Կիրակի օրը սովորականի պես Լիլիթի հետ Սկայփով զավզակելիս շատ պատահաբար հայտնաբերեցի, որ կանադական The Once ֆոլկ խումբը Կոպենհագենում համերգ ունի: Հաջորդ օրը: Երկար-բարակ մտածելու ժամանակ չկա: Հաստատ գնում եմ: Ո՞վ կգա հետս: Չէ, էս անգամ ավելի լավ է՝ մենակ գնամ: Գնամ, մի լավ լացեմ, էմոցիաներս դուրս թափեմ, ճանաչող մարդ չլինի տարածքում:
Վերջին անգամ ուղիղ կես տարի առաջ էի մենակով համերգ գնացել: Էն ժամանակ Փասենջերն էր, բայց տարօրինակ զուգադիպությամբ Փասենջերի համերգը հենց The Once-ն էր բացել: Այս անգամ նրանք գլխավորն էին լինելու, ինչ-որ դանիական խումբ էր բացելու:
Համերգը Վեգայում էր: Վեգան մի քանի դահլիճ ունի, բայց The Once-ը բարում էր: Ահագին փոքր տեղ էր ցածր բեմով: Հազիվ 30 հոգի տարածքում հավաքված լիներ, այն էլ՝ դժվար է ասել, թե քանիսն էին հենց The Once-ի համար եկել, քանիսը՝ բացող դանիական խմբի:
Ինչպես անցյալ անգամ, այս անգամ էլ սկսեցին Լեոնարդ Կոհենի Coming Back To You երգի ակապելլա կատարմամբ: Եթե ինձ հարցնեն, թե խմբի կատարումերից որն եմ ամենաշատը սիրում, անպայման այս մեկը կլինի ամենասիրելիներից: Շատ ավելի լավ են կատարում, քան օրիգինալն է:
Ընթացքում երգերի մասին պատմելով, լիքը կատակներով, հանդիսատեսին երգացնելով ու խոսացնելով շարունակում էին համերգը: Ի՞նչ լացել: Տրամադրությունս ահագին բարձրացավ:
Ամեն մի երգի հետ մի պատմություն էին պատմում, մի կատակ անում: Պատմություններից մի քանիսը ծանոթ էին, ինձ էլ էի տեսնում այնտեղ: Երգերից գրեթե բոլորը լսել էի. դեռ առաջին անգամ նրանց համերգին ներկա գտնվելուց հետո ամբողջ երգացանկը փորփրել էի:
Հաճելիորեն զարմացել էին, որ իրենց ճանաչողներ կան:
Պատմեցին նաև Փասենջերի հետ իրենց անցած ճանապարհի մասին՝ նրան անվանելով բարձրահասակ մորուքավոր անգլիացի: Պատմեցին We Are All Running երգի մասին՝ ասելով, որ իրենց բախտավոր մարդիկ են համարում, որ աշխարհով մեկ պտտվել են: Այ հենց այդ երգի ժամանակ էր, երբ Ջերին՝ մենակատարուհին, թաքցնում էր արցունքները:
Encore-ին հայտարարեցին, որ կատարելու են այն երգը, որը Շոտլանդիայում կատարելիս են եղել, երբ Փասենջերը նրանց լսել է. By The Glow Of The Kerosene Light: Էստեղ ես գոռացի: Զարմացան, որ երգն իմացողներ կան: Սա էլ մեկ այլ սիրել երգ է:
Ավարտվեց համերգը: Վերջում դիսկ գնեցի, Ջերիին ստորագրել տվեցի: Ասացի, որ իմ կյանքի այս փուլում շատ կարևոր էր իրենց համերգը: Գրկեց ինձ, ասաց՝ գիտի, թե ինչ եմ զգում:
Իրադարձության ավելի ստեղծագործ մեկնաբանությունը շուտով