Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Փասենջերը (Passenger) Կոպենհագենում

on July 12, 2014

Ո՞վ է Փասենջերը և ինչպե՞ս հայտնաբերեցի նրան

All the Little Lights ալբոմի շապիկը: Եթե հետաքրքրված եք, անպայման սկսեք այս ալբոմից, չեք փոշմանի:

Գրեթե երկու տարի առաջ մի անգամ Լապլանդիա գնալու փոխարեն ճանապարհվեցի դեպի Դյուսելդորֆ: Չգիտեմ՝ նախորդ օրվա համերգի հիասթափությունի՞ց էր, թե՞ ամեն դեպքում նոր երգեր հայտնաբերելուն կարոտ էի մնացել: Էդպես դուրս եկա քաղաք, սկսեցի թափառել Հռենոսի ափին: Անձրև էր, բայց Յոենսուի ցրտերից հետո ուրախ էի, որ նորից աշուն էի տեսնում: Ռադիո էի լսում: Մեկումեջ լավ երգեր էին հնչում: Երգերից մի քանի բառ հեռախոսիս մեջ գրում էի, որ հետո գուգլեմ, գտնեմ կատարողներին:

Դրանցից մեկը Փասենջերի “Let Her Go”-ն էր: Ֆեյսբուքում պոստեցի հղումը: Իվոնը, որի հետ Ալանիս Մորիսեթի համերգներին եղել եմ թե՛ Բեռլինում, թե՛ Դյուսելդորֆում, անմիջապես պատասխանեց. «Չէի՞ր լսել նրան: Բեռլինի փողոցներում նվագում էր Ալանիսի համերգի հաջորդ օրը»:

Ալանիսի համերգը հուլիսի 10-ին, էր իսկ 11-ին առավոտ շուտ մեկնեցի Պրահա, որ հետո էլ Երևան գամ: Չէ, չէի լսել: Իվոնը շարունակեց հղումներ տեղադրել, թե՝ տե՜ս, Մյունխենում համերգ ունի, տոմսն ընդամենը 15 եվրո է: Ես էլ թե՝ Փասենջերն այն կատարողը չէ, որի համար ճամփորդեմ: Իվոնը նեղվեց:

Բայց վերջերս ընկերուհիս՝ Լիլիթը, հիշեցրեց նրա գոյության մասին, ու ես սկսեցի մնացած երգերը փորփրել: Սկսեցի All the Little Lights ալբոմից: Տրամ բարձրացնող էր, թեթև երաժշտություն, գործ անելիս լսում էի: Բայց հետո շատ խորացա… տեքստերը սկսեցին հերթով ինձ տանել, գործ անելիս լսելն էլ անհնար դարձավ, որովհետև երգերի վրա էի կենտրոնանում: Ավելի ուշ հասկացա, թե ինչն է ինձ տանում. Փասենջերն ինքն իմ սերնդից է, երգերն էլ մեր սերնդի խնդիրների մասին են:

Scare Away the Dark-ում երգում է տեխնոլոգիական դարաշրջանի մասին, թե ինչպես են բոլորն ինտերնետներից ու էկրաններից կախված՝ մոռանալով, թե ինչ է կատարվում իրական կյանքում: 27-ը մի կողմից անհաջողությունների, մյուս կողմից շրջապատի պարտադրանքներին է անդրադառնում: Որպես նման բաների մեջ անցնող 27 տարեկան մեկը, պատկերացրեք ոնց դուր կգար երգը:

Իմացա, որ հոկտեմբերին Կոպենհագեն է գալիս: Տոմսն առա: Հետո իմացա, որ հուլիսին էլ Տիվոլի այգում համերգ ունի: Դրա տոմսն էլ առա: Բայց պարզվեց, որ Տիվոլիի նախորդ օրը՝ հուլիսի 10-ին, Կոպենհագենի փողոցներում է նվագելու:

Փասենջերը Կոպենհագենի փողոցներում

Փասենջերը Կոպենհագենի փողոցներում: Ֆլիփ-ֆլոփները դեռ չի հանել :)

Փասենջերը Կոպենհագենի փողոցներում: Ֆլիփ-ֆլոփները դեռ չի հանել 🙂

Գժանոց. ինքը հայտնի երգիչ, էլ կարիք չունի փողոցներում համերգներ տալու, բայց չէ, չի մոռացել, որ երկար ժամանակ շոգին-անձրևին փողոցներում էր երգում, ու ոչ ոք բանի տեղ չէր դնում: Ու ինքը խոստովանում է, որ անգամ փառքի գագաթնակետին ամենաշատը սիրում է փողոցներում նվագել: Անվճար:

Քանի որ վերջին օրերին Կոպենհագենում զանազան միջոցառումներ են տեղի ունենում, շատ դժվար էր վերջին վայրկյանին հարմար անկյուն գտնել: Ու Փասենջերը հարմարվել էր հետիոտնի փողոցի մի խաչմերուկում, շուրջը խմբվել էին երկրպագուները կամ ուղղակի անցորդներ: Ինքը բոբիկ էր, շորտերով, համեստ: Ինքն իրեն ձեռ էր առնում, ասում, որ նոր ալբոմն այնքան վատն է, որ չարժե գնել, առաջարկում ծայրահեղ դեպքում ապօրինի ներբեռնել:

Երգում էր հայտնի ու անհայտ երգեր, երգացնում էր հանդիսատեսին: Chasing Setting Suns-ն ինձ համար նորություն էր, բայց բառերը սպանիչ էին: Whispers-ի ժամանակ ոտքից գլուխ էմոցիա էր դարձել: “Everyone’s filling me up with noise, I don’t know what they’re talking about” տողերը երգեց ակապելլա, աչքերը փակ, գոռալով: Պարանոցի երակներն այնպես էին ուռել, ասես պայթելու էին:

Փասենջերի (հուսամ առայժմ) միակ հիթի՝ Let Her Go-ի կատարումը Կոպենհագենի փողոցներում

Ընթացքում անգամ անջատեց բոլոր բարձրախոսները ու լրիվ փողոցային էֆեկտ ստեղծեց՝ մենակ կիթառն ու իր ձայնը: Երբ հասավ I Hate-ին, բառերը լրիվ Դանիային հարմարացրեց: Ծիծաղից մեռել էինք:

Holes-ը վերջին երգն էր: Բոլորիս ոտի կանգնացրեց ու հետը երգացրեց: Ու հենց այս երգից հետո էր, երբ փողոցային երգիչ Փասենջերը միանգամից դարձավ հանրահայտ աստղ Փասենջեր՝ վազելով դեպի իրեն արդեն սպասող մեքենան ու հեռանալով առանց երկրպագուների հետ շփվելու:

Փասենջերը Թիվոլիում

Քանի որ համերգի տոմս որպես այդպիսին առանձին գոյություն չուներ, մտածեցի՝ օգտվելով առիթից մի քիչ շուտ գնամ, Թիվոլի այգին էլ ուսումնասիրեմ, թե չէ հազար տարի ինձ մնար, հաստատ էնտեղ չէի գնա: Համերգից չորս ժամ առաջ մտա ու վատացա. բեմի դիմացի շարքը գրեթե ամբողջությամբ զբաղեցված էր: Չէ, ի՞նչ Թիվոլի: Ավելի լավ է՝ միանգամից տեղ պահեմ, եթե չեմ ուզում ավելի հետևի շարքերում հայտնվել:

Թիվոլին համերգից երկու ժամ առաջ

Թիվոլին համերգից երկու ժամ առաջ

Ու ճիշտ արեցի, որ նստեցի ուղիղ բեմի դիմաց՝ առաջին շարքում: Հետո պիտի իմանայի, որ համերգին էր 18 000 հոգի է ներկա գտնվել: Ուրեմն բախտս մի լավ բերել էր, որ հենց դիմացն էի:

Բեմի Փասենջերը շորտերով ու ոտաբոբիկ չէր, նորմալ հագնված էր: Բայց կերպարը նույնն էր. համեստ, կատակասեր, էմոցիոնալ, պատմություններ էր պատմում, անկեղծ խոստովանում, որ տարիներ առաջ ինքն էլ էր էսպիսի համերգների գնում ու չէր հասկանում՝ ինչն է սխալ անում, որ նման բեմերն իրեն անհասանելի են: Երգելիս էլ ինչքան էներգիա կար ներսում հանում, դուրս էր գցում: Երգացնում էր նաև հանդիսատեսին, դրա համար նախատեսված առանձին միկրոֆոն կար բեմի վրա: Ու բոլորը երգում էին:

I Hate-ի վիդեոն նայեք անպայման. համերգի մթնոլորտն ու Փասենջերի կերպարը լրիվ ամփոփված են այս հինգ րոպեների մեջ:

Վերջում, երբ կատարեց Scare Away the Dark-ը ու լքեց բեմը, հանդիսատեսը երկար ժամանակ շարունակում էր երգի վերջին մասը երգել: Այնքան, մինչև Փասենջերը վերադարձավ ու ևս երկու երգ կատարեց:

Մի հետաքրքիր բան նկատեցի. ի տարբերություն այլ համերգների, այստեղ այֆոններ ու կամերաներ գրեթե չէին երևում: Ուրեմն Փասենջերի մեսիջը տեղ է հասել:

Advertisements

3 responses to “Փասենջերը (Passenger) Կոպենհագենում

  1. Anna Mina says:

    Իսկ ես իրեն այս տարի եմ հայտնաբերել, Let her go-ով, բայց չգիտեի, որ իր հիթնա ուղղակի ինձ էտա դուր եկել հենց սկզբից 🙂 Հավես դեմքա..

    • byurie says:

      Դե Let Her Go-ն ամեն տեղ լցրած ա մի այլ կարգի մեծ քանակով: Բայց դա հեռու ա իրա լավագույն գործը լինելուց: Ուղղակի լայն մասսաներին հասանելի ա:

  2. […] մեջ նույն կատարողի համերգին այն էլ նույն երկրում երկու անգամ գնալը մի քիչ վտանգավոր բան է. սովորաբար սեթլիսթը գրեթե […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: