Մի բաժակ գարեջուր ձեռքիս մոտեցա մեր սեղանին: Դանիերենի դասից հետո սովորականի պես հավաքվել էինք կաֆե Լանգեբրոյում ու գարեջուր էինք խմում:

– Շաբաթ-կիրակի Գոթենբուրգ գալի՞ս ես,- հարցրեց Դավիդը:
– Հը՞:
– Գոթենբուրգ՝ Շվեդիայի երկրորդ քաղաքը:
– Ե՞րբ:
– Էս շաբաթ-կիրակի:
Էլոիզին խոստացել էի, որ էս կիրակի անպայման կգնամ լեզվի կաֆեին, իսկ շաբաթ օրն էլ միջազգային ընթրիքին կմասնակցեմ: Բայց դե դանիերենի խմբիս հետ Գոթենբուրգ գնալը գայթակղիչ էր թվում:
– Անպայման:
Մի երկու օրում արագ-արագ պլանավորեցինք, ու շաբաթ առավոտյան ժամը յոթին ես ու դանիերենի խմբիս գերմանախոսները ճամփա ընկանք:
Մինչև Գոթենբուրգը Շվեդիայում միայն Հելսինբորում ու Մալմոյում էի եղել՝ Դանիայից հեշտ հասանելի, մի օրվա ճամփա: Դրա համար Շվեդիայի մասին լուրջ տպավորություններ կազմել չէի կարող:
Մալմոյից Գոթենբուրգ տոմսերն առաջին կլասի էին:
– Առաջին կլասը երկրորդից էժան էր,- բացատրեց Դավիթը:
Մեզ համար հարմարավետ ճամփորդեցինք: Դա էլ հերիք չէ, անգամ նախաճաշ բաժանեցին: Գնացքում անվճար սնունդ. առաջին անգամ էի նման բան տեսնում:
Մեր հյուրանոցը լավն էր: Գնի համեմատ մի հրաշալի բան:

Քաղաքն ինքը ահագին սովորական էր. տիպիկ սկանդինավյան քաղաք ոչ մի բանով աչքի չընկնող: Մեկ Հելսինկին էր հիշեցնում, մեկ Տուրկուն, մեկ Մալմոն ու Հելսինբորը: Ջրանցքներ կային, նավահանգիստ կար, հին թաղամաս ու ահավոր վատ եղանակ: Դրա համար մի սրճարանից մյուսն էինք վազում: Մատուցողների ու վաճառողների հետ խոսում էինք դանիերեն և ուրախանում, որ շվեդերենն ավելի լավ ենք հասկանում, քան դանիերենը, որ շվեդներն էլ մեզ էին հասկանում:
Փողոցներում անտանելի շատ էին մուրացկան գնչուհիները: Իսկ շոփինգ կենտրոնում իսլամի քարոզ էր՝ պլակատներով ու բուկլետներում: Էսպիսի բաներ Դանիայում չես տեսնի: Բոլորս էլ համաձայն էինք:

Երեկոյան սկսեցինք բար փնտրել: Մուտքերի մոտ անվտանգության աշխատակիցները խիստ հայացքով չափում-ձևում էին բոլոր մտնող-դուրս եկողներին, իսկ մի տեղ նույնիսկ մեր տարիքը հարցրին: Դանիայում սա էլ չէինք տեսել:
Բարերից մեկում մնացինք: Անկյունում նստած հետևում էինք, թե ոնց էին ամենազարմանալի հագուստներով, սանրվածքներով ու շպարով կանայք ու տղամարդիկ գնում-գալիս: Կոպենհագենի բարերում նման բազմազանություն չես տեսնի:
Ու էս ամբողջ ընթացքում մենք լիքը ուրախանում էինք: Անդրեասը՝ մեջներիս ասիստենտ պրոֆեսորը, էնքան կատակներ ու տնազներ էր անում, էնքան էր երգում, որ ծիծաղից թուլանում էինք: Հետն էլ լիքը գերմաներեն էի սովորում ընթացքում:
Կիրակի երեկոյան սատկած-տրաքած հասանք Կոպենհագեն: Իսկ այսօր, երբ դանիերենի դասախոսին պատմեցինք, որ անցյալ երեքշաբթի օրվա ծրագիրն օդ չէր, իսկապես գնացել ենք Գոթենբուրգ, երբ նկարագրեցինք մանրամասները, դասախոսը նեղվեց, որ շվեդերեն ավելի լավ ենք հասկանում, քան դանիերեն:
– Մենք՝ դանիացիներս ենք դժգոհում, որ շվեդերեն հասկանալ չի լինում,- ասաց:
Իսկ մենք զարմացել էինք, որ Շվեդիան կարող է այդքան տարբեր լինել Դանիայից, իսկ լեզուն՝ այդքան նման: