Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կոպենհագենի փողոցներում

on August 3, 2014
Լուիջին ու Սառան

Լուիջին ու Սառան

Հենց Սառան սկսեց երգել, մարդիկ շատացան: Հիմնականում կամերաներն էին հանում ու վիդեոներ անում, մեկ-երկու երգ լսում, կիթառի պատյանի մեջ մանրադրամ լցնում ու հեռանում: Հասկանալով, որ դեռ երկար եմ կանգնելու, հեծանիվս տարա պատի տակ, կայանեցի: Իսկ Սառան Լուիջիի նվագակցությամբ երգեց այնքան, մինչև կիթառի լարերից մեկը կտրվեց: Լուիջին հայտարարեց, որ տարածքը զիջում է Փիթըր Ջոնսին ու մի կողմ քաշվեց: Մոտեցա ու ամբողջ մանրադրամս լցրի պատյանի մեջ:

Էս պուճուր աղջիկը մեծ ուշադրությամբ Լուիջիին էր լսում

Էս պուճուր աղջիկը մեծ ուշադրությամբ Լուիջիին էր լսում

Հենց այդ պահին նստարանին հարմարված մի պապիկ ձեռքով արեց.

– Արի, արի այստեղ նստի, շատ ես կանգնել:

Չնայած պատրաստվում էի գնալ, պապիկին ենթարկվեցի ու նստեցի կողքը: Մինչ նա կսկսեր խոսել, Լուիջին ասաց.

– Շատ շնորհակալ եմ լսելու համար: Երևի երաժշտություն սիրում ես, հա՞:

– Հա, ահավոր շատ եմ սիրում: Շնորհակալ եմ նվագելու համար:

– Որտեղի՞ց ես,- սկսեց պապիկը

– Հայաստանից:

– Հրաշալի՜ երկիր է:

– Եղե՞լ եք այնտեղ:

– Չէ, լսել եմ ջարդերի մասին… համ էլ Նյու Յորքում մի հայկական եկեղեցի կա:

– Նյու Յորքից եք:

– Այնտեղ ապրել եմ, բայց իռլանդացի եմ:

Ես նրան հայտնեցի, որ շատ եմ սիրում Իռլանդիան, իռլանդական գրականությունն ու երաժշտությունը: Իսկ նա սկսեց պատմել, որ արդեն յոթ տարի է, ինչ Կոպենհագենում է, վեց գիրք է գրել, հենց յոթերորդն էլ գրի, կվերադառնա Նյու Յորք, որ իր գրածների համար վեց հարյուր անուն է գործածել, երեք հարյուր դանիական, հարյուր շվեդական, հարյուր նորվեգական և հարյուր ֆիննական: Հետո արտաբերեց իր ամենասիրած անունը, որը մի քանի ֆաքից էր կազմված: Ասաց, որ կյանքում հինգ-վեց գիրք է կարդացել: Հարցիս, թե ինչպես է առանց կարդալու գրում, պատասխանեց, որ թերթեր է շատ կարդում:

Իռլանդացի պապիկը

Իռլանդացի պապիկը

Փիթըր Ջոնսն արդեն պատրաստ էր, Best Time-ով սկսեց: Պապիկն ականջիս ինչ-որ բաներ էր պատմում, որոնք չէի լսում, որովհետև երգի վրա էի կենտրոնացել: Մեկ էլ հարցրեց.

– Kelly Family խմբին գիտե՞ս:

Ցնցվեցի ու նայեցի դեմքին.

– Ո՞նց չգիտեմ: Իմ սիրած խումբն է:

– Յոթ տարի առաջ եմ հայտնաբերել, երբ եկա այստեղ: Ի՜նչ հրաշալի պատմություն ունեմ: Անպայման գրելու եմ նրանց մասին… ունենալ տասներեք երեխա ու բոլորին երաժշտության մեջ ներքաշել: Ու ինչպիսի՜ երաժշտության:

– Հա, ափսոս՝ մոռացվել են հիմա:

– Բայց յություբում լիքը նյութ կա…

– Ի դեպ, ես նրանցից մի քանիսին հանդիպել եմ:

– Փեդիի՞ն:

– Փեդիի համերգին եղել եմ, բայց համերգից անմիջապես հետո փախավ: Ու առանձնապես ինձ դուր չի գալիս, թե ինչ է դարձել: Պատրիսիային եմ հանդիպել:

– Բայց լավ է, որ նրանցից մի քանիսն իրենց ընտանիքներով են երաժշտական խմբեր կազմել:

– Հա, օրինակ Անջելոն:

Հետո սկսեց պատմել, որ ամերիկյան ինչ-որ հայտնի խմբի վոկալիստ իր բարեկամն է, որ իր կինն էլ Քենեդուն է բարեկամ, արանքում նշեց, որ Կոպենհագենում գրանցված է որպես անտուն: Պատմեց նավի վրա որպես կապիտան անցկացրած քսան տարիների, իր նկարած վավերագրական ֆիլմերի ու BBC-ի արած իր մասին հաղորդումների մասին:

Պապիկից վատ հոտ էր փչում: Երևում էր՝ վաղուց չի լողացել: «Հիգիենային չի հետևում, անտրամաբանական խոսք, մեծամոլական զառանցանքներ»,- մտածեցի: Փորձեցի մի կողմ շպրտել ներսիս հոգեբույժին ու տեսնել պապիկի ախտանիշների հետևում թաքնված հրաշալի մարդուն, որը Kelly Family է լսում:

Ավելացրեց, որ երբեք Իռլանդիա չի վերադառնալու:

Փիթըր Ջոնսը

Փիթըր Ջոնսը

– Ինչպես մնացած իռլանդացի գրողներն Իռլանդիայից փախել են, այնպես էլ ես… բայց ինձ ճիշտ հասկացիր, ես իռլանդացի եմ ու հպարտ եմ, որ իռլանդացի եմ… բայց դու Հայաստանից պատմի, ո՞նց է էնտեղ:

– Լավ,- կարճ պատասխանեցի՝ փորձելով Փիթըրին լսել:

– Ուզում էիք ԵՄ մտնել, հա՞:

– Չէ:

– Հա, ճիշտ է, Ռուսաստանի ազդեցության տակ եք:

Փիթըրը սկսեց Russian Blue-ն երգել:

– Լավ երգ է, լսենք,- առաջարկեց պապիկը:

Փիթըրը վերջացրեց համերգը: Վազեցի մոտը, հարյուր կրոնանոց պարզեցի ու ասացի, որ ուզում եմ դիսկերից մեկը գնել: Վերցրեց ու երեք հատ տվեց ինձ:

– Մեկն եմ ուզում:

– Իսկ ես քեզ երեքն եմ տալիս,- ասաց:

Շնորհակալություն հայտնեցի ու ասացի, որ սիրում եմ իր երգերը ու հաճախ եմ փնտրում Կոպենհագենի փողոցներում: Ուրախացավ: Հայտնեցի նաև, որ ես էի մեյլով հարցրել, թե ուր է կորել:

– Շատ հաճելի է,- ասաց,- երբեմն թվում է՝ մարդիկ չեն լսում, ուղղակի անցնում են: Նամակդ էլ ստացել էի մի օր, երբ ահագին հուսահատված էի: Ահագին քաջալերեց:

– Ես էլի կգամ:

Փիթըրը ձեռքս պինդ սեղմեց:

– Դիսկերը կոպիա արա ու բաժանիր ընկերներիդ:

– Կուղարկեմ Հայաստան:

– Շնորհակալ եմ,- ու ձեռքս նորից սեղմեց:

Մոտեցա իռլանդացի պապիկին, որ հաջող ասեմ:

– Բարի գալուստ ֆան ակումբ,- հայտարարեց,- կհանդիպենք Կոպենհագենի փողոցներում:

Advertisements

6 responses to “Կոպենհագենի փողոցներում

  1. uluana says:

    Ի՜նչ հավես ա։ 🙂 Երեկվա գրառումդ սրա հետ էր կապված, չէ՞։ Համենայնդեպս, լրիվ պատկերացրի։ :)))

  2. John says:

    George R. R. Martin-ին ա նման պապիկը 😀

  3. Anna Mina says:

    Կայֆ.
    Սա նույն Փիթերն է?

    • byurie says:

      Հա, նույն ինքն ա 🙂
      Ուզում եմ իրա մասին առանձին գրառում անել: Տեսնեմ՝ կարա՞մ բռնացնեմ, մի քիչ զրուցենք 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: