Նիլ Գեյմանի «Աստղափոշին»

Դատելով ամեն ինչից՝ Նիլ Գեյմանի գործերին պիտի որ վաղուց ծանոթ լինեի ու ոչ թե ուղղակի ծանոթ, այլ պիտի որ իմ սիրած գրողներից լիներ. նախ, խելքս գնում է ժամանակակից անգլալեզու գրականության համար: Հետո, ֆենթըզի էլ եմ շատ սիրում: Դրան ավելացնենք, որ Գեյմանը Թորի Էյմոսի մտերիմ ընկերներից է, ու ծանոթացել են հենց ստեղծագործական հողի վրա ու շարունակաբար ներշնչել միմյանց: Էլ չասեմ, որ մի գեղեցիկ օր էլ փոստով Sandman-ի հատորներից մեկն եմ նվեր ստացել (չնայած պիտի ասեմ, որ կոմիքսների սիրահար չեմ), բայց էդպես էլ երբեք չեմ կարդացել:

Գեյմանից առաջին գիրքը կարդացել եմ անցյալ տարի, այն էլ ոչ իմ նախաձեռնությամբ. Գուդրիդսի հայկական խմբում քվեարկության արդյունքում ընտրվել է «Նրբանցքի ծայրի օվկիանոսը»: Շատ տպավորված չէի: Բայց հետո պիտի նորից Գեյմանին վերադառնայի՝ հայտնաբերելով, որ շատ կոնկրետ «Աստղափոշի» վիպակի կերպարներից մեկը Թորի Էյմոսն է:

«Աստղափոշին» ինձ շատ ավելի դուր եկավ. համենայնդեպս, ի տարբերություն «Օվկիանոսի», շատ ավելի բնական ընթացքով ու ընթերցողների կոնկրետ թիրախով գիրք էր: Թեթև ընթերցվող, մաքուր ֆենթըզի լիքը ծանոթ դիցաբանական տարրերով: Առյուծի ու միաեղջյուրի հատվածը շատ կենդանի էր նկարագրված: Հիշատակվում է նաև Պանը: Փորձեցի հասկանալ, թե թագավորի տղաներն ու աղջիկը որտեղից էին վերցված, բայց բացի նրանից, որ լատիներեն թվականների անուններ էին կրում, ուրիշ բան չկարողացա պարզել:

Ու գրքում ամեն ինչը շատ սիրուն էր. թե՛ ընկած աստղը, թե՛ փերիների աշխարհի նկարագրությունները, թե՛ ամպերին նստելը: Գեյմանն էլ էնքան լավ էր նկարագրել, որ էդ բոլորն աչքիդ առաջ էր գալիս, ուզում էիր մի էդպիսի աշխարհում հայտնվել:

Ու չնայած ժանրին, Գեյմանը երբեմն ընթերցողին հետ էր բերում իրական աշխարհ: Օրինակ, ամենավերջում գրում է, որ հերոսները հավերժ միասին չապրեցին, որովհետև ոչ ոք հավերժ չի ապրում: Իսկ վերջաբանն ամեն ինչով չէ, որ խիստ ենթարկվում է հեքիաթի կանոններին:

Նախորդ գրքում էլ էի նկատել, այստեղ էլ աչքիցս չվրիպեց, որ Գեյմանի տեքստերում ֆեմինիստական տարրեր կան: Բայց «Աստղափոշում» դա ավելի նուրբ է, միայն տեղ-տեղ է հայտնվում:

Թորիի կերպարից մի քիչ հիասթափվեցի. ես սպասում էի, որ ոնց էլ չլինի, կճանաչեմ նրան, բայց եթե նախապես չիմանայի, որ խոսող ծառն ինքն է, գլխի չէի ընկնի:

Վերջում շնորհակալություններն էլ կարդացի: Հիշատակվում էր մի մարդ, որը հավատում էր, որ հեքիաթները մեծերի համար էլ են: Հաստատ համաձայն եմ: Նույնիսկ կասեի՝ հենց մեծերի համար են: Մեկ էլ Թորիի անունը կար. գրքի առաջին գլուխը նրա տանն էր գրել՝ փոխարենը խոստանալով, որ Թորիին ծառ կսարքի:

Բայց երևի ամեն դեպքում պետք է չալարել ու հաջորդը «Ամերիկյան աստվածները կարդալ»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s