Այ էդպես, ֆեյսբուքից դուրս ես գալիս, հասցնում ես գիրք կարդալ, կինո նայել, բլոգումդ ավելի շատ ես գրում:
Հազար տարի ուզում էի նայել էս ֆիլմը: Շուխուռ էի դրել: Էն էլ իմ շուխուռի վրա լիքը մարդ նայեց, ես անցյալ գիշեր նոր հաջողացրի երեք ժամ գտնել կինոյին տրամադրելու համար:
«Ադելի կյանքի» մասին երևի էնքան շատ ա խոսացվել, որ ես ոնց որ թե նոր բան չունեմ ասելու: Էստեղ կարող եք կարդալ մի ռիվյու, ընկերներս էլ akumb.am-ում հա քննարկում են, էն կարգի, որ կինոն նայելուց արդեն անգիր գիտեի՝ ինչ ա կատարվելու: Բայց դա չխանգարեց, որ հավեսով ծայրից ծայր նայեմ:
Իմ կողմից էլ ասեմ, հետաքրքիր էր Ադելի ու Էմմայի կոնտրաստը: Ադելը՝ պարզ, հասարակ, մաքուր հայերենով ասած՝ քյառթու աղջիկ, Էմման՝ վեհ գաղափարների հետևորդ, արվեստասեր ու արվեստագետ: Ադելն արվեստներից տեղյակ չի, միակ նկարիչը, որ գիտի, Պիկասոն ա, Սարտր կարդում, չի հասկանում: Էմմային դպրոցական տարիքում Սարտրը տարել էր, դե նկարչությունն էլ իր մասնագիտությունն ա:
Էմման ու Ադելը լրիվ ուրիշ աշխարհներից են: Էմմայի աշխարհում մարդիկ հստակ տիպերի են դասակարգված, ուտում են ծովամթերք ու խոսում արվեստից, զբաղվում նրանով, ինչով սիրում են, ոչ թե նրանով, ինչը փող կբերի: Ադելը չի հասկանում մարդկանց՝ տիպերի բաժանված լինելը, ուտում է մակարոն ու խոսում սիրած մարդու հետ երջանիկ լինելուց: Էմման վեհ աշխարհից է, Ադելը՝ քյառթու: Ադելի համար մեկ է, թե իր սիրելին ով է, ինչ շրջապատից է, ովքեր են նրա ընկերները, թեկուզ իր սեփական աշխարհում թաքցնում է լեզբի լինելը: Իսկ Էմմայի համար կարևոր է, որ իր սիրելին «ներկայանալի» լինի: Իրեն պատիվ չի բերում մանկապարտեզի դաստիարակչուհու հետ ապրելը: Ադելը կարևորում է հարաբերությունների ներքին, միայն երկուսին վերաբերող մասը, իսկ Էմման՝ դրա փաթեթավորումը, այն, ինչ ուրիշներն են տեսնում:
Հասկանալով, որ Ադելին չի կարող իր ուզած ձևով փաթեթավորել, փորձում է ազատվել նրանից: Մենք տեսնում ենք բաժանման տեսարանը, երբ Էմման գոռգոռում է Ադելի վրա իրեն դավաճանելու համար: Բայց բաժանումն էն պահից էր, երբ գիշերը Էմման փորձում է Ադելին համոզել, որ գրող դառնա, նա չի համոզվում: Ու դրա դիմաց Էմման սեքսից հրաժարվում է՝ դաշտանը պատճառ բերելով: Իսկ տղայի հետ համբուրվելն ուղղակի հարմար առիթ է Ադելին վռնդելու համար:
Էմման ինքն ավելի շուտ է Ադելին դավաճանում, բայց ինքը շուստրի է, ինքը տան դիմաց չի համբուրվում Լիզի հետ, այլ զանազան պատճառաբանություններ բռնում, թե Լիզի հետ աշխատում է: Իսկ Ադելը չի կարողանում թաքցնել, անգամ խոստովանում է որ մենակ էր զգում իրեն, դրա համար է արել: Էմման հարց չի տալիս՝ ինչու՞ մենակ: Էմմային պետք է Ադելից ազատվել, ու անում է դա:
Ֆիլմի վերջում Էմման երջանիկ է, ունի ընտանիք, ցուցահանդես, իսկ Ադելը կամացուկ հեռանում է այն աշխարհից, որին երբեք չի պատկանել: