Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կրթական խնդիրներ. դասախոս-ուսանող հարաբերություններ

on July 6, 2014

Կլինիկական օրդինատուրայում էր, որ առաջին անգամ լսարան մտա: Ամբիոնի վարիչը հետս եկավ, որ ինձ ներկայացնի: Ճանապարհին հարցրեց հայրանունս: Ասացի, որ չեմ սիրում անուն-հայրանունով դիմելաձևը: Լսարանում ազգանունով ներկայացրեց ինձ: Ու ես դարձա «ընկեր Իշխանյան», մի դիմելաձև, որ այդ ժամանակվա ուսանողներս այդպես էլ չօգտագործեցին այն պարզ պատճառով, որ մենք չափից դուրս նույն սերնդից էինք նման պաշտոնական հարաբերությունների անցնելու համար: Ես նրանց համար մնացի «Բյուր», իսկ Վարդավառին ուսանողուհիներիցս մեկին փողոցում պատահաբար տեսնելով դույլով լի ջուրը դատարկեցի գլխին:

Հաջորդ դասախոսական փորձս արդեն Եվրոպայում սովորելուց հետո էր: Առաջին շոկն այն էր, որ երբ մտա լսարան, ուսանողները ոտքի կանգնեցին: Երկրորդ շոկը նրանց համար «ընկեր Իշխանյան» լինելն էր, երրորդը՝ որ հետս Դուքով էին խոսում, չորրորդը՝ որ հարցերիս պատասխանելիս ոտքի էին կանգնում: Երևում էր՝ լավ հետ էի սովորել հայկական գերպաշտոնական դասախոս-ուսանող հարաբերություններից:

Իմ սովորած երկրներում դասախոս-ուսանող հարաբերությունների պաշտոնականությունը տարբեր աստիճանի էր, բայց երբեք չէր հասնի Հայաստանյանին: Նիդեռլանդներում դասախոսներին դիմում էինք անուններով, ոմանց հետ գնում էինք սուրճ կամ գարեջուր խմելու, անգամ իրենց տներ էին հրավիրում: Ֆինլանդիայում նորից անուններով էինք, անգամ տարեց պրոֆեսորին ուղղակի Յուսի էինք ասում, բայց մեր հարաբերություններն ավարտվում էին լսարանում: Գերմանիան շատ ավելի պաշտոնական էր. ճիշտ է՝ կային դասախոսներ, որոնց անուններով էինք դիմում, բայց մի մասին էլ «պրոֆեսոր այսինչ-այնինչ» էինք ասում (չնայած արդարության համար պիտի ասեմ, որ լսարան մտնելիս սկի չէին էլ ներկայանում, մենք էլ ապահովության համար էինք «պրոֆեսորով» դիմում. միշտ էլ ավելորդ պաշտոնականությունը չի խանգարում):

Բայց դասախոս-ուսանող հարաբերությունների ոչ պաշտոնականությամբ Դանիան բոլորին ծալած ունի: Էստեղ ոչ միայն անունով են դիմում դասախոսներին, այլև «դուով» են խոսում (դե «դուք» ամբողջ երկրում մենակ թագուհին է): Ավելին՝ մի առարկայի դասախոսը կարող է մյուս առարկայի համար ուսանող դառնալ: Բոլորն իրարից սովորում են, հետո բոլորն իրար հետ գնում խմելու: Իսկ երբ մտնում են քննության, անձնական հարաբերությունները քննության գնահատականների վրա չի ազդում:

Ինչը չես ասի Հայաստանի մասին: Եթե որևէ դասախոսի հետ անձնապես մտերիմ ես, ուրեմն դա ենթադրում է, որ պիտի բարձր գնահատական դնես՝ անկախ գիտելիքներից: Այդպես կարող է ենթադրել թե՛ ուսանողը, թե՛ նրա դասընկերները, թե՛ դասախոսն ինքը: Այդպիսի պատկերացումներից վերանալու համար հաճախ դասախոսը մի բան էլ ավելի ցածր է նշանակում ուսանողին, որ ցույց տա, թե՝ տեսեք-տեսեք, մեր անձական հարաբերությունները կապ չունեն:

Բայց ես կարծում եմ, որ հայկական դասախոս-ուսանողական խիստ պաշտոնական հարաբերություններն ուղղակի խանգարում են կրթական պրոցեսին: Այսպես պատրանք է ստեղծվում, թե դասախոսն ուսանողի թշնամին է, ու նրա կյանքի իմաստը հնարավորինս ցածր նշանակելն է, իսկ ուսանողի համար գերնպատակ է դառնում հնարավորինս քիչ գիտելիքներով բարձր գնահատական ստանալը: Կարծես պատերազմ լինի, դասախոսը՝ մի կողմում, ուսանողը՝ մյուս:

Մինչդեռ արևմտյան կրթական համակարգում դասախոսն ու ուսանողը նույն ճամփով են գնում: Դասախոսի նպատակն ուսանողին գիտելիք տալն ու ուսանողից սովորելն է, ուսանողի նպատակը՝ հնարավորինս շատ գիտելիք քաղելն ու որոշակի երևույթների մասին կարծիք ձևավորելը: Դասախոսն ամեն ինչ անում է, որ ուսանողն իր լավագույն որակը ցույց տա: Օրինակ, Նիդեռլանդներում էսսե գրելիս մաս-մաս ուղարկում էինք դասախոսին, մեկնաբանություններ էր անում, խմբագրում էինք, որ վերջնական տարբերակը հնարավորինս անթերի ու լավը լինի, որ հնարավորինս բարձր գնահատական դնի դասախոսը:

Հայաստանում, երբ ուսանողներիս առաջարկեցի իրենց պրեզենտացիաները նախապես ուղարկել, որ նայեմ և ուղղումներ անեմ, ահագին զարմացել էին, թե ինչպես է դա հնարավոր: Իսկ ես ընդամենն ուզում էի, որ պրեզենտացիաները հնարավորինս անթերի լինեն, որպեսզի բարձր գնահատականներ դնեմ: Երևի այս դեպքում կասեիք՝ «բարձր ես ուզում դնել, դիր, ո՞վ է խանգարում»: Բայց այստեղ կարևոր է հասկանալը գնահատական-գիտելիք համապատասխանությունը: Հայաստանում շատ քիչ է պատահում, որ գնահատականը գիտելիքի անմիջական արտացոլումը լինի, այլ գործոններ էլ են ազդում, մինչդեռ իմ սովորած բոլոր երկրներում դասախոսն ամեն ինչ անում էր, որ գնահատականը համապատասխանի գիտելիքին: Եթե դասախոսն ինքն իր վրա վստահ չէր լինում, լրացուցիչ միջոցների էր դիմում: Օրինակ, Նիդեռլանդներում մեր հոլանդերենի դասախոսը, որի հետ եքա ճամփա էինք անցել. է՛լ սուրճ խմելու գնացել, է՛լ քանի անգամ հավաքվել նրա տանը, է՛լ ճամփորդել միասին, հասկանալով, որ ուղղակի չի կարող քննությանն օբյեկտիվ լինել, իր ընկերուհուն էր բերել մեզ քննելու համար: Իսկ Գերմանիայում որոշ դասախոսներ նախընտրում էին անոնիմ գնահատել ու հատուկ զգուշացնում էին, որ թղթիկի վրա միայն ուսանողականի համարը գրենք:

Բայց մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում էլ Նիդեռլանդների կամ անգամ Դանիայի ոչ-պաշտոնականությանն անցնեինք: Արդյոք ուսանողները չէի՞ն նստի դասախոսների գլխին, քննությանը չէի՞ն ներկայանա անպատրաստ՝ հուսալով, որ բարձր կստանան: Եթե նման փորձ չունենայի, գուցե իսկապես կասկած հայտնեի: Բայց բարեբախտաբար ունեմ փորձ, ու պիտի ասեմ, որ դա միայն ավելացնում է ստացած գիտելիքի քանակը, մեծացնում սովորելու մոտիվացիան: Էնպես որ, սկզբի համար գուցե դադարեցնե՞նք անուն-հայրանունով ու «ընկերով էսինչյան» դիմելաձևերը: Կարծում եմ՝ դա ահագին բան կփոխի:

Advertisements

2 responses to “Կրթական խնդիրներ. դասախոս-ուսանող հարաբերություններ

  1. antranigv says:

    Օրինակ՝ իմ սեփական փորձով կարող եմ ասել, որ կարելի է ե՛ւ «ընկեր/պրոֆեսոր էսինչով» դիմել, ե՛ւ լինել ընկերական, այդպիսի փորձ ես ունեցել եմ Սիրիայում եւ Լիբանանում, ե՛ւ որպէս աշակերտ/ուսանող, ե՛ւ որպէս դասատու, այսպէս ասած, ընկերական միջավայրը իր տեղը ունենայ, անձնական շփումը այլ տեղ, իսկ դասի ժամանակն ու քննութիւնը՝ այլ։

    Նոյն բանը երբ փորձեցի Հայաստանում, ասենք՝ սեմինարների ժամանակ, առաջին պահին սեմինարի մասնակիցները «նստեցին գլխիս», քանի որ Անդրանիկը ընկերական էր, յետոյ երբ բռնում ու հասկացնում ես, որ գնահատականը կապ չունի մեր Ֆեյսբուքեան ֆռենդ լինելու հետ, արդէն ամէն ինչ տեղն է ընկնում…

    Ժամանակ է պէտք (։

    • byurie says:

      Հա, իրոք Հայաստանում կա գլխին նստելու հարցը: Բայց երևի նրանից ա, որ մեզնից առաջ եկած ընկերական դասախոսները բարձր գնահատականներ են շարել, իսկ ոչ ընկերականները՝ օբյեկտիվ գնահատել:
      Ի դեպ, մի հետաքրքիր երևույթ էլ հիշեցի իմ ուսանողական կյանքից: Ուսանողների մեծ մասի պատկերացմամբ վատն էր այն դասախոսը, որը պահանջում էր դասերից չուշանալ, դասերը պատրաստել ու օբյեկտիվ էր գնահատում, իսկ լավն էր նա, որն ուշ սկսում, շուտ վերջացնում էր, սիրուն-սիրուն բարձր գնահատականները շարում, դասի ընթացքում էլ «կյանքից» խոսում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: