Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Բեռլինը նորից

on December 15, 2014
DSCF6854

Մեր թխած թխվածքաբլիթների շատ փոքր մասը

Ամեն ինչ սկսվեց ավելի քան երեք տարի առաջ հենց այս քաղաքից, երբ միակողմանի չվերթս իջավ Թեգել օդանավակայանում, որտեղ իր հսկայական կապույտ ճամպրուկով ինձ սպասում էր ապագա կուրսեցիս՝ Սրջանը, ու ինձ ճանաչեց՝ տեսնելով իմ հսկայական կարմիր ճամպրուկը:

Այդ օրվանից իմ կյանքն անդառնալի փոխվեց, սկսեցի գնալ մի ուղղությամբ, որտեղից այլևս հետդարձի ճամփա չկար կամ կար, բայց ցավոտ էր ու դժվար, իսկ ես դրան պատրաստ չէի: Սկսվեց մի կյանք, երբ հերթով իրականացան բոլոր երազանքներս, ու ես շշմած հայտնվեցի մի իրավիճակում, որտեղ նորերը չկային:

Հետագայում ատեցի այս քաղաքը, ու իմ հիշողություններում պիտի մնար որպես իմ ամենածանր դեպրեսիայի, իմ ամենաանտանելի միայնության ու Հայաստանն ամենաշատը կարոտելու մի վայր: Գիտեի՞ այն ժամանակ, որ հետագայում Բեռլինը դառնալու էր իմ սփոփանքի քաղաքը, որտեղ վազելու էի նոր վերքերս բուժելու, ջերմություն ստանալու և ուղղակի մտերիմ մարդկանց գրկելու համար: Գիտեի՞ արդյոք, որ այն նույն Բեռլինը, որի անծանոթ, անդեմ, անորոշ մարդաշատության մեջ արցունքերս թաքցնելու կարիք չունեի, մի օր պիտի դառնար աշխարհի ամենահյուրընկալ վայրը, պիտի տաքացներ ինձ, պիտի սփոփեր:

Ալեքսանդրպլացի այն հանրահայտ ժամացույցի տակ, որտեղ տարիներ առաջ պիտի հանդիպեի մի խումբ հայերի, որովհետև կարոտում էի հայերեն խոսելը, այդ օրն ինձ սպասում էին իմ երեք համակուրսեցիները, որոնց հետ Խրոնինգենի անձրևների դեմ ենք կռվել, Յոենսուում միասին սառցակալել ու դիմադրել մթությանը, գնացքներով, նավերով ու ինքնաթիռներով երկրից երկիր, քաղաքից քաղաք ճամփորդել, միասին ջղայնացել, տխրել, ուրախացել, ծնունդ նշել, բամբասել, հոլանդերեն ու ֆիններեն սովորել: Մենք հավաքվեցինք մեր ծրագրի այն չորս աղջիկներով, որոնք երրորդ կիսամյակը միասին Ֆինլանդիայում էին անցկացրել:

Սոֆին Չինաստանից եկել էր տոները նշելու: Լիլին Բեռլինում սուվենիրների խանութում է աշխատում, Վանեսան՝ Պոտսդամի համալսարանում, հետն էլ նորից բակալավրիատում է սովորում: Ալեքսանդրպլացից շարժվում ենք քաղաքի այն մի Ծննդյան տոնավաճառը, որտեղ ֆիննական գլոգի են վաճառում: Փորձում ենք մի քիչ ֆիններեն խոսել: Վաճառողուհին դեմքի ոչ մի մկան չի շարժում: «Հաստատ ֆիննուհի է»,- ծիծաղում ենք:

Գիշերում եմ Սոֆիենց տանը: Սոֆիի ծնողներն անասելի ջերմությամբ են ինձ ընդունում ու ամեն ինչ անում, որ ինձ լավ զգամ: Նրանք անգլերեն չգիտեն, ես՝ գերմաներեն: Բայց դանիերենիս շնորհիվ գերմաներեն շատ ավելի լավ եմ հասկանում հիմա, հետն էլ նորանոր բառեր եմ սովորում ու արագորեն կարողանում հաղորդակցվել: Ու ի վերջո, երբ որևէ մեկն ուզում է քեզ հետ հաղորդակցվել, լեզուն կապ չունի. ես դա հասկացել եմ դեռ շատ վաղուց, երբ իմ մանկության ընկեր Անտոնը գիտեր միայն չեխերեն ու ֆրանսերեն, իսկ ես՝ միայն հայերեն, ռուսերեն ու մի քիչ էլ անգլերեն:

Սոֆիի մայրը ճաշ է սարքում, սեղանը դնում, հավաքում, զրույցի բռնվում: Հաջորդ առավոտյան Լիլին է գալիս, ու միասին թխվածքաբլիթներ ենք թխում: Երեկոյան Սոֆիի հետ դուրս եմ գալիս զբոսնելու: Բրանդեբուրգի դարպասի մոտ սիրուն տոնածառ է: Մեզ տուրիստ ենք զգում: Իսկ ավելի ուշ նույնիսկ հաջողացնում եմ Արևիկին տեսնել:

Բրանդեբուրգի դարպասը. տուրիստական կայֆեր

Բրանդեբուրգի դարպասը. տուրիստական կայֆեր

Հաջորդ օրը ես ու Սոֆին միասին հիշում ենք մեր ուսանողական տարիները, դրանց լավագույն պահերը, քննարկում զանազան իրադարձություններ, այս անգամ շվեդական գլոգ խմում: Ու ժպտում, ժպտում, ժպտում:

Եվ հիմա նստած եմ Թեգելում, վերադառնում եմ տուն: Ու չեմ կարողանում հավատալ, որ այն քաղաքը, որ մի ժամանակ ինձ ծայրահեղ դեպրեսիայի մեջ էր գցում, հիմա այսքան ջերմությամբ է լցրել: Եվ նորից ու նորից հասկանում եմ. քաղաքն այնտեղ ապրող, այնտեղ հանդիպածս մարդիկ են ու պատմություններն են, որ հավաքում եմ այնտեղ: Մնացած ամեն ինչն անցողիկ է, ինչ-որ մի պահի ջնջվում-վերանում է հիշողությունից:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: