Ուշադրություն. գրառումը պարունակում է բազմաթիվ սփոյլերներ:
Հոլոքոսթի մասին գրքեր ու ֆիլմեր շատ կան: Գերմանացիներն էլ հիմա մեծանում են մեղքի զգացումը վզներին: Իմ սերնդակիցները հաճախ ասում են. «Ախր մեր պապիկ-տատիկների սերունդն էր, ինչու՞ են մեզ դպրոցում սովորեցնում մեղքի զգացում ունենալ»:
Բեռնարդ Շլինկն «Ընթերցողը» վեպում Հոլոքոսթը ներկայացնում է մյուս՝ գերմանական տեսանկյունից, թե ինչու դա եղավ և ինչպես են սերունդներն ընկալում այն: Ամբողջ գիրքը կարդալիս սերնդակիցներս աչքիս առաջ էին:
Գրքում դեռահաս Միքայելը սիրահարվում է երեսունն անց Հաննային: Առաջին մեկ երրորդը նրանց սիրավեպն է նկարագրում: Հետո Հաննան անհետանում է, Միքայելի կյանքը խառնվում է իրար: Մեկ էլ Հաննային հանդիպում ենք դատարանում: Մեղադրվում է հրեա կանանց եկեղեցում վառելու մեջ: Ասում են՝ բանալիները մոտն էին, բայց չի բացել, դուրս չի թողել:
Էստեղից սկսած գիրքը բարդանում է: Իմանում ենք, որ Հաննան անգրագետ է: Անգրագետ է, բայց այդ մասին չի ասում, նախընտրում է մեղքն ընդունել, թե ինքն է դեպքերի զեկույցը գրել, հետևաբար մեղքի մեծ բաժինն իր վրա է ընկնում: Հաննան ամաչում է իր գրել-կարդալ չիմանալուց ու դա թաքցնում է բոլորից: Բայց իմանու՞մ է արդյոք, որ եթե իր անգրագիտությունը ջրի երես հանի, ավելի մեղմ պատիժ կստանա:
Դատավարության ժամանակ մի տեսարան կա, երբ դատավորը հարցնում է, թե ինչու եկեղեցու դուռը չբացեց: Հաննան պատասխանում է.
– Իսկ եթե դուք լինեիք իմ տեղը, ի՞նչ կանեիք:
Այս նախադասությունը պատմության հիմնական մեխն է: Մի կողմից, Հաննան իր անգրագիտությամբ Հոլոքոսթն իրականացրած գերմանացիների ներկայացուցիչն է: Ինքը վատ մարդ չէ, բայց ընկնելով համակարգի ազդեցության տակ, չունենալով բավարար գիտելիքներ ու կրթություն՝ չի հասկանում, թե ինչ է անում: Մյուս կողմից, կողքից մեղադրողներն են: Իսկ եթե դուք լինեիք նրանց փոխարեն, ի՞նչ կանեիք:
Քննվում է նաև Միքայելի մեղքի զգացումը. ինքը սիրել է հանցագործին, ու չի կարողանում ինքն իրեն ներել դրա համար: Ոնց որ Գերմանիայի նոր սերունդներն են, որ ապրում են և՛ մեղքի զգացումով, և՛ չեն կարող չսիրել իրենց տատիկ-պապիկներին: Նաև Միքայելի խորտակված կյանքն է. այլևս ոչ մի կնոջ չի կարողանում սիրել: Ներկայիս գերմանացիները շարունակում են Հոլոքոսթի կոմպլեքսով ապրել:
Բայց Հաննան գիտելիքի ծարավ ունի: Ու երբ դա հասկանում է Միքայելը, սկսում է գրքեր կարդալ ու ձայնագրել ու բանտ ուղարկել: Ի վերջո, Հաննան սովորում է գրել կարդալ, Միքայելին նամակներ է գրում:
Միքայելը Հաննայի մյուս կողմն է տեսնում: Տեսնում է ոչ թե դաժանաբար կանանց եկեղեցում այրած ֆաշիստի, այլ անգրագետ ու միամիտ մեկի, որն այդ ժամանակներում բանակից բացի ուրիշ տեղ աշխատանք չէր կարողացել գտնել գրել-կարդալ չիմանալու ու դրանից ամաչելու պատճառով: Տեսնում է ոչ թե թույլ աղջիկներին տանջող մեկի (Հաննան առավել թույլերին տանում էր մոտը, բարձրաձայն կարդալ տալիս), այլ մեկի, որը փորձել է աղջիկների կյանքի վերջին ամիսն ավելի տանելի դարձնել:
Բայց վերջում, երբ Հաննան արդեն չի լինում, ու Միքայելը կտակը հասցնում է Հոլոքոսթ վերապրած հրեա աղջկան ու պատմում իր պատմությունը, աղջիկը Հաննային հայհոյում է, թե՝ մի երեխայի կյանք էլ խորտակեց էդ կինը: Ու չես կարող աղջկան մեղադրել. էդ կնոջ պատճառով քիչ էր մնացել, որ ինքն այրվեր եկեղեցում:
Երբ գիրքը փակում ես, չես իմանում՝ ինչ մտածես Հաննայի մասին: Մենակ մի բան գիտես. անգրագիտությունն ու անկրթությունն ահավոր բան է, բոլոր չարիքների պատճառը: Դրա համար անգրագետ հասարակություն ունենալը շատ վտանգավոր է: