Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Դանիական ավանդական Սուրբ Ծնունդ

on December 25, 2014
Ֆիֆի տոնածառը

Ֆիֆի տոնածառը

Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու գաղափարն էդպես էլ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում ու երևի չի էլ տեղավորվի, ինչքան էլ երկար ապրեմ արևմուտքում: Բայց իմ աշխատավայրում դա չէին հասկանում, ու գործընկերներս անհանգստացած հարցնում էին, թե որտեղ եմ լինելու 24-ի երեկոյան: Երբ իմանում էին, որ 25-ին պիտի ճանապարհ ընկնեմ, ավելի էին խառնվում իրար, թե՝ ինչու՞ էդքան դաժան:

Ինձ համար առանձնապես կարևոր չէր, թե որտեղ կլինեմ 24-ի երեկոյան: Երևի ավելի շատ կնախընտրեի տանը մնալ ու ճամպրուկներս հավաքել, որ հանկարծ որևէ բան չմոռանամ հետս վերցնել: Բայց այնպես պատահեց, որ միթափում հայտարարություն հայտնվեց, թե՝ սահմանափակ թվով մարդկանց հրավիրում եմ իմ տուն, միայն առաջին գրանցվողները կկարողանան գալ: Ես այն հաջողակներից էի, որ հասցրի գրանցվել: Դրանից հետո անընդհատ մտածում էի՝ չեղարկեմ, իմ գործերով զբաղվեմ: Հավես ունե՞մ անծանոթ մարդկանց հետ երեկո անցկացնելու:

Հայտարարություն գրողը Ֆիֆ անունով մի կին էր: Ընթացքում գրանցվածներին նամակներ էր գրում, նշում, որ ինքը հիսունն անց է ու Սուրբ Ծնունդը շատ կարևոր տոն է իր համար և սիրում է ավանդույթներով նշել, հետևաբար հույս ունի, որ հյուրերը կհարգեն դա: Ավանդույթներից նշել էր, որ ինքը պիտի դաշնամուր նվագի, հյուրերը՝ քերոլներ երգեն:

Սկզբում ինձ թվաց՝ ամերիկուհի է, որովհետև միթափում հիմնականում նրանք են ակտիվ: Միայն նրա տուն հասնելուց ու հարցնելուց հետո պիտի իմանայի, որ դանիացի է: Ֆիֆն ապրում է Կոպենհագենի արվարձաններից մեկում՝ Թոսթրուփում: Ունի տասնչորս տարեկան տղա, որն այս տարի Սուրբ Ծնունդը հոր հետ է անցկացնում, ունի նաև երկու կատու և մի ձի:

Սեղանի շուրջ հինգ հոգով էին. Ֆիֆը, մի ամերիկացի պարոն, մի հնդիկ ու մի բրազիլացի երիտասարդ ու ես: Մեկ էլ կատուներն էին ժամանակ առ ժամանակ անցնում կողքներովս ու քսմսվում: Ֆիֆն ավանդական դանիական տոնական ընթրիք էր պատրաստել: Միայն միսը փոխարինել էր բուսակերական պաթեով, որովհետև ինքն էլ է բուսակեր: Կարմիր կաղամբ, քաղցր կարտոֆիլ, իսկ որպես դեսերտ՝ բրնձով ու նշով պուդինգ, վրան՝ տաքացրած բալի մուրաբա:

Գինու բաժակները հերթով դատարկվում են: Ֆիֆը ժպտերես, աշխույժ, շփվող ու մնացած բոլոր դանիացիների նման ուղղախոս է: Երբ իմացավ, որ Հայաստանից եմ, հայերեն «բարի լույս» ասաց: Պատմում է, որ սիրում է Սուրբ Ծնունդն իր ընտանեկան ավանդույթներով անցկացնել, բայց արդեն մի քանի տարի է, ինչ չի ստացվում, որովհետև մայրը հիվանդ էր, իսկ վերջերս էլ մահացել է:

Ընթրիքից հետո ինձ պատվիրեց հետը դուրս գալ հյուրասենյակից, որ տղաները տոնածառի մոմերը վառեն: Երբ հարցրի, թե ինչու է այդպես: Ասաց, որ չգիտի, բայց միշտ մոմերը հայրն ու եղբայրն էին վառում, իսկ ինքը մոր ու քրոջ հետ գնում էր մի ուրիշ սենյակ, ու միասին տոնական պատմություններ էին կարդում:

Տղաները զանգը տվեցին, երբ մոմերն արդեն վառված էին: Ֆիֆը նստեց դաշնամուրի մոտ: Սկսեցինք դանիերեն քերոլներ երգել: Ավելի ճիշտ, Ֆիֆը նվագում ու երգում էր, իսկ մենք կողքից ինչ կարողանում, անում էինք: Ընթացքում մեկ էլ կատուներից մեկը վազեց դաշնամուրի վրայով:

Քերոլներից մեկի ժամանակ Ֆիֆը պատվիրեց, որ իրար ձեռք բռնած պտտվենք տանը, որովհետև ավանդույթն այդպես է պահանջում: Նայեցինք իրար, ոչինչ չարեցինք: Բոլորս իրար առաջին անգամ էինք տեսնում, մի տեսակ անհարմար էր իրար ձեռք բռնելն ու տանը պտտվելը:

Հետո մոմերն անջատեցինք, որ կատուները տոնածառը շուռ չտան: Ու շարունակեցինք զրուցել: Դանիայից, այստեղ ապրող օտարերկրացիներից, ռասիզմից ու լիքը այլ բաներից: Զարմացավ, երբ իմացավ, որ Դանիան դուրս գալիս է, որովհետև շատ է լսել օտարերկրացիների բողոքներ:

Կեսգիշերին մոտ բավական խմած ճանապարհ ընկանք: Ֆիֆն ասաց, որ իր դուռը միշտ բաց է մեզ համար, կարող ենք զանգել, այցելել: Ու գնացինք կայարան, կես շիշ գինի էլ գնացքին սպասելիս դատարկեցինք:

Լիքը, լիքը ջերմություն կար այդ գիշերվա մեջ: Ու ես ո՜նց եմ սիրում իմ դանիական կյանքը:

Advertisements

9 responses to “Դանիական ավանդական Սուրբ Ծնունդ

  1. theologos says:

    Ինձ էդ կնոջ միայնությունը տխրեցրեց:

    • byurie says:

      Ահա… ու էնքան շատ են էդ տիպի միայնակ մարդիկ Կոպենհագենում: Լացելու աստիճանի շատ են: Ու դա ինձ էլ ա սպառնում:

      • theologos says:

        Էդպես մի ասեք, Դուք մի ամբողջ կյանք ունեք առջևում ու մաղթում եմ որ հանդիպեք ձեր սիրելիին: Դե իսկ հյուրերի հետ դիմավորելը երևի փախուստ է մենակութոյունից: Բայց հետաքրքրական է նաև, որ եվրոպացիներից շատերի մոտ եկեղեցական տոնի կրոնական ըմբնումից համարյա բան չի մնացել: 🙂

      • byurie says:

        Խոսքը մենակ սիրելիի մասին չի: Ընդհանրապես Կոպենհագենը մի տեսակ միայնության քաղաք ա: Մարդիկ ինդիվիդուալիստ են ու միայնակ: Խորը ու մտերիմ կապեր համարյա չունեն: Հա, կրոնական ըմբռնումից բան չի մնացել: Կարծում եմ՝ ոչ մի երկրում չի մնացել:

      • theologos says:

        Էդ տեսակ միայնություն (ու ընդհանրապես միայնությունը) ինձ էլ է հաճախ դուր գալիս: Արևելյան Եվրոպայի երկրներում, հատկապես ուղղափառների մետ կարծում եմ՝ մնացել է: Կաթոլիկների մոտ ևս մնացած կլինի, իսկ բողոքականների հետ շատ չեմ շփվել:

      • byurie says:

        Կարծում եմ՝ մի քիչ ծայրահեղացված ու հուսահատ միայնություն ա: Էս կնոջ մոտ հենց էդ էի տեսնում, ինչ-որ դատարկ բան, որ փորձում ա լցնել կատուներով ու ձիերով: Էստեղ նախ հստակ պիտի տարբերակենք նոմինալ քրիստոնեությունն իսկական քրիստոնեությունից: Արևմուտքում հիմա շատերը կա՛մ նոմինալ քրիստոնյա են, կա՛մ աթեիստ, բայց տոնում են Սուրբ Ծնունդը ոչ կրոնական մոտիվներով: Հանդիպել եմ բազմաթիվ բողոքականների, որոնք նոմինալ քրիստոնյաներ չեն: Ու իրենք շատ լավ պահպանում էին Սուրբ Ծննդյան իսկական խորհուրդը: 2012-ին էդպիսի մի միջավայրում եմ տոնել:

      • theologos says:

        Ես եվրապական 4-5 երկրում եմ եղել, ու այն ինչ տեսել եմ չէր համապատասխանում սեկուլյար Եվրոպայի իմ պատկերացումներին: Ինչևէ, ես Սուրբ Ծնունդն առանց Քրիստոսի չեմ պատկերացնում 🙂

      • byurie says:

        Հայաստանում էլ որ նայենք շարքային ընտանիքի Սուրբ Ծնունդին, նույն պատկերը կստացվի: Քրիստոնյաները հիմա փոքրամասնություն են կազմում: Վստահ եմ, որ Դանիայում էլ կան ընտանիքներ, որոնք որպես քրիստոնեական տոն են տոնում, բայց շատ քիչ կլինեն:

      • theologos says:

        Իմ կարծիքով քրիստոնյաները միշտ էլ փոքրամասնություն են կազմել 😉 Դե իսկ Հայաստանի վիճակը նրանով ա պայմանավորված, որ սովետական իշխանությունները Նոր տարին առաջ մղելով Սուրբ Ծնունդը մոռացության մատնեցին, հիմա նոր-նոր արժեվորվում ա նորից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: