
Բացեք Եվրոպայի քարտեզը, իջեք ներքև՝ Միջերկրական: Սիցիլիան տեսնու՞մ եք: Տակը չերևացող կետ կա, այ դա Մալթան է` կազմված մի քանի կղզիներից, բայց ամենամեծը հենց Մալթա կղզին է: Պետության բնակչությունը կես միլիոնից էլ պակաս է, իսկ Մալթա կղզին տարածքով Երևանի չափ է:
Առաջին բանը, որ նկատում ես, մեքենայում ղեկի՝ աջ կողմում գտնվելն է: Հետո արդեն ֆիքսում ես, որ կղզին աջակողմյան երթևեկություն ունի: Ու կասկած չի առաջանում, որ բրիտանացիներն այնտեղ եղել են: Ավելի ուշ հյուրանոցում հայտնաբերում ես, որ վարդակները երեք անցք ունեն, իսկ փոխարկիչ հետդ չես բերել: Փողոցներում էլ տիպիկ բրիտանական կարմիր հեռախոսատեղերը կտեսնես:

Մեր վորքշոփում միայն մեկ տեղացի կար՝ Ռիտիենը, որը նաև կազմակերպիչն էր:
– Բրիտանացիները վերջնականապես 1979-ին գնացին,- պատմում է Ռիտիենը,- հեռախոսատեղերը չենք հանում որպես պատմության մի մաս, իսկ երթևեկությունը ձախակողմյան սարքելն ահագին բարդ գործ էր, դրա համար չփոխեցինք:
Մալթան երկու պետական լեզու ունի՝ մալթերեն ու անգլերեն: Մալթերենը սեմական լեզու է, արաբական մի բարբառի հիման վրա է առաջացել: Բայց անգլերենի ու իտալերենի լիքը ազդեցություն ունի: Միակ սեմական լեզուն է, որը գործածում է լատինական այբուբենը:
– Պետական դպրոցները մալթերեն են, բայց անգլերեն լավ են անցնում: Բացի դրանից, անգլերենն ամենուր է, էնպես որ երեխաները փոքրուց լսում, սովորում են: Կան նաև մասնավոր դպրոցներ, որտեղ ուսումն անգլերեն է: Կան ծնողներ, որոնք երեխաների հետ միայն անգլերեն են խոսում՝ մտածելով, որ դա նրանց առավելություն կտա,- շարունակում է պատմել Ռիտիենը,- բայց ես նրանց չեմ հասկանում: Անգլերեն էսպես թե էնպես սովորում են, իսկ մալթերենն ափսոս է, որ դարեր շարունակ պահպանելուց հետո գնա, կորի: Իմ երեխաների հետ միայն մալթերեն եմ խոսում:
Երկրում միայն մեկ հիվանդանոց ու մեկ համալսարան կա: Գործազրկությունը շատ քիչ է:
Մեր հյուրանոցի կողքին Սան Անտոն այգին էր, որն այլ կերպ կոչվում է նախագահական այգի: Ծայրին նախագահական պալատն է: Մարդիկ կարող են զբոսնել այգում, անցնել պալատի միջով: Միայն ներս մտնել չի կարելի:

Մալթայում յասամանները ծաղկել են: Ամեն տեղից յասամանի հոտ է գալիս:
Ամենուր կատուներ են զբոսնում:
– Ինչու՞ Մալթայում այդքան շատ կատու կա,- հարցնում եմ:
– Որովհետև տաք է,- պատասխանում է խմբի ռուս աղջիկներից մեկը:
– Կերակրում ենք, դրա համար անընդհատ վերադառնում են,- բացատրում է Ռիտիենը:
Վորքշոփի երկրորդ օրը գնում ենք Մդինա:
– Մդինայի անունը դրել ենք լուռ քաղաք, որովհետև մեքենաների մուտքն արգելված է:
Մդինան միջնադարյան նեղլիկ փողոցներով բերդաքաղաք է: Պահպանվել է այնպիսին, ինչպիսին եղել է դարեր առաջ, ու այնտեղով քայլելիս թվում է՝ ինչ-որ անկյունից արքայադուստր դուրս կգա կամ ձիուն բազմած ասպետ կհայտնվի: Բերաններս բաց մեր շուրջն ենք նայում:


– Մդինայում եմ դպրոց գնացել,- շարունակում է Ռիտիենը տեղացու հպարտությամբ՝ տեսնելով մեր հիացած հայացքները,- այն ժամանակ չէինք գնահատում մեր ունեցածը:
Տեղացիների հետ շատ չշփվեցի, բայց տպավորություն էր՝ անդարդ, աշխարհից կտրված իրենց համար ապրում են Միջերկրականի մեջ, հեչ պետքները չի, թե ինչ է կատարվում իրենց կղզուց դուրս:
Վերջին օրը խմբակիցներս գնում են Վալետա, իսկ ես ժամանակ չունեի մինչև չվերթս: Որոշում եմ հյուրանոցի գյուղում՝ Աթարդում զբոսնել:
Սպիտակ միջնադարյան տներ են: Տեսքը նույնությամբ պահպանված է կամ թեթևակի վերանորոգված: Տպավորություն է՝ հարուստ մարդիկ են ապրում: Տների վրա զանազան անուններ են գրված՝ Բրիջիթ, Ալեքսանդրա, Պոլ, Քրիստիան և այլն: Անցորդներից մեկին հարցնում եմ, թե դա ինչ է նշանակում:


– Տների անուններն են: Տներն այստեղ և՛ անուն ունեն, և՛ համար:
Եղանակը վատացավ: Քայլեցի դեպի հյուրանոց, վերջին մի երկու ժամն այնտեղ անցկացրի, մինչ տաքսիս կգար ու ինձ կտաներ օդանավակայան:
Որ մի փոքր էլ երկար մնայիք, հաստատ հայկական հետք էլ կգտնեիք: Ի դեպ, տեսակետ կա, որ տամպլիերները Ֆրասնիայից աքսորվելուց հետո Մալթայում են ապաստանել: