Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Միջազգային համայնքը Կոպենհագենում

on August 1, 2014
Բուսակերների ընթրիք Ադամի տանը: Ներկաներից բնավ ոչ բոլորն են բուսակեր

Բուսակերների ընթրիք Ադամի տանը: Ներկաներից բնավ ոչ բոլորն են բուսակեր

Դանիայում բնակվող արտասահմանցիներից շատ եմ լսել, թե այստեղ ինտեգրվելը շատ դժվար է: «Մինչև դանիերեն չսովորեցի, ինձ այս հասարակության մասը չզգացի»,- ասում է ֆրանսուհի կոլեգաս, որը Դանիա տեղափոխվել է շատ տարիներ առաջ, ունի դանիացի ամուսին ու երեխաներ: Նույնը կասեն արդեն մի քանի տարի այստեղ բնակվող բոլոր արտասահմանցիները: Մի րոպե… մարդիկ ուզում են ինտեգրվել առանց լեզու սովորելու՞: Ո՞ր երկրում է դա հնարավոր:

Բայց Կոպենհագենում շատ հեշտ է միջազգային համայնքում ինտեգրվելը: Հա, մի զարմացեք: Օրինակ Բեռլինում դա շատ դժվար էր գուցե այն պատճառով, որ ամեն ազգություն իր առանձին համայնքն ու միջոցառումներն ուներ կամ գուցե որովհետև բեռլինաբնակ օտարները ժամանակի ընթացքում դառնում էին տեղի գերմանացիների նման:

Ասենք, Դանիան էլ հայ համայնք ունի, որի հանդիպումներից մեկին ներկա գտնվելուց հետո երդվեցի այլևս այնտեղ չհայտնվել: Բայց կոնկրետ Կոպենհագենը մի չգրանցված, չպաշտոնականացված ու չհայտարարված միջազգային համայնք ունի, որին ինտեգրվելը չափից դուրս հեշտ է: Այ հենց դրա մասին եմ ուզում պատմել:

Եվրոպական այլ մայրաքաղաքների համեմատ Կոպենհագենում օտարերկրացիները շատ քիչ են: Եթե այդ բազմությունը բաժանենք երեք մասի, կստանանք երեք բավական փոքր խմբեր. ուսանողներ, մասնագիտացված աշխատողներ և սև աշխատանք անողներ (հիմնականում արևելքից): Իմ նշած միջազգային համայնքը ձևավորել է երկրորդ խումբը: Այստեղ հավաքվում են տարբեր տարիքի, ռասսայի, սեռի, ազգության մարդիկ: Նրանք կարող են ինձ նման նորեկներ կամ ավելի քան քսան տարի այստեղ բնակվողներ լինել:

Բայց ինչպես վերևում արդեն նշեցի, պաշտոնապես նման համայնք գոյություն չունի: Դրանք առանձին խմբավորումներ են, որոնք տարբեր առիթներով խաչվում են իրար հետ. meetup-ը, համալսարանի միջազգային բաժինը, couchsurfing-ը, ֆեյսբուքյան զանազան խմբեր և այլն: Արդյունքում՝ բոլորը բոլորին ճանաչում են: Եթե մեկի հետ էլ նոր ես ծանոթանում, մի հինգ րոպե խոսելուց հետո անպայման մի ընդհանուր ծանոթ կգտնես: Ինչ-որ առանձին ենթամշակույթ, զուգահեռ իրականություն է ձևավորվել հենց Կոպենհագենի ներսում, դանիացիներից անկախ:

Այս խմբերի յուրահատկություններից մեկն այն է, որ դրանք «միօգտագործման» չեն: Բեռլինում բազմիցս պատահել է, որ գնամ զանազան հանդիպումների, ծանոթանամ մարդկանց հետ, որոնց այլևս երբեք չեմ տեսնելու: Այստեղ ամեն հանդիպումից հետո նրանք, ում հետ հասցրել ես շփվել, անպայման հեռախոսի համար կամ մեյլի հասցե են վերցնում կամ միանգամից պայմանավորվում, թե հաջորդ անգամ երբ և որտեղ են հանդիպելու: Հետո, երբ նոր միջոցառումներ են լինում, յուրաքանչյուրն իր պարտքն է համարում նոր ընկերներին տեղեկացնել: Ու այդպես շրջանակն անընդհատ մեծանում է՝ ներառելով աշխատանքային պայմանագրով եկած գրեթե բոլոր արտասահմանցիներին: Ձևավորվում է մի շրջապատ, որտեղ քեզ լավ ես զգում ու չես ուզում դրանից դուրս գալ, չես մտածում ինտեգրվելու մասին:

Բայց մյուս կողմից, այս միջազգային համայնքը նաև փախուստի տեղ է նրանց համար, ովքեր փորձել են կամ ահավոր ցանկանում են ինտեգրվել: Դանիական շրջապատ մտնելու անկարողության արդյունքում գալիս են այստեղ, անընդհատ հանդիպումներ կազմակերպում, նորանոր մարդկանց հետ ծանոթանում՝ հավատալով, որ Կոպենհագենում շրջապատ ունեն: Հա, ունեն շրջապատ, որտեղ ոչ մի տեղացի չկա:

Այնուամենայնիվ, այս հանդիպումներին ժամանակ առ ժամանակ գալիս են նաև դանիացիներ: Գալիս են հետաքրքրությունից դրդված կամ որովհետև ամուսնացած են արտասահմանցու հետ կամ ինչ-որ ընդհանուր թեմա ունեն: Գալիս են, անգամ միմյանց հետ անգլերեն խոսում: Նրանցից շատերը միայն մեկ անգամ են հայտնվում ու անհետանում: Տարօրինակ բան է. այս միջազգային միջավայրերում դանիացիներից շատերն իրենց օտար են զգում սեփական քաղաքում:

Սիրում եմ Կոպենհագենի միջազգային համայնքը: Ինչ-որ տաք բան կա մեջը, դեմք ու հոգի ունի: Բամբասանքներ են պտտվում սրանից-նրանից, մեկը մյուսին արգելում է իր հանդիպումներին գալ, իսկ մեկ ուրիշը երեսուն հոգանոց հանդիպում է կազմակերպում՝ հուսալով, որ իր ուզած մարդը կգա: Նա գալիս է ուրիշի հետ: Մի երրորդը գնում է հանդիպմանը թաքուն հույս փայփայելով, որ իր սպասած մարդն էլ այնտեղ կլինի: Այստեղ խոսում են աշխատանքից, քաղաքականությունից, պատերազմից, կանանցից ու տղամարդկանցից, ուտելիքից, դանիացիներից ու եղանակից: Ու Կոպենհագենի միջազգային համայնքում, որն անուն չունի ու իրականում չկա, որի գոյության մասին դանիացիները ոչինչ չգիտեն, պատմություններ են հյուսվում, որոնք մի օր անպայման ջրի երես են դուրս գալու:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: