Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կունդերայի «Անմահությունը»

on October 9, 2014

Հետաքրքիր բան է եվրոպական միայնությունը: Ինձ համար դա գետի ափի նստարանն է, թափված տերևները, կիսամութն ու լապտերը: Կունդերայի հերոսուհի Ագնեսը փնտրում է այդ միայնությունը՝ երանի տալով այն օրերին, երբ ամուսինն իրենից շուտ է դուրս գալիս տնից, իսկ աղջիկը դեռ նկատած չի լինում իրեն: Հետո հայացքներն են կոտրում միայնությունը, անթիվ-անհամար անծանոթ հայացքները: «Նա անհամբերությամբ սպասում էր մեքենա վարելուն, որովհետև այդ ժամանակ ոչ ոք չէր խոսում հետը և ոչ ոք չէր նայում նրան: Այո, ամենակարևորն այն էր, որ ոչ ոք չէր նայում նրան: Միայնություն. հայացքների քաղցր բացակայություն»: Երևի պիտի Ագնեսը Դանիա գար, որտեղ ոչ ոք ոչ մեկի չի նայում:

Կունդերայի «Անմահությունը» սկսվում է նրանով, որ հեղինակն Ագնեսին ֆիրմային ժեստն է նկատում: Տպավորություն է ստեղծվում, որ վեպն առաջին դեմքով է շարունակվելու: Խաբուսիկ է: Չես էլ նկատում, թե ինչպես հանկարծ հեղինակը կորում է, ու առաջին պլանում մնում է հերոսուհին՝ Ագնեսը, որին հայրը քրոջից շատ էր սիրում, որն ամուսնացած է Պոլի հետ, բայց կարծես առանձնապես չի սիրում ամուսնուն ու որը մեռնելու պահին հասկանում է, որ հայրը միակ մարդն է եղել, որին սիրել է:

Բայց պատմությունը միատարր չէ: Կունդերան սովորության համաձայն դեսուդեն է թռչում, կողքից զանազան հետաքրքիր տեղեկություններ տալիս: Բայց այստեղ առաջին հայացքից թվում է՝ շատ անհամասեռ է, իրար չկպչող հատվածներ են, զոռով կարկատած: Ի՞նչ կապ ունեն Գյոթեի ու Բետինայի հարաբերությունները կամ Գյոթեի ու Հեմինգուեյի երևակայական հանդիպումը Ագնեսի, նրա քրոջ ու ամուսնու կյանքի հետ: Ինչու՞ է Ռուբենսն ընդհանրապես հայտնվում, ի՞նչ իմաստ կար այս կերպարը մտցնելու:

Ուղեղդ սկսում է կայծեր արձակել, երբ հեղինակը նորից հայտնվում է վեպում, հանդիպում է իր սեփական հերոսներին ու նրանց քննարկում պրոֆեսոր Ավենարիուսի հետ: Հերոսները տեղյակ չեն, որ իրենց մասին գիրք է գրվում: Առավելևս տեղյակ չեն, որ գիրքն ավարտվում է այն գրել-վերջացնելու առիթը տոնելով:

Իսկ արդյոք իսկական ավարտն այնտեղ չէ՞ր, որտեղ հեղինակն առաջին անգամ փաստում էր Ագնեսի մահը: Թե՞ այնտեղ, որտեղ մանրամասն նկարագրում է մահվան պահը: Վեպն էնպիսին է, որ ինչպես էլ շրջես առանձին մասերի հերթականությունը, ոչինչ չի տուժի, որովհետև այստեղ խնդիրը գծային ժամանակը չէ, այլ ստատիկ վիճակը՝ անմահությունը:

Ու հասկանում ես, որ Լաուրան Բետինան է անմահության մեջ, Գյոթեն՝ Պոլը: Բայց Լաուրան հասնում է Պոլին Ագնեսի մահվանից հետո, Բետինայի խնդիրն ուրիշ է՝ անմահությունը: Լաուրան Բետինայի պես նստում է Պոլի գիրկը, երեխա ձևանում: Լաուրան սեփականացնում է նաև Ագնեսի ֆիրմային ժեստը: Գրքի վերջում Ագնեսը չկա, բայց կա նրա ժեստը, դարձել է անմահ Լաուրայի շնորհիվ:

Իսկ Հեմինգուեյի ու Գյոթեի հանդիպմամբ անմահությունը դառնում է շոշափելի երևույթ: Նրանց զրույցն այնքան բնական է, Հեմինգուեյն այնքան ինքն է, որ կասկած չի հարուցում նման հանդիպման իրական լինելը: Ու նրանք էն մարդիկ են, որոնք հասել են անմահություն: Ուրեմն ինչու՞ չհանդիպեն որ:

Տեղ-տեղ գիրքը «Լինելիության անտանելի թեթևությունն» է հիշեցնում: Կունդերան մտնում է կերպարների մաշկի տակ, խախտում նրանց անձնական տարածքը ու բոլոր թաքուն մտքերը ջրի երես հանում: Փորփրում է նրանց կյանքի տարբեր էպիզոդներ, որոնք հենց հեղինակի խոսքերով կենսագրության մաս չեն դառնում: Բայց հենց այդ էպիզոդներն են, որոնք կերպարներին մեկը մյուսից տարբեր են դարձնում: Ու հենց այդ էպիզոդներն են ամբողջանում ու գիրք դառնում:

Հույս ունեի՝ գոնե էս տարի Կունդերային Նոբելյան կտան: Ափսոս:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: