
Կոպենհագենից քիչ հեռու գտնվում է Հելսինոր (կամ Էլսինոր) քաղաքը, որտեղ տեղակայված է Կրոնբորգ ամրոցը: Հենց այստեղ են տեղի ունեցել Շեքսպիրի «Համլետի» իրադարձությունները: Կանգնելով ամրոցի պարիսպներին՝ կարող ես տեսնել դիմացի ափը՝ Շվեդիան, Հելսինորի քույր քաղաքը՝ Հելսինբորը: Իսկ ամրոցը բաց է այցելուների համար:
Լրացուցիչ գումարի դիմաց մի անտաղանդ դերասան Հորացիոյի հագուստով ու կերպարի մեջ մտած ուղեկցում է այցելուներին պալատի սենյակներով ու պատմում «Համլետը», պատմում միայն սյուժեն, պրիմիտիվ, առանց ուղղակի մեջբերումների: Չինացի այցելուներն աչքերը լայն բացած լսում են ու ամեն ծակուծուկ չխկացնում:

Ամրոցն ինքը շատ սիրուն է թե՛ դրսից՝ հեռվից նայելիս, թե՛ ներսից: Լրիվ պահպանել է միջնադարյան տեսքը, ու թվում է՝ ուր որ է կառքը բակ կմտնի կամ սենյակներից պալատականները դուրս կգան: Կրոնբորգում կորցնում ես ժամանակի զգացողությունը:
Հելսինորում Էրեսունդ նեղուցի ամենանեղ հատվածն է՝ ընդամենը 4 կմ: Կարող ես նավ նստել և քսան րոպե անց հայտնվել Շվեդիայում՝ ճանապարհին նկատելով, թե ինչպես է կամաց-կամաց Կրոնբորգ ամրոցը փոքրանում ու անհետանում: Իսկ շվեդական Հելսինբորի ափերից երևում է Դանիան:

Հելսինբորը փոքր քաղաք է նեղլիկ փողոցներով: Շաբաթ օրվա երկրորդ կեսին խանութներն արդեն փակվում են, փողոցները դատարկվում, ու քաղաքն անցնում է հանգստի: Եվ միայն Քերնեն ամրոցի շրջակայքում կնկատես տուրիստների: Ասում են՝ Քերնենն ուղիղ Կրոնբորգի դիմաց է կառուցված, այնտեղ կանգնելիս կանգնում ես Կրոնբորգի դիմաց: Իսկ աստիճաններով բարձրանալիս հրաշալի տեսարան է բացվում քաղաքի ու Դանիայի վրա:

Անսովոր բան է նավ նստել, կարճ ճանապարհ անցնելն ու բոլորովին այլ երկրում հայտնվելը: Այստեղ ուրիշ լեզվով են խոսում, ուրիշ դրամական միավոր է: Ու մինչ կփորձես հասկանալ, թե մեկ շվեդական կրոնը քանի դանիական կրոն է, գալիս է նավ նստելու և Դանիա վերադառնալու ժամանակը:
Երանի քեզ։
:))