Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Միջին վիճակագրական (պատմվածք)

on September 13, 2014

Աշխարհի ամենահամեղ խմորեղենից մի կտոր կծելուց հետո Էվան մի քանի վայրկյան փակեց աչքերը, հետո շշնջաց.
– Ուզում եմ քո մասին գրել, շատ եմ ուզում:
– Իսկ ի՞նչ կգրեիր: Որ այս տարօրինակ գյուղացին ինձ իմ հարմարավետ տնից հանեց, բերեց այս հսկայական քաղաքը միայն նրա համար, որ առավոտից երեկո ռեստորաններու՞մ քարշ գա:
– Դու քեզ էդպիսի՞ն ես պատկերացնում:
– Ոչ, ես հեքիաթից փախած արքայազն եմ ու իմ ձիով եկել եմ արքայադստերս աշխարհ ցույց տալու ու ամենահամեղ բարիքները ճաշակելու,- Դանիելի դեմքին սարկաստիկ ժպիտ հայտնվեց:
– Կասե՞ս վերջապես, թե ինչպիսին ես քեզ պատկերացնում,- Էվան պահպանում էր լրջությունը:
Դանիելը նայեց դեռևս ձեռք չտված խմորեղենի իր կտորին, խորը հոգոց հանեց ու պատասխանեց.
– Եսասեր արարած: Մեռնում եմ միայնությունից: Կուզեի միջին վիճակագրական լինել:
– Ես էլ,- Էվան գլուխը կախեց և տասը եվրոյանոց թխվածքի կտորի երրորդ կտորը ծամեց: Լռություն տիրեց:

Ռեստորանում ընթրողները գեղեցիկ հագնված կանայք ու տղամարդիկ էին: Եվ միայն Էվան ու Դանիելն էին հասարակ, ամենօրյա հագուստով, ամբողջ օրը թափառելուց հոգնած, գզգզված մազերով: Այսպիսի ռեստորաններում կանայք ամուսնության առաջարկներ են ստանում կամ սիրո խոստովանություններ լսում, կամ զանազան կարևոր տարեդարձներ են տոնվում: Էվայի ու Դանիելի համար սովորական օր էր, ուղղակի որոշել էին այնտեղ գնալ աշխարհի ամենահամեղ խմորեղենը փորձելու:
– Այդ դեպքում պիտի գրպանիցս հանեի ամուսնական մատանին ու խնդրեի, որ իմ կինը դառնաս: Դու էլ պիտի կարմրեիր, զարմանայիր ու… – Դանիելը ձեռքը գրպանը տարավ:
– Իսկականից, ի՞նչ են անում նման դեպքերում միջին վիճակագրական աղջիկները,- Էվան շուրջը նայեց: Կարծես ամուսնության առաջարկ անող տղամարդ տարածքում չկար:
– Չգիտեմ:
– Իսկ գուցե բոլորովին էլ այդպես չէ, գուցե այս փուլում պիտի հետս քնեիր ու վարդագույն խոստումներ տայիր, վաղն էլ անհետ կորեիր, իսկ ես մնացած ամբողջ կյանքս հավատայի, որ կվերադառնաս, մի խելոք ջահելի ճարեի, տղա ունենայի, քո անունից դնեի: Հետո պիտի հայտնվեիր ու սխալմամբ մտածեիր, որ տղան քեզնից է:
– Բրազիլական սերիալ:
– Արգենտինյան,- Էվան առաջին անգամ ժպտաց:
– Ուրեմն սերիալները միջին վիճակարգականի վրա են գրվում,- Դանիելը վերջապես իր բաժին թխվածքից մի կտոր կտրեց ու կերավ:
– Թե՞ միջին վիճակագրականների համար,- Էվան նորից ժպտաց:
– Լավ, կթողնե՞ս նրանց, արի վերադառնանք մեր դեպրեսիվ թեմաներին:
– Թեմա առաջարկիր, քեզ մոտ լավ է ստացվում:
Նորից լռություն տիրեց: Երկուսն էլ մտածում էին: Դանիելը գտավ հարմար հարցը.
– Ո՞րն է քեզ համար ինքնասպանության նախընտրելի միջոցը:
– Վերևից թռչելը, որ մեռնելուց առաջ ազատ անկում վայելեմ,- Էվան այնքան արագ պատասխանեց, կարծես սպասում էր այդ հարցին:
– Իսկ եթե փոշմանե՞ս:
– Ոչինչ, հանուն զգացողության արժե:
– Իսկ եթե ընթացքդ խափանվի՞:
– Չի խափանվի, եթե լավ մտածված անեմ:
– Իմ ընկերը փորձել էր: Վեցերորդ հարկից թռել էր, բայց պատահմամբ հանգրվանել էր չորրորդ հարկի պատշգամբում: Հիմա և՛ կենդանի է, և՛ անշարժ: Չես ուզում, չէ՞:
– Չէ, չեմ ուզում…
– …Դե պատկերացրու նաև քեզ գտնող մարդու հոգեվիճակը: Ամբողջ կյանքում տառապելու է:
– Իսկ քեզ սիրո՞ղ մարդիկ: Նրանք չե՞ն տառապի… Լավ, քո տարբերակն առաջարկիր:
– Իներտ գազով պարկ կհագնեի գլխիս, որ շնչառական կենտրոնս չդրդվեր, չկարողանայի կառավարել… ամեն դեպքում, դժվար է հնարավորինս անցավ ու արագ մահ ընտրելը:
– Համաձայն եմ:
– Եվ մեծ համարձակություն է:
– Համաձայն եմ:
– Մամաս շատ կտխրի:
– Իմն էլ:
Ժամը տասնմեկն էր: Ռեստորանը կամաց-կամաց դատարկվում էր: Մատուցողուհին վաղուց չէր անհանգստացնում Էվային ու Դանիելին. ասել էին, որ հենց որևէ բանի կարիք ունենան, կկանչեն:
Մոտ մի քանի րոպե նրանցից ոչ մեկը ոչինչ չէր ասում: Երկուսն էլ անթարթ նայում էին պատուհանից դուրս, որտեղ փողոցային լապտերի լույսի տակ անդադար, միապաղաղ անձրևի կաթիլներն էին թափվում:
– Եվ դու այս բոլորը գրի՞ ես առնելու,- հարցրեց Դանիելը:
– Իհարկե:
– Ի՞նչ կմտածի ընթերցողը:
– Կմտածի, որ տարօրինակ ենք:
– Ոչ մի զարմանալի բան:
– Կմտածի, որ այս զրույցը հորինված ու կեղծ է, որ նման թեմաներից այսպիսի սառնասրտությամբ չեն խոսում, որ հեղինակը փորձել է էքսցենտրիկ երևալ ու էսպիսի անբնական կերպարներ է ստեղծել:
– Ուրեմն մենք անբնակա՞ն ենք:
– Ոչ, միջին վիճակագրական չենք: Իսկ ով միջին վիճակագրական չէ, աննորմալ է կամ հորինված կամ չափազանցված կամ խաղում է:
– Իսկ դու միջին վիճակագրականի համա՞ր ես գրում:
– Չգիտեմ: Երևի:
– Իմա՞ստը:
– Ուրիշ ոչ ոք չկա:
– Ինձ համար կգրե՞ս:
– Բայց դու չես կարդում:
– Ճիշտ ես… կարծեմ ասել եմ քեզ, որ կարդացածս չեմ հասկանում: Բայց դու կբացատրես, չէ՞:
– Եթե ուզես…
– Օրուելի 1984-ը լավ էլ բացատրել էիր:
– Շատ իզուր էիր կարծում, թե դու դա հասկանալու էիր: Սխալ տեղից էիր սկսել:
– Ինչու՞:
– Դու չգիտես Սովետն ինչ է եղել:
– Թե չէ դու գիտես:
– Ես այնտեղ եմ ծնվել:
– Լավ, բայց Ուլիսն էլ եմ կիսատ թողել:
– Միայն դու չես, շատերն են:
– Ուրեմն միջին վիճակագրական եմ:
– Այս հարցում հաստատ: Չնայած գոնե փորձել ես: Դժվար է որոշել այն մարդկանց թիվը, որոնք երբևէ լսել են Ուլիսի մասին ու փորձել կարդալ և համեմատել նրանց հետ, ովքեր երբևէ չեն լսել, գաղափար էլ չունեն՝ Ջոյսն ով է: Բայց նրանք, ովքեր մինչև վերջ կարդացել են, հաստատ միջին վիճակագրական չեն:
Նորից լռություն տիրեց: Դանիելը ձեռքը տարավ գրպանը:
– Ուրեմն սա քեզ,- գրպանից երիցուկ հանեց և ամրացրեց Էվայի մազերին: Էվան ոչինչ չասաց:
– Կյանքիդ վերջին րոպենե՞րն ես հաշվում,- հարցրեց Դանիելը:
– Արդեն մեռնու՞մ ենք: Թույլ կտա՞ս գոնե կոշիկներս հանեմ:
Քանդեց կապերը ու շա՜տ դանդաղ հագից հանեց աշնանային կոշիկները: Երիցուկը մազերից ընկավ: Նկատեց, բայց ոչինչ չասաց:
– Ընկավ,- ասաց Դանիելը:
– Տեսա: Գուցե առանց դրա՞ մեռնեմ:
– Ինչպես կուզես:
Էվան հենվեց աթոռին ու խորը շունչ քաշեց: Մատուցողուհին տարածքում չէր երևում:
– Դեմքս չայլանդակես, լա՞վ:
– Չէ, միայն պարանոցդ:
Դանիելը ձեռքը նորից գրպանը տարավ: Գրպանից հանեց դանակը ու կտրուկ շարժումով կտրեց Էվայի քնային զարկերակը: Արյունը դուրս չռռաց, ներկեց մարմինը, ներկեց կոշիկները, ներկեց դրանց մոտ ընկած երիցուկը:
– Ուրեմն սրա մասին գրելու՞ ես,- հարցրեց Դանիելը:
– Անպայման:
– Ի՞նչ կմտածեն մեր մասին:
– Կմտածեն, որ տարօրինակ ենք:
Արյան հոսքը գնալով դանդաղեց ու ի վերջո դադարեց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: