքիր բան չէր լինում, միացնում էինք ու սկսում զվարճանալ): Կային նաև այնպիսիք, որոնց պաշտում էինք, կուռքի նման մի բան էին: Մեծ մասամբ մեր կարծիքները համընկնում էին, բայց լինում էին նաև խիստ տարաձայնություններ, որոնց շուրջ անընդհատ վիճում էինք:

Ռադիոներում հաճախ կադրային փոփոխություններ էին լինում: Մեզ շատ պե՞տք էր, թե ինչու էր էդ բոլորը տեղի ունենում: Բայց ահագին ջղայնանում էինք, որ երբեմնի սիրելի դիջեյական կազմը հանկարծ անհետանում էր եթերից ու որոշ ժամանակ անց նոր դեմքեր էին հայտնվում: Մենք էլ բռնում, մեր մուռն էդ խեղճ նորերից էինք հանում: Էդպես, օրինակ, երբ հանրահայտ Լուլուն էր առաջին քայլերն անում, զանգում, անկապ բաներ էինք ասում: Մի անգամ, հիշում եմ, եթերում ասաց՝ ժպտացեք բոլորին, նույնիսկ անծանոթներին: Զանգեցի, ասացի, որ մենք նման փորձ արել ենք, վեճ է ծագել (ու իսկապես նման բան եղել էր. մի անգամ այգում խելառ-խելառ ես ու Անահիտը ժպտալով բարևում էինք բոլորին, մեկ էլ մի ծիտ աղջիկ կանգնեց ու սկսեց հաշիվ պահանջել, թե ինչու ենք չճանաչելով հանդերձ նման բաներ անում):

Ռադիոն լրիվ լցրել էր մեր կյանքը: Երկուսով սերիալի սցենար էինք գրում՝ սերիալային բոլոր կարևոր կանոններով: Հերոսները դիջեյներն էին, բայց հմտորեն անունները փոխել էինք, որ մենակ մենք հասկանայինք՝ ով ով էր: Բանաստեղծություններ էինք ձոնում մեր սիրած դիջեյներին: Մեկ էլ ահավոր շատ սիրում էինք Հայ FM-ի միջանցքի պատերին խզբզել: Չգիտեմ՝ էդ պայծառ մտքի հեղինակն ով է եղել, որովհետև մենք ընդամենը շարունակել ենք խզբզելու սուրբ գործը, երբ տեսել ենք, որ մեզնից առաջ ինչ-որ մեկը դա արել էր: Ընդ որում, էլի չար բաներ էինք անում. նախորդ կազմի դիջեյների անուններ էինք գրում, որ նորերին ներվայնացնենք: Հա, մեկ էլ ես չէի մոռանում իմ սիրած երգերի բառերից դեսուդեն խզբզել:

Խոխմն էն էր, որ էս ամենը մեր արևին թաքուն էինք անում, բայց ռադիոյի ղեկավարությունը գլխի էր ընկել, որ էդ մենք ենք, պավիրել էր, որ գնանք, պատերը մաքրենք: Մենք էլ միամիտ-միամիտ մտածում էինք՝ չէ, բայց ո՞նց են իմացել: Էլ ո՞նց պիտի իմանային: Դա հո չափահաս մարդու արած չէ՞ր: Իսկ մեզ նման դեռահասներին մի ձեռքի մատների վրա հազիվ հաշվեիր: Ու բնականաբար, երկուսիցս բացի մեկ էլ էդ մի քանի տասնչորս-տասնհինգ տարեկան էին պատերը մխտռում:

Մի անգամ էլ էդ նույն Հայ FM-ի պատին մեծ-մեծ տառերով ներկով փչած ռուսերեն խուժան տեքստ կարդացինք ռադիո Վանի Սեմի մասին: Թե Վանն ի՞նչ կապ ուներ Հայ FM-ի պատին: Էն ժամանակ դրանք էնքան չխաչվող ռադիոկայաններ էին: Այ էդ մեկը հաստատ պուճուրներից ոչ ոք չէր արել, լավ էլ մեծ էր անողը: Ես նույնիսկ գիտեի՝ ով էր, բայց էդպես էլ երբեք ոչ մեկի չասացի ու չեմ էլ ասելու:

Հա, մեկ էլ մրցանակներն էին հավես: Ռադիոներով խաղարկվող ինչ մրցանակ ասես չեմ շահել. էլ կրեմներ, էլ կասետներ ու դիսկեր, էլ ինչ-որ շինարարական խանութի զեղչի տոմսեր, էլ սրճարանի քարտ անվճար խմորեղեն ուտելու, էլ համերգների տոմսեր, էլ փափուկ խաղալիքներ: Մի խոսքով, ինչ մտքներովդ անցնի: Ու դեռ լիքը բաներ էլ չեմ շահել, որովհետև հաճախ լինում էր, որ երբ զանգում էի, ինձ ասում էին՝ թող էս անգամ էլ ուրիշը շահի: Ես մեղավո՞ր էի, որ էնքան ուշադիր էի ռադիո լսում, որ ամեն տեսակի երաժշտական ինֆորմացիա դաֆթարներիս մեջ ֆիքսում էի, ու երբ մրցույթ էին հայտարարում, ինձ ընդամենը պետք էր լինում ճիշտ էջը գտնել պատասխանելու համար: Ես մեղավո՞ր էի, որ ուրիշներն էդքանը չէին ֆայմում, հետևաբար չէին կարողանում պատասխանել: Դե… սխալ ասացի, կային ֆայմողներ: Բայց էդպես բոլորս իրար հետ մի տասը հոգի էինք, մեկ-մեկ էլ իրար մեջ որոշում էինք, թե ով պիտի հաղթի: Պատասխանը որ իմանում էինք, զանգում, իրար ասում էինք: Մենք էլ իրար մեջ էինք հաղթելու հերթ պահում: Խոխմ թիմային աշխատանք էր:

Հիմա էս մրցույթները շատ անհամ են, որովհետև ցանկացած հարցի պատասխան կարելի ա գուգլել, էլ էն եքա դաֆթարները չեն աշխատում:

Համալսարան ընդունվելուց հետո ռադիո լսելը թարգեցի, տեղս զիջեցի նոր սերունդներին: Բայց մեկումեջ հայտնվում էի, ուրախացնում էի դիջեյներին: Ահա, հետո էլ հակառակն էր. ոչ թե ներվայնանում, այլ ուրախանում էին հին ձայներ լսելիս: Ու երևի ինչքա՜ն պիտի զարմանան, եթե հիմա տեսնեն ինձ. էն կատաղած դեռահասից ինչ լուրջ մարդ եմ դարձել:

Ընդհանրապես, ռադիոն ինձ շատ բան տվեց: Երաժշտական մասից ու մրցանակներից բացի: Նախ, ունկնդիրների տեսքով լիքը-լիքը իմ խելքի ընկերներ ձեռք բերեցի, իսկ այդ տարիներին եթե չլիներ ռադիոն, Անահիտից բացի ուրիշ ոչ մի ընկեր չէի ունենա: Հետո, սովորեցի ինձնից փոքրերի հետ շփվել: Տարօրինակ է, չէ՞. պիտի որ ես լինեի փոքրը, ինձնից փոքրերն ովքե՞ր էին: Բացատրեմ: Էն ժամանակ ես հիմնականում ինձնից մեծերի հետ էի շփվում (թե՛ դիջեյները, թե՛ ունկնդիրները), շատերի ներվերի վրա ազդում էի, ինձ կոպտում էին, նեղացնում էին, իսկ ես դեպրեսվում էի, օրերով լացում: Հիմա, երբ շփվում եմ դեռահասների հետ, ու հանկարծ սկսում են ներվերիս վրա ազդել, հիշում եմ ինձ էդ տարիքում ու հիշում եմ, թե ինչ էի զգում կամ ինչու էի ինձ այս կամ այն կերպ պահում, փափկում եմ, դեռահասներին վերաբերվում եմ որպես հավասարի. համենայնդեպս, նրանք էդպես են ուզում, ու էդպես հեշտ է բոլորիս համար:

Advertisements

One response to “19. Պատմություն իմ դեռահասությունից

  1. […] Պատմություն ձեր դեռահասությունից Թաքնված անկյուն… srtik byurie […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: