Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կրթական խնդիրներ. ընթացքի միակողմանիությունը

on September 14, 2014

Երբ մանկավարժականում պիտի դասավանդեի, իմ՝ պաշտպանած չլինելը խնդիր էր, բայց քանի որ մագիստրոսի կոչումս դրսում էի ստացել, կարծես ինչ-որ իմաստով կոմպենսանում էր թեկնածու չլինելս: Այն ժամանակ կարծում էի, որ արդարացի է, որ ամեն դեպքում պահանջում են, որ դասախոսները պաշտպանած լինեն: Հիմա ամենևին այդ կարծիքին չեմ:

Դասախոսների առաջ դնելով նման պահանջներ՝ ավելի է խորանում կրթության միակողմանիության խնդիրը: Իսկ Հայաստանում հենց Սովետի ժառանգ լինելու հետևանքով կրթությունը միակողմանի ընթացք ունի, ինչի պատճառով էլ ծագում են բազմաթիվ խնդիրներ՝ սկսած դասախոսների գիտելիքների հնանալուց, վերջացրած մտածող ուսանողություն չունենալով:

Փորձենք պատկերացնել բարձրագույն ուսումնական համակարգը: Ուսանողը մտնում է լսարան, դասախոսը գալիս է, գիտելիք մատուցում, գնում տուն: Հետո ուսանողը քննություն է հանձնում և/կամ դիպլոմային, կուրսային գրում ինչ-որ թեմայով, ապացուցում, որ ինչ-որ տեսակի գիտելիք ունի, գնահատական ստանում: Ու էսպես շարունակ: Ո՞վ է գիտելիք տվողը: Իհարկե դասախոսը: Ո՞վ է գիտելիք ստացողը: Իհարկե ուսանողը: Բայց արդյոք ճի՞շտ է այսպես:

Դանիայում PhD-ուսանողներին պարտադրում են մի կիսամյակ դաս տալ: Նման պարտադրանքի բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ այստեղ հանգել են այն եզրակացության, որ գիտելիք ստանալու լավագույն միջոցներից մեկը հենց դասավանդելն է: Այսինքն, երբ PhD-ուսանողն իր նեղ ոլորտի որևէ թեմա մի կիսամյակ դասավանդում է, կարելի է եզրակացնել, որ այդ թեման լավ յուրացնում է, հետևաբար աստիճան շնորհելիս կամ աշխատանքի ընդունելիս այլևս գիտելիքները կասկածի տակ չեն առնվում:

Բայց այստեղ ամենազարմանալին այն է, որ դանիացի PhD-ուսանողներից շատերը դասավանդման նախկին փորձ ունեն: Մագիստրատուրայում եղած ժամանակ բակալավրիատին են դաս տվել, բակալավրիատում եղած ժամանակ՝ դպրոցականներին: Ոմանք նույնիսկ լեզվի դպրոցներում օտարերկրացիներին դանիերեն են սովորեցրել: Փաստորեն, այստեղ խիստ ընդունված պրակտիկա է, որ ավագը կրտսերին դասավանդում է: Եվ ուսման ընթացքը ոչ թե միակողմանի է՝ դասավանդողից դասավանդվողին, այլ երկկողմանի. դասավանդողը նույնպես սովորող է: Այստեղ չեն վախենում «չպաշտպանածներին» դաս վստահելուց, որովհետև գիտեն, որ դրանից շահելու են երկու կողմերը:

Մյուս կիսամյակ մագիստրատուրայի ուսանողներին դասավանդելու եմ: Դասավանդելու եմ մի առարկա, որից ինքս էլ գաղափար չունեմ, ու ղեկավարությունը շատ լավ գիտի դրա մասին, հենց դրա համար էլ հանձնարարել է, որպեսզի դասավանդելուց հետո տիրապետեմ առարկային:

Իմ կոլեգաներից մեկը, որը պոստդոկ է, մի անգամ ասաց. «Ակադեմիան հենց նրա համար եմ սիրում, որ անընդհատ սովորում ես»: Իսկապես, եթե կողքից հետևեք մեր թիմի աշխատանքներին, կնկատեք, որ անընդհատ բոլորս սովորում ենք՝ լինի դա պրոֆեսոր, թե մագիստրատուրայի ուսանող: Թիմում կան մարդիկ, որոնք մի բանից լավ են, մյուսից՝ չէ: Դրա համար իրարից խորհուրդներ ենք հարցնում, քննարկում, հարցեր տալիս: Պրոֆեսորն ինքը բերում, տեսությունը մեր առաջ է դնում, պոստդոկերին ասում՝ սրանից էքսպերիմենտ ստացեք, ես լավ չեմ էքսպերիմենտներից:

Այդպե՞ս է արդյոք Հայաստանում: Որպես ուսանող և դասախոս ունեցածս փորձից եզրակացրել եմ, որ մեզ մոտ դասախոսն անսխալականն է, այն մարդը, որն այլևս սովորելու տեղ չունի, եթե անգամ գիտելիքները հնացած են, սովորեցնողն է, գիտելիքը միայն մի ուղղությամբ փոխանցողը: Եվ ո՞վ է ուսանողը, որը համարձակվում է հակառակ ուղղությամբ ինֆորմացիա ուղարկել: Իհարկե, ես սա չեմ ասում բոլորի մասին, այլ ներկայացնում եմ որպես համակարգային մոտեցում:

Գուցե պարզապես ապահովելով գիտելիքի երկկողմանի հոսքը, բազմաթիվ խնդիրներ լուծվե՞ն հայկական կրթական համակարգում: Գուցե չվախենանք ուսանողներին դպրոցներ ուղարկելուց, ավագներին կրտսերների կամ նույնիսկ այլ ֆակուլտետների լսարաններ մտցնելուց (օրինակ, ինչու՞ չի կարող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողը բժշկականում ֆիզիկա դասավանդել կամ բանասիրականի ուսանողը՝ ֆիզիկայի ֆակուլտետում հայերեն): Ու չվախենանք ուսումնական հաստատությունը գիտելիքի անընդհատ ու երկկողմանի շրջապտույտի վայր սարքել, որտեղ բոլորը, անկախ տարիքից ու փորձից, անընդհատ սովորում են:

Advertisements

2 responses to “Կրթական խնդիրներ. ընթացքի միակողմանիությունը

  1. Arpine says:

    Բյուր համակարգերի համեմատություն ինքս էլ միշտ անում եմ, չնայած էնքան խորն ա տարբերությունը որ երևի պետք չի. երկկողմանիության գաղափարը կրթության մեջ դեռ լսած չէի, բայց մտածում եմ ավելի քան արդյունավետ պետքա լինի, ու մեր մոտ եթե վերցնենք որ դասախոսը գալիսա լսարան քանի տարվա կազմած լեկցիան նորից կարդալու ու հիմնականում ձանձրալի դաս անցկացնելու, ապա ուսանողը նույնը անելիս շատ ավելի պատասխանատվությամբ կփորձի անց կացնել էս գործընթացը, ավելի ինովացիոն։
    Այ մի անգամ կուզեի կարդալ ուսանողների ու դասախոսների վերաբերմունքների, ատիտյուդների վերաբերյալ իրար նկատմամբ, տարբերությունները, կամ նմանությունը էստեղ ու էդտեղ. իմ համար սա շատ ցավոտ կողմ ա։
    մի օրինակ ուղղակի. մի երկու օր առաջ դասախոսիս ասեցի որ միթե ավելի լավ չէ տվյալ տերմինը մյուսով փոխարինել ընդ որում թարգմանության առումով էր ավելի շուտ ինձ սխալ թվում, բակց դե գիտես ստեղ ես ով եմ որ մի հատ է լ նման բան ասեմ անսխալականներին։ Խոսքս կտրում են։ Իսկ երբ ես ինչ որ բան կառաջարկեի կամ կասեի դասախոսին Նիդերլանդներում ինձ երբեք չէին ժխտի նման ձևով, քանի որ դրա համար գոնե պետքա հիմնավորում ունենան գրված կոնկրետ էջում։
    էս միակ դեպքը չի իհարկե։

    • byurie says:

      Արփին, հա, համաձայն եմ, որ ուսանողն ավելի մեծ պատասխանատվությամբ ա հարցին մոտենում: Բժշկականում նույնիսկ մեր ջահել դասախոսներն ավելի շատ գիտելիք էին տալիս ու ավելի շատ պահանջում, քան քառասուն տարի նույն լեկցիան կարդացողները: Իսկ Հայաստանում էղած էն կես տարվա ընթացքում իմ ամենամեծ վախն էն էր, որ հաջորդ տարի մանկավարժականում լրիվ նույն լեկցիաները կկարդամ, ու ոչ ոք չի ասի՝ աղջիկ ջան, ինչու՞ նյութդ չես թարմացնում:
      Կարծում եմ՝ ուսման պրոցեսի երկկողմանիության գաղափարը, թեև ոչ էնքան արտահայտված, Նիդեռլանդներում էլ կա: Մեր ուսումնական ընթացքը ոչ էնքան լեկցիա-լսարան վիճակ էր, ինչքան պրեզենտացիա, հարց ու պատասխան, փորփրել, դասախոսի հետ չհամաձայնել և այլն: Մի անգամ բլոգումս գրել եմ դասախոս-ուսանող հարաբերությունների մասին: Չգիտեմ՝ կարդացել ես, թե չէ (ստեղ ա. https://byurakn.wordpress.com/2014/07/06/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD-%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%A1%D6%80/): Տես, եթե հարցերիդ չի պատասխանում, մի հատ նորը կգրեմ 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: