Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Տոնական ճաշ (յուլեֆրոկոստ)

on December 6, 2014
Ամբիոնը յուլեֆրոկոստից առաջ: Քեֆը տոնածառի հարկում էր:

Ամբիոնը յուլեֆրոկոստից առաջ: Քեֆը տոնածառի հարկում էր:

Դանիայում Ծննդյան տոների ճաշը (յուլեֆրոկոստ) յուրահատուկ մշակութային երևույթ է: Սովորաբար տեղի է ունենում դեկտեմբերի սկզբերին, պարտադիր յուրաքանչյուր աշխատավայրում և ունի իր կանոնները: Մասնավորապես, ասում են՝ դա տարվա միակ օրն է, երբ կարելի է կնոջը կամ ամուսնուն դավաճանել: Պարտադիր խմում են շնապս, հարբում ինչքան ուժ ունեն, ուտում հատուկ տոնական ճաշատեսակներ:

Կոպենհագենում բնակվող արտասահմանցի ընկերներս սարսափով են խոսում յուլեֆրոկոստի մասին: «Սուրբ Ծնունդը հոգևոր տոն է,- ասում են,- ի՞նչ հարբել, ի՞նչ դավաճանել»: Իսկ շնապս խմելու ավանդույթն ընդհանրապես չեն հասկանում. «Ախր զզվելի համ ունի»:

Բացի համադանիական ավանդույթներից, յուրաքանչյուր աշխատավայր ունի իր յուրահատկությունները: «Ասում են՝ բնական գիտությունների յուլեֆրոկոստներն ամենավայրին են»,- պատմում են ընկերներս: Իսկ մեր ամբիոնը հայտնի է համեմատաբար զուսպ քեֆերով: «Լսել եմ՝ ձանձրալի է»,- ֆրանսիացի գործընկերուհիս ամբիոնի յուլեֆրոկոստին չի լինելու, փոխարենը հիվանդանոց է գնալու, որտեղ մի ամբողջ օր ջրիկ պրեզենտացիաներ են անելու ու երեկոյան քեֆ անելու:

Նոյեմբերի վերջերին մեր հինգ հարկանի ամբիոնի միջանցքում բազմաթիվ դրոշներ հայտնվեցին: Սկսեցի դեսուդեն հարցնել, թե ինչ տրամաբանությամբ են դրանք կախվել, որովհետև կար ամեն ինչ. եվրոպական երկրներ, ոչ եվրոպական երկրներ, զանազան քաղաքաներ, ԼԳԲՏ և այլն: Դանիայի դրոշն ամենամեծն է: Ֆինլանդիայինն առանձին է, հինգերորդ հարկում: Երկար հարցուփորձից հետո իմացա պատասխանը:

Ասում են՝ ամբիոնում դանիերենը որպես օտար լեզվի մի պրոֆեսոր կար: Շատ խիստ ու կոպիտ մարդ էր ու նաև տանել չէր կարողանում դանիացիների քսենոֆոբիան: Այս մարդն ատում էր խիստ աջակողմյան դանիացի ժողովրդի կուսակցությունը և յուլեֆրոկոստները, որտեղ դանիացիներն իրենք իրենցով հավաքվում, քեֆ էին անում՝ օտարներին ներս չթողնելով: Հենց դրա համար ի նշան բողոքի ամեն տարի յուլեֆրոկոստից առաջ դրոշներ էր կախում:

Այդ պրոֆեսորը մահացավ, նրան փոխարինելու եկավ մեկ ուրիշը: Այդ տարի դրոշները չբարձրացան: Կողքից դժգոհություններ եղան, շատերն ասացին, որ տխուր է առանց դրոշների: Դանիերենը որպես օտար լեզվի նոր պրոֆեսորը հաշվի առավ այս կարծիքները, գտավ դրոշներն ու կախեց դրանք: Ու հիմա արդեն ավանդույթ է:

Ասում են նաև, որ յուլեֆրոկոստներից մեկի ժամանակ նորվեգերենի մի պրոֆեսոր, որն արդեն թոշակի էր անցնում, հրաժեշտի ելույթ է ունեցել և դժգոհել, որ Նորվեգիայի դրոշն այդքան փոքր է: Դրա համար նվիրել է մի ավելի մեծը, որը համարյա այնքան մեծ է, որքան Դանիայինը: Ու դա էլ է կախված ամբիոնում: Հայաստանի դրոշ կա մոտս, մյուս տարի կտամ, դա էլ կկախեն:

Մեր ամբիոնի ավանդույթներից մեկն էլ երգերն են: Յուլեֆրոկոստից շաբաթներ առաջ զանազան աշխատակիցներ թաքուն հավաքվում են, հայտնի մեղեդիների վրա նոր տեքստեր գրում: Իբր միմյանցից գաղտնի են պահում, շշուկներ են պտտվում, թե այդ տարի ով ինչ է երգելու, բայց ոչինչ հաստատ չես իմանում, մինչև չի գալիս յուլեֆրոկոստի օրը:

Եվ եկավ այդ օրը: Սկզբում ամբիոնի վարիչը ելույթ ունեցավ: Լուրջ տեքստից հետո անցավ Աստվածաշնչի ցանցառ պարոդիայի, որի մեջ լիքը դանիական քաղաքականություն կար: Շատ բան չհասկացա: Հետո գրականության պրոֆեսորներից մեկն իր երգը ներկայացրեց: Էլի լիքը քաղաքականություն էր: Գործընկերներս խորհուրդ տվեցին, որ տեքստը պահեմ: «Դանիայի քաղաքականության լավ ներածություն է»,- ասացին:

PhD ուսանողներով մենք մեր երգը երգեցինք: Ես էլ միացա երգողներին, չնայած բառերի մեծ մասը չէի հասկանում: Իսկ հիմնականում երգն այն մասին էր, թե որքան ծանր է մեր կյանքը ու թե ոնց ենք հաղթահարում դժվարությունները: Վերջում մեզ հոտնկայս ծափահարեցին:

Յուլեֆրոկոստին ավելի քան հարյուր մարդ էր ներկա: Մեջներից միակ ոչ դանիախոսը ես էի: Բարդ էր ընթացքին հետևելը, բայց գործընկերներս թարգմանում էին: Իսկ ես սպասում էի, որ բավականաչափ խմած լինեմ, որ առանց կոմպլեքսների դանիերեն խոսեմ:

Երգերից ու ուտելուց հետո սեղանները հավաքվեցին, սկսվեց պարելու ժամը: Ու հենց այդ ժամանակ ահել-ջահել, պրոֆեսոր, թե PhD ուսանող, բոլորը ոտքի կանգնեցին ու սկսեցին գժավարի պարել: Պահի տակ առիթից օգտվեցի, Թաթայի «Ով է նա»-ն միացնել տվեցի, պարելու ձևերը ցույց տվեցի: Մենակ տեսնեիք՝ ոնց էին մի խումբ դանիացիներ տժժում երգի տակ: Դեռ մի բան էլ կրկներգը հետը երգում էին. «Ով է նա, ով է նա, ով է նա»: Արանքում մի ուրիշ երգ էլ միացավ Թաթայից:

Դրանից հետո ինձ մոտեցավ հնդեվրոպաբանության պրոֆեսորը ու. «Նախադասության վերջին մասը չհասկացա: Ի՞նչ էր երգում: «Ախ երազ է իմ …», ի՞նչ է վերջին բառը»: «Յարը»,- պատասխանեցի: Փաստորեն, նոր բառ էլ սովորեց:

Ու մեկ էլ ինչ-որ մեկը Տատու էր պատվիրել:

Կեսգիշերին մոտ դուրս եկա համալսարանից, մինչ մյուսները, այդ թվում՝ ղեկավարս, շարունակում էին պարել: Երկուշաբթի օրը կսկսվեն թեժ քննարկումներն այս տարվա յուլեֆրոկոստի մասին, ու բոլորն իրար կծաղրեն մինչև մյուս դեկտեմբեր:

Advertisements

One response to “Տոնական ճաշ (յուլեֆրոկոստ)

  1. […] ուժ գործադրելով եմ ինքս ինձ ստիպել իմ նախկին ամբիոնի յուլեֆրոկոստին ներկայանալ։ Մորթենը խառնվել էր իրար․ ի՞նչ է […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: