Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Սեպտեմբերի 1. գործազուրկից մինչև էլիտա

on September 1, 2014

– Դուք ամենապայծառներն ու ամենախելացիները չեք,- այսպես սկսեց իր ողջույնի խոսքը PhD դպրոցի ղեկավարը,- դուք ամենապայծառն ու ամենախելացին եք ամենապայծառներից ու խելացիներից:

Շարունակեց մի քանի անգամ շեշտելով, որ մենք էլիտա ենք: Բայց դրանում հասցրել էի համոզվել Դանիայում ապրածս գրեթե հինգ ամիսների ընթացքում. ամեն անգամ, երբ համալսարանից դուրս որևէ տեղ նշում էի, որ PhD ուսանող եմ, սկսում էին հարգանքով հետս խոսել, ինչքան էլ ինձնից տարիքով մեծ լինեին:

Կոպենհագենի համալսարանի հումանիտար ֆակուլտետի PhD ուսանող լինելն իսկապես մեծ պատիվ է. այստեղ մերժում են դիմորդների 96%-ին, իսկ ավարտողներն անպայման շատ լավ աշխատանք են ճարում: Դրան գումարած, որ PhD-ն վերջացնելու միջին տևողությունը երեք տարի ու երեք ամիս է (Կանադայում յոթ տարի է, բայց որակական տարբերություններ չկան): PhD ուսանողի աշխատավարձն էլ աշխարհում ամենաբարձրերից է (երևի միայն Նորվեգիան է ավելի շատ վարձատրում):

Այս բոլորը չգիտեի, երբ անցյալ աշնանը հուսահատությունից սկսեցի ծրագրեր փորփրել ու պատահաբար գտա այս մեկը, որն ինձ այնքան ոգևորեց, որ որոշեցի դիմել: Հիմա ինձ անտանելի բախտավոր եմ համարում, որ հայտնվել եմ այստեղ, ներսս էլ շոյվում է այն գիտակցությունից, որ այստեղ ես էլիտա եմ, այստեղ ինձ հարգում են թե՛ տեղացիները, թե՛ արտասահմանցիները:

Սեպտեմբերի 1-ն այսօր ինձ համար նշանակություն ունի: Ճիշտ է՝ արդեն չորս ամիս է, ինչ աշխատում եմ Կոպենհագենի համալսարանում, իմ ներածական կուրսն այսօր էր, այսօր էին ինձ բարի գալուստ ասում, քանի որ անցյալ կիսամյակ ուշ էի տեղ հասել: Դրա համար դասընթացի ավարտից անմիջապես հետո վերադարձա գրասենյակս ու շարունակեցի կիսատ հոդվածի վրա աշխատել: Ուղեղս զոռ տալով: Հաճելի բան է, երբ զգում ես, որ ուղեղդ աշխատացնում ես:

Բայց անցյալ տարվա սեպտեմբերի 1-ը լրիվ ուրիշ էր: Առաջին օրն էր, կյանքիս մեջ առաջին անգամ էր, երբ պաշտոնապես գործազուրկ էի: Սկզբում կատակում էի այդ թեմայով, երբ հարցնում էին՝ ինչով ես զբաղվում, ասում էի՝ գործազուրկ եմ: Իսկ հետո, երբ վռնդվեցի բժշկական համալսարանի կադրերի բաժնից ու Դիլիջանի հիվանդանոցից, այլևս բնավ ծիծաղելի չէր: Ծիծաղելի չէր նաև, որ երբ ի վերջո դուրս եկա գործազուրկների շարքից, ուղեղս բնավ կարիք չուներ առավելագույնս աշխատելու: Ոչ էլ ծիծաղելի էին մի շարք գործատուների անկեղծ զարմանքը. «Գիտությու՞ն: Հայաստանու՞մ»:

Եվ առավելևս ծիծաղելի չէին այն բոլոր մարդկանց քամահրական ռեպլիկները, թե՝ ինչ ա թե եվրոպական դիպլոմ ունես, պիտի քեզ բարձր աշխատավարձով աշխատա՞նք տան, թե՝ ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, չգիտեի՞ր, որ Հայաստանում գործ չես գտնելու, թե՝ փոխանակ մնաք, փոխեք երկիրը, գնում, ուրիշների ստեղծածն եք վայելում:

Փաստորեն, Հայաստանում զրո արժեք ունեցող եվրոպական դիպլոմս օգնեց, որ Դանիայում բարձր վարձատրվող ու հարգված աշխատանք ճարեմ, ընդ որում՝ մեծ մրցույթ հաղթահարելով: Փաստորեն, այստեղ գիտությամբ զբաղվելը խրախուսվում է, ու ոչ թե եկել եմ ուրիշների ստեղծածը վայելելու, այլ ուրիշների հետ միասին ստեղծելու: Այստեղ խրախուսվում է ստեղծելը:

Մինչև հիմա չէի հասկանում՝ մարդիկ ինչու են սեպտեմբերի 1-ը շնորհավորում: Այսօր նոր տեղ հասավ. այսպիսի բազմաթիվ սեպտեմբերի 1-երի շնորհիվ է, որ հասել եմ այստեղ: Անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին գործազուրկ էի, իսկ հիմա՝ էլիտա: 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: