Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մտորումներ երջանկության մասին

on March 22, 2015

Ապրելով մի երկրում, որի բնակչությունն ըստ ինչ-որ չափանիշների ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկը, երջանկության մասին խոսակցություններ հաճախ եմ լսում: Դրան էլ գումարենք, որ ընդհանրապես իմ հասակակիցները, որոնցից շատերը հիմա էքզիստենցիալիստական կրիզիսով են անցնում, ժամանակ առ ժամանակ փորձում են սահմանել երջանկությունը: Հետևաբար հասկանալի կլինի, թե ինչու է սա մի թեմա, որին արժե անդրադառնալ: Նախ ասեմ, որ Դանիան բնավ աշխարհի ամենաերջանիկ երկիրը չէ: Կարող ենք ասել, որ բնակչությունը բավարարված է աշխատավարձով, արձակուրդի չափով, պետական համակարգով ու լիքը ուրիշ բաներով, բայց դա նրանց բնավ երջանիկ չի դարձնում: Պետք է տեսնել, թե ինչ հերթեր են դեպրեսիայի կոնսուլտացիա ստանալու համար: Պետք է շփվել մարդկանց հետ՝ հասկանալու համար, որ մեծամասնությունն ուղղակի հեռու է երջանիկ կոչվելուց: Իսկ այդ ցուցակներում առաջատարը դարձել են հենց նրա համար, որ հարցերը ոչ թե տրվել են, թե՝ երջանի՞կ եք արդյոք, այլ՝ այսինչ ու այնինչից գո՞հ եք, թե՞ ոչ:

Ու այս «երջանիկ» երկրում դժբախտ մարդկանց հսկայական խումբ են կազմում էքսպատները: Միակ բացառությունը ես եմ, որ հայտնվում եմ ժպիտը դեմքիս, խոստովանում, որ երջանիկ մարդ եմ ու գոհ եմ իմ կյանքից: Զարմացած ինձ են նայում, թե՝ մարդ ո՞նց կարող է Դանիայում երջանիկ լինել: Ցիտում են Հեմինգուեյ, թե՝ խելացի մարդկանց երջանկությունն իմ իմացած ամենահազվադեպ հանդիպող բանն է: Դրան պատասխանում եմ՝ բայց իսկապես խելացի մարդիկ են կարողանում իսկականից երջանիկ լինել: Հաճախ ինձ հակադարձում են նաև, թե երջանկությունը նաև սպասումներից է կախված: Եթե ստանում ես քո սպասածից ավելին, երջանիկ ես: Եթե ոչ, երջանիկ չես: Սրա մեջ մի քիչ ճշմարտության հատիկ կա, բայց նորից ու նորից դա չէ պատճառը, որ ես ինձ երջանիկ եմ համարում: Հայաստանում էլ հաճախ փողի հարցն է քննարկվում, թե՝ եթե էսքան փող ունենայի, երջանիկ կլինեի: Էստեղ մամայիս պիտի ցիտեմ. «Երջանկությունը փողի մեջ չէ, բայց առանց դրա երջանիկ լինել հնարավոր չէ»: Չգիտեմ՝ ինչքանով է սա ճշմարիտ, բայց գիտեմ, որ մաշկիս վրա զգացել եմ, թե ինչպես է փողի պակասը խանգարում երջանիկ լինելուն:

Իսկ հիմա փորձենք պատասխանել, թե ինչու եմ երջանիկ այս երկրում, որտեղ այսքան դժբախտ մարդ կա, որտեղ դեպրեսիայի մեջ ընկնելու բոլոր պարամետրերին համապատասխանում եմ (էքսպատ, առանց ընտանիքի, իզոլացված աշխատանք, ռասիստ միջավայր, անկայուն ու տոքսիկ հարաբերություն և այլն), բայց արի ու տես, որ զարմանալի բացառություն եմ: Այս վիճակին հասնելու համար երկար եմ աշխատել: Անցել եմ լիքը լավ ու վատ փուլերով, եղել են պահեր, երբ ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ համարել: Եղել են նաև պահեր, որ դժբախտությունից սատկում էի: Բայց այս կայուն վիճակին հասել եմ միայն մի պատճառով. որովհետև ուզում էի հասնել: Այս ճանապարհի ընթացքում շատ բան եմ հասկացել: Նախ այն, որ երջանկությունն այստեղ ու հիմա է, պետք չէ նստել ու սպասել դրան, հուսալ, որ ինչ-որ բան ձեռք բերելու դեպքում լիարժեք երջանիկ կլինես: Էստեղ կցիտեմ ոմն Լորեն Բրիթի, որի խոսքերը ֆեյսբուքում եմ տեսել. «Մինչև չդադարես մտածել, թե երջանկությունն ինչ-որ ուրիշ տեղում է, այն երբեք չի լինի այնտեղ, որտեղ դու ես»: Ու էդպես է. էստեղ էքսպատները հույս ունեն, որ հենց Դանիայից գնան, երջանկությունը երկնքից թափվելու է գլխներին: Էդպես վատնում են իրենց տարիները, վատնում հենց հիմա ու այստեղ երջանիկ լինելու հնարավորությունը:

Ու սուտ է, թե խելացի մարդը չի կարող երջանիկ լինել: Խելացի մարդն ընտրում է երջանկությունը, աշխատում է իր վրա ու ի վերջո դառնում է շատ ավելի երջանիկ, քան նրանք, ովքեր ըստ դեպրեսված խելացիների, հիմար են ու չեն մտածում: Իսկ ի՞նչ է նշանակում աշխատել ինքդ քեզ վրա: Առաջինը, ինչպես նշեցի, որոշումն է. ես պիտի երջանիկ լինեմ հիմա ու այստեղ: Հետո արդեն գալիս են մնացածները. կյանքիցդ կտրում-վերացնում ես այն մարդկանց, որոնք խանգարում են քո երջանկությանը, գնահատում ես այն, ինչ ունես, ոչ թե բողոքում այն բաներից, որոնք չունես, հոբիներ ես ձեռք բերում, հետևում դրանց, ցանկացած դժվարության մեջ դրական բան տեսնում: Էդպես նույնիսկ մի սարսափելի դժվար փուլով անցնելուց հետո կամ հենց անցնելու ժամանակ ես ինձ երջանիկ եմ զգում: Ու բոլորը զարմանում են. լավ, բայց ո՞նց: Հենց էդպես. ուղղակի որոշել եմ երջանիկ լինել:

Advertisements

6 responses to “Մտորումներ երջանկության մասին

  1. Interest says:

    Հեմինգուեյի հետ ես էլ վերապահումով եմ համաձայն. խելացի լինելը բավարար չէ, հարկավոր է շա՜տ խելացի լինել երջանիկ լինելու համար, չէ՞։ Իսկ այս առակը երջանկությունն ուրիշի մեջ փնտրողներին ամենաբնութագրականն է. https://haso63.wordpress.com/2012/09/15/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%A5%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

    • byurie says:

      Հեմինգուեյն ինքը երկբևեռ խանգարում է ունեցել, դրա համար մեկ շատ դրական, մեկ շատ բացասական բաներ է ասել երջանկության մասին: Բայց ամեն դեպքում չի ասել, թե խելացի մարդիկ երջանիկ չեն, ասել է՝ հազվադեպ է հանդիպում: Ու իրոք երևի շա՜տ խելացի մարդիկ հազվադեպ հասնում են դրան:

  2. uluana says:

    Ու՜խ, էս ինչ լավ ես գրել։ Լրիվ սրտիցս էր։
    Դե, գիտես, ես էլ եմ էս թեմային մի քանի անգամ անդրադարձել՝ նույն գաղափարների վրա հիմնվելով։ 🙂

    • byurie says:

      Հա 🙂 Գրել եմ, թող դժբախտ մարդիկ իմանան:
      Ի դեպ, էս վպ-ի հետ մի բան էն չի, պարբերություններս հա թռնում են 😀

  3. Վարդ says:

    Ապրես Բյուր, որ ասում եմ ինձ ես քաշել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: