Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վիլյամսի «Սթոուները» որպես վերաբացահայտված դասական

on February 4, 2015

60-ականներին գրված այս գիրքը ժամանակին շատ քիչ է վաճառվել ու մոռացվել, մինչև վերջերս, երբ վերաբացահայտվել, վերահրատարակվել ու բեսթսելեր է դարձել: Բայց արի ու տես նույնիսկ այսքանից հետո այն բեսթսելեր է Եվրոպայում. ամերիկացիները չեն սիրում այս գիրքը, չնայած հեղինակն ամերիկացի է, պրոտագոնիստն ամերիկացի է, դեպքերն էլ տեղի են ունենում քսաներորդ դարի առաջին կեսի Ամերիկայում: «Սթոուների» մասին գրում են. «Ձեր չկարդացած լավագույն վեպն է»:

Վիլյամ Սթոուները գյուղացի ընտանիքի տղա է, որը գնում է գյուղատնտեսություն սովորելու, բայց հանկարծ միտքը փոխում է, սիրահարվում անգլիական գրականությանն ու էդպես շարունակում՝ մնալով համալսարանում, բայց երբեք ասիստենտ պրոֆեսորից բարձր կոչման չարժանանալով: Պատերազմին չի մասնակցում, ամուսնությունը հաջող չի լինում, աշխատավայրում կոնֆլիկտներ է ունենում, իսկ ավելի ուշ չի կարողանում իր սիրուն տեր կանգնել: Իսկ հիմա այս պարզ, ոչ մի բանով աչքի չընկնող կենսագրությունն ավելի մանրամասն ուսումնասիրենք:

Սթոուներն ընդհանուր առմամբ զիջող մարդ է. զիջում է կնոջ բոլոր կապրիզներին, ոչ մի անգամ կոնֆլիկտի չի գնում, զիջում է, երբ կինն այնպես է անում, որ իրենց դուստրը հոր հետ քիչ շփվի, զիջում է նույնիսկ այն ժամանակ, երբ սիրուհու հետ կապված սկանդալը քիչ է մնում՝ ջրի երես դուրս գա, զիջում է, երբ ամբիոնի վարիչի պաշտոն է առաջարկվում: Բայց մի հարցում սկզբունքային է. իր աշխատանքում: Ինքը սիրում է անգլիական գրականությունն ու սիրում է դասավանդել: Դրա համար անում է ամեն ինչ աշխատանքը չկորցնելու համար: Համարյա ամեն ինչ, որովհետև միայն իմ պահ քիչ է մնում՝ կորցնի, բայց նույնիսկ այդ դեպքում աշխատանքի հանդեպ սիրուց է էդպես անում:

Մի տեսարան կա, որտեղ Սթոուները փորձում է մի ասպիրանտի կտրել և հեռացնել տալ համալսարանից, որովհետև պարզապես գիտելիք չունի: Սթոուները չի ուզում, որ իրենց ոլորտ թույլ մեկը մտնի: Բայց ասպիրանտի ղեկավարը՝ Լոմաքսը, Սթոուների հետ թարսվում է ու ամեն կերպ փորձում էնպես անել, որ ասպիրանտը մնա: Գրքի ամենալավ մասերն են, երբ սկզբունքային Սթոուները հրաշալի կերպով ցույց է տալիս ուսանողի անգրագետ լինելը, իսկ Լոմաքսը մանիպուլացնում, փորձում է ապացուցել, որ տղան հաշմանդամ է, դրա համար է հետն էդպես վարվում: Էստեղ գործ ենք ունենում պոզիտիվ դիսկրիմինացիա երևույթի հետ, երբ անգրագետ ասպիրանտին Լոմաքսն աջակցում է միայն նրա համար, որ հաշմանդամ է, իսկ Սթոուների՝ չզիջող վերաբերմունքը վերագրում նրան, որ տղան հաշմանդամ է:

Սթոուները մի լավ ընկեր ունի՝ Գորդոն Ֆինչը, որը պատերազմում կռվել է, հետո էլ ֆակուլտետի դեկան է դառնում: Ու այս մարդը, ի տարբերություն միամիտ, զիջող, ոչ ամբիցիոզ ու ամեն ինչ պարզ պատկերացնող Սթոուների, իսկական դիվանագետ է, ֆակուլտետի բարդ հարցերը փորձում է դիվանագիտորեն լուծել: Հետագայում դառնում է միջնորդ Լոմաքսի ու Սթոուների միջև:

Լոմաքսը չարանում է Սթոուների հանդեպ ու ամբիոնի վարիչ դառնալուց հետո օր ու արև չի տալիս: Էստեղ հանդիպում ենք ակադեմիական ներքին կոնֆլիկտներին, երբ դասախոսներն իրար ինադու բաներ են անում, իրար գլխի սարքում, ու մի հարցում մեկն է հաղթում, մյուս հարցում՝ մյուսը: Բայց Լոմաքսը գտնում է Սթոուներից վրեժ լուծելու մի միջոց՝ փորձելով աշխատանքից հեռացնել Քեթրինին՝ Սթոուների սիրուհուն:

Նրանց սիրավեպը սկզբում ահագին մանկական բաներ ունի: Քառասուննանց Սթոուները կյանքում առաջին անգամ բացահայտում է սերը. «Իր կյանքի քառասուներեքերորդ տարում Վիլյամ Սթոուներն իմացավ այն, ինչ մյուսները շատ ավելի երիտասարդ տարիքում իմացել են նրանից առաջ. որ այն մարդը, որին առաջինն ես սիրում, վերջին սիրածդ մարդը չէ, և որ սերը վերջ չէ, այլ ընթացք, որի միջոցով մեկը փորձում է ճանաչել մյուսին»:

Մեկ էլ Քեթրինի ու Սթոուների բաժանման պահն եմ սիրում: Երբ քիչ է մնում՝ սկանդալ սկսվի, երբ վճռական որոշում ընդունելու պահն է գալիս, Սթոուներն ընտրում է ընտանիքին, բայց որ ավելի կարևոր է, աշխատանքը չթողնելը: Ու դա բացատրում է այսպես. «Որովհետև այդ դեպքում այլևս ոչինչ նշանակություն չի ունենա, ո՛չ մեր արածները, ո՛չ այն, ինչ եղել ենք: Ես հավանաբար այլևս չեմ կարողանա դասավանդել, իսկ դու… դու ուրիշ բան կդառնաս: Մենք երկուսս էլ ուրիշ բան կդառնանք, մեզնից տարբեր ինչ-որ մի բան: Մենք կդառնանք… ոչինչ»:

Քեթրինը հաջորդ օրը հեռանում է, ու Սթոուներն այլևս նրան չի տեսնում: Զիջող է լինում նաև այս հարցում՝ այդպես էլ երբեք չփորձելով գտնել նրան կամ հետը կապ հաստատել, չնայած ժամանակ առ ժամանակ կարոտում է: Հետագայում Քեթրինից միայն մի նորություն է իմանում. կարդում է, որ հրատարակվել է նրա գիրքը, գնում է այն ու հայտնաբերում, որ այն նվիրված է «Վ.Ս.-ին»:

Ու մեկ էլ Սթոուների կյանքի վերջին պահերն են հուզիչ, երբ վերցնում է սեփական գիրքը, որը, փաստորեն, ոչ ոք չի կարդում: Իսկ երբ հասնում ես վերջին տողերին, հասկանում ես, որ հերոսին սիրեցիր, ոնց որ ընկերդ դարձած լիներ, ու ափսոսում ես, որ կյանքն ավարտվեց:

Այնուամենայնիվ, Սթոուներն ինքը բավական սովորական կենսագրությամբ, բավական աննշան ու մոռացվող մարդ է, որն իրականությունից փախչելու համար իրեն փակել էր ակադեմիայում (մի՞թե ես էլ նույնը չեմ անում հիմա՝ ակադեմիայից դուրս ոչ մեկի հետ չշփվելով): Բայց հեղինակը հավեսով փորփրել էր այդ աննշան մարդու ներքին աշխարհը, ջրի երես հանել նրա վախերը, անհանգստություններն ու գժական սերը մասնագիտության հանդեպ:

Այսօր գրադարանում քննարկեցինք «Սթոուները»: Բոլորս միաձայն ասացինք, որ կերպարին սիրեցինք, բացի մի հոգուց: «Նա էնպիսի մարդ է, որից կխուսափեի փարթիի ընթացքում»: Ու զարմանալիորեն այդպես ասողը մեջներիցս միակ ամերիկացին էր: Մեկ էլ քննարկեցինք պատմության տխուր-ուրախ լինելը, որովհետև բոլորը դա ընկալում են որպես տխուր պատմություն:

«Ի վերջո Սթոուները շատերից երջանիկ մարդ էր,- ասաց խմբի անդամներից մեկը,- նա սիրում էր իր աշխատանքը»:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: