Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ու՞մ իրավունքներն են ոտնահարվում Հայաստանի հոգեբուժարաններում

on October 2, 2014

Վերջերս լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում Հայաստանի հոգեբուժարաններին: Թեման մշտապես նույնն է. վատ պայմաններ, անորակ սնունդ, հիվանդների իրավունքների ոտնահարում: Զանազան ՀԿ-ներ հետազոտություններ են անում, հետո արդյունքները հրապարակում, լրատվամիջոցներն էլ դրանից նյութ են ստանում (օրինակ՝ կարդացեք այս մեկը): Իհարկե շատ լավ է, որ հոգեկան հիվանդների իրավունքների մասին մտածողներ կան Հայաստանում ու շատ լավ է, որ այդ ամենը բարձրաձայնվում է: Բայց դեռ երբեք չեմ տեսել, որ որևէ մեկին հետաքրքրի հոգեբույժների իրավունքները:

Հայաստանում հոգեբույժների իրավունքները շատ ավելի են ոտնահարվում, քան հոգեկան հիվանդներինը: Տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ որևէ ՀԿ-ի աշխատակից կամ լրագրող հայտնվում է հոգեբուժարանում: Տեղի վատ պայմանների համար ամբողջ թուքումուրը հոգեբույժն է ստանում, ու որևէ մեկի մտքով չի անցնում, որ հոգեբուժարանները պետական հաստատություններ են, գտնվում են այնպիսի պայմաններում, ինչպես պետությունը ֆինանսավորում է: Իսկ երբ արգելում են բաժանմունքում նկարահանում անելը, անմիջապես մտածում են, որ չեն ուզում վատ պայմաններն էկրաններին հայտնվեն: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ բժշկական էթիկայի խախտում է հիվանդներին առանց իրենց համաձայնության նկարելը:

Ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ նույն հոգեբույժը ոչ մի բանով ապահովագրված չէ: Հիվանդը կարող է լուրջ վնաս պատճառել (ու այո, նման դեպքեր շատ են լինում), ու ոչ ոք բուժման ծախսերը չի հոգում:

Ոչ մեկի մտքով չի անցնում, որ Հայաստանում հոգեբույժների քիչ լինելու պատճառով գրեթե յուրաքանչյուր մասնագետ աշխատում է ավելի շատ հիվանդների հետ, քան նախատեսված է մեկ բժշկի համար: Արդյունքում՝ պատասխանատվության մեծացում, յուրաքանչյուր հիվանդին տրամադրված ժամանակի կրճատում, բայց ոչ աշխատավարձի բարձրացում: ՀԿ-ները սա դիտարկում են որպես «անուշադրություն հիվանդի նկատմամբ»:

Ու հենց այս ծանրաբեռնվածության պատճառով միշտ չէ, որ հոգեբույժները կարողանում են իրենց հատկացված արձակուրդից լիարժեք օգտվել: Հերթապահում են շատ ավելի հաճախ (իսկ հոգեբուժարաններում հերթապահությունները, մեղմ ասած, անվտանգ չեն):

Խոսվում է սննդի որակից, սենյակների ցրտից ու այլ խնդիրներից: Բայց ոչ ոք երբևէ չի ասում, որ հոգեբուժարանները տարրական համակարգիչ չունեն: Չէ, ունեն, բայց հազիվ մեկն է, միայն կարևոր փաստաթղթերի համար: Իսկ հոգեբույժը բաժանմունքի հիվանդների պատմագրերը պետք է ձեռագիր գրի: Ու պե՛տք է գրի ամենայն մանրամասնությամբ, որովհետև եթե հանկարծ հիվանդին մի բան լինի (իսկ հիվանդներին շատ են զանազան դեպքեր պատահում), պատասխան տվողը հենց հոգեբույժն է լինելու, ու վայ, եթե թղթաբանությունը տեղին չեղավ: Նաև հենց այս պատճառով կրճատվում է յուրաքանչյուր հիվանդին տրամադրված ժամանակը:

Էլ չասեմ, որ հոգեբույժների աշխատավարձը շատ ցածր է՝ նվազագույնից մի քիչ ավելի: Չասեմ նաև, որ որոշ հոգեբուժարաններ բավական անհասանելի տեղերում են, ու չկա նորմալ փոխադրամիջոց աշխատանքի գնալ-գալու համար:

Եվ այսքանից հետո, իհարկե, ոչ ոք չի ուզենա հոգեբույժ աշխատել: Բայց ՀԿ-ներին դա չի հետաքրքրում, կարևորը հիվանդների իրավունքներն են: Դա չի հետաքրքրում նաև պետությանը, որը պատրաստ է գումարներ մսխել հոգեբույժներ պատրաստելու համար, բայց հենց գալիս է նրանց նորմալ աշխատանքային պայմաններով ապահովելու պահը, ձեռքերը լվանում է: Պետությունն ընդհանրապես ձեռքերը լվանում է, երբ բանը հասնում է հոգեկան առողջությանը: Բայց դրանով հանդերձ հոգեբուժարանները շարունակում են պետական մնալ: Ու այսքանից հետո ինչքան ուզում են, թող ՀԿ-ները հետազոտություններ կատարեն ու իրենց սարսափները պատմեն կոտլետի յուղի և մակարոնի անհամության մասին: Մոտ քսան տարի հետո Հայաստանի հոգեբուժարաններում հոգեբույժներ չեն լինի, ու երևի դրա հաշվին գումարը կհերիքի, որ կոտլետներն ավելի յուղոտ դառնան:

Դիսքլեյմեր: Վերջին կես տարում ես Հայաստանում չեմ եղել, ու եթե նշածներիցս ինչ-որ մեկն այլևս իրականություն չէ, ապա միայն ուրախ եմ դրա համար:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: