Լոնդոնն ինձ համար էմոցիաների քաղաք է: Նույնիսկ առաջին անգամվա գրառումներս կարդալիս ես ոչինչ չտեսա բուն քաղաքի կամ այնտեղ տեսածներիս մասին: Ամբողջն էմոցիա էր: Ու հիմա էլ նույնն է լինելու:

Լոնդոնում անցկացրածս վիքենդն իմ կյանքի ամենատարօրինակ ճամփորդությունն էր: Տարօրինակ էր սկսած այնտեղ գնալու առաջարկից, վերջացրած նրանով, թե ում հետ գնացի և ինչ արեցինք ողջ երկու օրերի ընթացքում: Այդ ամենի հետ մեկտեղ թանկ են էնտեղ ունեցածս զգացողությունները, խոսակցությունները, որոնց բովանդակությունը ցանկացած մեկի համար բոլորովին աննորմալ կթվային ու տուրիստական ախմախությունների գրեթե բացակայությունը:

Շուրջս նայելիս քիչ էր մնում մշակութային շոկ ապրեի, որովհետև Լոնդոնում դասակարգային տարբերությունները շատ ավելի ընդգծված ու հստակ են: Նիդեռլանդներում ու Դանիայում նման արտաքին տարբերություններ երբևէ չեմ տեսել: Ինձ զարմացրել էր նաև, թե ինչքան անմիջական էին այնտեղ սպասարկման ոլորտում աշխատողները: Ու որքան որակյալ էր սպասարկումը: Լոնդոնում ամեն-ամեն ինչ էր սարսափելի որակյալ: Ոնց որ աշխարհի որակներն այնտեղ հավաքված լինեին:
Այնտեղ հավաքվել էին նաև բոլոր էմոցիաներս: Աչքիս առաջով նախորդ այցելությանս օրերն ու պահերն էին սահում, հետո դանդա՜ղ տեղափոխվում էի դրան հաջորդած կյանքիս: Լոնդոնը կարճլիկ դադար էր մղձավանջից, որ հետո պիտի լիներ իմ կյանքում:

Այս անգամ Լոնդոնը վերադարձ էր իրականություն: Հանդիպում էր իմ, մյուսների, աշխարհի տարօրինակությունների հետ, հայտնագործություն էր, ինքնաճանաչում էր, խելագարություն էր ու պարզապես հանգիստ իմ սովորական դանիական առօրյայից, որին վերադառնալ այլևս չի հաջողվում: