Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Կաֆկան ծովափին» (Հարուկի Մուրակամի)

on June 22, 2014

Կարծում եմ՝ այնքան էլ հաճելի բան չէ, երբ գիրքը կարդալուց առաջ բացում ես դրա վիքիի էջը ու պարզում, որ ըստ հեղինակի, այն հասկանալու համար պետք է մի քանի անգամ կարդաս: Կամ գուցե դա պատճառ է դառնում, որ հենց առաջին անգամ շատ ուշադիր լինես ու փորձես հնարավորինս շատ բան հասկանալ:

«Կաֆկան ծովափին» Մուրակամիից առաջին գիրքն էր, որ կարդացի: Զարմանալիորեն առաջինն էր, որովհետև նախկինում իմ ստեղծագործություններից մի քանիսը նմանացրել են նրա գործերին, համարել, որ ուժեղ ազդվել եմ ու նույնիսկ թխել, իսկ ես ապշած պատասխանում էի, որ կյանքում Մուրակամի չեմ կարդացել: Լսել էի, որ նրա գրականության մեջ անսովոր երևույթները բացատրություն չունեն, կերպարները կարող են տարօրինակ լինել, հանկարծակի հայտնվել ու կորել, ասես ոչինչ չի եղել:

«Կաֆկան ծովափին» վեպում մի քանի տարբեր կարևոր թեմաներ են շոշափվում: Ինձ ամենից շատ գրավեց ինքնության հարցը. բոլոր կերպարներն այստեղ ինքնության խնդիր ունեին:

Կաֆկան տասնհինգամյա դպրոցական է, որը տնից փախչում է: Նրա հայրն էդիպյան անեծք է թափել, թե՝ հորդ սպանելու ես, մորդ ու քրոջդ հետ քնելու ես: Կաֆկայի մայրն ու քույրը հեռացել են, երբ նա չորս տարեկան է եղել: Հիմա ինքը միայն մի բան գիտի. իր հորը: Իսկ թե ով է մայրը, գաղափար չունի: Հայտնի չէ իր գենետիկ ինքնության ուղիղ կեսը, իսկ մյուս կեսի հետ կոնֆլիկտ ունի:

Սաեկին հիսունն անց կին է: Երիտասարդ տարիքում կորցրել է սիրեկանին, դրանից հետո ժամանակը կանգ է առել: Սաեկին շարունակում է ապրել, բայց մտովի միշտ քսան տարեկան է, միշտ իր հիշողությունների հետ: Սաեկին իր տարիքային ինքնության հետ չի հաշտվում:

Օսիման կենսաբանորեն և փաստաթղթերով կին է, արտաքին տեսքով ու հոգեբանությամբ՝ տղամարդ: Ու նաև՝ նախընտրում է տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալ: Օսիման իր սեռական ինքնության հետ խնդիր ունի:

Նակատան ծերունի է: Երեխա ժամանակ ինչ-ինչ պատճառներով գիտակցությունը կորցրել է, երեք շաբաթ կոմայի մեջ մնացել, արթնացել մտավոր ունակությունները կորցրած: Ապրել է խիստ սահմանափակ կյանք վարելով, առանց ընկերների, հաղորդակցվելով միայն կատուների հետ, գրել-կարդալ չիմանալով, բայց երազելով դրա մասին: Նակատան չի հաշտվում իր մտավոր ինքնության հետ:

Մի կորած կատվի փնտրելիս Նակատան հայտնվում է դաժան կատվասպան Ջոնի Ուոքերի տանը (նա պատռում է կենդանի կատուների կրծքավանդակը, ուտում դեռ բաբախող սիրտը, կտրում գլուխը և դնում սառնարանը): Ջոնի Ուոքերի խնդրանքով ու նաև այլևս չդիմանալով Նակատան դանակը նրա փորն է մտցնում ու ազատում երկու կատուների: Ջոնի Ուոքերը Կաֆկայի հայրն է կամ նրա ալտեր էգոն:

Իսկ այդ ընթացքում Կաֆկան հեռավոր մի քաղաքում կորցնում է գիտակցությունը, հետո արթնանում արյան մեջ թաղված: Լսում է հոր մահվան լուրը ու սկսում հավատալ, որ ինքն է սպանել նրան: Ըստ էության, Կաֆկան ուժեղ ալիբի ունի. սպանության պահին հեռավոր քաղաքում նրան տեսնողներ եղել են: Բայց կարծես ինքն ուզում է հավատալ, որ հենց ինքն է մարդասպանը: Կարծես ուզում է, որ հոր անեծքն իրականություն դառնա: Որովհետև քնում է Սաեկիի հետ սկզբում երազում, հետո նաև իրականում: Քնում է՝ մտածելով, որ իր մայրն է:

Արդյոք Սաեկին իսկապե՞ս Կաֆկայի մայրն է: Այս հարցը բաց է մնում ու մինչև վերջ պատասխան չի ստանում կամ ստանում է բնավ ոչ ստանդարտ պատասխան: Վեպի մի դրվագում Կաֆկան տեսություն է առաջ քաշում, թե Սաեկին իր մայրն է: Վերջինս էդպես էլ երբեք ոչ մի վերջնական պատասխան չի տալիս: Բայց անընդհատ շեշտվում է, որ տեսությունը գործող է, քանի դեռ դրա դեմ ուժեղ հակափաստարկ չկա: Ուրեմն Կաֆկային ձեռք է տալիս, որ Սաեկին իր մայրը լինի:

Իսկ Կաֆկան Սաեկիի համար իր մահացած սիրեցյալն է: Դա այնքան շոշափելի է դառնում, որ նույնիսկ Կաֆկան հիշում է ամառային այն օրը, երբ դեռահաս Սաեկիի հետ ծովափին նստած են լինում, ու նկարիչը նկարում է Կաֆկային: Տասնինը տարեկանում Սաեկին իր սիրեցյալի մասին երգ է գրում «Կաֆկան ծովափին» վերնագրով»: Արդյոք այս տասնհինգամյա պատանին նույն Կաֆկան է: Ոչ, որովհետև Սաեկիի սիրեցյալը մահացել է տարիներ առաջ, որովհետև այս Կաֆկան ընդամենը տասնհինգ տարեկան է: Բայց Սաեկիին ձեռք է տալիս այդպես մտածելը, այդպես արդարացնելը Կաֆկայի հետ քնելը:

Որպեսզի անեծքն ամբողջանա, անհրաժեշտ է, որ Կաֆկան քրոջ հետ էլ քնի: Որտե՞ղ է քույրը: Նրա դերում հայտնվում է Սակուրան, մի աղջիկ, որը Կաֆկայի հոր սպանության օրը նրան ընդունում է իր տանը: Բայց տղան հեռու է Սակուրայից՝ Օսիմայի գյուղական տանը: Ուրեմն հարցը լուծում կստանա երազում, որտեղ տարածության ու ժամանակի բոլոր օրենքները քանդվում են:

Բայց «Կաֆկան ծովափին» վեպում տարածությունն ու ժամանակը քանդվում են նաև իրականության մեջ: Եթե ընդունենք, որ Նակատայի ձեռքերով Կաֆկան է սպանել հորը, ուրեմն հեռավոր քաղաքից ակնթարթորեն հայտնվել է Տոկյոյում: Գրադարանում ապրելիս Կաֆկային հյուր է գալիս Սաեկիի տասնհինգամյա ուրվականը: Իսկ հետո Կաֆկան անցնում է անտառներով ու հայտնվում մի այլ աշխարհում, որտեղ տասնհինգամյա Սաեկին նրա համար ճաշեր է պատրաստում, իսկ հետո հայտնվում է հիսուննանց Սաեկին: Կաֆկան ծծում է նրա արյունը:

Կաֆկան կյա՞նքն է ծծում Սաեկիի երակներից: Հաստատու՞մ է իրենց ազգակցական կապը:

Վեպում հարցականները շատ են, պատասխաններ համարյա չկան կամ դրանք թաքնված են, ու պետք է փնտրել:

Ինքնության կոնֆլիկտը միայն մեկն է վեպում շոշափված բազմաթիվ թեմաներից: Այնտեղ կարելի է գտնել նաև ոչ ուղղակի ակնարկներ Երկրորդ համաշխարհայինի մասին, զրույցներ դասական երաժշտությունից ու գրականությունից, լիքը դիցաբանություն ու շատ այլ թեմաներ:

Իսկ հիմա գնամ, տեսնեմ, թե ուրիշներն ինչ են գրել այս վեպի մասին: Եթե դուք էլ ձեր տեսություններն ունեք, գրեք, քննարկենք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: