Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վենետիկ

on September 27, 2014

Վենետիկը Փարիզի հետ ամեն միջին վիճակագրական ռոմանտիկ աղջկա երազանքների քաղաքն է: Ես այս քաղաքի մասին երազել եմ շատ վաղուց, երբ դեռ չգիտեի, որ աշխարհում Ամստերդամ ու Դուբլին կա, երբ չգիտեի, որ լիքը ուրիշ քաղաքներ ինձ գրավելու են: Հետո մոռացա Վենետիկի մասին: Ու այդպես էլ երբեք չէի հայտնվի այնտեղ, եթե Science of Aphasia կոնֆերանսն այս տարի այնտեղ տեղի չունենար:

Պատահական ջրանցք Վենետիկում

Պատահական ջրանցք Վենետիկում

Քաղաքները երկու ձևով են տպավորում. այնտեղ եղածով և տեղի ունեցածով: Առաջինի դեպքում Վենետիկը միանշանակ պարտվեց տեսածս բազմաթիվ եվրոպական քաղաքներին: Իսկ երկրորդն առանձնահատուկ ու կարևոր էր, իսկ քաղաքը բոլորովին պատահաբար էր դարձել այն վայրը, որտեղ այդ ամենը տեղի էր ունեցել:

Տեսարան Ռիալտոյի կամրջից

Տեսարան Ռիալտոյի կամրջից

Առաջին տպավորությունս ամենադաժանն էր: Հասնում եմ օդանավակայան, ճամպրուկս չկա: Չնայած շատ հաճախ եմ ճամփորդում, նման բան երբեք չէր եղել: Թարսի պես սա հենց այն դեպքերից էր, երբ ճամպրուկս օդի-ջրի պես պետք էր. կոմպս մեջն էր, իսկ հաջորդ օրը զեկուցելու էի, հետևաբար ներկայանալի հագուստով պիտի լինեի:

DSCF6367

Հետո հասա քաղաքի կենտրոն, որտեղ նախկին համակուրսեցիս Սրջանն ու մեր ավագ կուրսեցիներ Վանիան ու Ադրիան ինձ էին սպասում: Լավ էր նրանց նորից տեսնելը: Էնքա՜ն բան կար իրար պատմելու, բամբասելու, մեր PhD-ական կյանքերը համեմատելու, պլյուս-մինուս անելու: Վանիայի ու Ադրիայի հետ երբեք մտերիմ չեմ եղել, առիթ էր, որ նորմալ շփվեինք:

Տորչելլոյի նռնենին

Տորչելլոյի նռնենին

Քաղաքի մասին առաջին կարծիքս ձևավորվեց, երբ ճաշելուց հետո թափառեցինք, անցանք Ռիալտոյի կամրջով, տեսանք Սան Մարկոյի հրապարակը ու վերադարձանք կայարան՝ վապորետո նստելու: Այնտեղից պիտի գնայինք Լիդո՝ Վենետիկի մեկ այլ կղզի, որտեղ կոնֆերանսն էր տեղի ունենալու:

– Ոնց որ Բրյուժը լինի,- ասացի:

Բայց Բրյուժը, ի տարբերություն Վենետիկի, դեմք ու բնավորություն ունի, տեղացիներ ունի, ոնց որ շնչող օրգանիզմ լինի: Վենետիկը ոտքից գլուխ տուրիստ էր, անդեմ, դեկորատիվ, պլաստմասե: Իսկ այդքան ռոմանտիկ ու հետաքրքիր թվացող ջրային տրանսպորտն ինձ նյարդայնացնում էր. պրակտիկ չէին ու դանդաղ էին:

Բուրանո կղզին

Բուրանո կղզին

Վենետիկը հյուսիսային ջրառատ քաղաքների՝ Ամստերդամի, Բրյուժի, Կոպենհագենի համեմատ նույնիսկ ավելի ջրառատ էր. լրիվ կղզի էր ծովի մեջ, ծովի հոտով ու ձայնով: Դա մի քիչ արդարացնում էր նորմալ տրանսպորտի բացակայությունը:

Լրիվ այլ էր քաղաքի մյուս կողմը՝ «ինչ կատարվեց այնտեղը»: Առաջին հայացքից՝ ընդամենը ամենամյա կոնֆերանս, որին այս տարի բան ունեի ներկայացնելու: Բայց որ խորանում եմ, այնտեղ են նախկին համակուրսեցիներս, աֆազիոլոգիայի խոշորագույն դեմքերը, որոնց մի մասը նաև դասախոսներս են եղել, մարդիկ, որոնց ահավոր կարոտել էի:

Ռիալտոյի կամրջին հաստատ մրահոն աղջկերքը քչություն չէին անում

Ռիալտոյի կամրջին հաստատ մրահոն աղջկերքը քչություն չէին անում

Առաջին անգամ առիթ եղավ երկրորդ ղեկավարիս շնորհակալություն հայտնելու. առանց նրա թեզս չէի վերջացնի: Նաև վերագնահատեցի Եվրոպայում սովորածս երկու տարիները, որոնք մի անգամ սխալմամբ կենսագրական սխալ եմ անվանել: Էլի ու էլի հասկացա, որ դրանք իմ կյանքի ամենակարևոր տարիներն էին:

«Փողոց» Վենետիկում

«Փողոց» Վենետիկում

Իսկ ամենալավ պահը Վենետիկում վերջին գիշերն էր, երբ մի քանի հոգով ջրանցքում կանգնած ճոճվող նավի վրա հարմարված գինի էինք խմում, ու երկինքն աստղազարդ էր, բայց ոչ Կոպենհագենի պես, երբ մտածում էինք՝ ուր ենք հասնելու ու ինչ է մեզնից դուրս գալու ու երբ Վենետիկի դատարկ փողոցների լաբիրինթոսում փորձում էինք Սան Մարկո հրապարակը գտնել, որ էնտեղից Լիդո գնացող վապորետոն նստենք:

Մայրամուտը Լիդոյում

Մայրամուտը Լիդոյում

Եվ այստեղ հրաժեշտները շուտով նորից հանդիպելու ակնկալիքով էին, որովհետև մենք բոլորս նույն ակադեմիական աստիճաններով վերև էինք բարձրանում: Ու մի օր երևի տեղ հասնենք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: